ՀՐԱՎԵՐ*
…Ամսվա վերջին, երբ անարձագանք սենյակը՝ որպես «շրջված երգեհոն», լրիվ պատրաստ էր, և տասը հոգով անտենաների ճշգրիտ չափումներն էին փորձարկում, կայծակի պես իրեն սենյակ նետեց Հերունու տեղակալը ու մի ծրար թափահարելով՝ ասաց.
– Ընկե՛ր Հերունի, ահա տեսե՛ք… նամակը ստացանք: Երեկվա զանգը, փաստորեն, լրիվ ճիշտ էր: Էս ի՜նչ բախտավորություն է…
– Ծրարն արդեն բացե՞լ ես,- ապշեց Հերունին:
– Բա չբացեի՞: Ձեզ կանչում են: Պատրաստվեք, Մոսկվա եք գնալու:
Ընդհանուր ուրախության մեջ Հերունին ինքն իրենից վանեց օտարոտի զգացողությունը և բարձր կարդաց.
– Դուք հրավիրվում եք Օրգովի մեծ անտենայի կառուցման քննարկմանը, որ առաջիկա եռամսյակում սկսեք շինարարական աշխատանքները: Պետք է ներկայանաք սույն թվականի…
«Ուռա»-ների մեջ Հերունու ձայնը խլացավ: Բոլորն ուզում էին մոտենալ, հրճվանքով գրկել-համբուրել նրան, թեկուզ անմիտ, բայց մի լավ բան ասել, և Հերունին մեկ առ մեկ գրկեց, կրծքին սեղմեց ահել ու ջահել աշխատակիցներին, ապա կատակով ասաց,
– Դե, վերջ, շուտով բոլորս սարեցի ենք դառնալու: Պատրաստվե՛ք, որ լավ դիմանաք Արագածի քամիներին: Հիմա 1980 թվականի հունվարն է: Քանի՞ տարուց կսարքենք մեր մեծ անտենան:
– 4-5 տարուց, ընկե՛ր Հերունի: 5 տարին լիուլի հերիք է,- լսվեց Սերգեյի ձայնը:
– Այո՛, այո՛, մենակ թող գործը սկսվի,- գոչեցին աշխատակիցները և Հերունուն ձեռքերի վրա բարձրացրած՝ դուրս բերեցին «Խոր վիրապից»…
Երբ իր սենյակում կոնյակը վրա-վրա լցվեց, ու բաժակները սկսեցին զրնգալով բախվել իրար, Հերունին հասկացավ մարդկային հույզերի չափը: «Փաստորեն, ոչ ոք հույս չուներ, որ այսօրը կգա»,- մտածեց ցավով:
Այդ պահից նրա աչքերը սկսեցին ոչինչ չտեսնել. միայն անհասկանալի հրմշտոց էր զգում և մի տեսակ ընդարմացած նայում ուրախությունից գլուխները կորցրած ընկերներին: Վերջապես աղմուկը դադարեց, Հերունին զգաց, որ շուրջը խաղաղ է, նայեց աջ ու ձախ և տեսավ, որ աշխատակիցները հուշիկ գնացել էին՝ իրեն թողնելով մտքերի հետ: Նա դանդաղ վեր կացավ, նորից կրծքին սեղմեց իր ամեն մի շարժումին հետևող Սերգեյին, նրան էլ տուն ուղարկեց, բայց հասկացավ, որ ինքը ոչ մի տեղ գնալ չի ուզում: «Իսկ ի՞նչ ես ուզում»,- հարցրեց մտովի, սկսեց քայլել սենյակի երկայնքով ու զգաց, որ ոտքերն իրեն ինչ-որ տեղ են տանում: «Ո՞ւր ես գնում, ընկե՛ր Հերունի»,- նորից հարցրեց մտովի և տեսավ, որ մտել է խորհրդակցությունների դահլիճ: «Այստեղ հարմար է»,- ասաց, մի աթոռ քաշեց և ծանր հոգոցով նստեց մի տեղ, որտեղից լավ երևում էր նախագահողի բազկաթոռը…
ՇՆԱԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ
– Ընկե՛ր Բոգոմոլով, այդ ինչպե՞ս եք ուզում 64 մետրանոց պարաբոլիկ ռադիոդիտակը պտտել իր առանցքի շուրջը: Դուք պատկերացնո՞ւմ եք, դա համարյա թե մի ստադիոնի չափ բան է լինելու: Մի՞թե գաղտնիք է, որ Երկրի գրավիտացիոն ուժը այնպես կձևախեղի ձեր անտենան, որ այն ուղղակի չաշխատող խաղալիք կդառնա: Հաշվարկներ արե՞լ եք:
– Սպասե՜ք-սպասե՜ք… Ասենք թե հաշվարկներ արել է,- երկրորդ ջութակ մտավ ակնոցի վրայից նայող, ճղճղան ձայնով մեկը:- Արդյոք հնարավոր չէ՞ հաշվարկները համապատասխանեցնել սեփական ցանկություններին և գրանցել ոչ թե իրական, այլ մտացածին թվեր:
– Ահա՛, խնդրե՛մ, ես ամեն ինչ համեմատել եմ,- խոսեց երրորդ ջութակը:- Ոչ մի թիվ մյուսին չի բռնում: Եթե առաջին բանաձևով ստացվում է ասենք թե «իքս», ապա երկրորդ բանաձևով ստացվում է ուղղակի «իգրեկ»: Որտե՞ղ է տրամաբանությունը:
– Եվ բացի դրանից, միայն հո բանաձևերն ու թվերը չե՞ն,- տեղից ելավ չորրորդ ջութակը:- Երկրի այս նեղ վիճակում հապա այդ ահավոր ծախսերի՜ն նայեք: Սա թալան է գիտության նկատմամբ: Այդ փողով կարելի է երեք ինստիտուտ ֆինանսավորել, մի յոթ-ութ հատ էլ լաբորատորիա վերազինել…
– Ճի՛շտ է ասում ընկեր այսինչովը,- խցանի պես տեղից վեր թռավ հինգերորդ ջութակը,- ես ավելի կարևոր փաստարկներ կբերեմ…
Բայց մինչ այդ հինգերորդը կբացեր թղթապանակը, որ հնչեցներ իր «կարևոր փաստարկները», Հերունին ելավ տեղից, վստահ քայլերով մոտեցավ նախագահական սեղանին և սառցե ձայնով ասաց.
– Այդ ի՞նչ թվեր ու փաստարկներ եք բերում դուք, շնագայլե՛ր… Ձեր ծուռ հայելին կարծում եք միայն դո՞ւք եք տեսնում: Կարծում եք՝ գիտության մարդիկ լրիվ կուրացե՞լ են…
Դահլիճը,- երևի մի 100-120 մարդ,- միանգամից քարացավ: Ճանճ տզզար, ամեն կողմից կլսվեր:
– Ես առանց վարանելու նորի՛ց եմ հարցնում. այդ ի՞նչ վերահաշվարկների վրա եք հիմնել ձեր բողոքը, լեշակե՛ր բորենիներ: Ո՞ւր էիք դուք, երբ մեր հարգարժան ակադեմիկոսը մեկը մյուսի հետևից գյուտեր էր անում և կառուցում իր անտենաները: Քանի՞ տնային գործիք վերանորոգած կլինեք ձեր կյանքում: Չեմ ասում՝ սարքել, այլ՝ ընդամենը վերանորոգել: Քանի՞ խաղալիքի պտտուտակ ձգած կլինեք: Եվ ո՛չ մի, բայց թվերի՜ց եք խոսում, բանաձևե՜ր եք մեջտեղ բերում:
– Ընկե՛ր Հերունի, ես շնորհակալ եմ ձեզ,- հուզված ասաց Բոգոմոլովը,- բայց գուցե շարունակությունը թողնենք նե՞ղ քննարկմանը:
– Ո՛չ, հարգելի՛ս: Պահն է՝ բոլորը լսեն, թե ինչի՛ են ընդունակ գործ փչացնող «գիտնականները»: Ժամանակին ես էլ պիտի դրանց ցանցն ընկնեի, քանի որ իրենց իսկ բնութագրությամբ՝ «ավելորդ էլեկտրոն» էի և ուզում էի պոկվել «մայր ատոմից»: Փաստորեն, սեփական կարծիք ունենալը խիստ վտանգավոր բան է, իսկ մենք՝ միամիտներս, դա չենք հասկանում: Մենք տարիներով տքնում ենք, որ ջուր լցնենք մեր երկրի ջրաղացին, իսկ սրանք մի րոպեում ուզում են տապալել տարիների քրտինքը… Տեսե՜ք-տեսե՜ք, 64 մետրանոց պարաբոլիկ անտենայի կառավարման համա՜ր են անհանգստանում: Բա թող գնան տեսնեն, թե անգլիացիները իրենց 70 մետրանոց անտենան ոնց են սարքել դեռևս 50-ականների վերջերին…
– Եթե այդպես է, հապա ինչո՞ւ եք ինքներդ ձեր անտենան հենման թասի մեջ նախագծել,- վախվխելով հարցրեց առաջին ջութակը:
– Որովհետև ես իմ առջև ուրի՛շ խնդիրներ եմ դրել, պա՞րզ է: Համարեք, որ ես մի անուղղելի երազող եմ և ուզում եմ պարզապես դիտել տիեզերքը, իսկ մեր հարգարժան ակադեմիկոսը պրագմատիկ մարդ է և այսրոպեական հարցեր է լուծելու, պա՞րզ է… Վերջապես, այս անտենայով ուրիշների շատ սխալներ են վերացնելու, շատ թերություններ են ուղղվելու, և Բոգոմոլովին խանգարելը հայրենիքի դավաճանության պես մի բան է, պա՞րզ է…
– Պարզ է,- կտրուկ տեղից վեր կացավ հանձնաժողովի նախագահը և հայտարարեց.- նիստը հետաձգվում է մինչև վաղը:
«Վաղը», սակայն, այլևս չեկավ: Հանձնաժողովը հաշված ժամերի ընթացքում գտավ հնգյակի «հակափաստարկների» կեղծիքը, տեսավ մոլորեցնող քայլերի հաշվարկը և կայացրեց հետևյալ որոշումը. «Առանց վարանելու և առանց ուշացնելու մերձմոսկովյան «Գյուղական արջի լճեր» տարածքում կառուցել բոլորապտույտ, 64 մետրանոց պարաբոլիկ ռադիոդիտակը՝ ըստ Էներգետիկ ինստիտուտի կոնստրուկցիոն բյուրոյի ղեկավար, ակադեմիկոս Բոգոմոլովի նախագծի»…
***
Հերունին այս ամենը հիշեց ժապավենի ճշտությամբ, մտքում վերականգնեց խանգարիչ հնգյակի լպիրշ պահվածքն ու քմծիծաղ տալը, հիշեց Բոգոմոլովի զարմացած ժպիտը, ապա բացեց նամակը և նորից ու նորից կարդաց որոշումը. «Դուք հրավիրվում եք Օրգովի մեծ անտենայի կառուցման քննարկմանը, որ առաջիկա եռամսյակում սկսեք շինարարական աշխատանքները»:
– Հիմա հունվարն է: Փաստորեն, հիմնափոսի ստեղծման և հարակից շենքի հողային աշխատանքները կսկսենք ապրիլի սկզբներից,- մտմտաց ինքն իրեն, ուրախացավ գարնան տաքացնող մտքից, ապա հիշեց, որ արդեն երեք ամիս կլինի, ինչ թաքուն գործակալներին շնագայլ անվանեց: Տեսնես ո՞նց լուծեցին դրանց հարցը, վռնդեցի՞ն, թե՞ թեթև նկատողություն տվին… Բայց արժե՞ միտքը ծանրաբեռնել մի բանով, որը ոչնչով չի օգնելու դիտակի շինարարությանը: Իհարկե, չարժե:
Դե, ուրեմն առաջ, ընկե՛ր Հերունի: Փակի՛ր նախորդ տասը տարիներդ որպես տասը ժամ, սփոփվի՛ր, որ այդ ընթացքում պարապ չես նստել, ուրախացի՛ր, որ Օրգովի տարածքում արդեն ճանապարհներ, տներ ու մի ամբողջ պոլիգոն ես կառուցել, ծառուղիներ ու պուրակներ ես տնկել, և շարժվիր առա՛ջ:
Իսկապես էլ, նա ծածկեց դահլիճի դուռը, ինչպես թատրոնում վարագույրն են փակում, թեթև ու հանգիստ իջավ աստիճաններով, ջերմ խոսքերով հրաժեշտ տվեց պահակին և թեքված բերետն ուղղելով՝ դուրս եկավ բակ:
Փողոցում՝ պայծառ գիշերվա մեջ, պարում էին փաթիլները:
Տաք մթություն էր:
Հատված «Պարիս Հերունի» գրքից