Ընթերցողի սեղանին արդեն դրվում են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրքեր: Վերջերս ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը Համահայկական հայրենագիտական ուսումնա- սիրությունների ֆոնդի հովանավորությամբ լույս ընծայեց «Հովհաննես Թումանյանը Առաջին աշխարհամարտի տարիներին» աշխատությունը: Հեղինակը Սուսաննա Հովհաննիսյանն է: Գիրքն աչքի է ընկնում հրատարակչական բարձրաճաշակ ձևավորմամբ: Գուրգեն Բարենցի թարգմանությամբ այս մենագրությունը լույս է տեսել ռուսերեն, ինչը, իմ կարծիքով, չափազանց կարևոր է, քանի որ ուսումնասիրությունն իր ամբողջ բովանդակությամբ, պատմական փաստերի և իրողությունների վիթխարի հարստությամբ դուրս է գալիս ազգային շրջանակներից և բարձրացնում է հարցեր, որոնք արդիական են և մեր օրերում…
Սուսաննա Հովհաննիսյանը այսօր իր աշխատանքին անմնացորդ նվիրված ամենաակտիվ թումանյանագետն է: Նա Թումանյանի մասին մի քանի մենագրությունների հեղինակ է: Բանաստեղծի կյանքն ու գործը միշտ են հրապուրել գրականագետներին ու քննադատներին, և թումանյանագիտությունը մեր մշակույթի բավական հարուստ էջերից է: Թվում է, թե այդ ասպարեզում այլևս նոր ոչինչ հնարավոր չէ ասել… Բայց պարզվում է, որ կարելի է: Նախ, յուրաքանչյուր սերունդ նորովի է ընկալում դասական գրողին և նրանում բացահայտում է ինչ-որ նոր բան: Եվ երկրորդ՝ Թումանյանի կյանքը ամենևին էլ միայն նրա ստեղծագործությունը չէ: Այն ոչ միայն անկրկնելի է, ինչպես յուրաքանչյուր կյանք, այլև բացառիկ: Ս. Հովհաննիսյանի այս նոր աշխատությունը Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի այդ բացառիկության, նրա մարդկային կատարելության մի նոր ու անվիճելի ապացույցն է:
Ինչո՞վ է աչքի ընկնում այս մենագրությունը: Նախ և առաջ՝ իր գիտական հիմնարարությամբ: Միանգամից կուզեի նկատել, որ աշխատության մեջ օգտագործված են վիթխարի քանակության ոչ միայն գրականագիտական, այլև պատմագիտական աղբյուրներ: Սակայն բացի դրանից, Ս. Հովհաննիսյանի մենագրությունը բավականին հարուստ է լայն ընթերցողին անհայտ վավերագրական նյութերով: 600 էջ կազմող գիրքը միայն թերթելով կարելի է համոզվել, թե ծանոթագրություններում ինչ վիթխարի քանակ են կազմում արխիվային նյութերը: Օգտագործված են ոչ միայն Թումանյանի թանգարանում և Ե. Չարենցի անվան Գրականության ու արվեստի թանգարանում պահպանվող արխիվները (Թումանյանի ֆոնդը, Հայ գրողների կովկասյան ընկերության և պոետին ժամանակակից ազգային գործիչների ֆոնդերը): Ս. Հովհաննիսյանը իբրև աղբյուր հղում է նաև Մատենադարանի, Հայաստանի ազգային արխիվի, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական արխիվի և զանազան այլ վավերագրեր: Բացի այդ, հեղինակը հանգամանորեն ուսումնասիրել է ժամանակի պարբերական մամուլը: Այս ամենի շնորհիվ գիրքը գիտական անուրանալի արժեք ունի: Ս. Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքը կարելի է համեմատել հնագետի աշխատանքի հետ, որն անվերջ պեղումներ է կատարում հնարավոր բոլոր վայրերում՝ իր առջև դրված նպատակին հասնելու համար: Եվ այդ «պեղումների» արդյունքում ընթերցողի առջև հառնում է Թումանյանի կենդանի կերպարը, նրա կյանքի օրերն ու ժամերը…
Ուշագրավ է, որ թեև աշխատության թեման, ինչպես դա երևում է վերնագրից, Թումանյանի կյանքն է Առաջին աշխարհամարտի տարիներին, սակայն գիրքը սկսվում է պատերազմին նախորդող շրջանում բանաստեղծի գործունեության (1912-1914 թթ.) շարադրանքով: Եվ հենց այս առաջին գլխում արդեն բացահայտվում է Թումանյանի անհատականությունը: Այո՛, այդ տարիներին նա արդեն մեծ բանաստեղծ էր: Բայց որքա՜ն է վատնել իր թանկ ժամանակը և վայր դրել գրիչը՝ հայտնվելու համար ազգային կյանքի հորձանուտում: 1912 թ. նա ղեկավարում էր Հայ գրողների կովկասյան ընկերությունը: Նախագահի մշակութային-կազմակերպչական աշխատանքը քիչ ուժեր չէր խլում նրանից: Բացի այդ, նրա ուսերին էր ծանրացած գրական ֆոնդ ձևավորելու և ընկերության անդամներին նյութական աջակցություն ցուցաբերելու խնդիրը… Իսկ որքա՛ն ուժ ու եռանդ խլեց Թումանյանից հանրային բանավեճը ժամանակի հայտնի հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Համբարձում Առաքելյանի հետ: «Գրողի հրապարակագրական ժառանգության մեջ Առաքելյանի դեմ ուղղված վիճաբանական ելույթները այսօր և միշտ կմնան իբրև հանճարեղ անհատի բողոքն ու ընդվզումը նրա կյանքը թունավորող միջակության, գորշության ու փոքրության, նախանձի ու ստի, կեղծիքի ու հերյուրանքների դեմ» (էջ 78-79),- գրում է հեղինակը:
Իհարկե, հասարակական-մշակութային գործունեությամբ զբաղվում էր ոչ միայն Թումանյանը: Սակայն այս գլխում Ս. Հովհաննիսյանը բերում է բազմաթիվ արխիվային վավերագրեր, փաստեր, նամակ-խնդրագրեր, որոնց հեղինակները Թումանյանին գրեթե անծանոթ էին: Նրանք խնդրում էին իրենց աշխատանքի տեղավորել, թոշակ նշանակել, դպրոցներ ու գիմնազիաներ ընդունել տալ իրենց երեխաներին, նույնիսկ ազատել բանակից… Այս ամենը վկայում է, որ մարդիկ Թումանյանին ընկալում էին ոչ միայն որպես պոետ, այլև կարեկից հարազատ, ով անպայման կհասկանա իրենց հոգսն ու ցավը, կարձագանքի ու կօգնի: Եվ բանաստեղծն իր սրտի ու խղճի ձայնով կրում էր բազմաթիվ մարդկանց կենցաղային հոգսերի ծանր բեռը… Թումանյանի մարդկային էության հենց այս զարմանալի, անկրկնելի հատկությունն էլ իր քնարական դրսևորումը ստացավ 1917թ. քառյակներից մեկում.
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
Ուշագրավ է, որ, ինչպես ցույց է տրվում մենագրության մեջ, թե՛ պատերազմի տարիներին և թե՛ նրանից հետո նման խնդրատուների թիվը բազմապատկվեց: Այդ մասին հավաստում է գրքի 5-րդ գլխի մի ամբողջ հատված (էջ 385-396), և ընթերցողը նորից ու նորից հիանում է Թումանյանի մարդկային նկարագրով…
Մենագրության միջից մեր առջև հառնում է պոետի կենդանի կերպարը Առաջին աշխարհամարտի տարիներին: Հովհաննիսյանը առավելագույն ամբողջությամբ նկարագրում է բանաստեղծի կյանքի չորս տարիները (1914-1917), նրա ամենօրյա պատրաստակամությունը՝ անելու հնարավորն ու անհնարինը հարազատ ժողովրդի համար: Դա և՛ հայ կամավորական ջոկատներին ցուցաբերած բարոյական ու կոնկրետ աջակցությունն էր, և՛ Գաղթականների օգնության կոմիտեների հետ ակտիվ համագործակցությունը, և՛ Գրողների ընկերության նախագահի գործունեությունը, և՛ Թուրքիայի ողջ տարածքում հայության գազանային, դաժան կոտորածների շրջանում՝ Եղեռնի թեժ օրերին (1914 թ. նոյեմբեր և 1915-ի ապրիլ), բանաստեղծի երկու այցելությունները Արևմտյան Հայաստան…
Կարդալով գրքում ամենայն մանրամասնությամբ ներկայացված Վան-Վասպուրական աշխարհում Թումանյանի օրերն ու ժամերը, ընթերցողն ակամայից իրեն հարց է տալիս. չէ՞ որ բանաստեղծը յուրաքանչյուր ակնթարթ վտանգում էր իր կյանքը… Բայց խնդիրն այն է, որ Թումանյանի համար հայրենասիրությունը երբեք չի եղել վերացական հասկացություն: Այդ մասին է գրքի 4-րդ գլուխն ամբողջությամբ: Այստեղ ներկայացվում է բանաստեղծի կյանքի ամենադրամատիկ շրջանը՝ Էջմիածնի դժոխքում անցկացրած ամիսները, երբ Վանից վերադառնալուց օրեր անց հիվանդ պոետը ընդհատեց իր բուժումը և շտապեց խնամելու Վասպուրականից փախած գաղթականներին ու որբերին: Սակայն Թումանյանի հայրենասիրության բացառիկությունն ու եզակիությունը ավելի վառ դրսևորվեց 1917 թ. վերջում, ռուսական զորքերի՝ Կովկասյան ռազմաճակատից հեռանալուց հետո: Անդրանիկը կոչ արեց հայրենակիցներին աջակցել իրեն ազգային գոյապայքարում: Զորավարն իր հայրենակիցներին դիմեց հետևյալ խոսքերով. «Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կա՛մ իր վերջին օրերը և կա՛մ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին… Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի լինի այո կամ ոչ: Իմ խոսքս կուղղեմ… բոլոր մարդոց. թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ» («Հայաստան» թերթ, 1917թ., դեկտեմբերի 22):
Ինչպես նշում է Ս. Հովհաննիսյանը, Թումանյանն առաջինն էր, ով արձագանքեց Անդրանիկի կոչին, և ամբողջությամբ բերում է Անդրանիկին ուղղված նրա բաց նամակը, որը տպագրվում է հենց հաջորդ օրը (էջ 556): Այն չի կարող չապշեցնել. հանուն հայրենիքի ու ժողովրդի փրկության Թումանյանը զոհաբերում էր… իր զավակներին… «Սիրելի՛ Անդրանիկ,- գրում է Թումանյանը,- ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու և թե՛ բաղձալի խաղաղությանը հասնելու համար:
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն:
Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը»:
Այս նամակը կարիք չունի որևէ մեկնաբանության: Այն առաջացնում է միայն հիացմունք և խոնարհում Թումանյանի՝ բացառիկ հայրենասերի ու քաղաքացու հիշատակի առջև… Ի դեպ, ուսումնասիրության 7-րդ՝ «Բանաստեղծի ընտանիքն ու մերձավորները պատերազմի և ցեղասպանության տարիներին» (էջ 512-596) գլուխն ընթերցելիս համոզվում ես, որ Անդրանիկին ուղղված Թումանյանի խոսքերը միայն խոսքեր չէին. «Թումանյանի 8 զավակները,- գրում է Ս. Հովհաննիսյանը,- (երկուսը՝ Սեդան ու Թամարը, փոքր էին՝ 10 և 12 տարեկան) միացան այն ժողովրդական հայրենասիրական տարերքին, որը միավորել էր իրենց հայրիկին ու իրենց ընտանիքի լավ բարեկամ՝ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանին» (էջ 557):
Հեղինակը պատմում է պոետի՝ Արևմտյան Հայաստանում մարտնչող յուրաքանչյուր որդու մասին (միայն Համլիկն իբրև շարքային հայտնվեց Ալեքսանդրապոլի զորամասում), Թումանյանի զավակներից ամենատաղանդավոր որդու՝ Վանի վերջին հայ պարետ Արտավազդի ողբերգական վախճանի մասին 1918 թ. մարտին (տես՝ «Արտավազդ. ցեղասպանության կամավոր զոհը և Հովհաննես Թումանյանի անփարատ վիշտը» ենթագլուխը, էջ 558-588): «Համաշխարհային պատերազմը,- գրում է Ս. Հովհաննիսյանը,- Եղեռնը, երկու եղբայրների մահը գրեթե ուժասպառ էին արել բանաստեղծին, սակայն որդու ողբերգական մահը վերջնականապես շանթեց նրան, և նա այլևս ուշքի չեկավ այդ ցավից» (էջ 578):
Գրքում վերստեղծված Թումանյանի կերպարում զարմացնում և հիացնում է նաև այն, որ այդ ողբերգական տարիներին, ունենալով անձնական այդքան մեծ կորուստներ, նա առանց դադարի շարունակում էր զբաղվել թե՛ ազգային-հասարակական, թե՛ մշակութային գործունեությամբ՝ կարողանալով ինչ-որ պահեր հատկացնել նաև ստեղծագործելուն: Այդ մասին է աշխատության վեցերորդ՝ «Գրական-գեղարվեստական կյանքը 1914-1918 թթ.» գլուխը: Հեղինակը հանգամանորեն վերլուծում է Թումանյանի այդ տարիների ժամանակի պահանջով ու շնչով գրված հրապարակագրական հոդվածները: Արժեքավոր է նաև այն, որ այս գլխում տեղ են գտել նաև բանաստեղծի օրագրային գրառումներն ու անավարտ հոդվածների պատառիկները, որոնք առաջին անգամ հրապարակվել են անցյալ դարի վերջին տասնամյակում նաև հեղինակի կողմից: Թումանյանի՝ պատերազմի տարիների գեղարվեստական ստեղծագործությանը հատկացված է առանձին ենթագլուխ. չէ՞ որ հենց այդ օրերին նա ստեղծել էր մի շարք գլուխգործոցներ, օրինակ, «Հոգեհանգիստը»: Նկատեմ, որ անվանի օսեթական պոետ Նաֆի Ջուսոյտին անցյալ դարի 60-ական թվականներին, կարդալով այդ բանաստեղծությունը Ն. Գրեբնևի թարգմանությամբ, բնորոշեց այն իբրև «վեհագույն ողբ-շարական՝ անհավանական ուժի հոգեհանգստյան երգ, որը հնչում է հին հունական ողբերգության երգչախմբի նման»: Հեղինակը, իհարկե, անդրադարձել է նաև «Հայրենիքիս հետ» բանաստեղծությանը, «Թագավորն ու չարչին» բալլադին և այդ տարիներին գրված քառյակներին, որտեղ գեղարվեստորեն անթերի ձևերի մեջ արտահայտվել է Թումանյանի աշխարհի անսահմանությունն ու փիլիսոփայական խորքը:
Վեցերորդ գլուխը հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ Թումանյանն ընթերցողի առջև հառնում է նաև մեկ այլ լույսի տակ՝ իբրև գրաքննադատ: Այդ զարհուրելի տարիներին, զբաղվելով որբախնամ գործունեությամբ, գաղթականներին տեղավորելու և ազգային կարևորության բազմաթիվ խնդիրներով, պոետը ժամանակ է գտնում ուսումնասիրելու Քուչակի ու Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանությունները՝ Բրյուսովի խմբագրությամբ Մոսկվայում հրատարակության պատրաստվող «Поэзия Армении» գրքի համար: Թումանյանը ծավալուն հոդված է գրում այդ թարգմանությունների մասին… Նա կազմակերպում է նաև գրական-մշակութային միջոցառումներ: Գրքի մի ամբողջ հատված նվիրված է Թիֆլիսում Բրյուսովյան օրերին: Ս. Հովհաննիսյանը նկատում է, որ այդ օրերին Բրյուսովը անբաժան էր Թումանյանից, և հայ բանաստեղծը անջնջելի տպավորություն թողեց Բրյուսովների վրա: Այս իմաստով, բնորոշ են մենագրության մեջ բերվող Բրյուսովի կնոջ՝ Իոաննա Մատվեևնայի խոսքերը. «Թիֆլիսի հանդիպումների մասին եղած իմ բոլոր հիշողություններից Հովհաննես Թումանյանին վերաբերող հուշերս ամենապայծառն են: Բոլոր դեմքերը մթագնվել են անմոռաց բանաստեղծի անջնջելի կերպարի առջև… Ընդհանրապես լուրջ և խոհուն Թումանյանը կարողանում էր լինել սիրելագույն և սրտագրավ մարդ, հոգատար հայր (սիրում էր պարծենալ իր երեխաներով) և միաժամանակ ամենասրամիտ խոսակից» (էջ 454): Իսկ Վալերի Բրյուսովը, ինչպես հայտնի է, Թումանյան-մարդու ու բանաստեղծի նկատմամբ իր զգացմունքներն ու գնահատականն արտահայտեց նրան նվիրված բանաստեղծությամբ, որը գրեց արդեն Մոսկվա վերադառնալուց հետո՝ 1916 թ. փետրվարի 25-ին: Հիշենք այդ ձոնի վերջին տողերը.
Пусть звезды малые и крупные Թող փոքրիկ և մեծ աստղերը պարզ
Тебя кропят, пронзая тьму: Շրջապատեն քեզ՝ մութը խոցած.
Мы смотрим в сферы недоступные, Իսկ մենք կնայենք ոլորտն անհաս՝
Дивясь сиянью твоему! Քո պայծառ լույսով սքանչացած:
Եվ ժամանակը ոչ միայն չի ջնջել, չի խավարեցրել բրյուսովյան տողերի ճշմարտությունը, այլև ընդհակառակը, ավելի պայծառացրեց այն: Այսօր մենք ավելի խորն ենք ընկալում, որ Թումանյանի անհատականությունը, իրոք, «անհաս ոլորտում» է, և նրա փայլը գնալով ավելի է պայծառանում… Այդ զգացումը չի լքում Սուսաննա Հովհաննիսյանի գրքի ընթերցանության ողջ ընթացքում: