Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻ, ԿԱՄ՝ ՈԳՈՒ ՀՐՎԱՆԴԱՆՈՒՄ…

Շուշին մաշկի ամեն ծակոտիով զգալու քաղաք է, հոտառությամբ, լսելիքով, մյուս բոլոր զգայարաններով՝ հատկապես զգայաբար և հոգով մտերմանալու քաղաք: Այստեղ ոչ մի չափում սովորական ու կաշկանդված չէ: Թվացյալ սովորականն անգամ, մառախուղով շղարշված, պարզ ու նախնական մղումով՝ տիեզերքին, Աստծուն մերձենալու մարդկային ամենավսեմ բնազդի արտացոլանքն է: Սիրել ոտքի տակի հողն ու գլխավերևի երկինքը, արարել, ստեղծել, ամենօրյա գործերը բարեխիղճ կատարել, ստեղծագործել՝ այլևս անկորուստ լինելու հաստատակամությամբ, հաճախ անվարձ լինել, բայց շիտակ ու ազնիվ մնալ՝ հիշելով, որ վարձն Աստծուց է եղել, և Աստծով է եկել իր փրկությունը…
Աստծո Որդու երկվորյակները չէի՞ն միթե քաջերը, որ ազատագրեցին բերդաքաղաքը… ու իրենց ոգին թողեցին քաղաքը բարուրող թավշե շղարշի մեջ:

Երկինքըն ամպել է, ի՜նչ
անուշ թոն է…
Ողջ ճանապարհին՝ Երևանից մինչև Շուշի, մեքենայի ձայնարկիչից հնչում է Կոմիտասը: Ասլամազյանի մշակումներն են՝ Կոմիտասի քառյակի հայտնի կատարումներով: Դավիթը Շուշիի «Նարեկացի» կենտրոնի աշխատակիցն է, երաժշության ընտրությունն իրենն է. մեքենան վարում է շատ ուշադիր, ուշադիր է մեր՝ գրողներիս հանդեպ, որ ուղևորվում ենք Շուշիի Կենտրոնի հրավերով: Ավելի ուշ խոսեցնում եմ զոհված հերոսի զավակ, կռված ու հաղթող Դավիթին: Խոսքը կարևորի մասին է. ասում է՝ կարևորը գործդ նամուսով անելն է: Այստեղ այս պարզ բառերն անգամ անչափելի հզոր են հնչում:

***
Շուշիում քանդակների ամենամյա սիմպոզիումից քաղաքին մնացած արձանները առանձին պուրակում շարված են համաչափ: Գիշերային թավշե մառախուղը, որ բավարար թանձր չէ՝ փակելու համար տեսադաշտը, արձանների պուրակի վերևում ծավալվող փափուկ շոյանք է ասես՝ միաժամանակ թե՛ արձանների գլուխներին դիպչող, թե՛ դրանք մի օր քանդակող արվեստագետներին քաջալերող, թե՛ իսկ՝ այն ոգիներին իր մեջ ներառող, որ իրենց զոհված տեղերում կարող էին իբրև մահարձան այսօրինակ արձաններ ունենալ…
Ուղևորվում ենք գիշերային մառախուղի գաղտնիքի խորքը… խորանում ենք մշուշի մեջ:

Հե՜յ, ո՞վ կա այստեղ…
Կանչողը մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել՝ եթե հեռանար մեքենայից ու կորցներ ճամփան: Մի քիչ սյուռ ասացի, քաղաքին անծանոթը թերևս մի պահ մոլորվեր, բայց փողոցային լույսեր կան, կանոնավոր փողոցներ, անդորրը կա՝ ձեռքբերված թանկ խաղաղության, իսկ կանչողներ եղել են հաստատ, և բազումք, որ հիմա երկնքում են: Այսօրվա կանչը Շուշիի թատրոնի բեմին է, իսկ կանչի նրբերանգներն ու հոգեվիճակը՝ կատարելապես սարոյանական, թատրոնի առաքելությանը միանգամայն հարազատ:
Շուշիի «Նարեկացի» միությունում մեր գրական հանդիպումը ժամեր առաջ է ավարտվել: Գրողների մեր խումբը «Նարեկացու» ջերմ հյուրասրահում պատշաճորեն ներկայացավ Շուշիի ճաշակավոր ունկնդրին, որն, իհարկե, կարող է և մեր լավ ընթերցողը դառնալ, եթե միայն ամրանա նոր կապված այն ճոճկան կամուրջը, որ հեղինակային ընթերցումների, խոսքի և հարցուպատասխանի միջոցով կապվել է մեր ու մերոնց միջև… Մեր ունկնդրի արձագանքը հանդիպման ավարտին, իրոք, գրով խանդավառված ընթերցողի խոսք էր, ու հիմա՝ ժամեր հետո, Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնում մենք ենք հանդիսատեսը և անկեղծ հուզմունքով արձագանքում ենք բեմից մեզ փոխանցված՝ արվեստի ամենաիրական հրաշագործությանը: Երախտագիտությամբ պիտի հիշատակեմ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանին, իր ութ հոգանոց թատերախումբը, դերասաններ Նարեկին և Գայանեին, որ փայլեցին իրենց խաղի ինտոնացիայով… Տա աստված՝ մեր հաջորդ այցելությանը Շուշին այնքան շենացած լինի, որ 17+7 հանդիսատեսի փոխարեն դահլիճում ամենաքիչը 177 հանդիսատես լինի… Ի՜նչ է ո՞ր՝ միանգամայն հավանական զարգացում, միայն թե սերն ու շենացնելու ցանկությունը մեզանում շատանա, և անչափելի հարստություն դիզած հայ մարդը՝ որտեղ էլ որ ապրելիս լինի, հասկանա, որ իրեն պատիվ է բերում ո՛չ թե ռեստորաններում հափրել և ճոխ սեղանների հաշիվ փակելը, այլ՝ թեկուզև Երևանից Շուշի հատուկ թատերական ներկայացման ուղևորվելը: Հիմա կասեք՝ այդ տեսակը Երևանից Երևան չի գնում թատրոն, բայց կարող է, չէ՞, մի օր այդ տեսակը արտաքին և ներքին ազդակներով գոնե ուսանողների կամ դպրոցականների այցը հովանավորել և նպաստ բերել երկուստեք…

***
Շուշիի մարգարիտ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին այս անգամ էլ ինձ իր ձգողական դաշտի մեջ է առնում: Մեծ ու հզոր էներգիա եմ ստանում ողջ տարածքից, խմբով իջնում ենք եկեղեցու ավագ խորանի տակ, շարական ենք երգում, խոսք ենք բարբառում Աստծո ականջին, որն անմիջապես հնչում է մեր ականջում…
Շուշին առհասարակ լիցքավորված գաղտնիք է՝ մառախուղով պարուրված գանձ, որին մոտենալը բաղձալի է, որին հպվում ու ջերմանում ես հոգով, որի կարոտներն ու կորուստները քոնն են, որի գտածոներն ու նոր ձեռնարկները ամրացնում են ոգիդ, որի մի մասն ես, երբ սրտանց իր հետ ես, որին կարոտում ես՝ դեռ ոտքդ դուրս չդրած… Քաղաքը, մարդիկ, օդը, ձայները, արձագանքը՝ Շուշիի շշունջը հոգուդ ականջին…

Կավը, որ նաև մարդու
նախա­նյութն է…
«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Հայկ Պապյանը մեզ գիշերով առաջնորդում է շենքի ետնաբակ, որտեղ պարտեզն է: Ծառերի խորքում ամառային ամֆիթատրոն հիշեցնող աստիճանները մամուռների ու խաշամի հետ սահուն հանդիպում են պատի: Ով գիտի՝ ո՛ւմ շեն տան ճամփան է եղել, ուր է տարել պատերազմական ժամանակը այդ տունն ու մարդկանց: Այգու վերին խորքում՝ արդեն ներքև իջնող նեղ աստիճանների դիմաց, մի երկհարկանի շինություն է, կանգուն մնացած հին շենքերից մի նմուշ: Կավի ու խեցեգործության՝ ջնարակված կամ զարդանախշ, ամենուրեք աչք շոյող աշխատանքներին աչքներս սովոր, այս շինության խորքի սենյակում արդեն տեսնում ենք կավե խամաճիկներ՝ պատից կախ… Նախասենյակը բեմ ունի, պատերից սվաղը հանված է, և նախնական հմայքով պատի բաց որձաքարերը առանձնահատուկ մի միջավայր են ստեղծում: Սա Հայկ Պապյանի նվիրական թատրոնն է, գաղտնիքը թողնենք ժամանակին, միայն ասենք, որ այստեղ ևս շուտով տեղին պիտի լինի, որ հաճախեն իսկական թատերասերները:

***
Մեր այցելության երրորդ օրվա լուսաբացը հեքիաթային մշուշի մեջ էր: Մշուշից փաթիլներ էին ծնվել ու անփույթ թափվում էին օդի մեջ: Այդ օրերի մեր պահապան հրեշտակ Մարիամը, որ թե՛ մեր գրական երեկոյի կազմակերպիչն էր, թե՛ հյուրընկալը և «Նարեկացի» կենտրոնի կառավարիչը, առավոտ վաղ արդեն իր աշխատանքային տեղում էր, կազմ ու պատրաստ՝ իր խոստումը կատարելու… Շուշիում համեմատաբար վերջերս հաստատված Մարիամենց ընտանիքը ամբողջ հոգով կապված է իր նորարմատ հողին, ինչպես որ իր՝ արմատներով պոլսեցի, Գյումրիում ծնված մայրիկը, որ հանդիպման ընթացքում ամենահետաքրքրված և հարցասեր ընթերցողն էր սրահում… Մարիամը մեզնից էլ խանդավառ էր, որ տեսնենք Շուշիի ամենաառանձնահատուկ վայրերը: Փաթիլների տակ պարելով մեր խումբը դուրս եկավ Կատարոտ (ջդրդուզ) ուղևորվելու… և, ավա՜ղ, առաջին իսկ զառիթափում խրվեց ցեխի մեջ: Ուրեմն բաղձալի ծրագիրը մնաց մեր հաջորդ այցելությանը… Մեկնումից առաջ գրկախառնվում ենք հարյուր տարվա հարազատների պես:
Վերադարձին մեքենայի ղեկին Հայկն է: Շուշիից հասնում ենք Ստեփանակերտ, նկարվում ենք Պապիկ-Տատիկի մոտ… Ընթացքից հրաժեշտ եմ տալիս Կիչանի մամռոտ ծառերին, կարմիր խաշամով ծածկված անդաստաններին, որ մտքումս Դրախտի ոլորաններ անունն են ստանում, Չլդրանի կիկլոպյան քարերին, Սարսանգի ջրամբարին, Թարթառ գետին, ամպերին, որ Թարթառից ջուր խմած՝ Մռավի լեռն են բարձրանում, փոշոտ Հոռաթաղին, զմրուխտ Վաղուհասին, Չարեքտարին, և հասնում ենք Դադիվանք…
Ողջ սրբավայրի վերևում թևածում է Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի ոգին, որի գործած աննման ժանյակների նախշերով են քանդակվել Դադիվանքի չքնաղ խաչքարերը… Ամենուրեք լույս է կաթել Հաթերքի տիրուհու մատներից, և եկեղեցու մատույցներում աճել է հավերժի ծաղիկը, որ վերամարմնավորվելու էր բանաստեղծությամբ…

Հավերժի ծաղիկը
Մռավի լեռը մշուշով պատած // և Դադիվանքը՝ դիմացը սարի, // Շուրջը լռություն, մամռած խոտ ու քար // և քարերի մեջ աճած մի ծաղիկ: // Թուփը կիսաչոր, ինքը՝ կապուտաչ, // Գլուխը խոնարհ դրել տերևին՝ // Պատրաստ էր մահվան նինջով քնանալ // Ավելի վաղ, քան ձմեռը ձյունի… // Մոտեցա հուշիկ, ափիս մեջ առա, // Կամաց շոյեցի ու շշնջացի՝ // Հավերժի՛ ծաղիկ, հավերժի դիմաց՝ // Դու լույս ժպիտն ես Արզու Խաթունի…

Երկու կիրճերի նեղ արանքով ճանապարհը ոլորաններ է գծում, և մեքենան՝ ասես Ոդիսևսի նավը՝ Սցիլլայի և Խարիբդայի արանքով, ընթանում է, բերանը բաց՝ ամենակուլ մի անհավանական խոռոչի կողքով… Հետագա ընթացքին՝ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, տեղանքին համաչափ, ճերմակ էյֆելների հանգույն՝ հոսանքալարերի աշտարակներ են բարեձև ուրվագծվում… Առջևում Եղեգնուտն է, Խոնթականը, «Նարեկացի» կենտրոնի հիմնադիր Նարեկ Ավետիսյանի հիմնած Քնարավանը՝ իր ճերմակ կտուրներով:
Մամռոտ ճյուղերով ծառերը մեզ ուղեկցում են Խարխափուտ, որտեղից արդեն՝ բաց վերքի պես, Սոթքի ոսկու հանքերն են՝ հանդիպակաց լեռան վրա՝ ճերմակ հողմաղացներով:

Ամպի տակից ձյուն կերևա,
Շողեր ջան…
Սոթքում ձմեռ է: Մեր մեքենայի ձայնարկիչը այս պահին էլ Կոմիտաս է երգում: Արծվանիստի մատույցներում ձմեռը մեղմանում է: Լեռներից շատ բարձր՝ հեռվում օդանավն իր արծաթե սայրով խազում է երկինքը: Արևը խայտում է մեքենայի դիմապակուն: Արցախ աշխարհից մուտք ենք գործում մայր Հայաստան: Սևանա լճի ափեզրով գալիս ենք տուն…
Ինչի՞ց էր, որ քիչ առաջ ամենուր սիրո ու խնամարկու տիրոջ հոգածությունն էի տեսնում, իսկ հիմա՝ անվերջորեն տիրոջ ու խնամքի պակաս, գերակայող անփութություն ճանապարհներին, տևականորեն սիրո կարոտ մնացած՝ թափուր պատվանդաններ, մետաղական երբեմնի հուշարձանների կողոպտված կմախքներ, օտարալեզու, անհեթեթ ու անիմաստ վահանակներ… Բայց չշեղվեմ այս պահի ասելիքիս առանցքից, և միայն ու միայն մեզնով՝ մեր կամքով ու մեր գործը (ինչպես որ Դավիթը կասեր) նամուսով անելու գիտակցությամբ լուծվելիք հազարավոր խնդիրներ չխառնեմ Շուշիի, «Նարեկացի» արվեստի միության և մեր գրի տարածման առաքելության հետ:

Հ.Գ.
Անպիտան հեռախոսս շատ բան չէր հասցրել նկարել: Աչքերիս ու հոգուս մեջ այնքան բան եմ բերել Արցախ աշխարհի հզոր բերդաքաղաքից՝ երեք օրերի ամեն մի դրվագը, մարդկանց՝ մեկի՛կ-մեկի՛կ սիրելի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։