ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՕՋԱԽՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԿԻՊՐՈՍ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

Ձմեռային 9 օր Կիպրոսում: Վարձած մեքենայով (ղեկին աղջիկս էր) շրջեցինք Կիպրոսի հունական մասում, որը կազմում է կղզու 60 տոկոսը: Ժամանակը կարճ էր, պետք է հասցնեինք հնարավորինս պատմական շատ վայրեր տեսնել: Առաջին հերթին՝ այն պատմական հուշարձանները, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո: Դրանցից առաջինը ՔԾԱ X հազարամյակի նեոլիտի դարաշրջանի մեծ գյուղն էր՝ Խիրոկիտիան: Հնագիտական պեղումներն իրականացվել են ֆրանսիացի գիտնականների ջանքերով, բացվել են գյուղի բնակարան-շինությունների ավերակները, վերականգնվել բնակավայրը շրջափակող պարիսպները, իսկ հարթ տեղանքում կառուցվել են նեոլիտի դարաշրջանում կառուցված տների կրկնօրինակները: Դրանք շրջանաձև են, ունեն դուռ և մի քանի պատուհան՝ օդի ու լույսի համար: Տների տանիքը հարթ է: Այդ շրջանի մարդիկ արդեն ցանել են գարի, ոսպ, սնվել պտուղներով, զբաղվել որսով և օգտագործել են կավե ամանեղեն:
Մեր առաջնահերթ նպատակներից էր այցելել հայկական դպրոց, Լառնակայի հայկական եկեղեցի և անպայման ծաղիկներ դնել հայերի 1915 թվականի ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Լառնակայում, ի տարբերություն Երևանի, անհամար ծաղկի կրպակներ կան, ծաղիկների փողոցային վաճառք չկա: Դժվարությամբ գտնում ենք մի ծաղկի խանութ, որտեղ հիմնականում վաճառում են արհեստական ծաղիկներ: Բնական ծաղիկները հատուկ սառնարանում են ու շատ թանկ: Ծաղկավաճառ երիտասարդ կինը հուզվում է՝ իմանալով, որ թարմ ծաղիկներ ենք տանելու եղեռնի հուշարձանին, և իր կողմից ավելացնում է մեկ ծաղիկ ևս, փունջը կապում է եղեռնը խորհրդանշող անմոռուկի մանուշակագույն ու դեղին ժապավեններով:
Եղեռնի հուշարձանը գտնվում է քաղաքի ամենաշքեղ Մարինա ծովափնյա փողոցի կենտրոնական մասում: Մուգ կարմրագույն գրանիտից կառուցված համալիր է, կենտրոնում՝ աբստրակտ ոճով կերտված հուշարձանը: Պատվանդանին անգլերեն, հունարեն, հայերեն ու թուրքերեն գրված է. «Այս հուշարձանը վեր է խոյանում այն վայրում, ուր 1915 թվականի ցեղասպանության կոտորածներից մազապուրծ հազարավոր հայեր առաջին անգամ ոտք դրեցին Կիպրոս: Այն արտահայտում է հայ ազգի երախտագիտությունը Կիպրոսի ժողովրդին իր բարեսրտության և օգնության համար, այս հուշարձանը հավերժացնում է Մեծ Եղեռնի անթիվ նահատակների հիշատակը»:
Հայկական եկեղեցին բաց է միայն շաբաթ օրը: Հանդիպեցինք վանահորը, նա մեզ հավաստիացրեց, որ Կիպրոսում ապրող հայերը խոսում են հայերեն, հայերեն գրել-կարդալ գիտեն ու եկեղեցական բոլոր արարողությունները հայերեն են: Եկեղեցին Լառնակայի կենտրոնում է՝ Հայկական եկեղեցի կոչվող փողոցի վրա, իսկ նրա բակում Նարեկ կիրակնօրյա հայկական դպրոցի բարեկարգ շենքն է:
Մարինա ծովափին գտնվող թանգարանում ցուցադրված լուսանկարներում Կիպրոսի շենքերն ու կառույցներն են, երջանիկ մարդիկ մինչև 1974 թվականի Թուրքիայի ագրեսիան և ապա՝ ագրեսիայի հետևանքով առաջացած ավերածությունները:
Ամենամեծ ամրոցը՝ հենց ծովափին, առնչվում է Կիպրոսի Լուսինյան թագավորական ընտանիքին: 14-15-րդ դարերում Կիպրոսը պատկանել է Լուսինյաններին, և տարբեր վայրերում կան մի շարք մատուռներ՝ նվիրված նրանց: Եղանք մի շարք եկեղեցիներում, այդ թվում՝ նշանավոր Սուրբ Ղազարոսի հունական եկեղեցում:
Հնագիտական շատ կարևոր վայր է Կուրիոնը, որը Լառնակայից բավականին հեռու է: Այդ վայրում առանձնացված են գլադիատորների և Աքիլլեսի տները: Կիպրոսի հունական հնավայրերում բազմաթիվ են բարձրարվեստ խճանկարները, որոնց գույները, մարդկային մարմինների ու դեմքերի ռեալիստական ոճը հիացմունք են պատճառում և ներկայացնում են Հոմերոսի Իլիականի ու Ոդիսականի հերոսներին: Առավել հաճախ է պատկերված Աքիլլեսը, որի պաշտամունքը Կիպրոսի հելլենական հնավայրերում խիստ զգալի է: Կուրիոնի հիանալի վերականգնված ամֆիթատրոնում ՔԾԱ բեմադրվել են հունական ողբերգություններ ու կատակերգություններ: Ինչպես Հունաստանի հռչակավոր Էպիդավրոս թատրոնում, այստեղ էլ բեմում ասված ոչ բարձրաձայն խոսքը ամֆիթատրոնի վերջին շարքում լսվում է պարզ ու հստակ:
Երկրորդ, առավել տպավորիչ հնագիտական վայրը Պաֆոս քաղաքի մոտ գտնվող հնավայրն էր, որի պալատն ահռելի չափերի էր, և այդ հսկա տարածության հատակը ծածկված է եղել խճանկարով: Որոշ հատվածներում չքնաղ խճանկարները հիանալի պահպանված են: Պաֆոսում առանձին սենյակ կար՝ նվիրված Օրփեոսին: Ձմեռը Կիպրոսում զբոսաշրջության ժամանակ չէ, բայցևայնպես հնավայրերում հանդիպում էինք սակավաթիվ տուրիստների:
Կիպրոսը լեռնային երկիր է, ձմռանը կղզին կանաչի ու ծաղկունքի մեջ է: Ամենուր մանդարինի, նարնջի, կիտրոնի պլանտացիաներ են՝ մրգերով ծանրաբեռ: Գյուղերն ավելի շատ նման էին քաղաքատիպ ավանների: Լեռնային որոշ գյուղերում նշանավոր վանքեր կային: Շատ հետաքրքիր էր Մինաս կանանց մենաստանը, որը շատ խնամված էր: Բակում պտղատու ծառեր էին, դրանց մեջ մի հրաշք պամելոյի ծառ՝ ծանրաբեռ հսկա առատ պտուղներով: Շատ արևադարձային ու մերձարևադարձային երկրներում եմ եղել, սակայն պամելոյի ծառ տեսնում էի առաջին անգամ: Ինձ թվաց, թե հեքիաթում եմ:
Չափազանց հետաքրքիր վանական համալիր էր Կիկոսը, որը նույնպես գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Այն ունի շատ հարուստ թանգարան, որտեղ ներկայացված է Կիպրոսի մշակույթը բյուզանդական ու հետբյուզանդական ժամանակահատվածում: Թանգարանի եզակի ցուցանմուշները հատուկ լուսավորված են, հնչում է հին բյուզանդական երաժշտութուն:
Եղանք նաև մի քանի հին վանքերում, որոնք գտնվում էին, ինչպես Կիկոսը, բարձր լեռներում: Այդ վանքերը թվով տասն են, ու բոլորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո են: Դրանցից մեկը ներկայացնում էր հունական եկեղեցական արվեստը XI-XIII-XV դարերում:
Կային գյուղեր, որոնց տները, թվում էր, կախված են օդից, որովհետև կառուցված էին լեռան խիստ թեքության վրա: Որ զբոսաշրջության եռուն շրջանում այդ գյուղերը մեծ թվով տուրիստներ են այցելում, գուշակելը դժվար չէ՝ բազմաթիվ հյուրանոցները և ամեն քայլափոխի սրճարաններն ու ռեստորանները ասվածի ապացույցն են: Անգլերենով խոսում էին շատերը, որովհետև մինչև անկախացումը Կիպրոսը եղել է Միացյալ թագավորության գաղութը:
Լիմասոլը երկրի ամենակարևոր հանգստյան գոտին ունի և ժամանակակից ոճով կառուցված շքեղ քաղաք է:
Կիպրոսի մայրաքաղաքը Նիկոսիան է, որը կոչվում է նաև Լեֆկոսիա: Այն շատ տխուր տեսք ունի: Բաժանված է հունական ու թուրքական մասերի, հունական մասում շատ թուրքեր կային, որոնք իրենց արտոնյալ էին զգում: Կիպրոսի քարտեզի վրա, որ հրատարակել են հույները, երկրի թուրքական մասի վրա գրված է «Area under Turkish Ocupation since 1974» («Թուրքական նվաճման տակ գտնվող շրջան՝ 1974-ից»):
Թուրքական մասում շատ քրիստոնեական հնություններ կան, սակայն Հայաստանի անձնագրով չես կարող անցնել անգլիացիների զինվորական ուժով հսկվող սահմանը: Անհրաժեշտ է ունենալ Թուրքիա մտնելու արտոնագիր:
Լառնակայի միջազգային օդանավակայանը շատ մոտ է քաղաքին: Դեպի քաղաք տանող ճանապարհի երկու կողմերում աղի ջրով մեծ, ոչ խոր լճեր են՝ բազմաքանակ ֆլամինգոներով: Լճափին կա մզկիթ, որում թաղված է Մուհամեդ մարգարեի հարազատ հորաքույրը: Նրա դամբարանը սպիտակ մարմարից է՝ արաբական ոճով: Մուհամեդ մարգարեի հորաքույրն այդ վայրում ընկել է ջորու վրայից ու մահացել: Մզկիթի շրջապատն առանձնապես խնամված չէր, լիքն էր չաղլիկ բազմագույն կատուներով: Մենք ոտաբոբիկ, սակայն առանց գլխաշորի մտնում ենք մզկիթ, մեզանից հետո եկող երեք տղամարդիկ մեզ դիտողություն չարեցին գլխաբաց լինելու համար… Մի երևույթ խիստ ազդել է մեզ վրա: Մայրաքաղաքում, լեռան վրա հսկա չափերի Թուրքիայի դրոշն է: Գիշերը, երբ վերադառնում էինք Լառնակա, այն լուսավորվում էր բացմագույն լույսերով: Հասկանալի էր, թե ինչու հունական մասի բնակիչները ճնշված էին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։