«Հեքիաթները միստերիայի ճշմարտություններն են, և ինչպես հայտնի է, ինչքան նրանցով ավելի շատ են զբաղվում, նրանք, ըստ էության, այնքան ավելի խորն են»:
Ֆրիդել Լենց
«Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում. տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած՝ սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում»։
Հեքիաթի թաքնված իմաստը հասկանալու համար տեքստը վերաշարադրենք այնպես, որ խորհրդանիշներն իրենք սկսեն իրենց բացահայտել: Սկսենք նրանից, որ մի տղա, որն ուներ հայր ու մայր, ուներ նաև հինգ ամսական, բարուրի մեջ ապրող քույր: Տղան՝ ոգու կրողը, գտնվում է հասունացման սկզբնական փուլում, զգայական hոգու տիրույթում: Նրա հոգևոր աշխարհում ոգու զարգացման հետ միասին, դեռևս բարուրում, մարմնական ու հոգևոր ուժերն էլ են գործում: Մարդը գտնվում է խաչի թևերի հատման կենտրոնում, որպես հինգ թվանշանի կրող: Եվ նա պետք է ներքին որոշում կայացնի. դեպի արևելք, ճշմարտության, իմացության ճանապարհո՞վ գնա, թե՞ մայրամուտի՝ անգիտության և նյութական աշխարհի:
Հեքիաթի սկիզբը նման է չինական աշխարհարարման առասպելին, որում ասվում է, որ երբ գոյություն չուներ ոչ երկինք, ոչ երկիր, աշխարհում տիրում էր մռայլ քաոսը: Այս խավարում (մարդ ու կին) դանդաղորեն առաջ եկան երկու ուժեր՝ Յան և Ին: Յանը՝ Ոգին, սկսեց կառավարել Երկնային ոլորտը (հասուն տղան), իսկ Ինը՝ Երկրայինը (բարուրի աղջիկը): Սա նաև աշխարհի երկակիությանն է վերաբերում (լույս-մութ, կին-տղամարդ, տաք-սառը, քույր-եղբայր, բարի-չար և այլն):
Քույրն այստեղ խորհրդանշում է տղայի նայիվ հոգին, դեռ մանկական զգացողությունները, որոնք կենտրոնացված են մարմնականի համար սնունդ ապահովելու գործով: Բարուրում ապրող քույրը, Արիստոտելյան բնորոշմամբ, խորհրդանշում է մարդու էության ցածրագույն մասը, նրա ֆիզիկական-հանքային մարմինը, որին միայն սնունդն է հետաքրքրում, որպեսզի ֆիզիկական մարմինը զարգանա, ապրի և աճելով՝ հասնի տրեպտիկոնին՝ վեգետատիվ հոգուն, բուսական աստիճանին, որից հետո էլ զարգանա մինչև կենդանական բնազդների ոլորտ՝ կլլելու դիվային հատկանիշ: Հերոսի՝ հասունացած տղայի մոտ առկա է ներքին բախումը. նա ինքնուրույնության, ինքնահաստատման է ձգտում, սակայն նայիվ հոգին իր գաղտնի նյութական պահանջները բավարարելու համար «կուլ» է տալիս և այն, ինչ որոշ չափով ձեռք է բերել տարիների ընթացքում, և այն, ինչը դեռ «խմորման» փուլում է և կարող է «թոնրի» մեջ հաց դառնալով՝ վերածվել բնավորության նոր հատկանիշների: Սակայն հոգեկան աճող ուժերը չեն ուզում համակերպվել և զիջել մենամարտը, որովհետև ոգու կրող ազատ անհատը, որն աճել է ժառանգական ինքնությունից, որոշում է թողնել նայիվ հոգուն, ստորին զգայական-մարմնականը՝ քրոջը, և դուրս գալ աշխարհ, ձևավորել նոր աշխարհահայացք, կարողանալ խնդիրներ լուծել, անցնել փորձություններով, փորձ ձեռք բերել և գտնել ոգու արքայությունը: Կամ այլ ձևակերպմամբ՝ Ես-ը պետք է դառնա բարձրագույն և համակի իրեն հոգով:
Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է. տղան համարվում է հասուն, եթե ծառ է տնկել, տուն է շինել և ամուսնացել է:
Ծառը խորհրդանշում է մարդու նյարդային առողջ համակարգը: Ծառ տնկելը նշանակում է ճիշտ ձևավորված նյարդային համակարգի կենսական ուժերի աճով հասնել կամային Ես-ի հաստատմանը:
Տունը մարդու ներաշխարհն է: Տուն շինելը խորհրդանշում է կայացած մարդուն, որը իր ներաշխարհում, գիտակցականում Ոգեղենի և Հոգևորի կրողն է:
Ամուսնությունը կամ պսակը հոգու վերափոխումն է՝ ոգու կամ մեկը մյուսով վերամարմնավորումը:
Փոքրիկ աղջկան, բարուրի երեխային մենակ թողնելը խորհրդանշում է այն, որ դեռ անտեսանելի, չզարգացած ներքին ուժերը գտնվում են քաոսային տիրույթում և աներկբա ենթարկվում են բնազդներին: Եվ եղբայրը, որն ունի որոշակի հասունություն, սկսում է կասկածել և չվստահել ներքին այս փոփոխություններին և, ի վերջո, հեռանում է տնից, որովհետև հասկանում է, որ նյութականը գնալով ընդլայնում է սահմանները և մի օր էլ իրեն է կուլ տալու՝ խաթարելով էվոլյուցիայի ձգտող իր ոգու առաջընթացի հնարավորությունը:
Տղան թողնում է մտածողության հինավուրց, քարացած, դեպի նյութականի ճահիճ տանող ապրելակերպը և գնում է ոգու փոփոխության կանչի ետևից:
Ճանապարհին, երբ սով է զգում, ուտում է իր մոտի ծիրանի չիրը և կորիզները թաղում է հողի մեջ: Այսինքն՝ մտորումների արդյունքում տղան հասնում է իր նոր ձևավորվող նյարդային համակարգի պտուղներին և երեք ծիրանի կորիզները թաղում է հողում, որից հետո երեք ծիրանի ծառ է աճում: Այսինքն՝ հոգու երեք հատկանիշները համաչափ զարգանում են: Եվ որոնման այս ճանապարհին տղան հանդիպում է կույր մարդ ու կնոջ, որոնք խորհրդանշում են դեռևս «տեսողություն» չունեցող բարձր զարգացած հոգու զգայական հատկանիշները: Եվ երբ տղային վստահում են հոտը, որը նրա հասունության մասին է վկայում և նաև նշանակում է մեծ պատասխանատվություն ու վճռականություն անմեղ կյանքերը պահպանելու հարցում, նա հանդիպում է քաջքերին, այսինքն՝ մտքերի խառնաշփոթը արթնացնում է հոգու ցածրակարգ զգացողությունները, սակայն կամքը, որն արդեն իշխանություն ունի զգայականի նկատմամբ, հաղթում է ներսի քաջքերին:
Դևը խորհրդանշում է նայիվ հոգու չար գիտակցության, մոգականի իմագինացիան, ինչը հենց զգացող հոգու հատկանիշն է: Սա ներքին գործընթաց է, դևերի ետևում թաքնված է այն ոգեղեն իշխանությունը, որը հինավուրց ժամանակներում համակել էր մարդուն և նրա մոտ արթնացնում էր էգոիստական մոլուցք: Մարդը պետք է դառնար Ես-ի էգոիստական արարած: Եվ քանի դեռ նա պահպանել է հոգում նայիվ մանկականությունը, այդ ուժը գործում է որպես խթան և արթնացնում է նրա Ես-ի գիտակցությունը:
Մեր հերոսը հաղթահարում է զգայական հոգու նյութապաշտությունը, ստորին եսասիրական զգացողությունները և հնարամտությամբ կոտորում իր ներսի չարքերի գլուխները: Այսինքն՝ գիտակցական, կամային Ես-ը ամրապնդում է իր դիրքերը:
Կույր մարդն ու կինը սկսում են տեսնել: Տղան հաղթահարում է հոգևորի զգայական ոլորտը, ձեռք է բերում տեսունակություն և ավելի խելացի և իմաստուն դառնալով՝ անվախ գնում է հաջորդ փորձության: Հոտը տանում է աջակողմյան հովիտներ և հանդիպում է անծանոթ գազանի, որը ծննդյան ցավերից մռնչում էր: Այստեղ խոսող գազանը բնազդ չէ, այլ՝ նորազարթ ճանաչողության ուժն է խորհրդանշում: Գազանը, որը շնանման էր, տղայի զգայական Ես-ից կամային Ես-ի անցման խորհրդանիշն է, եթե երկու ձագ ծնի, այսինքն՝ հոգին մնա զգայականում և ամբողջանա այսպես, նա կհոշոտի տղային, իսկ եթե մեկը ծնի, կխաղաղվի, կենթարկվի կամային Ես-ին: Եվ դրա համար առաջին փորձությունից իմաստնացած Թաթուխը գազանի ծնած առաջին երկու ձագերին իր մոտ է պահում, իսկ վերջինը տալիս է նրան, ում շնորհիվ հաղթում է նաև անճոռնի գազանին: Շան երկու ձագերին պահելով, մեծացնելով՝ տղան բնության այդ երկու հզոր ուժերը ենթարկեցնում է իր կամքին, որ դժվարին պահերին օգնեն իրեն: Երբ տանն էր, կապում էր շներին, իսկ երբ տեղ էր գնում, տանում էր հետը, որ լինեն իր բնական ուղեկիցները:
Երբ տղայի մտածողությունը զգայականից, մտածողից հասնում է կամային Ես-ին, ցանկություն է առաջանում վերադառնալ ծնողների մոտ: Այսինքն՝ երեք Ես-երի միաձուլումը դեռ վերջնական չէ, դեռ զգայականը հիշեցնում է իր մասին, նա վերադառնում է տուն: Խորը գիտակցության մեջ նա տեսնում է իր զգայական չար հոգու կատարած ավերածությունները և այն պահին, երբ արդեն ինքն էլ պիտի զոհ գնա իր արթնացրած հինավուրց ստորին զգացմունքներին, հանկարծ հայրական տան ողջ մնացած աքաղաղը՝ հոգևորի խորքերում թաքնված արթնացնող ուժը, օգնում է փրկվել, և նա փախչում է տնից:
Հիմա հարցն այն է, որ դատող մտածողությունը պետք է հաղթի աբստրակտ մտածողությանը՝ անկուշտ, դև քրոջը, որից հետո հոգին կազատագրվի, և դեպի ոգին ճանապարհին կվերանա վերջին խոչընդոտը:
Փախչելու ճանապարհին Թաթուխը հասնում է երեք ծիրանի ծառերին: Մինչ տնից դուրս գալը նա կաթով լի ամանը թողնում է ծնողների մոտ, որ հսկեն այն, եթե կաթը գույնը փոխի, ուրեմն՝ ինքը դժվարության մեջ է, և անմիջապես կապված շներին՝ Զանգիին ու Զրանգիին բաց թողնեն, որ իրեն օգնության հասնեն:
Ծիրանի հասուն ծառերը նրա հոգեմտավոր առողջ այն նյարդային ճյուղավորումներն են, որոնք օգնում են դիմակայել բացասական հույզերի հարձակմանը, սակայն չարը չի հանձնվում, նա ոչնչացնում է ծառերը, և միայն երրորդ ծառը՝ կամային ուժն է դիմադրում դևին, և այստեղ է, որ կաթը կարմրում է, և ծնողները հավատարիմ շներին բաց են թողնում. նրանք օգնության հասնելով՝ կատարում են Թաթուխի հրամանը, սպանում են դևին այնպես, որ մի կաթ արյուն է միայն կաթում գետնին: Տղան իր ծոցում է պահում այն տերևը, որի վրա կաթացել էր արյունը:
Ի՞նչ կատարվեց իրականում. մտածող հոգին, որն արդեն կարողանում էր ապրել և արարել իր մտքում, օգտվելով հինավուրց իմաստնությունից (արյունից, նրա գույնի փոփոխությունից), հասկանում է, որ կենսական ուժերը աճել են, և կարող է բաց թողնել հավատարիմ ուժերին՝ շներին, որպեսզի որոնող ոգին ազատագրի հոգուն նրան հետապնդող բնազդից՝ դևից:
Դև քրոջ արյան կաթիլը կարող է խոսել հոգու և ոգու անբաժանելիության մասին, նրանց նմանության, հարազատության, փոխլրացման մասին: Նաև կարելի է մտածել, որ որոնողը՝ տղան, արյան կաթիլը պահելով, հույս ունի հաջորդ սպասվելիք փորձություններում օգտագործել դիվային ուժի գենետիկական հիշողությունը, որի հետ ինքը արյունակցական կապով է կապված: Բացի այդ, արյունը միջնորդ է հանդիսանում մարմնականի և ոգեղենի, նյութականի և իդեալականի միջև:
Քարավանը կամ նրա տերը տղայի հոգում դեռ մարմրող զգայականի ածանցյալ նյութական հարստության հասնելու մտորումներն են, որից ինչքան էլ որոնող հոգին փորձություններից հետո թվում էր, թե ազատվել է, բայց չէ, նա մի անգամ էլ, մի վերջին անգամ էլ է փորձում տիրել տղային, և քարավանի տերը առաջարկում է նրա պահապան ուժերին՝ շներին փոխել քարավանի՝ նյութականի հետ: Սակայն տղան չի համաձայնում: Զգայականից ծնվող բնազդները, քաոսի այս խորհրդանիշները ցանկանում են նայիվ հոգում գլուխ բարձրացնել, սակայն գիտակցական ոլորտը դիմադրում է՝ ըստ Ֆրեյդի, հերոսի Ես-ը, անձի գիտակցող միջուկը, կամային Ես-ը գիտի՝ ինչ միջոցներով հաղթի քաոսին, հոգեհուզական ոլորտին:
Տերը դիմում է նոր խորամանկության, առաջարկում է պարզ մի հարցի պատասխանել, որի դիմաց կամ տղան պիտի տար շներին, կամ, ճիշտ պատասխանի դեպքում, ստանար քարավանը: Թաթուխը պետք է պատասխանի, թե ինչ ծառից է քարավանատիրոջ ձեռնափայտը: Նրան պարտությունից փրկում է ծոցում պահած քրոջ դիվային հոգու արյան կաթիլը՝ հուշելով, որ այդ ծառը ճապկին է՝ կարմիր վայրի հոնը (ընտանիքի խորհրդանիշը):
Մարդու մեջ մարմնականը՝ նյութականը պիտի «մահանա» (հերմենևտիկական մահ), որ հոգևորը վերածնունդ ապրի ոգեղենում՝ Աստծո մեջ:
Ձեռնափայտը խորհրդանշում է ուժ, իմաստություն և նպատակասլացություն:
Փորձության ներքին իմաստը ներառում է ինքնաճանաչողության, հոգեմտավոր ուժերի գերկենտրոնացման գեներացիա, որի արդյունքնում տղայի ֆիզիկական՝ նյարդային համակարգը, հոգևոր՝ արյան կաթիլը, և ոգեղեն՝ կամային ուժերը պետք է ապացուցեն, որ հասել են միասնականության, որ ներքին բախումն անհետացել է, և նա կրում է իր մեջ և՛ ուժ, և՛ իմաստնություն, և՛ նպատակասլացություն:
Լուծելով հանելուկը՝ իմաստությամբ հասունացած տղան քարավանից վերցնում է միայն այն, ինչն անհրաժեշտ էր, որ անձնական կյանքը կազմակերպի՝ ավարտին հասցնելով իր անձի էվոլյուցիան: Սակայն հաղթանակը նրա զգայական մտքում կրկին խռովություն է փորձում բարձրացնել, և ծոցում պահած դև քրոջ արյան կաթիլը (եսասիրական զգայական բնությունը) վիթխարի օձի է վերածվում և ուր որ է՝ պիտի խեղդի տղային, երբ նա հրամայում է իր շներին ոչնչացնել չարին այնպես, որ ոչ մի կաթիլ արյուն հողին չընկնի: Սրանով Թաթուխը վերջնականապես ազատագրվում է հոգու չար որակներից, այստեղ հոգու հավերժական կանացին ազատագրվում է, և տեղի է ունենում հոգու և ոգու քիմիական հարսանիքը, և կայացած ոգեղեն անձնավորությունը՝ տղան, գտնում է իր սրտի տիրուհուն և ամուսնանում է:
Ինչ խոսք, դժվար է հոգևոր մարդու ընտրած ճանապարհը, այն լի է խոչընդոտներով, փորձություններով և՛ արտաքին, և՛ ներքին աշխարհներում: Ամեն անգամ, երբ որոնող հոգին, թվում է, գտել է բանալին, հասել է ցանկալիին, հանկարծ դեռևս չզարգացած զգայականը ետ է գլորում նրան կասկածների նոր մի վիհ, և նա լարելով հոգեմտավոր ուժերը, գերմարդկային ճիգերով կամք դրսևորելով՝ դուրս է գալիս փորձություններից էլ ավելի իմաստնացած ու խելացի, և այս միստերիաները շարունակվում են այնքան ժամանակ, մինչև տեղի է ունենում իրական վերամարմնավորումը, և քիմիական հարսանիքը վերածվում է հոգևորի՝ արքայականի (մարմին, հոգի և ոգի մեկտեղվում են):
Անգիտակցականի և գիտակցականի պայքարը մարդու ճանաչողության ճանապարհին անվերջանալի գործընթաց է, առանց որի մարդու էվոլյուցիան չի կայանա: Երբեմն կես ճանապարհին զգայականը մարդուն կրկին ետ է գլորում կասկածների լաբիրինթ կամ մտավոր դաշտում ոչ ճիշտ որոշումը շեղում է զարգացման ուղին, և դատողությունների տեղապտույտում կանգ է առնում շարժումը: Մարդու ինքնաճանաչման ինքնակռիվը դժվարին պայքար է, որի հաղթական ավարտին բացառիկներին է հաջողվում հասնել, և հեքիաթի հերոսը՝ Թաթուխը այդ բախտավորներից է:
ՀԳ. Փորձելով վերլուծել արտաքինից այնքան հեշտ ու դյուրին թվացող, բայց իրականում հոգևոր զարգացման առումով բարդ այս նյութը՝ ինձ կրկին բռնեցի այն մտքի վրա, որ հինավուրց հայ ժողովուրդը, ինչպես և աշխարհի այլ հինավուրց ազգեր, իրենց գենետիկական հիշողության մեջ, որը թաքնագրված է հեքիաթներում, առասպելներում, էպոսներում, լեգենդներում և այլն, իրենց ապրած ժամանակաշրջանում տիրապետել են ճանաչողության բարձրագույն, էզոթերիկ գիտելիքների, և մոգերը, քրմերը կամ հոգևոր այլ անուն կրող իմաստունները այն մարդկանց ուսուցանել են բանավոր խոսքով, հենց հեքիաթների մատչելի լեզվով:
Հովհ. Թումանյանը, Ղ. Աղայանը, Ա. Իսահակյանը, Ա. Խնկոյանը և հայ ժողովրդին հայտնի ու անհայտ շատ ասացողներ, որոնց շնորհիվ մեր օրեր են հասել հրաշալի այս հեքիաթները, տիրապետել են թաքնագիտական արդեն վաղուց կորսված այն գիտելիքներին, որի շնորհիվ ասվելիքը, բացի արտաքին վայելչությունից, ունենում է նաև ներքին խոր իմաստ և անսահման գեղեցկություն:
Չէ՞ որ հոգևոր գանձերն անանցանելի են, ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը, ո՛չ էլ նյութական արժեքները իշխանություն չունեն նրա նկատմամբ: