Պոետ ընկերս զանգեց ու հետաքր-քրվեց, թե ինչպես եմ տանում համաշխարհային համավարակը: Ներողություն խնդրելով համաճարակին վերագրվող հազարավոր զոհերի հարազատներից` պատասխանեցի, որ օգտվելով կարանտինի ընձեռած հնարավորությունից` վաղուց ծրագրված պատմավեպ եմ սկսել գրել, և մտահոգություն հայտնեցի, թե հանկարծ շուտ չվերջանա այս ամենը, ու անավարտ մնա պատմավեպը: Հանրության նորմալ կյանք մտնելու դեպքում ստիպված պետք է լինեմ գնալ հանդիպումների, շարունակել կիսատ մնացած գեղանկարչական կտավները, հնագիտական խմբի հետ մեկնել Արցախ, բացի այդ, լուծել կենսական հարցեր:
Գրական գործունեությունս որոշ ժամանակ խափանվեց համաճարակին զուգահեռ արցախյան ընտրությունների ընթացքում: Իմ բացահայտումներն ու հրապարակումները անսպասելիորեն վճռական դեր չխաղացին, քանի որ, պարզվում է, Արցախում դեռևս պաշտում են ցանկացած ձևով հարստացած մարդկանց, իսկ ծայրահեղ աղքատ ու ձայնավաճառ մարդիկ դեռևս չափից դուրս շատ են: Ահա հիմա էլ «Գրական թերթի» խմբագրի պատվերով համաճարակի մասին հոդված եմ գրում, սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, ամեն վայրկյան մտքիս մեջ պատմավեպի դրվագներն են, գլխավոր հերոսի` Իրանի արքայից արքա Ջամասպի (թագավորել է 496-500 թթ.) ճակատագիրը:
Վերադառնամ համավարակի հետ կապված խուճապին, որի հետևանքով խիստ վտանգավոր ճգնաժամի մեջ է հայտնվել մարդկությունը: Թվում է, թե այս ամենը անհայտ «ընտրյալների» խմբի սարքած գործն է` նպատակ ունենալով մարդկային քաղաքակրթության հետագա զարգացումը տարերայինից տեղափոխել կառավարելի դաշտ, սակայն այդ ընթացքում այս ամենը խոշոր խաղացողների միջև գուցե և չնախատեսված յուրօրինակ աշխարհամարտի է վերածվում: Քիչ այլ տիպի ու այլ միջոցներով նույն խոշոր խաղացողների միջև սանձազերծված պատերազմ էր բազմամարդ միգրացիոն հոսքերի միջոցով եվրոպական երկրների տնտեսական, մշակութային ու մտավոր ուժի քայքայման գործընթացը: Դրա հետևանքով Եվրոպայի վրա կախված է աշխարհամասի մահմեդականացման, ուստի և քաղաքացիական պատերազմի վտանգը: Ասեմ, որ այդ գործընթացում լուրջ դերակատարում ունի Թուրքիան: Հիշենք պատմությունը. թուրքական ցեղերը, Լեռնային Ալթայից սկսած տարածքներ գրավելով, հասան Հայաստան և Բյուզանդիա, ներսից թուլացրին աշխարհի հզորագույն կայսրությունը, գրավեցին այն: Նույն քաղաքականությունը միգրացիոն հսկա հոսքերի միջոցով իրականացվում է Եվրոպայում:
Մարդկանց վախեցնում են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի սրսկումով, որոնց միջոցով էլ, իբր, կարգավորելու են մոլորակի վրա մարդկանց աճի տեմպերը:
Եթե կոնկրետ հայտնի չէ նոր կորոնավիրուսի սուբյեկտը, նրա առանձին ազդեցության հետևանքները օրգանիզմի վրա, ու ցանկացած մահվան դեպք կարելի է կապել Covid-19-ի հետ, որ ողջ աշխարհում, հետևելով անհայտ «ընտրյալների» հրահանգներին, այդպես էլ անում են, թվեր են նկարում, որի դիմաց պարգևավճարներ են ստանում, սակայն համավարակից դուրս գալու դեպքում բավականին դժվար է լինելու արդեն անգործության մատնված տնտեսության լիարժեք վերականգնումը, արժե՞ ամբողջությամբ կուլ գնալ հենց սկզբից էլ երևացող արհեստածին խուճապին:
Գյուղացին, դիմակը դեմքին, միայնակ քայլում է դաշտում կամ անտառում, վախենում է մորեխների՞ն վարակել, թե՞ անտառի կենդանիներին: Վարորդը միայնակ ավտոմեքենայի մեջ, միևնույն է, չի հանում դիմակը: Հիմա կորոնավիրուսով հիվանդանալը կառափնարան տանելու պես մի բան է դարձել: Ու գյուղերի, քաղաքների բնակիչները փակվել են իրենց տներում, վախենում են շփվել, մտքեր փոխանակել, այլևս չեն ժպտում իրար, փոխվել են մարդկային հարաբերությունները, որոնք ամենաթանկ բանն էին մեր կյանքում…
Գրում եմ համաճարակի մասին, սակայն, միևնույն է, մտքերս պատմավեպի հերոսի` արքայից արքա Ջամասպի հետ են: Հոժարակամ իր գահը թողած 25-ամյա արքայից արքան, որը ամբողջ խորությամբ ուսումնասիրել է Ավեստան ու քրիստոնեությունը` դրանք համարելով նույն գաղափարախոսության ճյուղավորումները, մեկից մյուսին անցումը սրբապղծություն չի համարում, ուստի և Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թադևոսի վանքում արցախցի եպիսկոպոս Քարդոստի ձեռամբ քրիստոնյա է մկրտվում, ապաստան գտնում Հայոց երկրորդ պետության` Աղվանից արքա Վաչականի մոտ:
Ջամասպը իր հորեղբոր` արքայից արքա Վաղարշի սանն էր: Վաղարշը Արքայական խորհրդի անդամներին առաջարկել էր` Իրանի հյուսիսը օտար թափանցումներից անվտանգ դարձնելու համար իրենց բարեկամ թագավորություն է պետք, ուստի պետք է վերականգնել երբեմնի Հայոց պետականությունը` վերամիավորելով նրանից բռնի անջատած Արցախ, Ուտիք և Փայտակարան երկրամասերը, Հայոց թագավոր կարգելով մայրական կողմից Սասանյան համարվող Աղվանից Վաչական Գ արքային: Վաղարշը հենց այդ գաղափարի զոհը դարձավ, գահընկեց արվեց ու կուրացվեց: Ջամասպը ևս հակված էր Վաղարշ արքայից արքայի այդ ծրագրի իրականացմանը: Սակայն մինչ այդ ազնվականության շրջանակներում նախնական աշխատանք պետք է արվեր, համոզել, որ հսկա կայսրության ծայրերը անհնար է պահպանել, իսկ կայուն անվտանգություն ապահովելու համար հարևան հզոր և բարեկամ պետություններ են պետք, ինչպես դա անում էին Աքեմենյաններն ու Արշակյանները:
Վաչական արքան, Ջամասպի անվտանգությունը ապահովելու համար, Սյունյաց իշխաններից վարձում է Բաղակաշատ (հետագայում` Բարկուշատ) ամրոցը իր շրջակայքով, այստեղ ապրում մինչև 523 թվականը: Ջամասպը պսակվում է արքայի դստեր` Խոնչիկի հետ, նրանից Նարսե անունով որդի ունենում: Սակայն Իրանի և Անիրանի արքայից արքա Կավատը հետամուտների միջոցով, վերջապես, հայտնաբերում է եղբոր տեղը, առանց դատ ու դատաստանի սպանում հարազատ եղբորն ու Վաչական արքային: Ջամասպի որդին, որը չէր հավակնում Իրանի արքայական գահին, բավականին տարածքներ է կցում Աղվանքին, տիրում երկրամասում մինչև իր կյանքի վերջը: Իսկ նրա սերունդները դառնում են Իրանի հյուսիսի լիիրավ տերերը: