Անահիտ ԱՐՓԵՆ

 

 

Արհավիրք

Լծված օտարի կեղտոտ բարքերին՝

«Կենացն» են խմում անմեղ զոհերի:

Նշելով տոնը թշնամու զորքի՝

Հերն անիծեցին հայոց բանակի:

 

Եռաբլուրն էլ ճոխ թատրոն սարքած՝

Դերեր են խաղում դիմակներ հագած:

Եվ անտեսելով իրենց արածը՝

Սգում են իբր մեր անհույս կյանքը:

 

Բայց իրականում ծախում են ազգը.

Թողած սեփական տունն ու օջախը՝

Ծնծղա են զարկում թշնամու պատվին,

Ի՜նչ անուն տամ ես այս արհավիրքին…

 

Հոգեվիճակ

Երևի մենք էլ մեր տեղերում չենք,

Որ չգիտենք, թե ուր ենք մենք գնում։

Երևի մեզ էլ խեղել են այնքան,

Որ տիվ թե գիշեր արդեն չենք քնում

Եվ բաց աչքերով նայելով չարին,

Խողխողող ցավին`

Չենք թարթում անգամ

Ու չենք զարմանում։

 

Նորից շրջափակում, նորից գաղթ

Հայոց Արցախում գյուղացիք կային,

Որ շրջափակված շենը ծաղկեցրին,

Զի միայն նրանց աշխատանքն անխոնջ

Զարկ տվեց գյուղի ամբողջ նիստ-կացին.

Հող մշակեցին, բերք հավաքեցին,

Ում ինչ պետք եղավ, բերին, ճարեցին.

Ամեն ինչ միայն իրենց չվերցրին,

Այլ` բոլոր մարդկանց բաժին հանեցին.

Թև-թիկունք եղան, իրար օգնեցին,

Եվ օրվա հացը արդար շահեցին:

 

Ամեն տեղ հզոր լույս տվող փողը

Էլ որոշող չէր բանտարկված կյանքում,

Հարց լուծողն՝ իրենց քանքարն ու հողը,

Տիրոջ քրտինքն էր գործն առաջ տանում։

 

Քարոտ հանդերում ոտնաման մաշած մարդիկ էին հեգ,

Անհնարինը հնարավոր դարձնող կամք ունեին սեգ։

Հրետակոծության տարափների տակ

Անվարան, անկանգ դեսուդեն ընկան,

Մի քանի լիտր վառելիք գտան,

Որ պահել էին սև օրվա համար…

Գյուղում բոլորին ապահովեցին,

Կրակի բերան մարդ չթողեցին։

 

Ամենքի հոգսը մեկինը դարձրած՝ տքնեցին նրանք,

Մի բեռնաքարշում փոքրիկ լցվեցին տուն ու հարևանք:

 

Դավով հերթական կրկին հալածված՝

Վերին որոշմամբ զուտ քաղաքական,

Տուն-տեղ, անասուն, հավ ու ճիվ թողած՝

Ստիպված բռնեցին սև գաղթի ճամփան:

 

Թշնամիների բիրտ ճիրաններից

Մարդիկ դուրս եկան գաղթի, որ փրկվեն.

Ճամփին նայեցին՝

Չվախենալով, թե կքարանան,

Չհուսալով, թե սատար կգտնեն…

Բայց հասկանալով, որ վիճակին չար,

Այս աստանդական

Վերջ պիտի տրվի կամքով վճռական:

 

Հոգու երկրաշարժ

Դեղնին են տալիս արտերը խուզված,

Լայնարձակ դաշտերն ամայության մեջ,

Սիրո գորովանքն ու մեր հոգսերը առօրեական:

Զորեղ ձայներով լռում ենք, սպասում.

Հորիզոնների կապույտ պատրանքում

Կարոտ է կաթում վաղուց իրական:

 

Խփում են բոլոր կողմերից սաստիկ,

Իսկ հետո ասում, հը՞, ո՞նց ես, մարտիկ…

 

Զռում է, լացում և աղաղակում

Տրամաբանությունն ամուր,

Բայց անզոր…

Մենք աչք ենք փակում աղետից առաջ,

Բայց աղոթելով` պահանջներ դնում՝

Սուրբ, ամենազոր:

 

***

Թե տիեզերքում մեզ համար պահված կա այլ ուղեծիր,

Փնտրենք ուղին ճիշտ։

Թե հայոց հողում կա հին պաշտամունք,

Դա դարձնենք զբաղմունք։

 

Ոչ թե օտարի հարցերը շալկենք

Դառնանք բութ գործիք լլկողի ձեռքին,

Այլ` տեր կանգնենք մեր իրավունքներին՝

Դարման գտնենք մեր ցավ ու դարդերին։

 

Անկամություն

Ի՞նչն է ստորացնում հատկապես, ինչո՞ւմ,

Որ սահմռկում ես ինքդ քո երկրում,

 

Հասկանանք` ինչն է տանում մեզ մահվան,

Որից հերոսն է երկնչում անգամ։

 

Դավ ու դավադիր թիկունքի հարված՝

Այս է լոկ գցել քաջին փառապանծ.

Արդ պետք չէ լինենք գլուխներս կախ,

Ժամ է հասկանանք, որ դառնանք անկախ.

Թիկունքդ թե քեզ չեկավ ընդառաջ,

Պիտի ետ նայես,

նոր քայլես առաջ։

 

Շուրջներս նայենք, տեսնենք,

թե ով կա,

Ով է թշնամի, իսկ ով բարեկամ,

Թիկունքդ ուժեղ եղավ ու բարի,

Կգտնես հաստատ

փրկության ուղի։

 

Արժանի լինել

Արժանի լինել, սիրել, վայելել…

Ա՛յս է ուզածը մարդու՝

Այս կյանքում:

Սակայն, ըմբռնել մեծ նվիրումը

Եվ ձգտել հասնել…

Նա չի երազում։

 

Մարդուն հասու չէ

անգամ ի՛ր հոգու,

Սրտի գաղտնիքը,

Զի շատ են շեղում

ցուցադրելիքն ու

Դրսի՛ն տալիքը։

 

Զգացմունքնե՞ր… մտքե՞ր…

Ի՜նչ անմիտ պատրանք.

Շատերն վախվորած ապրում են արդեն

Առանց… երազանք։

 

Եվ չեն իմանում՝

Մաքրամաքուր կիրք,

Ստեղծագործ վարքեր պահանջող ծիրում

Արժանի լինել սիրո՛, վայելմա՛ն՝

Ամեն մարդու չէ տրված այս կյանքում։

 

Պարիս Հերունի

Դու մեծ զավակ հայոց ազգի,

Քո քանքարը դեռ հայտնի չէ,

Քո արածը՝ կիսաբացված,

Եվ քո գործն է՝ դեռ չավարտված։

 

Քեզ հասկանա՛լը հարց չէ,

խնդիր չէ,

Քեզ ընդունե՛լը մի դժվար բան չէ,

Քեզ պես մտածելն այնքան էլ հեշտ չէ,

Բայց գործիդ զարկ տալ անպայման պետք է։

 

Ի մասնավորի ասենք՝ հանճար ես,

Ցանածիդ բարը ոչ էլ քաղել ես,

Արար աշխարհը գիտի քո մասին,

Քո ռադիոօպտիկ աստղադիտակի։

 

Ալեհավաքով հասար տիեզերք,

Որ հայերս ճիշտ աստղեր հավաքենք,

Պարիս Հերունի, քո աչքով, գործով

Ձայն հավերժության պիտի հաստատենք։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։