Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

***
Հեռու-հեռավոր արձակ դաշտերում,
Խաշխաշների տաք կարոտների մեջ
Մի աղջիկ մնաց պատմությունից դուրս:
Երկնի լազուրե ձեռքը պինդ բռնած,
Խաշխաշների սև սրտիկների մեջ
Իր կարմիր շորի պտերը պահած
Պատմությունից դուրս մի աղջիկ մնաց…
…Հիմա օրերի մութ ետնաբեմում
Հին անհոգությամբ դեմքը շպարած
Մի կին է կանգնած այն պատմության մեջ,
Որն ամեն գիշեր գնում է թաքուն
Խաշխաշների սև սրտիկների մեջ
Իր կարմիր շորի պտերը պահած,
Երկնի լազուրե ձեռքը պինդ բռնած
Այն աղջկա մոտ` պատմությունից դուրս…

***
Իմ պարտեզում քարե ծաղիկներ կան,
Ես նրանց ջրում եմ բոլորի նման
Որ մի օր կանաչեն…
Ես պատմում եմ նրանց իմ բոլոր գույները,
Որ հեռվից հեռու նրանք ինձ ճանաչեն…
Ես նրանց սիրում եմ, որ մի օր մեղմանան,
Բայց գիտեմ, մեծ կյանք է, գուցե այնպես լինի
Որ նրանք մինչև վերջ էլ ինձ չհասկանան …

ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐ
Ժամանակ կար`
Տխրությունս այսքան տխուր չէր,
Սթափությունս` այսքան սթափ,
Լրջությունս` այսքան լուրջ:

Ժամանակ կար`
Երջանկությանը չէի սիրահետում,
Համբերությանը` խոստումներ տալիս,
Անտարբերությանը` դատափետում:

Ժամանակ կար՝
Յոթ սարից այն կողմ
Էլի յոթ սար կար,
Ու էլի յոթ սար,
Ու երբեք հրաշքն այդ չէր վերջանում,
Քանի որ տատս իր հեքիաթներից
Ինձ միշտ մի խնձոր բաժին էր հանում…

***
Սեղմում եմ մտքերս, տողերս, բառերս.
Երևի աշուն է,
Թողնում եմ անաղարտ, կըտկըտան հանգերը.
Անձրևը հուշում է:
Հպվում եմ երկնքին` մի կարճ կյանք է ընկնում`
Թիթեռի թև եմ,
Դարձի ճամփեքից նոր գույներ եմ գտնում`
Երևի հաղթել եմ…

***
Կարոտներիս մեջ հորիզոններ կան,
Ձեռքդ պարզում ես` բոցավառվում են,
Հույզերիս խորքում քնած տողեր կան,
Հենց մոտենում ես` երևակվում են:

Տքնանքներիս մեջ առավոտներ կան,
Ձեռքդ պարզում ես` լուսաբացվում են,
Անդունդներիս մեջ բաց երկինքներ կան,
Հենց որ դիպչում ես, թևն արթնանում է:
Զրկանքներիս մեջ հին երկյուղներ կան,
Ձեռքդ պարզում ես` բյուրեղանում են,
Փրկանքներիս մեջ ամուր ձեռքեր կան,
Հենց որ սեղմում ես` զորեղանում են:

Զարմանքներիս մեջ սառած դողեր կան,
Ձեռքդ պարզում ես` լուռ խաղաղվում են,
Գաղտնիքներիս մեջ կինն է հենց, որ կա,
Նրան մատնված դեռ ընթանում եմ…

***
Ես ամեն օր բարձրանում եմ լույսի գահերին
Այն մեղքերի համար, որ ուզում եմ ապրել,
Ժպիտ եմ բաժանում այն մարդկանց կրկին,
Որոնց սիրուն երբեք ես չեմ հավակնել:

Թևերս գրանցում եմ ճախրելու հերթում
Ու գույն-գույն փետուրներ շարում վրան,
Քայլերս թաղում եմ խորունկների գրկում,
Որ քարշ տալու դասեր նորից ինձ չտան:

Անցյալին եմ թողնում ջուրը հիշողության,
Ավազը փայփայում երակներում խորքի,
Տագնապների ներվը լռեցնում եմ անձայն
Ու խիղճ եմ նկարում ճակատին իմ բախտի:

Իմ մեջ թափառող խղճուկ ստվերներին
Նորից վերջին խոսքի իրավունք եմ տալիս,
Որ լսելի դարձնեն բոլոր դավերը ինձ
Ու վախերը բոլոր դարձնեն տեսանելի:

Ես ամեն օր իջնում եմ մահվան գահերից,
Որ իմ պատմությունը նորից նվիրեմ ինձ…

***
Ես քարանձավ եմ անկողպեք, անդուռ,
Ուր սվսվում են տաք քամիները՝
Իմ սխալների պաղ մոխիրները
Պատեպատ տալով:

Ես քարանձավ եմ անգաղտնիք, անդուռ,
Ուր իմ ճեղքերից ամեն առավոտ
Արևը նորից հրահրում է
Կռիվն ապրելու:

Ես քարանձավ եմ անհասցե, անդուռ,
Ուր իմ պատերին դեռ ամեն գիշեր
Փորագրվում է իմ ինքնությունը`
Առանց զարդումի:

…Դեռ հազարավոր տարիներ առաջ
Հոգիս խազել են քարե պատերին
Ու հազարավոր տարիներ դեռ անց
Չեն վերծանելու գաղտնիքները իմ …

ՀԵՔԻԱԹԻՍ ԱՂՋԻԿԸ
Երբ ջրերի վրա ծղրիդները նորից
Գլորում են իրար ուլունքներ ծըռծըռան,
Ես լուռ հեռանում եմ այս տխուր քաղաքից,
Որ չկորցնեմ հանկարծ հեքիաթիս աղջկան:
Մինչ աստղերը իրենց դալուկ ցոլանքի հետ
Սրբում ու տանում են ամեն մի հին պատում,
Քաղաքը դառնում է հեքիաթասաց վարպետ
Ու մթան ականջին պատմու՜մ է ու պատմում:
Գինետներում մեկ-մեկ դատարկվում են
Առաքինությամբ լի գավաթները զընգուն,
Ցավը` ընդդիմանում, հույսը հարմարվում է,
Երեսպաշտությունը` չարախնդում:
Ճարպիկներն արագ կողմնորոշվում են`
Ծախելով հոգիներն` իբրև անշարժ գույք,
Խաղատներում մոլիներն հաշվում են
Գրպաններ մտնող զեխություն ու հաճույք:
Կոնքեր գալարող կնոջ գինն աճել է
Դոլարի բարձրացող կուրսից էլ արագ,
Պարկեշտության զարդերն արդեն աճուրդում են,
Բայց դրանց ո՞վ կտա թեկուզ մի դրամ…

…Ես հորդորում եմ իմ հեքիաթի աղջկան,
Խոստանալով նրան առավոտներ գույն-գույն,
Որ չլքի նա ինձ գիշերներում այս պաղ,
Դառնա սփոփանքի իմ տիկնիկը սիրուն….

ԵՐԲ
Երբ նյութն իմ մեջ մի օր փոքրանա այնքան,
Որ չկարողանամ հոգիս չտեղավորել,
Ես լուռ ետ կդառնամ դեպի ափերն այն տաք,
Ուր իմ հեքիաթների յոթ սարերն եմ թողել:

Ուր խենթ արևները ծերպերից սրահար,
Նետվում էին գիրկը վայրի քարափների,
Ուր գետը տարփանք էր գլորում խելագար,
Ձորերի փշաքաղ, ճաքճքած ափերին:

Ուր երկնային փառքը տատիս դեռ չէր գտել,
Ու ծխում էր հացի բույրը թոնրի շրթին,
Ուր մշեցի պապս իր հուշերից թել-թել
Նախշեր էր ատաղձում կամարներին բախտի:

Ուր ես հաշվում էի պուտիկները զատկի,
Որ իմ հեքիաթների փեշերը զարդարեմ,
Ծածկում երեկոն մռռոցով մեր կատվի,
Որ հետո սև պոչով գիշերներս կարեմ:

Ուր անձրևների հյուսքերից բարակ
Ծիածանների գույնն էր կաթկթում,
Ուր քամիները մտնում քարանձավ
Ու սեր-սեր էին այնտեղ խաղում թաքուն:

…Երբ նյութն իմ մեջ մի օր փոքրանա այնքան,
Որ հոգու փրկության ոչ մի դուռ չգտնեմ,
Ես կբռնեմ նորից իմ Սկզբի ճամփան,
Որտեղից որ եկել, որտեղ որ գնում եմ…

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Առավոտն անհույս է թվում,
Երազը` տապալված ձիու պես,
Կապույտը գորշից է անթեղվում,
Ճերմակն էլ ճնճղուկ է, ասես:

Խոսքերը սահում են դեպ վար,
Դեպի վեր շշուկներն են թևում,
Ապրելս դարձել է դժվար.
Մեռնելուն ուժս չի բավում:

Ծանրության կենտրոն եմ փնտրում
(Որտեղ էլ գտնեմ` ինձ մեկ է),
Թե փրկվեմ հողմերից անդադրում,
Կսանձեմ քամիներ, որ մերկ են:

Ծանրության կենտրոն եմ փնտրում,
Հոգուցս գլորվել եմ դուրս,
Ամեն խոսք թվում է երդում,
Ամեն ելք` քողարկված փախուստ:

(Թե ինչու ճնճղուկին հիշեցի,
Ու մեջս ծվարեց մի բուռ դող,
Երբ մարդիկ կամացուկ հուշեցին՝
Խղճալը մոդայիկ չէ վաղուց):

Առավոտն անհույս է թվում,
Երազը` տապալված ձիու պես,
Կապույտը գորշից է անթեղվում,
Ճերմակն էլ ճնճղուկ է, ասես…

***
Գրում եմ.
Իմ գույնը:
Գուցե նաև ձեր:
Ու թե ձեր մեջ կամ` մի՛ տվեք հարցեր:

Ճիշտ եմ
Թե սխալ.
Իզուր եք դատում:
Ձեզանով է իմ ցավը փարատվում:

Մերթ`գույն:
Մերթ` անգույն:
Օրերն են աղս:
Ու նրանցից է համ առնում տաղս:

Ուզեք
Թե չուզեք:
Զնգուն քնար եմ:
Ու որտեղ ցավ կա, այնտեղ բարբառ եմ:

Սե՞րն է,
Հավա՞տն է.
Չեմ հաշվել` որքան,
Քայլում եմ լռին դեպի Գողգոթան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։