Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ
(01.01.1947 – 08.04.2016)
Բանաստեղծ, թարգմանիչ
ՀԳՄ անդամ 1978 թ.-ից
ՏԱԳՆԱՊՈՂ ԱՂՈԹՔ
Մշտարթուն սիրով՝ ՆԱՐԵԿԱՑՈԻՆ
Անվտանգ կյանքիս լուսանցքի միջով,
Տե՜ր, լույսն է շնչիդ թևածում վրաս,
Եվ մահերն իմ բյուր՝ կյանքս ընդմիջող,
Ցնորք են թվում, փութանցիկ երազ:-
Ամեն շիրմի մեջ՝ մեզ հետ ննջեցյալ,
Ամեն օրոցքում՝ մեզ հետ
կյանք առնող,-
Միակ գալիքիս մենավո՜ր անցյալ՝
Ներկայիս շուրջը հավերժ
համբառնող,-
Թող պատերազմած ամեն խեղանդամ
Հուշամոլության դասեր տա չարին,
Զի եղեռնապուրծ իմ արյունն անգամ
Վերքերի հուշն է քո Մինուճարի:
Եվ թող մանկտաց ու ծծկերների
Շուրթերին ծաղկող օրհներգերը սուրբ
Արմատազերծեն կամքովդ վերին
Պայթող սունկերի գոյն ահասարսուռ…
Լսի՛ր, բարերար, մի՜ կորուսե զիս՝
Նժույգ տուր հուսո և հավատի թամբ,
Հանուն անողորմ թշնամիներիս-
Օծի՛ր ինձ խղճիդ գթառատությամբ:
Որ փառավորվես քո ստեղծածով.
Որ շարունակվի քո ՄԱՐԴԱՆԱՄԵՆ:
Արդ, խո՜սքն ընդունիր այս հեծեծացող,
Հա՜յր ամենայնի հավիտյանս. ամեն:
ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈՂԲԵՐԳ
Ցրտերն ընկան: Աստղս պաղեց:
Վա՜յ իմ ճակատ, վա՜յ քո գրին…
Վա՜յ մեր օրին քստմնաղետ,
Մեր ճաքճաքած հացուջրին:
Եվ վա՜յ նրան՝ ոսպնապիտակ
Այն հավակնոտ Գլխապետին,
Որ նախամիտ խոսքերի տակ
Մտմտում էր միտքը ետին…
Մթնե՜ց երկինքն աստղածավալ:
Ցրտերն ընկան: Աստղս պաղեց:
Վա՜յ իմ երկրին աստվածավախ,
Վա՜յ օրերին այս խստաղետ:
ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Բանաստեղծության տողերի միջև
Բախտիս տվածն եմ
վերապրում կամաց:
Խինդ ու թախծի հետ չեմ կարող վիճել.
Մերթ ունքաբաց եմ,
մերթ էլ՝ ունքամած:
Ազգությունս՝ հայ: Անկուսակցական:
Ծննդավայրս՝ Մարգահովիտ գյուղ:
Ամուսնացած եմ: Չդատվա՜ծ անգամ
(Ա՜խ, հնամենի իմ արյան երկյուղ)…
Արտասահմանում՝ բո՜լ բարեկամներ-
Եղերաժառանգ մի ամբողջ Սփյուռք…
Կմեղանչեի, թե Տերը կամեր.
Ե՜վ կուռքեր ունեմ, և՜ ինքս եմ կուռք:
Մերժելով հովերն ինքնամեծարման՝
Կարող եք նաև խորշել ինձանից,
Բայց հետադարձի ամեն մի վայրկյան
Մի բան կգտնեք իմ հոգեձայնից:
Դե ինչ, այսքանը: Չճամարտակեմ:
Կամ կմահանամ, կամ կսատակեմ…
ԼՈՌԵՑՈՒ ՊԵՍ
(Ինքնուղերձ)
Սեպտեմբերյան ծննդաբույր մի գիշեր
Դու էլ հանկարծ երազ
եկար Աշխարհին,
Ինչպես անթիվ ու անհամար ուրիշներ՝
էահոլով գոյարանում աշխարհիկ:
Երազ եկար… Ու քանի դեռ կենսազարդ
Առկայում ես տևողության ոլորտում,
Քեզ թվում է՝ մշտատեսիլ երազն այդ
Է՜ անսկիզբ քո սկզբից է հորդում…
Բայց հո գիտես, որ Աշխարհը
պահ առ պահ
Վեր է թռչում իր արթմնի քնի մեջ,
Եվ մշտապես մի նոր երազ է առկա՝
Տևողության մի նոր սկիզբ ու նոր վերջ:
Ուստի, հոգի՛ս,
Ո՜Վ ԻՄԱՆԱ՝ Ո՛ՒՐ ԸՆԿԱՆՔ,
Լոռեցու պես
ՔԱՆԻ՜ ՕՐՎԱ ՀՅՈՒՐ ԸՆԿԱՆՔ,
Նրա ասած
ՍԵՐՆ ՈԻ ՍԻՐՏՆ ԷԼ ԵՐԲ ՉԿԱ՝
Նրա նման
ԿՐԱ՜Կ ԸՆԿԱՆՔ, ԶՈ՜ՒՐ ԸՆԿԱՆՔ…
ԵՐԿՈԻ ՀԱՅԵԼԻ
Ո՞վ ես, հայելի՛: Ի՞նչ է անունդ:
Տեղյա՞կ ես, արդյոք, քեզ արարողից,
Թե՞ սևեռվելով մինչև անհունդ՝
Դու էլ ես կառչում Սուրբ գրքի տողից:
Միամի՜տ ողորկ… Ի սկզբանե՝
Հենց քո արարման օրը առաջնեկ,
Նա՛, որ քեզ համար Աստված է անէ՝
Նա՜ է պատկերվել անհունովդ մեկ:
Քեզ նայելու պես նայել է իրեն
Եվ իրար նայող իրերին նայել:
Դու էլ ես նայել, մի՞թե կուրորեն…
Ա՜խ, մենք ինչքան ենք մեկ-մեկու վայել:
Ախր ես էլ եմ ինչ-որ հայելի-
Անանուն, անլուր՝ ինձ արարողից,
Եվ ամեն անգամ խորքս նայելիս
Անդրադառնում եմ
Սուրբ գրքի տողից…
Եվ հաղորդվում ենք՝ երկու հայելի-
Նույն առեղծվածի միևնույն ափում:
Իրար ենք նայում հարցումներով լի…
Մեռյալներից ենք միայն խուսափում:
ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
Ժամանակների մութը այլայլվեց:
Կորցրի ես ինձ: Ես մտա խոր քուն…
Եվ նախասարդի բջիջը փայլեց
Նախաջրերի մենության խորքում:
Հետո ջրերն այդ, ներս առնելով ինձ,
Քարանձավներից լցվեցին սենյակ,
Եվ, դատարկվելով նախաջրերից,
Մի վիհ հայտնվեց իմ կոպերի տակ:
Վիհը շարժվում էր՝ վիհը դիակոծ:
Օ՜, ծանոթ էր ինձ մահվան գոլորշին…
Հանկարծ բացվեցին իմ աչքերը գոց
Ու նշմարեցին մղկտափոշին,
Որ պսպղում էր շուրջը աստեղաց՝
Այլափոխելով պատկերը վերքի…
Եվ, Չարն ու Բարին սենյակում թողած,
Հրավերքն առա ես տիեզերքի:
Նայի՛ր, Հանցանաց ու Պատժի դպի՛ր,-
Միաձայնեցին երկու լուսնեղջյուր,
Եվ նրանց միջև ճառագեց մի գիր.
ՀԵՆՑ ԱՅՍՊԵ՛Ս ԱՀԱ…
Օ՜ երկնային լուր:
Լույս եղև ապա: Եվ տեսա ես ինձ,
Եվ նախասարդի սերունդներ բազում…
Եվ լուսնկայի ամեն եղջյուրից
Խորհուրդ էր թափվում,
ինչպես երազում:
ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԳ
Մենք մի կավից ենք, քո՛ւյր իմ նազելի,
Էլ ի՞նչ ես նայում այդպես անհաղորդ…
Թող վաղնջական բույրը մազերիդ
Անուշազօծի պատկերս աղոտ:
Հոգնել եմ արդեն այս անձրևներից,
Որ ինձ տանում են մշուշոտ ափեր…
Ա՜խ, մի թևաբախ երազ գար նորից
Ու լեթարգիական քունս շոշափեր:
Հոգնել եմ նաև ես քո քույրերից,
Բայց գգվանքներիդ պիտի հավատամ,-
Նայի՛ր, ինչպես են օրհներգում վերից
Մեր մեջ արարվող Եվա ու Ադամ…
Մենք մի կավից ենք, քո՜ւյր իմ նազելի,
Նույն արարումի երկու տարբերակ…
Մերն են թզենու տերևներն էլի,-
Արի նորոգենք դրախտն ավերակ:
ԽԵԼԱԽՈՍՈՒՄ ԵՄ
Ամենայն ուղիղ մասնիկ է կորի:
Պարզ մի ոստայն է ամեն լաբիրինթ:
Աշակերտը չեմ ես Կերկեգորի,
Բայց ատո՜ւմ եմ քեզ, ամենօրյա խի՛նդ:
Աներեսությունն ախտին է վայել:
Առողջ մնալու տեղ եմ փնտրում ես…
Հրաման մի գար՝ խիստ վերանայել,
Թե քեզնից բացի ո՞վ է նման քեզ:
Չե՛մ երկրպագում կյանքը մեկուսի,
Բայց և չե՜մ տանում
քեֆերն անձնառատ…
Ինչ որ հաճո է ոմն երկուսի,
Երրորդիս համար դառնում է արատ:
Արհամարհի՛ր ինձ, ամենօրյա խի՛նդ:
Ամենայն ուղիղ մասնիկ է կորի:
Պարզ մի ոստայն է ամեն լաբիրինթ…
Հե՜րն էլ անիծած խեղճ Կերկեգորի:
ԺԱՄԱՆԱԿ
Մեր լույս օրից
մինչև վերջին օրը մեր սև
Դու միակն ես, Մի՛նը- մեզ չլքող,
Ե՛վ վերև ու ներքև, և՛ դրսեր ու ներսեր-
Ամբողջովին քոնն են, մասերը քո:
Ո՞նց ըմբռնեմ ես քեզ,
օ՜ նորովի դու հին,
Որ խավար ես մահու և կենաց լույս,
Աներևույթ շնչի սահմանյալ ես ինքնին
Ու գոյություն ունես և քեզնից դուրս…
Քեզ է դիմում դարձյալ հարցն իմ,
օ՜ ժամանակ,
Գոյալեցո՛ւն անոթ, գոյատզրո՛ւկ,-
Ո՞րն է հավերժահոս՝
լռությո՞ւնը համակ,
Թե՞ աղմկոտ ժխորն անդորրազուրկ:
O՜, նախաստեղծ Բանի
անմեկնելի դու իքս,
Կարծրանում են իմ մեջ հարցերը քո,
Եվ թվում է՝ ահա՛, դառնալու եմ Սֆինքս,
Գիշերներիդ նայեմ վառ ցերեկով:
ՍՓՈՓԱՆՔԻ ԵՐԳ
Եղանակների խառնաշփոթից
Պիտի տարվա հետ լացես ու խնդաս,
Մինչդեռ կարող ես, չհիշելով ինձ,
Ինձ հետ միասին կրկնել տողերն այս.
– Երբ հոգեգրքում մի նոր բառ աճի՝
Մոռացումի պես ամեն ինչ ներող,
Կժամադրվեն սերս առաջին
Եվ հրաժեշտս… հազարմեկերորդ:
ԱՆՆՄԱՆ ՏՈՂ
Դեռ հոսում են,
դեռ խոսում են երգաբառ
Անանձնական
արցունքները շողշողուն…
Ի՜նչ անտրտունջ հոգի էր պետք,
որ թափառ
Կարոտները տեղավորեր մի տողում:
…Թող չհիշվեմ, թող
մշուշվեմ մեկընդմիշտ,
Միայն կյանքս մի հարատև տող լինի,-
Ա՜խ, ուրիշն է քեզ բարուրել,
մե՛րկ իմ վիշտ.
– Հովի նման վիշտդ թեթև թող լինի…
«Վկայություններ» շարքից