Լիտվայի ժողովրդական բանաստեղծ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան մրցանակի դափնեկիր Էդուարդաս Մեժելայտիսի սիրտն այս անհանգիստ մոլորակի վրա բաբախել է 1919-1997 թվականներին: Այդ բաբախյունի` նրա իրական կենսագրության մեջ զուլալ գետի պես հոսում էր նրա լուսավոր ներաշխարհը, որտեղ հայոց համար պահված գանձեր կային: Այդ գանձերը թարգմանաբար լույս տեսան տարբեր ժողովածուներում ու առանձին գրքերով՝ լիտվացի ճանաչված բանաստեղծին ներկայացնելով որպես ազնիվ մտավորականի, հարազատ ու բարեկամ անձնավորության: Այդ գանձերը լի էին թե՛ ցավով և թե՛ հրճվանքով` հայոց ու Հայաստան աշխարհի նկատմամբ:
1969 թվականից, երբ Էդուարդաս Մեժելայտիսն առաջին անգամ հենց հայոց հողի վրա հաղորդվեց հայ ժողովրդի պատմության ու ճակատագրի զարմանալի փաստերին, այդ օրից ի վեր յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին նրա սիրտը երիզվում էր սգո սև շրջանակով, կոկորդը սեղմվում, ու միտքը սլանում «Սասունից մինչև Դեր-Զորի անապատները, մինչև Միջագետքի գաղջ ու հոտած ճահճուտների վրա ծայր առած ողբերգությունը, որն աղերսում էր աշխարհի խիղճը, աղերսում Եվրոպայի խիղճը… Բայց շատ քչերին հասավ այդ աղեկտուր ձայնը» (Է. Մեժելայտիս, «Հիշիր և ապրիր, հիշիր և արարիր»):
Էդուարդաս Մեժելայտիսը Հայաստանում եղել է երեք անգամ. 1969-ին` Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված հանդիսությանը, որպես Լիտվայի գրողների միության նախագահ, այնուհետև` 1979-ին, երբ ծաղկեպսակի հետ իր սիրտն էլ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում, և 1982 թվականի աշնանը, երբ նրան շնորհվեց Ե. Չարենցի անվան գրական մրցանակ:
Այցելությունների քանակը մեկով կամ երկուսով ավելի թե պակաս, դա չէ կարևորը: Եվ նաև այն չէ կարևորը, որ վերոնշյալ տարեթվերից յուրաքանչյուրի ետևում հայ-լիտվական գրական-մշակութային կապերի մի հսկա շնչառություն կա: Այս պահին կարևորն այն չէ, թե հայոց հետ լիտվացի գրողի յուրաքանչյուր շփումից հետո ինչպես էր ամրապնդվում հայ-լիտվական ոչ միայն բարեկամությունը, այլև երկու ժողովուրդների միջև հարազատական կապերի վերհանումը: Հարազատ կապեր, որոնք փաստագրական հիմքեր ունեցող գեղեցիկ բանաստեղծություններ էին դառնում: Ինչպես այս օրինակը`
Սիրտ բառը նույնն է հայերենի մեջ ու լիտվերենի,//Մեկնաբանություն ու թարգմանություն նա չի պահանջում,//Եվ ոչ մի մրրիկ, ոչ մի չար ուժ հողից չի հանի//Այն թուփը, որ այդ նույն արմատից է դարեդար աճում:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
…Ես այդ արմատին Հարազատություն անունն եմ տալիս,//Եվ այդ արմատը հիմք եմ համարում ես հայրենի տան,//Ու թող լիտվացին իրեն տանն զգա Հայաստան գալիս,//Ու հայը իրեն թող այդպես զգա հողում լիտվական1: «Սիրտը»
Հարազատ լինելու զգացողության վեհությունը որքան էլ բարձր, այնուամենայնիվ, այս պահին խոսքն այդ մասին չէ: Այս պահին կարևորը նաև այն չէ, որ մարդաճանաչողության ոլորտում սեփական փիլիսոփայական-բանաստեղծական տեսակետը ձևավորելու ճանապարհին եվրոպական երկրներում, Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Հունաստանում, Աֆրիկայում և այլուր մարդ արարածի վաղնջական հետքեր փնտրող Լիտվայի ազնիվ զավակը հայտարարում է. «Հայաստանը ես կհամեմատեի Հին Հունաստանի և Հռոմի հետ: Ես այստեղ մեծ գործեր եմ գտել» (Եր., «Կոմունիստ» օրաթերթ, 1979, 13 մայիսի):
Այս մեծարումն էլ այս պահին մեզ համար ամենակարևորը չէ: Եվ ոչ էլ կարևոր է հանրաճանաչ լիտվացու կողմից հայոց ցավը կիսելու առիթով մեր կողմից զուտ ազգային զգացումներին տրվելը: Թեպետ, ոչ մի ազնիվ հայորդի չի հրաժարվի գլուխ խոնարհել հայոց ցավն այս կերպ իրենը դարձրած այլազգի բանաստեղծի առաջ, այնուամենայնիվ, անկասկած, մեժելայտիսյան ջութակի այս լարը ոչ միայն հայոց, այլև ողջ մարդկության ցավի մասին է, այսինքն` մարդն ու գազանը տարբերելու մասին.
Ապրիլի 24, ողբալի դու օր,//Ես քո անունն եմ դրել լա մինոր…//Այդ օրը դահիճն իր յաթաղանով//Հոշոտեց, մորթեց հայերին անօգ…//Եվ անիծում եմ ես հուր հավիտյան//Այդ դժնի օրը ցեղասպանության://Հուշարձանի մոտ ահա քարացել,//Հոգուս սպիտակ վարդերն եմ բացել://Ապրիլի 24, ողբալի դու օր,//Հոգուս ջութակն է լալիս լա մինոր…
Այս պահին հայոց սահմռկեցուցիչ սպանդի ֆոնին բարձրացող կարևորագույն հարցը Երկիր մոլորակի գոյության և մարդկության ճակատագրի հարցն է: Բարձրագույն հարց, որի բարձունքներում է գործել Էդուարդաս Մեժելայտիսը: Ահա թե ինչու էր նրան մտահոգում Հայոց ցեղասպանության հարցը: Մեր ժողովրդի ցավը Է. Մեժելայտիսի անհանգիստ, նուրբ ու զգայուն հոգու համար հենման կետ էր` համամարդկային խնդիրներ բարձրացնելու, մարդկային արժեքները վերհանելու, մարդու մեջ գազանին ետ վանելու համար:
«Շատ, անչափ շատ ցավ է կուտակվել հայ գրականության մեջ»,- գրում է Մեժելայտիսը հայոց մշակույթին նվիրված «Իմ կրկնակի Արարատը» կոթողային մենագրության մեջ: Նա ազգային մեծ ողբերգության հետ շաղախված է տեսնում Պարույր Սևակին, Սիլվա Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին, Վարդգես Պետրոսյանին ու հայ անվանի այլ գրողների, որոնց շարքերում ու նրանց հետ կողք կողքի է տեսնում նաև իրեն: Իր բանաստեղծական էությամբ և մարդկային ողջ բջիջներով հայոց ցավի հզորությունն զգացող ազնիվ լիտվացին ոչ միայն մխիթարանքի խոսքերով է դիմում Հայաստան երկրին, այլև նոր ու լուսավոր ճանապարհներով նրա ընթացքը շարունակելու համար իր աջակցությունն է առաջարկում.
Մի՛ լա, Հայաստա՛ն: Կարող եմ հանկարծ//Ես էլ արտասվել…//Իմ կաղնին էլ են դարերում այն չար//Հողմերը ծեծել://Կայծակի զարկից շատ է կորցրել//Նա տերև ու ոստ,//Հողմերը նրա սաղարթն են ցրել//Ու ճյուղերն ըմբոստ://Ասում եմ` բավ է, պետք չէ արտասուք,//Չարտասվե՛ս էլ զուր…//Ես քեզ քնարս եմ քնքշորեն պարզում,//Իսկ դու ձեռքդ տուր: «Խազեր»
Եվ երգում է Էդուարդաս Մեժելայտիսի քնարը: Երգում է Հայաստան երկրի ամրակուռ քարի մասին՝ նրա մեջ խտացնելով հայ ժողովրդի և՛ ծննդյան, և՛ անցած դժվարամատչելի, բայց փառահեղ ուղին: Հինավուրց հայ ժողովրդի պահվածքն ու վերաբերմունքը գալիքի նկատմամբ այսպես է տեսնում մարդասեր լիտվացին.
Քար է ոգիս//Ու կամքս` քար,//Պիտի ապրեմ ես դարեդար…//Ողջ աշխարհում քիչ կան պատեր,//Որ նմանվեն ոգուս պատին,//Ես հույսով եմ նայում անվերջ//Իմ սրբազան Արարատին: «Քարը»
Է. Մեժելայտիսը լավ է հասկանում, թե ինչ է նշանակում մեկուկես միլիոնը փոքր ժողովրդի համար: «Ես եղել եմ պատերազմում, մահ եմ տեսել: Բայց մազերս փշաքաղվեցին, երբ ընթերցում էի այն փաստաթղթերը, որոնցում պատմվում է մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձի մասին,- գրում է նա ու շարունակում, միևնույն ժամանակ բարձրացնելով ոչ թե կույր ու խավարամիտ, այլ զարգացած դարաշրջանում մարդու ախտավոր, անբարո վերաբերմունքի մասին` մարդու նկատմամբ:- Մեզանից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, թե ինչպես էին մարդիկ իրենց պահում, երբ դեռ կույր էին: Մարդկության զարգացման սաղմնային շրջանում բարբարոսությունը վարվեցողության ընդհանուր կանոն էր: Սակայն ինչպե՞ս պետք է բնորոշվի վայրենիների բարբարոսական փորձը` տեղափոխված 20-րդ դար: Ժամանակաշրջան, որ մենք անվանում ենք մեծ մշակույթի և քաղաքակրթության դար: Քիչ է անվանել անհեթեթություն: Եվ դարի խայտառակություն նույնպես քիչ է անվանել: Ցեղասպանությունը 20-րդ դարում պետք է որակվի որպես ամենանողկալի և ցինիկ հանցագործություն»:
Շուրջ երեք տասնամյակ շփվելով հայ ժողովրդի, մասնավորապես, մտավորականների հետ և համոզվելով մեր ժողովրդի ոգու հզորության մեջ՝ Էդուարդաս Մեժելայտիսն ուրախ նոտաներով արտահայտում է իր ցնծությունը`
Ազգասպանության ահավոր հնձից// Փրկվեց արնաքամ մի բուռ հայություն,// Արարատ լեռան զորավոր շնչից//Նա ոգի առավ, առավ հարություն: «Սարդարապատի զանգերը»
Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով գրած «Հիշիր և ապրիր, հիշիր և արարիր…» հոդվածում Է. Մեժելայտիսը, վերլուծելով ժողովուրդների դեմ հանցագործություններ իրականացնողների վարքը, վերհանում է նրանց` իրար հետ կապող հոգեհարազատության թելերը: Այդ ֆոնին նա շատ տիպականորեն է բնորոշում հիտլերյան Գերմանիայի վարած քաղաքականությունը, մեջբերելով ֆյուրերի լպիրշորեն արած հայտարարությունը` հայերի ցեղասպանությունը մարդկության հիշողությունից ջնջված լինելու մասին: «Ինչպես մյուս հարցերում, ֆյուրերը սխալվում էր նաև այս հարցում»,- գրում է հայոց ցավն իրենը դարձրած ազնիվ մտավորականը: Իսկապես, առանց խոր ապրումների լուսավոր հոգու տեր լիտվացին չէր կարող նկարագրել հայոց ցավի խորությունը. «Լեռնային կիրճերը լցվեցին դիակներով, և գետերի ջրերը բարձրացան մարդկային արյունից: Եվ հիմա Դեր-Զորի անապատի ավազը գիշերները կայծկլտում է զարհուրելի մի լույսով…»:
Անտիկ քաղաքակրթության անցած ժամանակներում մարդուն իր բարձրագույն արժեքներով նկատող և նրանով հիացող պայծառ մտավորականը սարսափով է թերթում «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի ռուսերեն ժողովածուն: Մեջբերված փաստերին ծանոթանալուց հետո Մեժելայտիսը խիստ ազդված է խոսում դոկտոր Նազիմ հորջորջվող գազանի անբարո կերպարի մասին: «Մի՛ կասկածեք,- գրում է նա,- այդ դոկտորը իրեն լիակատար հաշիվ էր տալիս, որ կոտորելու են կանանց, ծերունիներին, նորածիններին…»:
Գերմանաֆաշիստական ազգայնամոլների անմարդկային ոճիրներին ծանոթ նրբազգաց մտավորականը ապշում է` թերթելով փաստաթղթերի ժողովածուն. «Բանից պարզվում է, որ թուրք բժիշկները դեռևս 1915 թվականին հայերի համար ստեղծված մահվան ճամբարներում մարդկանց վրա կատարում էին այնպիսի փորձեր, որոնք, սովորաբար կատարվում էին ճագարների և ծովախոզուկների վրա»,- գրում է նա:
Բանաստեղծական ինչպիսի՞ խոսքեր կարող էր ձոնել Մեժելայտիսը բարեկամ հայ ժողովրդին` նրա ցավին ծանոթանալուց հետո: Իհարկե, ո՛չ լալագին ցավակցությամբ, ո՛չ օդում զայրույթի խոսքեր շպրտողի պես և ո՛չ էլ հռետորական ձևակերպումներով: Մեժելայտիսը մխիթարանքի խոսքեր է շշնջում, որոնց մեջ կայծկլտում է հույսի կրակը, և իր սիրտն է դնում այդ կրակի մեջ.
Եկ գրկենք իրար ու եղբայրական//Սիրով ջերմանանք://Արնաքամ եղել, չի լռել սակայն//Քո սիրտը անմահ://Սիրտդ, որ հին է, ինչպես Տրոյան,//Ինչպես հառնումը,//Իսկ լաց լինողը անցյալդ է միայն, որ դեռ արնում է… «Խազեր»
Հայ ժողովրդին մխիթարանքի խոսքերով սփոփող բանաստեղծի միտքն զբաղված է հայոց հառնումի ապացույցների ամրագրումով: Եվ երջանկությունն է ասես ճառագում նրա տող առ տող արած այդ ամրագրումներից.
Արծիվ է ասես, արծիվ թևավոր//Դարերից եկած այս խաչքարը հին…//Ելնում է իմ դեմ, սփոփում ինձ խոր`//Նման հարության հրաշք լեգենդին:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Խաչքար չէ սա, ո՛չ, արծիվ է քարե,// Նրա ոլորտը կապույտն է վերին,//Նա սավառնել է դարեր ու դարեր//Եվ սավառնելով հաղթել Եղեռնին: «Խաչքարեր»
1979 թվականի ապրիլի 24-ին Է. Մեժելայտիսը ոչ միայն ծաղիկներ, այլև սևով երիզված իր սիրտն է խոնարհել Ծիծեռնակաբերդի բարձունքում` Եղեռնի զոհերի հիշատակի առջև: «Այդ օրը մարդկանց անվերջանալի թափորը ծաղիկներով ու պսակներով ձգվում էր Երևանի փողոցների ու հրապարակների երկարությամբ, խոր լռությամբ ուղղվում դեպի բարձր բլուրը, ուր վառվում է Հավերժական կրակը և վեր է խոյանում ցեղասպանության զոհերի փառահեղ, ողբերգականորեն հիանալի հուշարձանը: Այդ օրվա բոլոր ծաղիկները ռեքվիեմ են անմեղ զոհերին, ովքեր ոչ այնքան հեռավոր անցյալում ընկան գազանացած դահիճների ձեռքից: Մենք, Սիլվայի հետ միասին, այդ օրը նույնպես պսակ դրեցինք հուշարձանին: Իհարկե, Սիլվան այդ պահին չէր կարողանում չմտածել իր ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին, որը տառապանքների ուղիներով բանաստեղծական Վանի արյունով ողողված հարթավայրերից նրա ընտանիքը բերել էր Երևանի փողոցները: Իսկ ես մտածեցի իմ փոքրիկ ժողովրդի պատմական ճակատագրի մասին, որը նույնպես եղել է բավականին դաժան… Մեր աչքերն իրար հանդիպեցին, նրանցում վառվում էին Հավերժական կրակի բոցերի ցոլքերը»:
Հայ ժողովրդի հետ շփումներից սեփական հոգևոր ներաշխարհային աճն զգացող բանաստեղծն ինքն իր մասին գրում է. «Ես մեծությամբ կյանքում չեմ զարմացել երբեք,//Խորությամբ եմ միայն ես զարմացել…», այժմ չի կարող չարտահայտել իր հիացմունքը.
Փոքր տարածքի մեջ ինչ վեհություն,//Եվ ինչ խորություն եմ ես հայտնաբերում… «Իմ Ատլանտիդան»
Հասկանալով, որ խորությունները թաքնված են հինավուրց ժողովրդի ճակատագրի ծալքերում, Է. Մեժելայտիսը զգուշորեն, ծալ-ծալ թերթում է հայոց պատմության էջերը և իր մտորումները հանձնում թղթին, չկարողանալով թաքցնել թե՛ զայրույթը նրան ոչնչացնել փորձողների նկատմամբ, թե՛ հիացմունքը` փոքր, բայց արարող ժողովրդի փյունիկ կերպի համար:
1980 թվականին «Սովետական Հայաստան» ամսագրում թարգմանաբար լույս է տեսնում Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա հոդվածը:
Մեժելայտիսի ցավակցական ապրումները կրկնապատվեցին 1988 թվականին Հայաստանը ցնցած ահավոր երկրաշարժի առիթով: Այդ շրջանում նա գլխավորում էր Լիտվայի կառավարությանը կից գործող՝ երկրաշարժից տուժած հայերին օգնելու հանձնախումբը:
1995 թ. շարունակելով մտորումները Հայոց ցեղասպանության մասին՝ Է. Մեժելայտիսը 80-ամյակի ոգեկոչման կապակցությամբ գրում է. «Հիշողության ցավն անզոր են ջնջելու ոչ միայն 80, այլև 8000 տարիները, քանզի հիշողությունը մարդու ամենամարդկային հատկանիշներից է: …80 տարի առաջ տեղի ունեցածն այլևս երբեք չի կրկնվելու: Հիշիր և կառուցիր, արարիր, ստեղծիր, մեր հարազատ, մեր սիրելի եղբայր, մեր Հայաստան, հինավուրց երկիր Նաիրի…
Երբ տասնամյակներ առաջ Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը Երուսաղեմում ծնկի եկավ Լացի պատի մոտ, նա դրանով ընդգծեց իր ժողովրդի և նրա ոգու բարոյական վսեմությունը: Իսկ համայն աշխարհով սփռված հայերը ահա արդեն 80 տարի շարունակ սպասել են այն օրվան, թե երբ թուրքական պետությունը գեթ մի բառ կգտնի՝ արտահայտելու իր զղջման ցավը հայերի ցեղասպանության առթիվ»:
Էդուարդաս Մեժելայտիսն իր հայրենի երկրում պետական, հասարակական, ստեղծագործական գործունեության թե անձնական շփումների ընթացքում մշտապես խոսել է այդ մասին, հայոց ցավը բարձրաձայնելով` դարձել է թուրքական կառավարության բարոյական կերպարի պահանջատերն այդ հարցում: Ուրեմն, ինչ ապրումներ կունենար նա 2005 թվականի դեկտեմբերի 15-ին, երբ Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահը ընթերցեց լիտվական Սեյմի բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպիսի՞ն կլիներ Մեժելայտիսի քայլվածքը ամիսներ անց` 2006 թվականի ապրիլի 26-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում, լիտվական պատվիրակության ներկայացուցիչների շարքում, երբ նրանք, հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի գլխավորությամբ, գնում էին ծաղիկներ խոնարհելու Եղեռնի զոհերի հիշատակին: Ափսոս, Էդուարդաս Մեժելայտիսն այդ ժամանակ արդեն թողել էր երկրային կյանքը, սակայն մնացել էր նրա լուսավոր հետագիծը:
Այսօր՝ Հայոց եղեռնի 103-ամյա ցավոտ տարելիցի օրերին, չափազանց տեղին է հիշել և բարձրաձայնել նրա խոսքերը. «Մեր տիեզերական դարաշրջանը առաջադրել և սահմանել է նորմեր, որ հագեցած են մեծագույն պատասխանատվությամբ, եթե արյունոտ ձեռքը բարձրանում է մի ժողովրդի վրա, ուրեմն` բարձրացել է ամբողջ մարդկության վրա: Մի մարդու վրա կրակոցը կրակոց է ամբողջ մարդկության վրա: Այսպիսի մարդասիրական սկզբունքների վրա են հիմնվում մարդկանց մերձեցումը, մարդկային համերաշխությունն ու մարդկային շահերի ընդհանրությունը: Դրանց համար մեծ խթան են հանդիսացել մեր դարի հեղափոխական իրադարձությունները, որ տեղի են ունեցել և՛ հասարակական կյանքում, և՛ տեխնիկայի, և՛ գիտության մեջ… Այժմ պետք է մերժվի ամեն տեսակի ճնշում ժողովուրդների նկատմամբ: Մանավանդ` արյունալի ցեղասպանությունը»:
Տիեզերական չափումների մեջ, վեհագույն հոգիների շարքում իր լուսավոր ծիրն ունի Էդուարդաս Մեժելայտիսը: Նա այնտեղ ապահովել է իր տեղը դեռ այն օրերին, երբ ապրում էր լիտվական հողում, բայց կարոտում՝ հայոց երկրին:
Ես ապրում եմ լիտվական
Կանաչավետ այս հովտում,
Սակայն հոգիս վիպական
Քո սարերն է կարոտում:
Ես ապրում եմ այս խաղաղ,
Հանդարտ ու հարթ այս հովտում,
Սակայն հոգիս աստղաշաղ
Քո սարերն է կարոտում:
Ես ապրում եմ այս սաթե,
Արևագույն այս հովտում,
Սակայն հոգիս ալմաստե
Քո սարերն է կարոտում: «Հովտային հոգի»
——————————
1. Բանաստեղծությունները՝ Վահագն Դավթյանի թարգմանությամբ: