Տիւ ու գիշեր / Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Տղամարդու տարիք կա, երբ իրիկնաշաղում հարբած քայլելը նրան շատ է սազում. կիսաճերմակ մազերով, վերնաշապիկի վերևի երեք կոճակները արձակած, ձեռքին փաթեթ, մազերը խառնիխուռն, թեթև օրորվող, գետնից ցցված մանր ելուստներին դեմ առնող ոտքերով, տեսքը՝ կոտրված ոտքով լեռնագնացի. վիճակ, երբ իր հարբածությունը խաղարկվում է կատակերգություններում։
Այսքանով հանդերձ, մի արտահայտիչ զգացում է իրենից բխում. առաջին ու միակ սիրուց ինչ-որ ակնթարթ է նրանում փրկվել…
Անծանոթ մեկը, որ մթնշաղում կարող է հայր թվալ։

***
Տարիներով ներան չէի հիշել, մտաբերումը անակնկալ ստացվեց. ներա հուշը բուռն թափով հեղեղի պես գալիս ոտատակ է անում հենց այն պահին, երբ նե այլևս իմը չէ, անգամ չգիտեմ, թե ուր է, անիմաստ է փնտրելը. անմտություն: Մի պարզ, բայց դաժան ճշմարտություն փռվեց իմ սրտում. սիրելու համար ներանից հեռանալ ու տևական ժամանակ էր հարկավոր եղել…
Ճերմակ էջի առջև գրեթե բոլորը խեղճացել են, բացի հրաման գրողներից և մահապատժի իրավական կողմը լրացնողներից։ Ես նույնպես անզորանում եմ. նույնությամբ, երբ թիկունքիդ անհնչյուն մշուշ է գոյանում ու շրջվելիս քեզ կտրում անցածդ լեռնակածանով հրճվելու հնարավորությունից։
Դատարկ ու անարձագանք սպիտակ թղթի վրա փորձում եմ գտնել քեզ. աչք ցավեցնող ճերմակն այնքան սաղր է, որ ինձ դրսում է թողնում, անգամ միլիմետրանոց խորք չունի։ Ես հուսահատվում եմ. ընդամենը ցանկանում եմ քեզ գտնել-բերել բառերով, ինչպես հոգեհման, հոգեհարցուկները. քեզ կառուցել, իմանալ, պատկերել որտեղ լինելդ, վերջապես քո միտքը գուշակել…
Մինչդեռ ճերմակությունը չի ընդունում քեզ, որովհետև իմ հուշերում դեղին շրջազգեստ ես հագել, կապույտ աչքեր ու ծիրանագույն մազեր են թափվում ուսերիդ. սրանք ճերմակ թղթի համար անընդունելի գույն-բառեր են։
Օր 1. ես որոնում եմ բառը, որի մասին, այսինքն՝ որի միջոցով հարկավոր է գրել. բազմաթիվ ուղղություններով փնտրում եմ բառին մերձենալու եզրերը, մոտեցումները, ոճը: Չորս կողմից շրջապատել այդ մի բառն ու մյուս բառերով կապկպելով հասնել՝ նետվել դրա վրա և պինդ պահել, մինչ իմ միտքը կուսումնասիրի, կկշռի քաշը, այնուհետև մեկ այլ բառախմբի միջոցով թմրեցնում ու պառկեցնում եմ վիրահատական սեղանին, մեկ ուրիշ բժշկաբառերի օգնությամբ հերձելու միտումով՝ բացում եմ ներա կուրծքը…
Նախ, այդ բառի ծագումը, որևէ պահին առաջանալը, նշել առկայծման մասին։
Բառի տրոհվելը. ինչի միջոցով փորձում է խույս տալ իմ ուշադրությունից։
Օր 2։ Հուշը չի բացվում իմ առջև, ու ես չեմ կարողանում գտնել այն բառը, որով հնարավոր կլինի նկարագրել ներա գեղեցկությունը: Ինձ կին է հարկավոր, ով կկանգնի կոմոդի դիմացը՝ հայելու առջև, միգուցե քունքի մազափունջը կթեքի ականջի հետևը, և Բառը կենդանության նշաններ կտա։
Ներան հասնել, վիրահատված, գուցե արդեն հաշմված բառի միջոցով, որպեսզի սա ենթարկվի ինձ, քանի որ ես գիտեմ իր բովանդակությունը, ճեղքել եմ դրա մարմինն ու մանրամասնորեն շոշափել ներքին օրգանները:
3-րդ օր: Փորձում եմ վերհիշել կարդացածս գրքերը, գուցե էջերից մեկի անկյունում, որտեղ. հայելու առջև ներա հարդարվել-ն է նկարագրվում, ծվարել է այդ բառն ու իրեն շրջապատել անձրևային եղանակով, սենյակային լռությամբ, նաև կնոջ մարմնամասերի թվարկմամբ: Որպեսզի նմանօրինակ բառախմբերով անտես մնա ինձնից՝ Բառն իր ու իմ միջև հազարավոր խոսքեր է լցնում, ինքն իրենից ծնում է՝ լեռներին կոտրված ձվի մայրամուտն, ու նման խոսքերին թողնում սաղր տեղերն՝ իմ աչքի առջև, իսկ ինքը սուզվում է խորքն ու անդադար հետևից շեղող մանրաբառեր ծննդաբերում. նա ճերմակաթույր հովատակին հեծնած լեռան ստորոտին սլանում է, այսպիսի ընթացքային մեջբերումներով, նախադասություններ հյուրասիրելով՝ պատկերի շարունակություն է առաջացնում, մինչդեռ ինքը շտապում է ինձնից փախչել…
Թղթերին գրում եմ այս ամենը, մտքիս եկած յուրաքանչյուր բառ նշում և փակցնում եմ սենյակիս պատերին։ Բառերն իրար կողքի շարելով արդեն հինգերորդ հաստափոր օրագիրն եմ լրացնում։ Նպատակով, որպեսզի սրանց հսկեմ՝ ամեն օր թերթեմ էջերն ու նայեմ, տնօրինեմ, ու մի օր սրանցից դավաճաններ կգտնվեն, որոնք կենթարկվեն իմ պահանջին և ճանապարհ կընկնեն դեպի որոնածս Բառը: Այդպես էլ եղավ. անանուն բառերից մի քանիսը համաձայնվեցին:
Միևնույն բառը շարունակաբար գրելով, ամեն մեկն ուրիշ, տարբեր է հնչում և իրենում մեկ այլ հուշ է կրում:
Երկու ամիս տևեց մինչ դավաճան բառերը գտել, վստահություն էին ներշնչել Բառին ու օր օրի բերում էին դեպի միտք: Ես վայելում էի հաղթական պահի մոտենալը, առանց շտապելու հետևում էի Բառի ուրվագիծը, որն արդեն հասկանալով դավադրությունը փորձում էր վերադառնալ, սակայն «ուշ է» մտքի սահմանները կտրել էր: Նույնիսկ խնջույք կազմակերպեցի, գինին ջերմացնում էր ներսս, ես հրճվանքից վայրենուն հատուկ (վարազին որսալու կամ երևակայական թշնամուն սրտից խոցելու) կռվարար հարվածներ էի տեղում. պարում էի, քանզի, ուր որ է Բառը միտք էր հասնելու, այնուհետև նվաստանալով գիր դառնար…
Վերջապես հայտնվեց. արդեն արնաշաղախ, ուժասպառ, դավաճան բառերը գրեթե քարշ տալով շպրտեցին միտքս: Բառը Նե-ն էր, և ինքն էլ ինձ համար էր անակնկալ պատրաստել, մտադաշտում հայտնվելուն պես՝ պայթեց և ներանից, ներանով, ներանեն, ներանում, ներան հիշեցնող ձայնանիշով#*. վերջին տեսարանը ամենայն մանրամասնությամբ մտքումս ցրիվ եկավ. ծառ, որը հիշեցնում է ներան, բոլոր անկողինները, պատերը, որոնց վրա անծանոթի շողք է տարածվում և ելուստներից մեկի ստվերը երկարում ու ներա մազերն է նկարում: Այն ամենն, ինչ արարված է երկրի վրա՝ ներանով հրաժեշտի տեսարանը վերարտադրելու հաջողված փորձեր են:
Բառ-հուշ-տեսարան
Ուշ գիշեր. քո բաժակի տակը գինու լճակ է գոյացել, որը ձգվում է քիչ այն կողմ նետված անձեռոցիկն ու արշավող զորքի նման՝ երակ ու պարանոց կտրելով գրավում է ճերմակությունը: Մեր բառերի կեսն արդեն քնել են, իսկ թմրածները կիսատ են դուրս գալիս: Քչերն են մնացել, հատուկենտ, բայց ընտրյալները, որոնք աներեր լրաբերների պես ընդարմացող մտքից պլստում հասնում են մեզ. ինձ ու քեզ հավատարիմները, ու դրանցով իրար սիրում ենք: Երբեմն աչքի տակով նայում ես կոմոդիդ հայելուն ու քթիդ տակ ժպտում ես: Ինձ թվում է, հայելիում ռեժիսորական անձնակազմ է նստել՝ տեսախցիկն ուղղել է մեր կողմն ու ցանկանում է մեզնից համր ֆիլմ ստանալ. հրաժեշտի պատկերը պատճենվում և հազարավոր Բառ-բանալիներով կողպվում է հուշերի խորքում:

***
Խավարում յուրաքանչյուր հնչյուն ավելի երկար է ճամփորդում՝ ինքն իր ձայնով երկարացնելով ընթացքը, իսկ ցերեկով դուրս գալուն պես թակարդվում է առաջին իսկ հանդիպած արհեստածին ձայնում։
Կարոտվածի անունը բացականչելու կատարյալ պահը Գիզակն է. գիշերվա ութերորդ հատվածը, երբ ամենաթույլ ցնցումներն ու դողերը լռում են, որ լուսաբացը կարողանա իր նուրբ շաղով թաղանթել երկիրը. պատկերը ջրատեսք։
Լուսաճեմ. մեռյալները քաշվում են թմբերի տակ, իսկ ողջերի կուրծքն են վերադառնում թափառող հոգիները. սրանցից ոմանք մոլորվում ու այդպես էլ հետդարձը չեն գտնում. մութը քաշվում ու իր հետ տանում է նրանց, իսկ անհոգի մարմինն այլևս չի արթնանում։
Այգ. լսվում է մեռյալին հայտնաբերածի կենտ ճիչը…

————————————————————————-
*Նե-ն հայկական երաժշտության մեջ ութնյակի 6-րդ ձայնանիշն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։