ԴԱՎԱՅԱԹԱՂՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Գեղեցկուհի Շամրիկին նույնիսկ կարելի էր տգեղ համարել: Մազերը՝ շիկացանցառ, ասես ձվից նոր դուրս ելած վառեկ: Աչքերը մշտապես ճպճպում էին, բացի՝ գիշեր ժամանակ, երբ քնած էին լինում: Կրծքերը՝ կովական, որոնք մեծ ու ծանր կախված էին նիհար փորի վրա: Ուներ բավականին ցցուն հետույք: Ոտքերից մեկը, աջ թե ձախ, մի փոքր կարճ էր մյուսից, դա էլ ձեռքբերովի թերություն չէր, այլ՝ բնական. այդպես էր ծնվել երեսունչորս տարի առաջ: Կաղալիս հետույքը թրթռում էր հասուն ոչխարի դմակի պես, Դավայաթաղի բազմաթիվ տղամարդկանց մեջ, անգամ պատանիների, առաջացնելով հազիվ զսպելի ցանկասիրություն, հատկապես կոշկակար Գարեգին Ափոյանի, որի Արուս կինը չոր ու մաշված ցախավելի էր նման: Ափոն հաճախ կշտամբում էր կնոջն ու իրեն՝ «քոռանամ քեզ չտեսնեմ»: Ամեն անգամ Արուսը կատաղում էր՝ «էնպես քոռանաս, որ գեղեցկուհի Շամրիկի քամակը աչքիդ չերևա»:
Շամրիկն ու Դանիելը բնիկ դավայաթաղցի էին, շատերը՝ եկվոր, նույնիսկ սփյուռքահայեր կային, վերջիններից ամենապատվելին նախշուն թիթեռ փողկապով փոստատար Ժորժն էր: Անգամ Ժորժը, որը ճաշակել էր փարիզյան Պիգալի բուրմունքները և մաստակի պես ծամում էր ֆրանսերեն, զարմացնելով բոլորին, անտարբեր չէր Շամրիկի հանդեպ, սակայն, ի տարբերություն մյուսների, խնամքով թաքցնում էր իր զգացմունքը: Դավայաթաղում և համայն աշխարհում ոչ ոք չգիտե (այդ թվում՝ նաև այս պատմվածքի հեղինակը) Շամրիկի որ բարեմասնություններից կուրացավ Դանիելը և նրան կնության վերցրեց՝ ի հեճուկս ծնողների հակառակության: Ծնողները Շամրիկին ընդունեցին իբրև իրենց հարս՝ միայն մեռնելուց և Թոխմախգյոլում թաղվելուց հետո: Դավայաթաղի տղամարդիկ, ելնելով եսակենտրոն սիրուց, փսփսում էին, թե Դանիելը գայթակղված է եղել Շամրիկի հետույքով, ուրիշ համոզիչ պատճառ ու պատճառականություն չէին գտնում, և թշնամանում էին նրան, ինչո՞ւ ժամանակին իրենք չտեսան այդ հրաշալիքը, որտե՞ղ էին մեր աչքերը, կո՞ւյր էինք, և որովհետև կույր չէին՝ թշնամացան և իրենց: Կոշկակար Ափոն Դանիելին, կնոջն ու իրեն այնքան ատեց, որ ընկավ հոգեբուժարան: (Մինչև այսօր էլ այնտեղ է՝ երկաթաճաղ պատուհանով մենախցում, և արթուն թե քնած՝ զառանցում է՝ «ա՜խ, Շամրիկ, ա՜խ, Շամիրամ»՝ խելագար ականատեսի վկայությամբ):
Դավայաթաղի կանայք, կույս թե անկույս, մի այնպիսի նախանձով էին նայում Շամրիկին, որ հնարավոր չէ պատմել: Նախանձը, չարությունն ու թշնամանքը գլխավոր բարոյական չափանիշներ դարձան Դավայաթաղում, որ աշխարհ էր մեծ աշխարհի մեջ, և աղտոտեցին համայն տիեզերքը: Ազնիվ ու առաքինի մարդիկ մտան պատմության թանգարան լուսանկարի տեսքով և տեղ զբաղեցրին թագավոր Արգիշտիի մասին սեպագիր արձանագրությունների, նրա բրոնզյա սաղավարտների ու վահանների կողքին՝ իբրև թանկ և անմոռաց հիշատակ, հույսի մի թույլ շող համատարած անհույս աշխարհում:
Բոլորը ջանում էին նմանվել Շամրիկին՝ իրենց ամուսիններին դուր գալու համար: Արուսը բարձ դրեց հետույքին, հագավ մի քանի տակ կոշտ-կոպիտ կրծկալ, ճպճպացրեց աչքերը ու շորորալով գնաց հոգեբուժարան: «Վա՜յ, Շամրիկ, ցավդ տանեմ»,- նրան տեսնելով, հիացավ Ափոն: «Գիժ, ստոր»,- բղավեց Արուսը, շրջազգեստի տակից բարձը քաշեց և տուր թե կտաս ամուսնու գլխին, ընկավ վրան, որ խեղդամահ անի: Նրանք այլևս չհանդիպեցին՝ ո՛չ այս պատմվածքի մեջ և ո՛չ էլ դավայաթաղյան կյանքում, կարծես Մարուքե քահանան տարիներ առաջ եկեղեցում չէր պսակել նրանց և ի խորոց սրտի օրհնանք չէր արել՝ «մի բարձի ծերանաք»:
Մարուքեն թեև իր կնոջ՝ Սիրանի հետ ծերանում էր նույն բմբուլե բարձին, բայց նրան շոյանքներ անելիս Շամրիկին էր պատկերացնում: Ամեն զգայուն կին, հատկապես անկողնում, ավելի կամ պակաս չափով կարդում է սիրային հարաբերությունների անկեղծությունն ու կեղծիքը: Մի անգամ Սիրանը կասկածեց. «Ո՞ւմ ես շոյում»: «Քեզ»,- ասաց Մարուքեն: «Երդվի՛ր»: Մարուքեն երդվեց Աստծու անունով: Սակայն Սիրանը չհավատաց ո՛չ Աստծուն, ո՛չ էլ Մարուքեին: Նա խելացի կին էր և չցանկացավ իրենց ամուսնությունը քանդել՝ քահանան լավ փող էր վաստակում՝ կնունք, տնօրհնեք, ծնունդ, թաղման ծես, իրենց ճաշասեղանից խաշլաման անպակաս էր, ինչո՞ւ կորցնի այդ ամենն ու մատնվի սովի ու աղքատության: Այդուամենայնիվ, ապահովության համար, նա Շամրիկի նման սկսեց կաղալ և աջ-ձախ գրգռիչ շարժել հետույքը՝ Մարուքեին ցմահ իր գրկում պահելու համար: Կանայք հետաքրքրվում էին. «Իրիցկին, էդ ե՞րբ կաղացար»: «Հազար տարի առաջ»,- իր այդ խաղից երջանիկ՝ հպարտանում էր Սիրանը: Կանայք աստիճանաբար հասկացան Սիրանի հազար տարվա կաղության գաղտնիքը, և իրենք էլ սկսեցին կաղ քայլել: Ոմանք այնքան ոգևորվեցին, ցանկանալով գերազանցել Շամրիկի կաղությունն ու հետույքաշարժը, որ հավատացին, թե իրենք այդպես են աշխարհ մտել:
Ամբողջ Դավայաթաղը կաղում էր, ճպացնում աչքերը՝ բավականություն պատճառելով տղամարդկանց: Ոմանք ոգևորված այնքան հեռու գնացին, կաղալով երկու ոտքով, որ վերջիվերջո դարձան անուղղելի կաղ: Գեղեցկուհի Շամրիկին արդեն քչերն էին նկատում, քանզի նրան շատերն էին նման և առավել գեղեցիկ:
Դանիելը մտահոգվեց՝ մի՞թե իր գեղեցկուհին միակը չէ, և մտահղացավ մի հետաքրքիր և ինքնատիպ ծրագիր՝ կնոջ ատամները ոսկեպատել, դե թող նախանձից պայթեն, իմ ոսկե Շամրիկ: Նա գիշերային պահակ էր ոսկու խանութի դռանը: Մի մութ ու անձրևոտ գիշեր, երբ քաղաքը խոր քնի մեջ էր և երազում հաց էր տեսնում, նա բացեց դուռը, կուզեկուզ ներս մտավ և շալվարի գրպանը լցրեց ոսկե մատանիներով, սեղանատամի տակ նախապես փորձելով յուրաքանչյուրի որակը: Բոլորը բարձրակարգ մետաղ էին, չերվոն, բացի մեկից, որը նա ազնվորեն տեղը դրեց՝ սև թավշե վաճառասեղանի ապակու տակ:
Դավայաթաղում ամեն մասնագիտության մարդ կար՝ արհեստավորներ, պետական համալսարանի մաթեմատիկոս պրոֆեսոր, խմբագիր, չարչի առևտրական, բախտագուշակ, թուղթ ու գիր անող և դժբախտի վրայից թղթագիրը հանող, երաժիշտ ու դերասան, բոմժեր, լարախաղաց, լուսանկարիչ, Սիրարփին, որը վարպետորեն ամուսնացնում էր տգեղ աղջիկներին ու ավելի մեծ հաջողությամբ ամուսնություններ լուծում, շատերը՝ հացի կարոտ, ժամանակն էր այդպես, որի դեմ խաղ չկար, այս պատմության տարածքում հնարավոր չէ բոլորին հիշատակել:
Այդուամենայնիվ չմոռանանք բժշկուհի Աննային, որին հազիվ ռուսաճանաչ թաղեցիները «դոկտոր» էին կոչում: Աննա Արտուշովնան միջին տարիքի բազմաշնորհ բժշկուհի էր, առանց չափազանցության՝ մի ամբողջ կատարյալ պոլիկլինիկա. թերապևտ, սրտաբան, ուրոլոգիական և այլ հիվանդություններ էր ախտորոշում, իսկ նրա նման ատամնաբույժ ամբողջ քաղաքում դժվար թե գտնվեր: Մի օր ողջ-առողջ Սիմոնը հանկարծամահ եղավ, արմանք-զարմանք ու վախ պատճառելով մարդկանց: «Ինչի՞ մեռար, ախպեր»: «Ձեր ի՞նչ գործն է,- բարկացավ մեռած Սիմոնը,- ուզեցի, մեռա»: Բոլորը ցանկացան իմանալ նրա մեռնելու պատճառը: «Թող հերձեն»: «Ո՞վ հերձի»: «Ես կհերձեմ»,- ասաց Աննան:
Թաղը, դիահերձարանի մոտ հավաքված, անհամբեր ու սգավոր լռությամբ սպասում էր բժշկուհու եզրակացությանը: Վերջապես Արտուշովնան ելավ՝ բջջային հեռախոսն ականջին: «Հը՞, դոկտոր»: Աննան անմիջապես չպատասխանեց: «Խոսիր, սիրուն ջան, ո՞ւմ հետ ես խոսում»: «Սիմոնի»,- նյարդայնացավ Աննան: «Չի՞ մեռել»: «Լավ էլ մեռել է»,- Աննան փղձկաց: «Ինչի՞ մեռավ մեր հարազատ Սիմոնը, չէ՞ր կարող չմեռնել»: «Բավականին լուրջ ու բարդ դեպք է,- ասաց Աննան, հանելով ռեզինե արյունոտ ձեռնոցները:- Տարօրինակ»: Բոլորը հոնգուր-հոնգուր լացեցին «տարօրինակ» բառի վրա, բացի Սիմոնի կնոջից, որին նա դավաճանում էր Շամրիկի հանդեպ իր անթաքույց վերաբերմունքով: «Սիրտը առողջ է,- արցունքները սրբելով, ասաց Աննան,- երիկամներն առողջ են, լեղապարկում քարեր չկան, փայծաղը՝ առողջ, գոմոգլոբինը՝ հիանալի, թոքերը՝ նորմալ,- դարձյալ լուռ եղավ, երկմտում էր՝ ասե՞լ, թե՞ չասել, վերջապես կիսաբերան ասաց, բայց բոլորը լսեցին,- նույնիսկ էն բանը մեռած վիճակում էլ ողջ էր, հենց ինձ տեսավ՝ զինվորի նման զգաստ կանգնեց, ես շատ վախեցա»: «Ի՞նչ բան»,- խմբովին հարցրեց Դավայաթաղը: Բժշկուհին չպատասխանեց: Միայն Շամրիկը հասկացավ «բանի» էությունը. մեռնելուց մի քանի ժամ առաջ, Օղակաձև զբոսայգում, Սիմոնը Շամրիկին գցել էր խոտերին, փորձելով բռնաբարել: Եվ կբռնաբարեր, եթե թփերի հետևից, կարծես գետնի տակից հայտնված լեյտենանտ Ալեքը ոստիկանական մահակով գլխին չգար: Գլուխը չուգուն էր, մահակը կոտրվեց, Սիմոնը, շալվարը վեր քաշելով, փախավ: Հաջորդ օրը միայն, հոգեհանգստյան արարողությանը, Աննան թաղեցիներին հայտնեց Սիմոնի մահվան բուն պատճառը. «Մահացել է թշնամանքից, չարությունից ու նախանձից»: Այդ և հաջորդ ժամանակներում Դավայաթաղին տիրեց վախը: Ամեն մեկը մտածում էր՝ չարությունը, նախանձն ու թշնամանքը իմ մեջ էլ կան, «մի՞թե շուտով պիտի մեռնեմ ու գնամ Սիմոնի մոտ»: Հարցը շատ լուրջ էր՝ լինե՞լ, թե՞ չլինել: Լիազոր Հակոբը թաղային ժողով հավաքեց՝ յուրաքանչյուր տնից մեկ պատգամավոր: Կարգադրեց տղամարդիկ սափրված գան, երեխաները՝ կարմիր վզկապով ու հոկտեմբերիկի կրծքանշանով՝ նաև նորածինները, կանայք՝ շպարված: Ժողովը շարունակվեց մինչև ուշ գիշեր: Վիճեցին, թշնամացան, հայհոյեցին՝ էլ բոզի տղա, էլ հեր ու մեր, էլ գող փիսո ու քաչալ շուն, էլ հայրենիքի դավաճան, շուտով բանը հասավ դիվանբաշուն, եթե ոստիկան Ալեքի ակտիվ միջամտությունը չլիներ, դավայաթաղյան ազնիվ արյուն էր թափվելու: Վերջապես հարցը դրվեց բաց քվեարկության՝ ով է համաձայն, ով՝ դեմ, որ մեզանից դուրս շպրտենք չարությունը, նախանձն ու թշնամանքը: Եղավ հետևյալ արդյունքը. քառասունութ դեմ, այդ թվում՝ նաև լիազոր Հակոբը, քարտուղարուհի Հրանուշը, որը ժողովի ընթացքը սղագրում էր մարգարտյա ձեռագրով, և քահանա Մարուքեն: Կողմ՝ բժշկուհի Աննա Արտուշովնան: Երկու ձեռնպահ՝ փոստատար Ժորժն ու ոստիկան Ալեքը: Սիմոնի ձայնը տեղավորեցին դեմերի ցուցակում, համոզված, որ նա, իբրև նշանավոր ու պատվական դավայաթաղցի, չէր կարող նախանձին ու չարությանն ընդդիմանալ: Մարուքեն խաչով օրհնեց ժողովականներին և ասաց. «Սիրեցեք զիրար, քրիստոնյա ժողովուրդ»: Շուտով դեմական մեծամասնությունը թշնամացավ Աննային, որ նա արմատական ընդդիմադիր է դարձել, սակայն նրա նկատմամբ պահպանեց դիվանագիտական սեր ու հարգանք, քանզի առողջական բազմաթիվ խնդիրներ ուներ, նաև գիտակցում էր՝ վաղ թե ուշ նա է անցավ քերթելու իրենց:
Մի օր Դանիելը, մատանիներն ու Շամրիկը գնացին բժշկուհի Աննայի ատամնաբուժարան:
– Քանի՞ շապիկ եք ուզում,- ոսկին կշռելով, հետաքրքրվեց բժշկուհին:
Ամուսիններն իրար երես չափեցին:
– Քանի՞, Դանիել ջան…
– Բոլոր ատամներդ,- ասաց Դանիելը:
– Բերանդ բաց,- Աննան ուշադիր հաշվեց,- երեսուներկու ատամ:
– Չորսը դու ես քաշել,- ասաց Շամրիկը:
– Փտած էին,- ասաց Աննան:
– Ե՞րբ պատրաստ կլինի,- հարցրեց Դանիելը:
– Մեկ ամսից:
– Գոնե կես ամիս հետո:
– Դժվար գործ է:
– Բա հարևանությո՞ւնը:
Աննան մանրամասնորեն չափչփեց Շամրիկի ատամները, որոնք բոլորն էլ առողջ էին, բուժման կարիք չկար և կազմ-պատրաստ էին շապիկ հագնելու:
– Չեղած չորս ատամներն էլ սարքե՞նք:
– Անպայման,- ասաց Դանիելը:- Մի քանի հատ էլ ավելի, հո չմեռանք:
Աննան սուրճ առաջարկեց, որից ամուսինները չհրաժարվեցին:
Մեկը երկարեց ու դարձավ մեկ ու կես ամիս, որ դարից երկար թվաց: Դանիելը ավելի, քան Շամրիկը, չէր քնում, չէր ուտում, չէր խմում, օրերն ու ժամերն էր հաշվում՝ րոպե շուտ մատ անելու դավայաթաղցիներին, քաղաքն ու աշխարհը, թեև շախմատ խաղալ չգիտեր:
Վերջապես Շամրիկի ատամները ոսկիացան, կարծես արև ծագեց բերանում: Դանիելի երջանկությանը չափ-սահման չկար՝ Շամրիկը դարձյալ թագուհի է, առաջին տիկին, ինքը՝ տիեզերքի թագավոր: Ոսկե բերանն ավելի ցնցող տպավորություն գործեց տղամարդկանց վրա, քան նրա խաղացկուն հետույքը: Երբ նա տեղին ու անտեղի ցուցադրական ծիծաղում էր, տղամարդիկ գլուխները կորցնում էին ցանկասիրությունից: Կանայք թունոտ նախանձեցին և Շամրիկին ընդօրինակելով՝ սկսեցին բացբերան ծիծաղել, բայց միայն նրանց ծուռ ու փտած ատամները ի դերև եկան: Շատ ընտանիքներում վիճաբանություն ծայր առավ կնոջ և ամուսնու միջև, վերածվելով անհաշտ թշնամանքի: «Ես էլ եմ ոսկե ատամներ ուզում»: «Ես ոսկի չունեմ,- ասում էր ամուսինը,- բավարարվիր քամակդ խաղացնելով»: «Հիմա դրան շան տեղ դնող չկա»:
Դավայաթաղն ապրում էր ծայրահեղ չքավորության մեջ, երազում էլ ոսկի չէին տեսնում, միայն հարկային Վիլիսը երկհարկանի տուն, արտասահմանյան մեքենա ու շքեղ ապրուստ ուներ, ամառները կնոջ հետ գնում էին Վառնա հանգստանալու, առաջինը նրա բնակարան նորաձև հեռուստացույց մտավ: Նա մի Կոզբադին էր, Սյուդինն ու Չարխադինն էլ վրան, մարդկանց կաշին քերթելով՝ զգալի հարստություն էր կուտակել, և արագորեն կնոջ՝ Մերսեդեսի (իսկական անունը՝ Հոռոմսիմ) ու իր ատամներին ոսկի քաշել տվեց Բեյրութում, «ինձ պալոժ չի Աննայի կլինիկան», սրանով ևս ցանկացավ տարբերվել դավայաթաղցիներից, որոնց նայում էր վերևից և վերաբերվում մեծամիտ ինքնասիրահարվածությամբ: Այդուամենայնիվ Շամրիկը մնաց ամենահմայիչ ու ցանկալի կինը, որովհետև Վիլիսն ու Մերսեդեսը բոլորին ատելի էին, ադամանդե ատամներ էլ հագնեին՝ չէին սիրվելու: Այդ զգալով, Վիլիսը դարձավ ավելի դաժան հարկահավաք: Շուտով նա մեռավ լյարդի քաղցկեղից: Նրան հերձեց բժշկուհի Աննան: Թաղմանը ներկա էր աշխարհի ամբողջ հարկահավաք բանակը և դավայաթաղցիներ, որոնցից ոչ ոք լաց չեղավ: Հոգեհացն աննման էր: «Հայկական ժամանակ» թերթը, որն ուշադիր հետևել էր Վիլիսին, հրապարակեց ճաշացանկը. կոկորդիլոսի ապուխտ, շնաձկան բաստուրմա, փղի սթեյք, բադի լյարդի ֆուագրա, սպիտակ արջի կասսեռոլ, սև ու կարմիր խավիար: «Պուտինկան» ավելի հաճելի էր, քան իրենց թթի օղին, որը գլուխ էր ցավեցնում: Թեև արդեն տռզել էին, հազիվ էին շնչում, սակայն շարունակում էին ուտել ու խմել. գառան խաշլամա, հաճարի փլավ, սունկ, հունական նարինջ և այլն, կարծես աշխարհի վերջը լիներ, հա ուտում էին՝ կուշտ մեռնելու երջանիկ ցանկությամբ: «Մեծ հայը հեռացավ,- զկռտաց լիազոր Հակոբը,- բայց նորից կգա, մեզ չի թողնի անտեր, խմենք նրա կենդանի կենացը»: Մարուքե քահանան, կոկորդիլոս ծամելով, ասաց. «Օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս: Ամեն»: Այս խոսքի վրա բոլորն արտասվելով հավատացին, որ Վիլիսը շուտով կվերադառնա, հետո դարձյալ կմեռնի և իրենք էլի կուտեն-կխմեն:
Պատահեց մի երեկո, երբ դրկից հարևան Գեղամը, որի հետ Դանիելը եղբայրական կյանք էր ապրել, հաճախ կիսելով չեղած չոր հացի պատառը, սովորականի պես հյուր եկավ՝ Շամրիկի եփած բուրյան սուրճը վայելելու, և կիսաբերան հարց տվեց.
– Ախպեր, ոսկին որտե՞ղ գտար, հո ցանած չէ՞ր:
– Հորիցս է մնացել,- պատասխանեց Դանիելը:
– Քո հերը աղքատ համբալ էր:
Դանիելը սենյակի չորս կողմը նայեց և համոզվելով լսող ականջ չկա՝ շշնջաց.
– Մարդու բան չասես, խանութից եմ գողացել:
Հաջորդ օրը Դանիելին բերման ենթարկեցին ոստիկանություն:
Դանիելը ազնվորեն խոստովանեց մեղքը:
– Քեզնից չէի սպասում,- ոստիկան Ալեքը գրեց արձանագրությունը և Դանիելին առավ նախնական կալանքի:
Մնացած ոսկե մատանիները թաղված էին բակի թթենու արմատի տակ: Խուզարկուները որքան քրքրեցին տան ներսն ու դուրսը, ոսկին չգտան: Նրանց մտքով էլ չանցավ մտնելու Շամրիկի բերանը: Ալեքի արձանագրության հիման վրա՝ Դանիելին դատեցին և վեցամյա պատժաչափով աքսորեցին Սիբիր:
Այդ սառնաշունչ երկրում Դանիելը հանդիպեց Արթին պապի որդի Եգոր Ադամովին և մտերմացավ ու սիրեց նրան:
– Ռո՞ւս ես:
– Հայ: Ծննդավայրս՝ Կյորես:
– Բա ինչի՞ է անունդ ռուսական:
– Ռուսն էլ հայ է,- ասաց Եգորը:
Եգոր Ադամովը երեք տարի յոթ ամիս հետո մահացավ, չսպասելով ռուսաց թագավորի ներման հրամանին: Դանիելը քլունգով փորեց Սիբիրի քար սառույցները, հասավ հողի շերտին, մեկ-երկու քայլ էլ խորացավ ու Եգորին, փաթաթելով սպիտակ արջի մորթով, իջեցրեց փոսը և արցունքներ լացեց աշխարհի վրա: Ծառի մի հաստ քոթուկ դժվարությամբ գլորելով բերեց-տեղավորեց գերեզմանաթմբին և ինքնաշեն դանակով երեսին փորագրեց. «Եգոր Ադամով, որդի Արթին պապի, հայ, քո ցավը տանեմ, ծնված Կյորեսում»: Երբ հաջորդ օրը՝ ինքնահողին, Դանիելը այցելության եկավ Եգորին, որքան որոնեց՝ չգտավ գերեզմանը. ամբողջ գիշեր տեղացող առատ ձյունն ու քամիները ջնջել էին ամեն ինչ՝ մատնելով հազարամյա մոռացության:
Մենակ մնալով, Դանիելը հիշում ու հիշում էր իր անցյալը և հետադարձ հայացքով նամակ հղեց այնտեղ՝ «Հայաստան: Շամրիկին»: Նամակը հասցեատիրոջը հասավ շատ ուշացումով: Մեղադրելի չէ՝ պատերազմ էր, տնտեսական ճգնաժամ, ժողովուրդների ու մարդկանց աղետալի նախանձ և թշնամանք: Հասկանալի է, նամակը բերեց փոստատար Ժորժը: Շամրիկը գրաճանաչ չէր, և նամակը Ժորժը կարդաց: «Կարոտել եմ քեզ: Կարոտել եմ Դավայաթաղը: Սիրում եմ ոսկե ատամներդ: Կարոտել եմ Ժորժին: Կարոտել եմ մեր տունը: Մեռած եմ, թաղված չեմ»:
– Մեռե՞լ է, – Շամրիկը ցնցվեց:
– Այդպես է գրված,- Ժորժը դարձյալ կարդաց ու մի քանի անգամ կրկնեց նամակի վերջին նախադասությունը:
– Ախր առողջ էր, ինչի՞ց մեռավ:
– Քո կարոտից,- ասաց Ժորժը:
– Նաև քո:
– Մեր կարոտից,- ասաց Ժորժը:
– Բա ինչի՞ չեն թաղել:
– Սիբիրը Դավայաթաղ չէ, այնտեղ չեն թաղում ո՛չ արջերին և ո՛չ էլ մարդկանց,- ասաց Ժորժը:
Շամրիկը ամուսնու մեռնելուց ու նրա անթաղությունից վշտացած՝ սրտակեղեք հեկեկաց:
Ժորժը մխիթարում էր նրան՝ «մահը մերն է, մենք՝ մահինը», առիթից օգտվելով համբուրում էր, շոյանքներ անում, որից կինն աստիճանաբար խաղաղվեց և մինչև իսկ ժպտաց ոսկե ատամներով:
Հեղափոխության կլոր տարելիցի առթիվ համաներում հայտարարվեց, և Դանիելը ժամանակից շուտ վերադարձավ Դավայաթաղ:
Շոգ ամռան կեսօր էր, երբ նա մոտեցավ իր տանը, շեմն ու դուռը համբուրեց և ներս մտավ: Սիբիրում նա չէր կարող պատկերացնել այն, ինչ աչքերը տեսան. Ժորժն ու Շամրիկը պառկած էին իր մահճակալին՝ ոսկեշող մերկությամբ:
– Յա՜, չե՞ս մեռել,- սարսափեցին նրանք:
– Ես անմահ եմ,- բղավեց Դանիելը և Ժորժի վրա քաշեց սիբիրյան դանակը:
Ժորժը ճողոպրեց: Դանիելը վրա տվեց կնոջը:
– Չսպանես,- ճչաց Շամրիկը,- հղի եմ:
– Ումի՞ց է:
– Քեզնից, սիրելիս, քեզնից:
– Վերջին անգամ հինգ տարի առաջ եմ քեզ հետ պառկել, էսքան ժամանակ հղի՞ ես:
– Հա, Դանիել ջան, մի՛ սպանիր մեր երեխային:
Դանիելը հավատաց կնոջը և դանակը ետ քաշեց:
– Ես Սիբիրում ծառ կտրեմ, դողամ ցրտից, հիվանդանամ ծանր հիվանդություններով, մեռնեմ ու քեզ տեսնելու համար չմեռնեմ, գիշեր-ցերեկ սիրեմ ոսկե բերանդ, Եգոր Ադամով թաղեմ… իսկ դու, բոզ, տաք-լուսավոր Դավայաթաղում դավաճանես ինձ, և ո՞ւմ հետ, ասա, ո՞ւմ, էդ Ժորժ կոչվածի, լիազոր Հակոբից չամաչեցի՞ր…
– Ես անմեղ եմ,- ասաց Շամրիկը:
Այս անգամ Դանիելը կնոջը չհավատաց: Նա առավ աքցանը և մեկ-մեկ Շամրիկի ատամների ոսկե շապիկները քաշեց դուրս, ինչին կինը չընդդիմացավ, որովհետև վերջապես գիտակցեց իր աններելի մեղավորությունը: Երեկոյան նա, իբրև մեղքի քավություն, մաքուր անկողին բացեց ամուսնու մահճակալին և սիրեց նրան:
– Ինչի՞ ատամներս հանեցիր, անխիղճ, հիմա ինչո՞վ եմ զարմացնելու կեղտոտ մարդկանց:
Շուտով Դանիելը թթենու արմատի տակից հանեց չօգտագործված ոսկե մատանիները և ատամնաշապիկների հետ տարավ ոսկու խանութ:
– Խնդրում եմ ներեք:
Խանութի սեփականատերն ասաց.
– Մեզ նորից պահակություն արա, ազնիվ Դանիել:
Դանիելը հրաժարվեց, քանզի վստահ չէր, որ դարձյալ գողություն չի անի՝ ոսկեզօծելու Շամրիկի ատամները:
Վերջապես վաղուց մահացած Արթին պապը ռուսաց թագավորից պատասխան ստացավ. «Եգոր Ադամովին ազատում եմ աքսորից»:
Այսքան մի բան, ընթերցասեր տիկնայք և պարոնայք:
Արձանագրեց քարտուղարուհի Հրանուշը:
Իսկականի հետ ճիշտ է՝ լիազոր Հակոբոս Դավայաթաղցի:
Լիազորը մաշված բաճկոնի ծոցագրպանից հանեց եռանկյուն կնիքը, ոգևորված թք-թքոտեց և արձանագրությանը մի այնպիսի սիրով ու պատասխանատվությամբ կնիք խփեց, կարծես այն տալու էր գալիք դարերին ի պահ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.