Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՔՈ ՄԱՍԻՆ
Քո մասին
ամենագեղեցիկ բանաստեղծությունը
թողեցի հացի հերթի մեջ.
ո՜նց են ծփում
ցորենի կապույտ դաշտերը:

Քո մասին
ամենագեղեցիկ բանաստեղծությունը
մնաց պատերազմի փլատակներում.
ի՜նչ երանելի է
հաղթանակի բերկրանքը:

Քո մասին
ամենաչքնաղ բանաստեղծությունը
ուղարկեցի երկինք,
ու տունը դաշտի մեջ
հայտնվեց ինչպես ծաղիկ,
իսկ կապուտաչ մանուկները
տան կտուրից կարդում էին
չգրված բանաստեղծությունները՝
հաշվելով աստղերը:

ԴԵՊԻ ՔԵԶ
Քո ձայնը գալիս է դեպի ինձ:
Ես գիտեմ` դու տվել ես անունն իմ
այն ժամանակ, երբ ես դեռ
անուն չունեի:

Դու իմ պատկերն ես հանում ջրերից
և տեղադրում երկնքի մի կետում,
ուր համատարած լույս է
ու միայն Աստծո պատկերը:

Քո ձայնը տարածվում է իմ մեջ
և ասում՝ խոսի՛ր Աստծո հետ,
ու ես խոսում եմ՝ քո լեզվով:

– Ահա ցամաքը,- ասում է Տերը
և տանում ինձ այն ճանապարհով,
որը բերում է դեպի քեզ:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՆՁՐԵՎ
Ես գրում եմ, որովհետև
մի աղջիկ կա, որ ապրում է երկնքում,
կարդում գրածներս ու արտասվում:
Երբ երաշտ է լինում,
ավելի շատ եմ գրում:
Երբ ես չլինեմ,
աղջիկը կկարդա իմ հին գրածները:
Եթե երաշտ լինի,
ավելի շատ կկարդա:
Աղջիկը նաև ժպտում է,
երբ ծաղիկը անձրևից
հետո բարձրանում է,
ու մարդիկ ասում են՝
ամեն ծաղիկ մի բառ է,
որ աղջիկն արտասանելով
արտասվում է երկնքում:
Ու բառերը ծաղիկներ են դառնում
հողի վրա՝ գույնզգույն, տարբեր
ու բազմաթիվ ծաղիկներ:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
Էն կյանքից մի աղջիկ
ասում էր՝ արի՛:
Էս կյանքից մի աղջիկ
ասում էր՝ գնա՛:
Էն աղջիկը, որ էն կյանքից
ասում էր՝ արի՛,
էն աղջիկն էր, որ էս կյանքից
ասում էր՝ գնա՛:
Էն ու էս կյանքի արանքում`
երկու սկիզբ
ու երկու վերջ ունեցող
ճամփի մեջտեղում,
ես մի կյանք ապրեցի…
շվարած:

***
Աղջիկը անձրևի հետ էր իջել,
ու ամպը խելագարված
կորստյան ցավից
անձրևը պահում էր ուղիղ իր սրտում,
իսկ հողը պայթում էր բերկրանքից,
երբ աղջիկը քայլում էր
իր զարկերակի վրայով,
որ մոտենար իր փխրուն սրտին:

***
Քո աչքերին
բանաստեղծության վերնագիրը կգրեմ,
մատնեմատիդ՝ առաջին բառը,
պարանոցիդ՝ առաջին տողը:
Քեզ ծաղկավոր բառերով
զգեստ կհագցնեմ,
և դու կվազես անվերջանալի
դաշտի միջով:
Ի՜նչ հրաշք է,
երբ դաշտի վրա
բառեր են թափվում զրնգոցով,
անձրևի ժամանակ:

ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ
Ես իջա երկիր
և տեսա, թե ինչպես է
լույսը հողից բարձրանում երկինք:
Տեսա, թե ինչպես է
Աստված հրեշտակների հետ
քայլում ջրերի վրայով,
ուր ձկների վտառները քսվում են
Տիրոջ և հրեշտակների
բոբիկ ոտքերին
ու լողում դեպի հավերժական ջրերը:
Ես իջա երկիր, երբ Չ. Դարվինը
թոթովախոս իջավ ծառից
և վազեց Տիրոջն ընդառաջ.
-Ես կավագո՜րծ եմ,
ես կավագո՜րծ եմ,-
աղաղակում էր նա
ու ծնկի իջնում ջրերի վրա:
Ես իջա երկիր,
երբ պտղի քաղցրությունից
արբել էր երկինքը,
ուր թռչունները կենդանի խաչեր էին՝
օծված թափանցիկ պտղաջրերով:
Ես իջա երկիր, երբ առավոտ էր,
ու աստղերը ջրերից
քամում էին մյուռոնի կաթիլներ՝
օծելու երկինքը, ուր Աստծո
և հրեշտակների ծիծաղը
զնգում էր, երբ ձկների վտառները
խուտուտ էին տալիս
նրանց բոբիկ ոտքերը,
երբ ձկները լողում էին
դեպի հավերժական ջրերը,
երբ թռչունները սավառնում էին
խաչակնքման պես,
ու պտղաջրերը հոսում էին
թռչունների թևերից:

***
Երբ ավարտվեց մանկությունը,
հրեշտակն ու սատանան
միաժամանակ հայտնվեցին:
– Ո՞ւմ ետևից գնամ,
երբ այս ծաղկած դաշտով
կարող եմ քայլել այնքան,
մինչ նշմարվի
հավերժության ավարտը:

ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ
Կյանքը կանգնել է դռան ետևում,
ասում եմ՝ արի՛, ասում է՝ գնամ,
ասում եմ՝ ի՞նչ ես այդպես հետևում,
ասում է՝ գնամ, բայց մահը կգա:

Մահը կանգնել է դռան ետևում,
ասում եմ՝ արի՛, ասում է՝ կգամ,
ասում եմ՝ ո՞ւր ես, որ չես երևում,
ասում է՝ արդեն քո մեջ եմ, տղա՛:

Ու ես եմ կանգնում դռան ետևում,
կյանքը ասում է՝ մո՛տ արի, տղա՛,
մահը մեռնում է իմ նստած տեղում,
ես դեռ ապրում եմ, Աստված է վկա:

ԱՌՕՐՅԱ ԵՐԳ
Վերադարձը` ծաղիկ երփներանգ,
բաժանումը` ծաղիկ դեղին.
ես գտա լույսի մի երակ
այնքան քաղցր ու այնքան լեղի:
Լույսն այդ խմեցի անհագուրդ,
հագա շող երփներանգ, դեղին,
և մի առավոտ կապույտ
փռվեցի քնքուշ հողին:

Եվ հիմա հողի վրա,
աչքերը լույսի շողին,
բացվում են ծաղիկներ կրակ,
երփներանգ ու մեկ էլ` դեղին:

ԱՇՈՒՆԸ ՀՈԳՆԵԼ Է
Աշունը հոգնել է, դեղնել,
ու ծառը հոգնել է, դեղնել:
Հոգնած, դեղնած ծառը
ամիսներ առաջ հարսնացու էր,
հոգնած, դեղնած աշունը՝ գարուն:
Հետո քամիներ եղան,
ու պտուղը լքեց ծառը,
ու հոգնած, դեղնած անպտուղ ծառը
երազներ էր տեսնում`
իբր փայտակույտ էր
ու օրորոց էր դարձել,
իբր փայտակույտ էր
ու հրացանի խզակոթ էր դարձել,
իբր փայտակույտ էր
ու դագաղ էր դարձել
մի հոգնած ու դեղնած
մազերով մարդու,
ով մեծացել էր ծառ-օրորոցի մեջ,
ով կրակել էր ծառ-հրացանից,
ով պառկել էր ծառ-դագաղի մեջ:

ՃԱԿԱՏԱԳԻՐ
Երկրի մի կետում
գրված է իմ ճակատագիրը,
երկրի ճակատագիրը
գրված է իմ ճակատին:
Ի տարբերություն Արքիմեդի`
ես հենակետ ունեմ՝
Տիրոջ ձայնն է,
որ ասում է՝
սիրի՛ր այն տարածքը,
որի վրա գրված է քո ճակատագիրը:
Եվ ես գրկում եմ հողագունդը,
ինչպես կգրկեի քեզ
երկարատև բացակայությունից հետո:

ԱՐՑԱԽ
Մինչև կեսօր ապրում են
թռչունների համար,
կեսօրից հետո` լեռների:
Գիշերն ապրում են
Աստծո համար,
լուսաբացին` երկնքի,
ուր թռչունները հայտնվում են,
երբ Տերը խաչակնքում է երկիրը,
և ծառերը դառնում են երգեհոններ
ու տարածում Երկնավորի ձայնը`
թռչունների լեզվով:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ
Օվկիանո՞սն է հզոր, թե՞ Լեռը.
երկուսն էլ քոնը չեն,
բայց Լեռան վրա մշտապես
դաջված են քո աչքերը,
օվկիանոսը կլանում է քո մարմինը,
իսկ Լեռը ամեն վայրկյան
գալիս է դեպի քեզ:

ԹԱԼԻՆ
Գեղանկարիչ ընկերոջս՝
Սամվել Պետրոսյանին

Կապույտ թոն է կախվել լեռների վրա,
թռչուններն ամպերի մեջ
կտցահարում են
նոր ծնվող անձրևը,
ու անձրևը ծաղկի տեսքով է
թափվում լեռներին:
Այստեղ լուսաբացների մեջ
արտասուք չկա:

***
որտեղ ժամանակը անցյալ չունի
որտեղ ժամանակը ներկա չունի
որտեղ ժամանակը ապառնի չունի
որտեղ ժամանակը
ժամանակ չունի

***
դիպուկահարը կրակեց արևի ուղղությամբ
հոգեբուժարանում ծեր զինվորի
քար սրտից արցունք կաթեց
պատուհանից դուրս հոգեբույժները
դիահերձում էին առավոտը

***
օրվա դուռը կապույտ առեղծված է
բանալին երազանքի զարդատուփում
հաճախ լինում են
ժանգոտված կողպեքներ
ու կապույտ անսահմանությունը
տեսնում ես բանալու անցքից

եղերերգ

մի կատու կտուրին թառած
ճանկռում էր ամպը որ անձրև հանի
մի աղավնի ամպին թառած
թևերն անձրևի մեջ ու կատվի
ճանկերի մեջ
արյուն կա անձրևի մեջ

***
քո կարոտն ինձ բարձրացնում է վերև
հողի կարոտը իջեցնում ցած
ես ինչպես ապրեմ
երբ ներքևում դու չկաս
իսկ վերևում հող

***
դատարկ ճյուղ չկա
ծառը լիքն է պտղով և թռչուններով
պտուղները թափվում են
հողագործի ծով սրտին
թռչունները թռչում են
նրա հոգու ճամփաներով

***
ամայի ճանապարհների վրա
թաքուն արտասվում է արևը
մենակությունը
ծանր է երկնքում
և առավել ծանր այստեղ

հեքիաթ
լինում է չի լինում մի կարոտ
ճերմակ ամպերի մեջ ծվարած
երբ չի լինում ամպերն արտասվում են
ու անձրևի փոխարեն
խնձորներ են թափվում
չուտելու բայց թաքուն
ուտելու խնձորներ

***
օրը քո ձեռքը բռնած
մտավ գիշերվա
հանդերձանքի մեջ
ես գրկում եմ ժամանակը
այնտեղ միայն դու ես

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։