«Տիր» հրատարակչությամբ լույս է տեսել Մանվել Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը» բանաստեղծությունների ժողովածուն, Արմեն Ավանեսյանի խմբագրությամբ և բնութագրական ստույգ առաջաբանով՝ «Իրականության և ներհայեցման փոխազդեցությունը»:
Ժողովածուն բաղկացած է չորս շարքից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լեյտմոտիվը՝ հոգեբանական պահի ուրույն անդրադարձով: Ամենուրեք «Անդունդի եզրի» խռովահույզ բանաստեղծն է՝ «իրականի և անիրականի» անվերադարձ դեգերումներով: Մանվել Միկոյանը փայլուն լուծում է տալիս «բանաստեղծությունը լեզու է» հասկացությանը, վերացարկելով պատկերային տեսիլքը մտածական ձևույթի, որ ընկալելի է միայն բանաստեղծությամբ: Այսպես հոգեբանական բարդույթ է հյուսում հավատի ու պատի բարդ այլաբանությունը, «սպասումի անպարագիծ մշուշում»՝ կռահելով հավատի անորոշությունը:
Ու լսվում են դաշնանվագ ձայներ խզված՝ // մի՞թե իզուր, մի՞թե իզուր հավատացինք,// մեր հավատը մե՞ղք է՝ ուրույն այլափոխված, // թե՞ նախնական շնորհն է մարդ-առեղծվածի…
Միկոյանի յուրաքանչյուր բանաստեղծություն ավելի տեսիլային միավոր է, քան տրամաբանական, ուր գաղափարը սուզված է փիլիսոփայական ժամանակի մեջ: Դա «անգաղափար» գրականության ձևույթն է, որտեղ գործում է «արվեստն արվեստի համար» գեղագիտական սկզբունքը, և երևույթը ձգտում է տիեզերական կեցության: Կարող է իմ այս մեկնությունը չափազանցություն թվալ մի բանաստեղծի վերաբերյալ, ով տակավին չի քննաբանվել ժամանակակից պոեզիայի գեղագիտական չափանիշներով:
Ես հետևում եմ գրական ընթացին և գտնում եմ, որ բանաստեղծության տիրույթը կարիք է զգում վերարժեքավորման և այս պարագայում այլ զուգահեռի վրա կդիտվեն Խաչիկ Մանուկյանը, Հուսիկ Արան, ինչպես նաև Մանվել Միկոյանի երևույթը արդի հայոց բանաստեղծության համապատկերում Դավիթ Հովհաննեսի, Վարդան Հակոբյանի, Հրաչյա Սարուխանի, Արտեմ Հարությունյանի շարունակության վրա: Դա էլիտար պոեզիա է, որտեղ բառի ու բանատողի ընտրությունը չափավորված է ստույգ տառադարձությամբ և որտեղ միանգամայն այլ տաղաչափություն է ստեղծագործում Միկոյանի պոեզիան: Բավական ամուր կառուցվածքներում ասոցիատիվ ձևույթներ են, առավելապես տեսիլային մտապատկերներ, քան իրերի էմպիրիկ միակցություն. «Ես կտրած ծառ եմ // որի արմատները տարածված են երկնքում: // Ամեն գարնան // վերընձյուղվում են շիվերը», որպեսզի «Կրկին զարդարեմ // սիրելիներիս կատարյալ զգացմունքները՝ // ինքս մնալով հավետ անկատար»:
Նույն ասոցիատիվ տեսիլներում է ձևավորվում ծննդավայրի մտապատկերը, ուր առանց սենտիմենտալ զեղումների «միաձուլվում են երկինքն ու երկիրը… //ուր լեռները շոյում են դարերով //գանգուրներն ամպերի //…«Ուր սերը սփոփանք չէ բնավ», այլ սկիզբ ու վախճան «մեր լինելության», և «կարոտի տրոփ, որն արձագանքվում է ողջ տիեզերքում»:
Մանվել Միկոյանի պոեզիան բարդ պոեզիա է, հաճախ անվերծանելի, բայց մտավոր կռահումները լարում են իմացական լիցքերը, բանաստեղծությունը ձևափոխելով անգիր ավանդույթի: Այսպիսի գեղեցիկ հատվածներ են «Նամակներ արևելքից», «Ծառը», «Ժամանակի փաթիլները», «Իմ երազները», «Եվս մի գարուն», «Ակնթարթ», «Հայտնություն» բանաստեղծությունները:
Իմ վերլուծականում ես ներկայացնում եմ բանաստեղծության տեսիլքը, քան բնագրի ամբողջ հյուսվածքը, քանզի դժվար է տրոհել պոետական միավորի ամբողջությունը:
«Ժամանակի փաթիլներում» Միկոյանը որոնում է անհայտը և փորձում հայտնության առեղծվածը նշմարել հայելիների անդրադարձում: Սակայն անկատար է մնում «իրականի ու անիրականի» վերադարձը, անհատույց թողնելով «պատրանքի Աստծո… լուսե նզովքը»:
Անհայտի որոնումը «Ժամանակի փաթիլների» փշրված հայելիներում նոր վարկածներ է փոխանցում «Անդրադարձներ» շարքին, որը բացվում է «Տաղ ամանորի» ներբողով առ եռագույնը «Իբրև հավերժության կերոն, հավատի նշխար և անմակարդ արյան արձագանքը»: Միակ ներբողը, որ կարող է հուշել մեր ինքնության խորհրդանիշը: Հաջորդ անդրադարձներում թանձրանում են դրամատիկ ապրումները, զգացմունքները կծկվում են՝ «միայնության ճիրաններում թողնելով բանականությունը»: «Խոշտանգված հույսի ուրվապատկերը» հույսի գուներանգներով ձգտում է փրկել մուսաներին տաղտկախավար կառափնարանից.
Դու հավատում ես դարձյալ հրաշքին // և նետում է քեզ ցայգալույսը// մոլորության խայծերով լի // անդունդներից այն կողմ, // ուր սփոփվում է մարդը… // Աստծո նմանությամբ:
Միկոյանի բանաստեղծության հոգեբանական սկիզբը վիճակն է, և կարելի է ասել, որ նրա պոեզիան վիճակների պոեզիա է՝ ներքուստ ընկալված վիճակի հոգեբանական կազմույթ. «Ճանապարհը քայլում է իմ վրայով, // քանզի այն ստեղծվել էր վերադարձի համար» և ժխտելով բանականության բոլոր կանոնները, «ես հեռանում եմ դեպի վերադարձը»: «Զուգավորվում են տենչերն անտեղյակ //և ձանձրանում է հույսերի պարսը», «ցածում խաբված ամբոխը» մելանխոլիկ հավատով «տանում է հուշը իր հեգ ուսերին», իսկ աներևույթ և «անանուն հրեշտակը» երանության իր պատրանքներում արձագանքում է «Անկարելիի ոլորտը մագլցելու ռեքվիեմին»:
Ես ամբողջությամբ կներկայացնեմ վիճակի բանաստեղծության մի նմուշ, ցույց տալու համար, թե ինչպես է այն ձևավորվում որպես մտավոր կառույց.
Մեր աչքերի մեջ գետերը դեպի վեր են հոսում, // ծառերի արմատները ցրված են երկնքով մեկ, // լապտերասյուները լուռ ունկնդրում են ապշահար. //մեղեդիներ են հնչում լսափողում գիշերվա:
Շատրվանների խումբը մի ջրվեժ է լեռնային, //ջրացոլքը մեջտեղում՝ ջրահարս է մի չքնաղ: //Ճանապարհի կենտրոնում օրորվող հարբեցողը // կտրված ճոճանակն է հին ժամացույցի:
Մեքենաները փոշոտ հեռացող մրջյուններ են, //ննջող ուղևորները ծակված ցանցերով թռչում //ու թիթեռներն են որսում հեռացող ժամանակի… //Ու անվիճելի է ճշգրտությունը պատկերների, //քանզի արձագանքն են դրանք մեր էության:
(«Կերպարանափոխություն»):
Մանվել Միկոյանի վիճակի բանաստեղծությունը հիշեցնում է տաղանդավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի «Հորինվածք» համապատկերը, որտեղ գծերի և գույների գերգաղտնի կոմպոզիցիան անդրադարձնում է անկռահելի, գուցեև գոյություն չունեցող տիեզերական ինչ-որ անհայտ մտապատկեր:
«Որտեղ են երաժիշտները» շարքում Մանվել Միկոյանը մի որոշ անցում է կատարում անիրական-ներհայեցողականից դեպի իրականը: Սակայն այստեղ նա գտնում է «դիետիկ ագռավների» մի երկիր, ուր իշխում է «գիշատիչների մաֆիան», որտեղ ագռավներն անգամ անիծում են «մարդկանց երկիրը», ուր գործում են «անարդար ու դաժան օրենքներ» և ավելի են «գնահատված ավանակներն ու ջորիները»: Դա հասարակական մի ամբողջ համակարգ է, պետաիրավական կառույց, ուր բանաստեղծի քննող հայացքով կործանվում են այն արժեքները, որ ստեղծել է քաղաքակիրթ աշխարհը: Այլաբանությունը թափանցիկ է և հղումը միանգամայն շիտակ, իսկ մաֆիոզ կառույցը շարունակական է ու նաև հոռետեսական: Մթագնվել է «Երկիր Նաիրիի» բիբլիական հեռապատկերը, աղարտելով հայրենիք, ազգ և ժողովուրդ լինելու ցնորական երազները, այնինչ «բիբլիական լեռները… եռում են ներսից… հերքելու իրենց հանգած հրաբուխ լինելը», և հաստատելու Երկիր Նաիրիի հավերժականը:
Բանաստեղծի քաղաքացիական խիղճը խորապես ներզգայում է անկման եզրին հասած հայրենիքի փոշիացման տագնապները, դավաճանությունը, նենգությունը, քծնանքով ու նախանձով ապականված իրականության գաղջահոտը, որով ախտակիր ենք բոլորս և համատարած է «կամավոր անդամալույծ դարձածների թիվը»:
«Որտեղ են երաժիշտները», «Վհուկների որսը…», «Աստծո ամեն օր», «Էլեգիաներ», «Ռոմանտիկ վամպիրներ» քերթվածներում «լավատեսության քաղցկեղով հիվանդներն» անգամ աղոտ հույսեր են փայփայում և ափսոսանքով նայում «մայրամուտի անհետացող հրաշքին»: Բանաստեղծը ոչինչ չունի թաքցնելու ժամանակից, քանզի նրա մեջ են ամբոխված «հազարամյակների բոլոր ցնցումներն ու արհավիրքները»: Բայց միլիոն տարի հետո հողը դարձյալ թաց կլինի, «ամեն գարնան կբացվի իմ ծաղիկը՝ // իմ փոխարեն վայելելու// բոլոր հողմերի ու անձրևների// և հավերժական արևի// անօրինակ բերկրանքը»:
Անէության տագնապների հոգեբանական փակուղու մի դրամատիկ վիճակ է ներկայացնում «Հիշողության նեղլիկ միջանցքներում հեռու» քերթվածը: Անքուն գիշերների մղձավանջում հայտնվում են լույս և մոխիր դարձած դեմքեր և առևանգում նրա երազների տեսիլքը: Հայելու մեջ հպվում է իր հայացքին, սակայն արտացոլքում իրեն է նայում իր պատկերը՝ անտարբեր ու օտարոտի: Կտրվում են պատրանքների թելերը, Տիրոջն ուղղելով սպասումի աղոթքը՝ գեթ փնտրելու «մենությունից անդին, հույսի գագաթները տանող արահետները»:
Ինքնահոշոտման այս խուլ պահերին է, որ հայտնվում է սիրո աներևույթ ուրվականը, որի աչքերի մեջ տեսնում է իր բոլոր սպասումների ու տառապանքների ողջակիզումը: Անսովոր էին ՆՐԱ քմայքները… Թռչունները վանկարկում են տագնապների մեղեդին, և արևը ջերմացնում է տառապյալների մոլորակը, այնինչ Նրա հայացքում հիվանդ են արևն ու բողբոջուն ծառերը, հիվանդ են վերադարձի ճանապարհները, և երեկվա օրվա անդարձության ափսոսանքով հավերժանում է այգալույսի սպասման հիշողությունը:
Մանվել Միկոյանի սիրո փիլիսոփայությունը կատարելապես ազատ է մարմնական վայելքի զգացողությունից: Դա հավատի, հավատարմության և նվիրումի անրջային հիշողություն է, հանդիպումի, անջատման անմեկնելի անցումներով, այնքան մաքուր ու բյուրեղյա, որքան կարկաչող աղբյուրները օազիսներում: Իր հայտնությամբ ՆԱ միացնում է պատրանքի ու իրականության սահմանները և երջանկության հովտում մենության պահերի լռությունն արձագանքում է չասված խոսքերը, որպեսզի «անխաթար ու մաքուր մեզ հետ երկինք տանենք //տիեզերքի ամենաերկար գիշերվա անկրկնելի հրաշքը»:
Այդ նվիրումի մեջ կար նաև վերջին եզրագծին հասնելու տառապանքը, որ մի ողջ կյանք պահանջեց Դժոխքի և Քավարանի պարունակներում, մինչև վերադարձը դեպի նախնականն ու կատարյալը, ուր անխորհուրդ են Անիրականն ու Անիմանալին:
Մանվել Միկոյանը գիրքն անվանել է «Անդունդի եզրով քայլողը», շեշտելով աշխարհընկալման ու հոգեբանական պահի կարգավիճակը որպես բանաստեղծ ու խոհամիտ անհատականություն: Պատահական չէ նաև նույն քերթվածի տեղադրումը «Որտե՞ղ են երաժիշտները» շարքում: Համատարած անկումի պարագայում երաժիշտներին կարող էր փրկել «Լուսնի սոնատը», բայց անկռահելի են անդունդի եզրով քայլողի տագնապները գահավիժման վտանգի հանդեպ: Անդունդի եզրը սահման չէ հոռետեսության: Անդունդից անդին դրախտային հովիտներն են, իսկ հեռվում երազներից հյուսված ուրվապատկերն է, խորհրդավոր ՆԱ-ն՝ բանաստեղծի խռովքի վայրկյանների մշտական ուղեկիցն ու ինքնության պահապան հրեշտակը, որ փրկության ձեռք է մեկնում անդունդի եզրի անցորդին և ամենազոր Տիրոջ հայտնության հավատով գուշակում երանելի հովտի անվերադարձ ապաստանը.
Ես անդունդի եզրով դեռ քայլում եմ հանգիստ, // սպասում է ՆԱ ինձ… // Եվ կարևորն այն է՝ չեմ իմանա երբեք, //Թե վերջի՞նն է արդյոք…
Նկատեմ, որ Վերջինի սպասման անհայտը, որ հաճախ է հիշվում բանաստեղծի խոհերում, Մանվել Միկոյանի նշանագրային անմեկնելի կոդագրումներից է, որ կարելի է անվանել որոշյալ անորոշություն:
Ասում են՝ ներկա ժամանակը որպես այդպիսին վերացական հասկացություն է: Այն պարզապես հիշողություն է անցյալի և ապագայի արանքում: Դրույթը հիմնավորվում է փաստարկով, թե կոնստրուկտորներն այժմ զբաղված են մի ինքնաթիռի ստեղծմամբ, որ կգործարկվի միայն քսան տարի հետո: Այսինքն՝ նրանք զբաղված են ապագայի գործով: Բայց մարդիկ այժմ օգտվում են Բոյինգից, որ տասնհինգ և ավելի տարիների պատմություն ունի, այսինքն՝ պատկանում է անցյալին: Ի՞նչ է մնում ներկա ժամանակին: Փաստարկը մաքուր տրամաբանական է, սակայն հիմք է տալիս խորհրդածության1:
Առօրյայում մարդիկ երևի չեն գիտակցում ժամանակի ներզգայական այդ վիճակը և այլ կերպ են ընկալում իրենց գոյաբանությունը: Ներկա ժամանակն այդպես է ընկալում Մանվել Միկոյանը «Սկիզբն ու վերջը» շարքում: Չափազանց կառուցիկ է բանաստեղծության տաղաչափական ձևույթը: Ամայությունից ու միօրինակությունից ազատված հոգին ձգտում է դեպի սկիզբը, որից ավելի հստակ է երևում վերջը, բայց անվերահսկելի շարժման ընթացքը դեպի իրերի ճանաչման ակունքը գերբնական մի ուժով վերստին դարձ է կատարում դեպի սկիզբը:
Այսօրը Միկոյանի ընկալմամբ հիշողություն է համակենտրոնացման ճամբարի մասին, ուր օրն սկսվում է ու ավարտվում է տառապանքով և «Աշխարհի վերջը» գերադասելի է ստորացուցիչ գոյությունից: Փրկություն չկա այս համատարած մղձավանջից, «ուր խառնվել են իրար սերն ու տառապանքը, // ուր սատանա չդառնալը մեղք է մահացու», իսկ այս ամենի դեմ անիմանալի է Տիրոջ լռությունը:
«Ես հաստատ գիտեմ իմ վերջին երազը, // բայց դեռ անհայտ է՝ երբ եմ տեսնելու»,- ասում է բանաստեղծը և նախաստեղծ գոյահղացման հրաշքը կապում Մեծ Պայթյունի հետ, որ կլինի վերջի սկիզբը: Բայց սկիզբն ու վերջը ավարտ չունեն և տենդագին սպասումների պահին հայտնվում է ՆԱ, և առաջին համբույրի ջերմությամբ պարուրում սիրո որոգայթների բերկրանքը: Նա-ն Մանվել Միկոյանի հոգու արձագանքների ուղեկիցն է, որ փշրված հայելիների անդրադարձներում ձգտում է որոնել իր եսը, բայց մշտապես մնում է անդունդի եզրով քայլողի փրկության հրեշտակը: Նրա կերպարն անցնում է շարքից շարք և նվիրումի անմեկնելի հմայքով կարգավորում սկզբի ու վերջի փիլիսոփայական անվերջությունը:
Մի անօրինակ ու անսովոր նրբագեղությամբ է բանաստեղծը պատկերում ուրվապատկերի գրավչությունը՝ մարմին է թե տեսիլք, կամ նախաստեղծ ոգի՝ շոշափելի, բայց և անիրական.
Իմ չգրված բոլոր բանաստեղծությունները //քո մասին կլինեն… //Թուղթը կմնա ճերմակ ու անբիծ, //իսկ բառերը կհավաքվեն երկնքում, //կդառնան թռչուններ, //որոնց անունը դու, միայն դու գիտես…
«Ես փակում եմ իմ աչքերը», «Անհաղորդություն», «Դու ինձ փրկեցիր», «Քո շնչառության ամեն վայրկյանը», «Ես երբեք այստեղ չեմ եղել» քերթվածները զգացմունքի բանաստեղծության գեղեցիկ էջեր են, փիլիսոփայորեն ներհուն և կերպավորմամբ անթերի: Ամենուրեք ՆԱ է, բոլորովին ուրիշ, անդիմադրելի բռնկումներով: Նրանով սկսում ու ավարտում է օրը, շնչառության վայրկյանը հավերժություն է և կարող է խախտել «ընթացքը ժամանակի», և եթե սպասումներն անէանան «մոռացության գետում», ապա
Հաստատ մենք թռչուն ենք լինելու // մեր հաջորդ կյանքում, // բայց ուրիշ, ուրիշ այլ մոլորակում:
Այսպես բանաստեղծը հյուսում է սիրո մի գեղեցիկ լեգենդ:
Վերստին նշեմ, որ Մանվել Միկոյանի պոեզիան էլիտար հղում ունի, բարդ բնագիր, անվերծանելի լեզու և սեմանտիկ ներհայեցություն: «Դիմացի մայթին իր գոյությունն է քարշ տալիս մի հիվանդոտ հիշողություն». «Սուզվում եմ ետադարձ բավիղների ձայներում, հայելիների փշրանքներ են մաղվում երեկոյի աչքերից», «Ես ճանկռում եմ լռության ապակե դեմքը և լույսի գնդիկներ են հայտնվում ձեռքիս…», «Լռության կարծր ու թափանցիկ թաղանթին նստած փոշեհատիկ եմ ես», «Խորանարդիկները փափուկ ու թափանցիկ դանդաղ հպվում են աչքերիս և ետ թռչելով դառնում բազմանիստ ու լողում երկնքում» նման այլաբանությունները պատկերային համակարգ են կազմավորում Միկոյանի պոեզիայում, իմաստային նոր տառադարձությամբ հարստացնելով բանաստեղծության արվեստը:
Վերջում ասեմ, որ աներևույթ մի ոգի Միկոյանի պոեզիայում մշտապես ձգտում է կատարելության, որ փիլիսոփայական վերջավորությամբ նույնանում է էսթետիկական իդեալի: Այդ իդեալի որոնումը շարունակվում է նաև արձակ բանաստեղծություններում, որոնց իմաստը վերացարկված է «Առեղծվածային կարոտների հավերժական ունայնությանը» այլաբանությամբ և Արթյուր Ռեմբոյից առնված բնաբանով. «…Ես տեսել եմ կանանց դժոխքը, և օրինական կլինի, որ տիրանամ հոգու և մարմնի միջև թաքնված ճշմարտությանը»:
Բարձր, արիստոկրատիկ ոճի ցնորամիտ խոհերում հայտնվում է ՆԱ, միացնելու «հավերժականն ու ակնթարթը» և «բանականության վերջին ճիգերում հավերժացնելու «փշրված կարոտի» և «առեղծվածային ունայնության» տվայտանքը: Երբ միանում են չգտնելու և չփնտրելու մեղքերը, երազանքի տեսիլն արձագանքում է, թե «մենք բոլորս աշխարհ ենք եկել մեկին փնտրելու համար», քանզի գտնելը նույնարժեք է փնտրելուն: Ու երբ փարատվում է միայնությունը և միանում են սպասումները, արդեն չարժե փշրել հայելիները, որ ճշմարիտ լինի պատկերի արտացոլքը:
Ասեմ, որ ինձ համար առանձնապես գրավիչ է խոհափիլիսոփայական «Անքնությունը»: Կարծես արձագանքը լինի իմ տխուր գոյության. «Ես գիտեմ, մեկ առ մեկ գիտեմ, թե ում եմ պետք այս կյանքում և կուզենայի, շատ կուզենայի չիմանալ, թե ինչու եմ պետք:
Այս տարիքում հենց այնպես, միայն անկեղծ ցանկությամբ հաճելի անակնկալների սպասելը ոչ միայն միամտություն է, այլև կարճամտություն» (225): Որքան էլ փորձում ես գենային ուղղամտությամբ դիմակայել պեսիմիզմին, այնուամենայնիվ քո և Աստծո միջև հայտնվում են «այլ աշխարհից սողոսկած մարդիկ» և անքնության մղձավանջով աղավաղում գիշերների լռությունը, անորոշությանն ուղղելով մի անմեղ հարց. «Իսկ ինչպե՞ս են քնում նրանք, ովքեր գիտեն, որ քո անքնության պատճառն իրենք են»:
Այսպես ես ընկալեցի Մանվել Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը» ժողովածուն՝ ձևով համաչափ և բովանդակությամբ ներարձակ:
_________________
1 Այս մասին տես Ժ. Կարիեր, Ումբերտո Էկո, «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից», Եր., Անտարես, 2015, էջ 58-64: