ՈԳՈՒ ԼԵԶՎՈՎ / ՀՐԱՆՈՒՇ

Ծալքերից իմ
նվիրական աստղաթերթի
Ապրումների թրթիռներով
դու թարգմանիր
Խռովահույզ կռունկների
անվայրէջք չուն,
Այգին թափուր,
մեր երբեմնի նստարանը՝
Չոր ու լքված,
Տերևների խաղը գունեղ՝
լապտերի տակ,
Ծաղկաթափը անցնող օրվա,
Մեզ հրամցված եռանկյունին,
Անպտղակալ խենթությունը
գիշերների,
Հին ու նորի ստվերն ստվար,
Ծանրությունը զղջումների:
Իմ, քո մասին ու մեր սիրո՝
Ես լռում եմ,
Իսկ բառերի խտացումը
տխրեցնող է
Ակը կորած մատանու պես,
Զարդատուփիս մեջ մոռացված
Խեցիների արցունքի չափ։
Չե՜մ հասկացվում…
Դու թարգմանի՛ր
ապրումների հնչյուններով՝
Միա՛կ բառը,
Այս անհեթեթ անծիր հեռուն
Եվ ընդմիշտը,
ներքնաձիգը բևեռների,
Նռան հյութի երգն հեթանոս՝
նկուղներում,
Անկողնու մեջ մեռնող ցուրտը,
Եվ կարոտից փշաքաղվող փողոցների
Ամայությունը թարգմանիր՝
Իմ հայելուց
Քո հայելում։

ԱՆՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Երբ հագենամ ծովից,
Ես էլ կելնեմ ձեզ հետ՝
Թափառելու անհետ ուղիներով,
Իմ կաթիլներն ինձ հետ
Ու ինձ նման թեթև
Ցավերին կնայեն աչքի տակով:
Գիտեմ գինը պահի,
Որ միշտ խաբում է ինձ
Ու փախչում է անվերջ
Հենց ափերիս տակից,
Չհասցրի զգալ՝
ինչպես արծաթվեցի,
Իսկ նա ծիծաղում է.
– Կհասցնե՛ս, բռնի՛ր:
Երբ հագենամ ծովի
Հեքիաթներից հազար,
Մատներիս արանքից
Թողնեմ պահը վերջին,
Ո՞ւմ կգտնեմ տեսնես
Հեռուներում անծիր,
Ո՞ւր կհասնի արդյոք
Իմ սլացքն անմարմին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։