Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

 

 

Արձանների վախը

«Մի դրա կանգնելո՜ւն տես»,‒

ամեն արձան

թող այս խոսքից վախենա:

 

Նոր թվարկությունը

Խառնվե՜լ է աշխարհը ‒

Փրկչի գալստյանն արժանանանք՝

նոր թվարկություն ենք սկսելու:

 

Այս կյանքը

Բոլորս, բոլորս ենք

մասնակցում այս կյանքին,

հանցավոր հանեն այն՝

բոլորիս են դատելու:

 

Կատարելությունը

Չեմ ուզում լինել ես

կատարյալ,

չեմ ուզում ավարտված լինել:

 

Ճակատագիրը

Լոգարանի ծովից ելանք,

լվացարանի մրջուրն ընկանք:

 

Սատանայի աչքը

Քաղցր է կյանքը –

սատանան էլ է դնում

վարդագույն ակնոց՝

տեսնելու այն գեղեցիկ:

 

Անծանոթ երկիրը

Ձի չի եղել այդ երկրում,

դրա համար էլ չեն եղել

հերոսներ, որ հետո

բրոնզե հեծյալներ դառնային:

 

Միայնակի օրը

1

Դռան զանգը չէ,

հեռախոսի զանգը չէ,

ամեն առավոտ

ինձ զարթուցիչն է զանգում միշտ:

 

2

Մենակ եք՝ չտխրեք,

Աստծո մոտ

երկուսով չեն գնում:

 

Աստծո խոսքը

«Գունավորիր ինքդ»,‒

ասել է Աստված այս խոսքը

քամելեոնին:

 

Հարցը

Մի՞թե կախաղանի

օղակն էլ է փրկօղակ:

 

Անվնաս խրատ

Փողկապդ ձգելիս զգույշ –

օղակ ես հագցրել վզիդ:

 

Մրջնանոցը

Ինչո՞ւ են մրջյուններն այսքան շատ –

չգիտենք, Աստված մեզ

ոչ մի խոսք չի ասել այդ մասին:

 

Երանելին

Ջահել ես, գեղեցիկ, հարուստ –

օ՜, այդպես մեկը չես դու արդեն,

երեքն ես միանգամից:

 

Փայլուն մտքերը

Օ՜, ինչ փայլուն մտքեր –

հղկելուց առաջ

ժանգի մեջ կորած են եղել:

 

Հանրային ծովի շնաձկները

Աստված իմ, հանրային ծովում՝

այս ինքա՜ն շնաձկներ,

կերակրենք նրանց՝

վերջինը մեզ ուտեն:

 

Օրվա քսանչորս ժամը

Ութ ժամ աշխատեցի,

ութ ժամ քնեցի,

իսկ ի՞նչ անեմ

մնացած ութ ժամը:

 

Ծակ տողեր

1

Լավ ասացիր,

բայց ի՞նչ ասացիր՝

չհասկացա:

 

2

Չես ուզում ազնիվ լինել՝

մի՛ եղիր,

ուզող շատ կա:

 

3

Լավ էլ լռում էր հիմարը,

ինչո՞ւ իզուր

ընդհատեցիք նրան:

 

4

Վայրենի էր, անտառից փախած,

նրան կրկեսի համար էլ

հնարավոր չէր վարժեցնել:

 

21-րդ դարը

Ա՜խ, այս 21- րդ դա՜րը –

ամեն ինչից նավթի հոտ է գալիս:

 

Նոր Կոլումբոսներ

Տեսնես հնարավո՞ր է հայտնագործել

մեկ ուրիշ Նոր Երկիր –

դժվա՜ր,

Կոլումբոսներն այլևս չեն սխալվում:

 

Գալիլեյի հետևորդը

Տվեք ինձ տեսակետ,

և ես շուռ կտամ աշխարհը:

 

Գովք հիմարության

Այս անխելք խելոքությունից,

անազնիվ ազնվությունից,

անլուրջ լրջությունից,

անարդար արդարությունից

մեզ հիմարությունը կփրկի:

 

Երկու մահը

Անքննելի է մարդը –

ինչո՞ւ Աստված

երկու մահ չստեղծեց նրա համար,

մեկով Դրախտ կընկներ,

մյուսով՝ Դժոխք:

 

Ճանապարհորդությունը

Գնացի՜նք, գնացի՜նք, գնացի՜նք,

քիչ էր մնում ընկնեինք

աշխարհի քարտեզից:

 

Համլետի ուրվականը

Բոլորս ենք Համլետ առևտուր անելիս.

«Գնե՞լ, թե՞ չգնել»:

 

Քաղաքակրթության քայլը

Զայրանալիս

քարով էր խփում նախամարդը,

հազար տարի անցավ,

մինչև սովորեց հայհոյել:

 

Քաղցածի ճաշը

Այսօր ինչպե՞ս ենք

ճաշն ուտելու,

խո՞ր, թե՞ երես ափսեով:

 

Ներկա իրավիճակը

Կուտակվե՜լ են

մեծ քանակի ստեր –

շնչել չի լինում,

թողեք ասվեն, թեթևանանք:

 

Խայծը

«Ներիր ինձ, ձո՛ւկ,-

ասաց խայծը,-

ինձ համար չեմ բռնում քեզ»:

 

Բանկային գործարքը

Այնքան թղթեր տվեցին՝ ստորագրելու,

որ թվաց՝ գրքեր եմ նվիրում

ինքնագրով:

 

Բրունոյի ողջակիզումը

«Քեզ ո՞վ խնդրեց ճշմարտությունն ասել»,-

նետեց ամբոխն այս խոսքը

խարույկ հանված Բրունոյին:

 

Հարուստները ԵՎ մենք

Աղքատ են հարուստները –

այդ նրանք են

անընդհատ փող տանում մեզնից:

 

Աղքատի փողը

Փող չունի աղքատը գրպանում –

փողը նա

գլխի մեջ է պահում:

 

Ադամի դրախտը

Դրախտն էլ դրախտ չէր,

Ադամը հազիվ դիմացավ այնտեղ

մինչև Եվայի գալը:

 

Սպասումներ Տիեզերքից

Համբերությունից հանում է մեզ

Տիեզերքը –

ծերացանք, էլ ե՞րբ ենք տեսնելու

այլմոլորակայիններ:

 

Առակի հերոսները

Առակի հերոսներ –

աղվես, օձ, գայլ ու այլ գիշատիչներ,

այդ ո՞ր Խնկոյանը թույլ տվեց,

որ կյանքի հերոսներ դառնաք դուք՝

մարդու կերպարանք առած:

 

Սատանայի անմեղությունը

Ոխդ մարիր –

սատանան էլ էր անմեղսունակ

մինչև չափահաս դառնալը:

 

Աշխարհի քաղաքացին

…և թող ամեն մեկը

կյանքին հրաժեշտ տալիս ասի.

«Ափսոս, չկարողացա վերափոխել

այս աշխարհը»:

 

Արքիմեդի «Էվրիկան»

Քանի՜ մարդ ընկղմվեց ջրում,

բայց միայն Արքիմեդն ասաց.

«Էվրիկա»:

 

Հին հռոմեացիները

Հին հռոմեացիները՝

փաթաթված ճերմակ սավաններով,

դեռ չբացված արձաններ են եղել

Հռոմի փողոցներով քայլող:

 

Հին հույների հիշողությունը

Հին հույները

հիշողության աստված էին    համարում

Մենեմոսինեին –

ինչ էլ հիշում էին այս անունը:

 

Չափավորությունը

Մեկ արև, մեկ լուսին –

հերիք են մեզ,

ավելին ի՞նչ էինք անելու:

 

Թվաբանության ծագումը

Երկու աչք, երկու ականջ,

երկու ոտք, երկու ձեռք –

Աստված մեզանով դրեց

թվաբանության հիմքը:

 

Զգուշավորությունը

Խոսելիս թափ մի՛ տուր ձեռքերդ,

կիմանան՝ սատանային ես փախցնում:

 

Անդրօվկիանոսյան թռիչքը

Օ՜, ներքևում այս ինչքա՜ն երկրներ,

լեռներ, լճեր, գետեր –

քարտեզի վրայով ենք թռչում:

 

Քաջ Նազարի ճանճերը

Օ՜, այդ ճանճերն էին՝

մեկ, երկու, երեք… մի խոսքով՝ հազար,

որ Նազարին դարձրին Քաջ Նազար:

 

Արարչությունը

Աստված կա՛ –

ամեն առավոտ

այդ նա է ցերեկվա լույսը բաժանում

գիշերվա խավարից:

 

Արվեստը

Խորն է արվեստը –

բնորդը քանի գնում՝

դիմանկարին է նմանվում:

 

Սակարանի գինը

Հետաքրքիր է, այդ ո՞ր սակարանում

մարդն առաջին անգամ

մարդուն ասաց. «Ոչինչ չարժես»:

 

Նոր սերունդը

Ներիր մեզ, անցյա՛լ,

ապագային նայում՝

մեջքով ենք կանգնում քո դեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։