Հայաստանս
Հայրենիքի մասին երգելիս
Շատախոս լեզուս պապանձվում է միշտ,
Սիրտս գնում է վեր,
Աչքերս ծիածանվում են
ուրախ տխրությամբ,
Հայրենիքս ես ապրում եմ,
Երգել չեմ կարող ուրիշների պես…
Խառնաշփոթ
Խրամատից այն կողմ թուրքն է,
Քոչվորն է,
Վարձկանն է ու նա՝
Որդին մի մոր,
Ամուսինը ինչ-որ թրքուհու…
Խրամատից այս կողմ ես եմ՝
Զինվոր-Հայաստան,
Մայր-Հայաստան,
Հող-հայրենի…
Խրամատից այս կողմ մենք ենք՝
Մեր հողը բռած,
Խրամատից այս կողմ դրախտն է՝
խոշտանգված խրամատի մյուս կողմից:
Իմ երգը
Իմ երգը կարճ է,
Այն էլ՝ անավարտ…
Մի սև ագռավ էր՝ թևերը բացած՝
Եկավ ու նստեց բաց սրտիս վրա,
Տաքության տենդից
կտուցը տարավ ու բերեց,
Կուրծքս արնոտեց,
Սիրտս կտցեց,
Թռավ ու գնաց…
Իմ երգը կարճ է,
Ագռավն՝ ագռավ,
Իսկ աղավնիս ճամփին է երկար:
***
Արևելքում՝ սահման,
Արևմուտքում՝ սահման,
Հյուսիսում՝ սահման,
Հարավում՝ սահման,
Ու այս անսահման հավատավոր ազգի
Չորս կողմը՝ թշնամական սահման…
Էս խեղված հոլովույթում պատերազմի,
Մենք՝ առայժմ հաղթող պարտված…
Ամենուր թշնամական սահման,
Եվ հայ ժողովուրդ՝
հավատավոր անսահման:
Հերոսապատում
Ձեզ կյանք մնացինք պարտք,
Տղե՛րք,
Եվ ապրելուս համար ամաչում եմ,
Ձեզ սերեր մնացինք պարտք,
Եվ սիրելուս համար ամաչում եմ,
Ձեզ հանապազօրյա հաց պիտի բերեինք,
Հիմա սեղաններից
հոգեհանգստի սոսկում եմ,
Ձեզ հայրենիք մնացինք պարտք,
Այնինչ՝ հայրենիք են
ձեր աճյունները,
Ձեզ արյուն մնացինք պարտք,
Տղե՛րք,
Երդվում եմ, նրանք
կարյունահոսեն
անհայրենիք…
Ձեզ կյանք մնացինք պարտք,
Որ Հայոց արգանդը
նորից երկնի…
***
Այս հողի վրայով քայլել չի լինում,
Ամենուր արյուն է սրբագործ,
Տղե՛րք, վերևից ինձ թևե՛ր տվեք…
Այս հողի վրայով քայլելը
Մի տեսակ մեղք է անթաքույց,
Ամենուր շիրիմ է սրբալույս…
Տղե՛րք, վերևից ինձ հո՛ւյս տվեք,
Որ ապրեմ ձեր լույսով:
Ուժեղ եմ
– Ուժեղ եմ,- ասացի,- կդիմանամ,
Սատանան պատերազմ
ուղարկեց,
– Ուժեղ եմ,- ասացի,
Աստված հայրենի հողի
կորստյան ցավն ուղարկեց,
– Ուժեղ եմ,- գոռացի,
Հինգ հազար
զոհի անուն եկավ…
– Էլ ուժ չկա,-
Շշնջացի տկար,
Եվ գնացի,
Որ խաղաղություն նկարեմ
Աստծո քղանցքներին…
Քաղաքս
Քաղաքս քնած է անուշ,
Արթուն եմ ես անհույս,
Եվ մշուշվում են հուշերն
անցյալիս,
Քաղաքս քնած է անհույս,
Արթուն ենք երկուսով՝
ես ու ես…
Ես ու ես խորհում ենք հույսով,
Որ անլույս նիրհից այս պաղ,
Հառնելու է նոր
գարուն սիրահար:
Հայոց լեռները
Հայոց լեռներին
մշուշն է պատել,
Հայի ցավից ամոթխած են նրանք դարձել,
Թաքնվել են՝ անդուլ
ցավից չժայթքելու հույսով,
Բայց աներես ցավի քամին,
Ճոճում է առագաստը
տանջանքի…
Հիմա լեռներից
սառույց է փչում,
Որ հայ մոր կարևեր
սիրտը չպայթի:
Չարի վերջը
Երբ լռեն թնդանոթները,
Եվ ձայնը խղճի խոսի,
Մայրերը օրոր երգեն,
Գարունները
ցնծան մեղմօրոր,
Արկերը թանգարան տարվեն,
Վառոդն ու
յաթաղանը թաղվի,
Ուրեմն՝ հողագնդի վրա չարքեր չեն լինի:
«Գիքորը» նայեցի
Այսօր «Գիքորը» նայեցի,
Ինձ արդիական երևաց
մի քիչ…
Միայն մերօրյա
Բազազ Արտեմը
Օ ՜, շատ,
Շա՜տ է «կրթված»,
Նա գիտի՝ ոնց սոված պահի,
Որ նորօրյա Գիքորը
սովից չմեռնի,
Գիտի ճիշտ բանեցնելու ձևը,
Որ աշխատուժը
«չսատկի» ձմռանը,
Գիտի քծնելու
զանազան հաբեր,
Որ Գիքորը չկանչի,
– Ո՛չ նանի,
– Ո՛չ զանի,
– Ո՛չ ապի,
– Ո՛չ….
Այսօր «Գիքորը» նայեցի,
Եվ կորավ
«հավեսն» ապրելու:
Ա՜խ, ինչ արդիական է հինը,
Երբ նորի բկից է կախված:
***
Հեթանոս պապերիս նման
Այսօր ճամփեքով՝
քարոտ ու թաց,
Քեզ հյուր եկա,
Միհր աստված՝
Աստվածների աստված,
Եկա հավիտենական
խաղաղության
դաշնագրով,
Եկա՝ բարության
մշտնջենական կանթեղը
պարզած,
Եկա՝ հաղթանակի
հավատը ուսած,
Եկա Հին աստվածների
օրհնությամբ,
Եկա, որ հեթանոսությունից
մինչ քրիստոնեություն խաչված
Հայ ազգն ապրի,
Եկա, աստվածահա՛յր,
Որ ազգիս ընդհատված
վերելքը ճախրի…
Անհեքիաթ
«Հեքիաթներ չեն լինում»,
– Մտածեց փոքրիկը
Եվ հրաժեշտ տվեց եռագունաձույլ հորը:
«Հեքիաթս տարան»,-
Ասաց արցախցի աղջնակն ու բացեց աչքերը,
Որ ապրի…
Պարզվեց՝ նրանց փոխարեն ապրողներ կան
Իրենց բաժին
հեքիաթի հաշվին:
Որբություն
Փողոցը որբացել է
առանց ձեզ,
Ամենուր հևում է
մի անուժ կարոտ…
Մի մոր պարզած ձեռք,
Մի կնոջ դատարկ առագաստ,
Մի մանկան երկարած հայացք,
Փոքրիկ օրիորդի անպատասխան նամակ՝
Սպասման հավատով ծրարված.
Անժամանակ ավա՛րտ, ավա՛րտ, ավա՛րտ…
Փողոցը տնքում է դատարկությունից քայլողներիս…