ԱՃԵՄՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ / ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Վարդան Աճեմյան
Ինքնանկար

… Ոչ թե ներկայացում էր,
այլ՝ հրավառություն:

Վարդան Աճեմյանը չէր սիրում Հայաստանից երկար բացակայել: Երկար ասելով չեմ ուզում ամիսներ կամ տարիներ հասկանաք, այլ՝ տասը կամ տասնհինգ օր: Այո, տասը-տասնհինգ օրով թատրոնի հետ հյուրախաղերի հաճույքով էր գնում, բայց մենակ խուսափում էր և՛ փառատոներից,և՛ խորհրդակցություններից, և՛ տուրիստական ուղևորություններից: Նույնիսկ Անգլիա՝ Շեքսպիրի հայրենիք չգնաց. հասավ Մոսկվա, ինչ-ինչ պատճառներ գտավ ու ետ դարձավ:
Հազար ու մի մեղադրող ու արդարացնող բացատրություններ էին տըրվում Աճեմյանի նման վարքին, բայց կարծում եմ, որ նա հայ Անթեյն էր. առանց իր հողի անկարող էր ապրել՝ անօգնական ու մոռացված էր զգում իրեն: Չափազանց շատ էր սիրում իր հայրենիքը, հայ մարդուն, իր հողը և չէր կարողանում թեկուզ կարճ ժամանակով Հայաստանից բացակայել, եթե մեծ խումբ հայեր կողքին չէին:
Միայն մի ուժ կարող էր նրան ստիպել կարճ ժամանակով հեռվում ապրել, իհարկե, եթե այդ հեռուն մինչև Մոսկվա կամ Լենինգրադ էր: Այդ ուժը բարձրարվեստ, զարմացնող ու անսպասելի ներկայացման կախարդական ուժն էր:
Թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ռեժիսորական կուրսի ուսանողներս Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններից արդեն լսել էինք նրա «նստակյաց» լինելու մասին: Բայց հիշատակածս ուժի ազդեցությանը մի անգամ ինքս ականատես եղա, ուժ, որը նրան տասըն օրից ավելի պահեց Մոսկվայում:
Ամեն տարի, ամառային և ձմեռային արձակուրդներին, կուրսեցի ընկերոջս՝ Միհրան Ջանիկյանի հետ, քսան-քսանհինգ օրով գնում էինք Մոսկվա և Լենինգրադ՝ թատերական կյանքին ծանոթանալու: Այդ տարիներին ուսանողական տոմսով կարողանում էինք մուտք գործել ինչպես մոսկովյան թատրոններ, այնպես էլ՝ հյուրախաղերի եկած թատերական խմբերի ու անհատ կատարողների համերգներին ու ներկայացումներին: Ամենադժվարը Ակիմովի թատրոն մտնելն էր: Միակ ազատ մտածողությամբ թատրոնի ներկայացումներին ազատ տեղեր չէին լինում, իսկ սանդուղքներին կանգնել կամ նստել թույլ չէին տալիս: Գլխավոր ադմինիստրատորի պատուհանի առջև սպասում էինք, որ հանկարծ ազատ տեղ մնա և ուղեկցողն ուշացումով մեզ ներս տանի:
1962-ի հունիսի վերջին Միհրանի հետ նորից Մոսկվայում էինք: Ցերեկները պատկերասրահից պատկերասրահ էինք վազում, համերգից՝ համերգ, կրկես ու մանկական թատրոններ, երեկոները՝ ներկայացումից ներկայացում:
Հերթական ներկայացումը նայում էինք Կրեմլյան թատրոնում. ուկրաինական կատակերգություն էր՝ «Կըռվախնձորը», որը բեմադրել էր Սատիրայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Վալենտին Պլուչեկը:
Դահլիճում ծիծաղի փոթորիկ էր:
Ընդմիջմանը ոգևորված շրջում էինք ճեմասրահում, վերլուծում ներկայացումը, գնահատում, նորից ու նորից հիանում, հետո վերհիշում աճեմյանական ներկայացումների ռեժիսորական հնարքները, համեմատում «Կռվախնձորի» ռեժիսորական հնարքների հետ և… առավելությունն աճեմյանականի կողմն էր…
Հանկարծ տեսանք, որ դեպի մեզ է գալիս հենց ինքը՝ Աճեմյանը… Կարոտով գրկախառնվեցինք, ինչպես սովորաբար անսահման կարոտով հայերն են գրկախառնվում դրսերում, եթե նույնիսկ բաժանումից ընդամենը մեկ-երկու օր է անցել:
– Հը՞, ո՞նց է ներկայացումը, հավանո՞ւմ եք,– հարցրեց նա և չսպասելով մեր պատասխանին, ավելացրեց,– իհարկե՝ լավ է… ոչ թե լավ է, այլ հիանալի է: Ռեժիսորական կտորներ կան, նույնիսկ փոքր կտորներ, որոնք մի ամբողջ ներկայացում արժեն: Հիշո՞ւմ եք պարող ոտքերի տեսարանը, մեջքով կանգնած լեզվակռիվ անողների տեսարանը…
Պարող ոտքերի տեսարանում հինգ մարդ նստած էին զբոսայգու նստարանին և շատ լուրջ դեմքերով խիստ կարևոր հարց էին ուզում լուծել: Քիչ հեռու նվագախումբը պարային ռիթմիկ երաժշտություն էր նվագում: Նստածները վիճում-կռվում էին, բայց նրանց ոտքերը երաժշտության ռիթմով աշխույժ պարում էին: Երկրորդում՝ լեզվակռվի տեսարանում, երկու մարդ իրար մեջքով կանգնած կատաղի վիճում էին՝ առանց շրջվելու և առանց շրջվելու էլ «հրում ու քաշքշում» էին իրար այնպես, որ իրոք ընկնում ու վեր էին կենում, գոռում ու ցավ զգում: Եվ նման հետաքրքիր բազմաթիվ տեսարաններ կային:
Երբ մեր ոգևորությունը մի քիչ խաղաղվել էր, ուզեցինք իմանալ Աճեմյանի կարծիքը մի քանի թատրոններում մեր տեսած ներկայացումների մասին:
– Դրանցից մեկն եմ տեսել՝ հետաքրքիր չէր: Փոքր թատրոնում Ռավենսկիխի ներկայացումը նայեցի՝ «Խավարի իշխանությունը»: Մեծ գործ է, անպայման նայեք: Պատկերասրահներ եմ գնում, Մանեժ, բայց, իհարկե, այս ներկայացումը կատակերգության բարձակետ է, ձեզ համար ուսանելի շատ բան ունի, իսկ ինձ երկու տարի կուրախացնի,– ծիծաղելով ասաց նա ու գրկեց մեր ուսերը:– Սա ռեժիսորական արվեստի հրավառություն է…
Աճեմյանը ոգևորված խոսում էր, երբեմն նայում մեր աչքերին ու հարցնում. «Հը՞, համաձայն չե՞ք»: Իհարկե, մենք համաձայն էինք, բայց մեզ զարմացրել էր Աճեմյանի այդպիսի բուռն ոգևորությունը, ինչպիսին մենք դեռ չէինք տեսել: Ասես յոթերորդ երկնքում էր:
Հանկարծ, անսպասելի իջավ յոթերորդ երկնքից ու հարցրեց.
– Չգնա՞նք բուֆետ, դուք անպայման սոված կլինեք: Եկեք, եկեք…
– Չէ, սոված չենք, Վարդան Նիկիտիչ,– խուճապահար ետ քաշվելով, ասացինք մենք,– լավ ճաշել ենք, կուշտ ենք…
– Լավ ճաշել ե՞ք,– ծիծաղեց նա,– էդ ո՞նց եք՝ ուսանող-ուսանող «լավ ու կուշտ» ճաշել: Գնանք, քանի դեռ զանգը չի տվել:
Զանգը տվին:
– Ներկայացումից հետո Կրեմլի դարպասի մոտ կսպասեք, միասին կգնանք ճաշելու,– արագ-արագ ասաց նա,– ես մի քանի օր էլ կմնամ Մոսկվայում, ուզում եմ Ռավենսկիխից մի ներկայացում էլ նայել:
Մենք արագ բացեցինք «Տեատրալնայա Մոսկվան» և ասացինք, որ իր ուզած ներկայացումը հինգ օրից է լինելու:
– Ոչինչ, կսպասեմ: Խորհրդակցության են կանչել, բայց նիստերին չեմ գնում: Մի ներկայացում էլ կնայեմ ու կվերադառնամ Երևան: Սպասեք. գիտեմ, որ դարպասի մոտ չեք սպասելու: Ահա հյուրանոցի իմ հեռախոսահամարը, իսկ սա վերցրեք, կծախսեք:
Նա մեզ փող մեկնեց, բայց մենք այնքան արագ հեռացանք, որ հեռախոսի համարն էլ չվերցրինք:
Երկու օր անց գնացինք Լենինգրադ: Հետո Երևանում իմացանք, որ նա Մոսկվայում մնացել էր տասներկու օր: Աճեմյանը մենակ և Հայաստանից հեռու տասներկու օ՞ր…
Հետագայում Աճեմյանին ոգևորված տեսել եմ Տովստոնոգովի մի ներկայացման մասին խոսելիս, որի անունը չեմ հիշում և Ստուրուայի «Կովկասյան կավճի շրջանի» մասին իր կարծիքը հայտնելիս: Բայց նա միշտ էլ առիթը բաց չէր թողնում իր ուրախությունն արտահայտելու ուրիշների բեմադրության մեջ տեսած, թեկուզ ամենափոքր, բայց աչքի ընկնող բեմադրական պատկերից կամ միզանսցենից: Ուրախանում էր անկեղծ, ժպտալով ու աչքերը փայլեցնելով: Ընդհանրապես, Աճեմյանին ճանաչողները գիտեին, որ նա ուրախություն է փնտրում և՛ կյանքում, և՛ իր, և՛ ուրիշի ներկայացումներում՝ բարություն, մտերմություն, սեր, նվիրում…
Երբ ինստիտուտն ավարտեցինք, մեզ հավաքեց լսարանում, երկար ժամանակ ժպտալով լսեց մեր անհամ սրամտությունները, պատասխանեց մեր հազար ու մի նույնքան անհամ հարցերին ու երբ, վերջապես, մեր աղմուկը լռեց, ու պատրաստվեցինք լսելու նրա վերջին «պատվիրանները», նա միայն մի նախադասություն ասաց, որը և՛ պատվիրան էր, և՛ նախազգուշացում.
– Աշխատեք հրավառություններ ստեղծել. եթե հարյուր բեմադրություն անեք, և դրանցից հինգը հրավառություն չլինեն, համարեք, որ դուք այնքան էլ լավ բեմադրիչ չեք:
Հարյուրից հինգը…
Իսկ որքա՞ն են նրա հրավառությունները: Եվ, եթե մի օր գտնվի այդ թիվը, ապա այդ թվին պետք է գումարել էլի մի հրավառություն, իրեն՝ Աճեմյանին, որովհետև ինքն էլ մի հրավառություն էր՝ 1930-1970-ականների հայ թատերական կյանքի հրաշք-հրավառությունը…

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։