Հայ բեմանկարչության պատմության մեջ առաջին մեծությունների շարքում է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Տիգրանի Արուտչյանը:
Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող էր, որ Ա. Գուլակյանը և Մ. Շաթիրյանը երիտասարդ նկարչին հրավիրեցին Գ. Սունդուկյանի անվան թատրոն` ձևավորելու Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն» ներկայացումը, որը ճակատագրական եղավ Ս. Արուտչյանի համար և մինչև 1972-ը մնաց Մայր թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: «Թատրոնում 19 ռեժիսորների հետ արեցի 43 ներկայացման ձևավորում: Ես այն երջանիկներից եմ, որ ոչ միայն տեսա, այլև աշխատեցի Լ. Քալանթարի, Վ. Փափազյանի, Հր. Ներսիսյանի, Օ. Գուլազյանի, Ա. Ավետիսյանի, Գ. Ջանիբեկյանի, Ա. Կոթիկյանի և հայ բեմի այլ մեծերի հետ» («Թատերական Երևան», 1984, թիվ 6):
Նկարչի կյանքում մեծ դեր է խաղացել Վ. Աճեմյանը, որի հետ թատրոնում կատարել է 16 ներկայացման ձևավորում: «Անսպառ երևակայություն, մեծ տաղանդ, հաճախ մանկան միամտության հասնող ծայրահեղ համեստություն: Այսպես մնաց իմ հիշողության մեջ այդ խոշոր, հազվագյուտ ռեժիսորը»,- ասում է բեմանկարիչը:
Նա բեմը, նրա տարածքը վարպետորեն էր օգտագործում, շատ լուծումներ գտնում էր բեմը պտտելու միջոցով, այդ է նկատի ունեցել երջանկահիշատակ Լ. Խալաթյանը, որ գրել է. «Ոչ մի հայ նկարչի հրամանով բեմը այնքան շատ չի պտտվել, ինչպես Արուտչյանի ձևավորումներում: Այս ամենը, մանավանդ շքեղ լուսավորությամբ և ռեժիսուրայի արդարացված միզանսցեններով, մեծ տպավորություն է թողնում…»: («Թատերական նկարիչների մասին», ՀԹԸ, 1983):
Ս. Արուտչյանը տևական աշխատեց Հր. Ղափլանյանի հետ. «Սունդուկյանի անվան թատրոնում ես հանդիպեցի Հր. Ղափլանյանին, որի հետ մեր կատարած բազմաթիվ ներկայացումներն ինձ համար ամենաճակատագրականը, գուցեև ամենանշանակալիցը եղան»: Մեծանուն նկարիչը առանձնահատուկ վերաբերմունք ուներ Մայր թատրոնի նկատմամբ. «Շատ սերունդների համար Գ. Սունդուկյանի անվան թատրոնը եղել է սեփական կյանքի մի հատված, անձնական կենսագրության նվիրական էջ, և այն ամենը, ինչ վերապրել ես այդ թատրոնում, մնում է հիշողությանդ մեջ որպես վառ, անկրկնելի պատկեր»:
Վարպետի աշխատանքներում զգալի տեղ է հատկացված էսքիզներին: Երևանում ցուցադրելուց հետո ներկայացվեց Մոսկվայում` համամիութենական ցուցահանդեսում, այնտեղից Բրազիլիա` Սան Պաուլո: Բեմանկարչության մեծ վարպետը համագործակցեց մեծանուն ռեժիսորների հետ նաև Հայաստանից դուրս, որոնց արդյունքում ծնվում էին բարձրարվեստ գործեր: Ռուս հանրաճանաչ ռեժիսոր Գ. Տովստոնոգովը, որի հետ ստեղծագործական սերտ կապեր էր ստեղծել Ս. Արուտչյանը, բարձր է գնահատել հայ նկարչի ստեղծագործությունները:
Ս. Արուտչյանը ձևավորումներ է կատարել Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Խորհրդային Միության և արտասահմանյան շատ քաղաքների առաջատար թատրոններում, «Հայֆիլմ» կինոստուդիայում` «Նվագախմբի տղաները»: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել (գեղանկար, գրաֆիկա, էսքիզներ) Երևանում, Մոսկվայում, Դիլիջանում և այլուր:
Նա այն եզակի բեմանկարիչներից էր, ով կես դարից ավելի համագործակցեց հայ անվանի ռեժիսորներ Լ. Քալանթարի, Ա. Գուլակյանի, Վ. Աճեմյանի, Տ. Շամիրխանյանի, Վ. Վարդանյանի, Հր. Ղափլանյանի, Զ. Տատինցյանի, Ե. Ղազանչյանի, Մ. Ռաֆայելյանի, Ալ. Գրիգորյանի և այլոց հետ:
Վարպետի լավագույն աշխատանքներից շատերը գտնվում են հանրապետության և աշխարհի առաջնակարգ թանգարաններում ու հավաքածուներում: