Վահե Արսեն

ԿՈՐՍՎԱԾ ԱՐԵՎԻ ԱՐԱՀԵՏՈՎ
Գիշերը պատռվում է և ծնում մի նոր
ու հին Արև,
Արևը՝ կորսված արահետներ,
որ մանկական կոշիկ են ինձ համար,
հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա,
կամ էլ իրական կենսագրություն՝
մաշկիցս ամուր կառչած:

Օրավարձով աշխատողների
մթնած շարքերում
ես կրկին ասպետներ եմ որոնում՝
քթանցքներումս զգալով խունացած
թղթադրամի մաշված բուրմունքը:

Շրջանցիր դուռը, եթե այն
օդում է կախված,
կամ էլ բաց է կրնկի վրա…
Շրջանցիր կյանքը, թե մահը
իրական ես համարում…

Ես և էշ հեծած իմ զինակիրը
կարո՞ղ ենք փրկել երևակայական
մի գեղեցկուհու,
փրկել նրան
խախտելով ճակատագրի
անտեսանելի սցենարը
չպլանավորված սովորական մի օր
փրկել
հանուն սիրո,
որը սիրահարին այլևս պետք չէ…
Հանուն սիրո,
ժամանակավրեպ…
զրահապատ սավանի տակ ննջող…

Դոն Կիխոտ, իմ հուսահատության ընկեր,
մենք այդպես էլ չհանդիպեցինք,
ես շատ ուշ ծնվեցի,
դու այդպես էլ չծնվեցիր,
դառնալով տառ ու հերոս:
Դոն Կիխոտ, քո վիրտուալ կամուրջներով
ետ պտտիր հողմաղացները ժամանակի,
դու գիտակցում էիր խելագարությունդ
և հիմա էլ փայտե ձի հեծած,
քո աչքը տեսնում է
պտույտները աշխարհի,
թույլ տուր համտեսել-զգալ
գետի ընթացքը հակառակ…

թե՞ սա զուտ պատճառ է,
Արևը տեսնելու պատրվա՞կ…

Ես ուշացա մի քիչ,
և գետը դարձավ առօրյա մի հոսանք.
սովորական-ծանոթ հեռախոսազանգ.
դարձավ (իրական)…

Որսա՛ պահը,
գետը միշտ անշարժ է,
հողին ամուր կառչած,
հավատարիմ՝
ի տարբերություն…
Ինձ
և
Քեզ
և
քաղաքի…

Էլեկտրալամպով լուսավորված գիշերում,
քաղաքը հարդարում է իր քաղաքական
մռութը՝
այն դարձնելով դիմագիծ…
ժամանակի գալարվող
հայելիում ափով ծածկում աստղը ընկնող,
միգուցե վերջինը այս գիշեր,
ճակատագրական,
որ կյանք կտևի, թե անձրևի
երկուսիս գլխին միաժամանակ…

ժամանակը չեզոք էր մեր նկատմամբ,
նույնիսկ անտարբեր…

ժամանակը հենց քաղաքն է,
ժամանակը ես եմ,
երբ անցնում եմ կամրջի վրայով:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԶԱՆԳԸ

Ձյունը սպեղանի է վիրակապված

դաստակների համար,
իմ սեր,
միակ,
կրկնվող,
վերջին,
ոչ վերջին,
մի՞թե առաջին:

Հավերժի սահմաններին
Աստվածն էր կանգնած ծխամորճով,
իսկ ես թռչող ափսե եմ որոնում
և հավատում
երազներին – վերծանում դրանք Ֆրեյդի
օգնությամբ,
մասնակցությամբ,
անմասնակից
ամբոխը շարժվեց գալիք
տոների ուղղությամբ՝
պոկելով խցան-խցանի ետևից…

և շահեց պտուտակահան… հա՜… հա՜… հա՜…

Կարո՞ղ է խցանումն ու քաոսը
առաջացնել Սիրո զգացում
և բերկրանք:
Ես հրճվում եմ խցանումների
կատարյալ քաոսով,
պրկված նյարդերը արագացնում են
գնդի պտույտները,
կարծում եք, թե մեր-ձեր գունդն
ամենակարևո՞րն է
տիեզերական աստղ-ամպերում,

Իսկ, ընդհանրապես, կարևո՞ր է,
և ամենակարևորը՝ (բութ)
ի՞նչն է կարևորը…

Աղբանոցին նետված հապճեպ հայացքը ամենահզոր գուշակությունն է
և իրականության միակ
շոշափելի մասնիկը:
Նման զգացում եմ ունենում
նաև գերեզմանոցում,
հատկապես, երբ քամին
լացի ձայներ է բերում,
և քարերը սկսում են աղմուկից ճոճվել:

Կարո՞ղ ես գուշակել աղմուկի ուղղությունը,
քարացիր,
ականջ դիր օդին, որը շնչում ես,
նույնիսկ արտաշնչում,
ականջ դիր անհոգության
պատրանքներին
ամենասարսափ-երազը հենց քո կյանքն է,
ափսոս,
ափսոս,
որ էլ չեմ հավատում փառասիրության աստվածներին
(դղյակ, Մերսեդես, փարթամակուրծք
սիրուհի և այս ամենի գիտակցումը սեռական ակտից հետո…)
ափսոս, անցորդ, որ դու տոնական խոզաբուդ ես որոնում
(մի բան, որը բոլորը միշտ գտնում են),
իսկ ես՝ ոչինչ,
որոնում եմ ոչինչ,

որոնում եմ ոչինչ կամ մարդ,
կամ նման շարժվող,
փոփոխվող,
աչք հոգնեցնող մի բան,
սեփական մղումների ձեռքը կրակն ընկած,
շուն ու կատվի հանրագումարից
ոչ առավել,
մայրամուտը արևածագից նվաստ դասող:

Ամենը, ամենը մի բան է արդեն,
միայն ոչինչն էր անտեր մնացել:

Գազօջախը անիրական առասպել է,
մետաղի ջարդոնը՝ հարստություն,
հիվանդանոցի մասին մտածմունքը մահ ու
թմբից-թումբ ճանապարհորդող
խնկարկման ծռմռված մի թասիկ:

Փայլեցրու այդ թասիկը ձեռքիդ տակ եղած ինչ-որ բանով,
անպայման ձեռքի տակ եղած,
և հատակին կարդա իրականության
թվա-նիշերը,
(լեզուն անկարևոր է, կարդալ իմանալը՝
ոչ պարտադիր):

Կհասկանաս,
կհասկանաս անմիջապես, որ…

Փրկությունը մոտակայքում է,
երկու քայլի վրա,
ազատ անկու՞մ,
թե՞ դրա գիտակցումը,
անվայրէջք անկումը ժամանակի Արքան է,
գաղտնազերծող կախարդական փայտիկ,
երբ գիտակցում ես, որ
պատճառն ու հետևանքը սպառել են իրենց,
խաբել քեզ,
ժամացույցի ավազահատիկներն անվերջ են ու դաժան,
իսկ ես, թե փշրվեմ,
ոչ մի ձգողություն էլ ետ չի հավաքի,
և հույսս դրել եմ հավերժի սահմանների անտեսանելի կողմում ծխամորճ
բանեցնողի վրա,
հույս, որ դժոխքը կշարունակվի,
(լավագույն դեպքում՝ դրախտում)
տարիների մի կարճ ակնթարթ ևս,
իսկ դրանից հետո՞….

Մի ամաչիր,
և հարցրու,
դե՛,
դե հարցրու, թե
Ի՞նչ է հուշում զանգը և
(ամենակարևորը) Ո՞ւմ…

2 thoughts on “Վահե Արսեն

  1. Այս ի՞նչ հայերեն է. հեղինակը հասկանու՞մ է իր այս տողերի իմաստը. «Արևը՝ կորսված ոտնահետքեր, Որ մանկական կոշիկ են ինձ համար,
    Հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա»…

  2. Իմ նախորդ մեկնաբանության մեջ «ոտնահետքեր» մեջբերման փոխարեն պիտի լիներ «արահետներ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.