Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

 

ՈՏՔԴ ԴԻՐ ՀՈՂԻՆ
Թե պարտված ձեռքը
Բռունցք չդառնա,
Վշտի արցունքը
Չի ոգիանա:

Ծովահեղձն, անշուշտ,
Դա վաղուց գիտի,
Բայց դեռ ճգնում է,
Որ հասնի գետին:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԵՈՐԳԻ
ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Հ. Սահյան
Աստղերի հետ ոտնուծոցի՝
Գիշերն ամբողջ չքնեցի…
Լուսնի շողը դեռ բարակում
Ու փոխվում է լուսնալացի:

Սալքարերի ծանր բեռամբ
Ինձ ուսն առավ գիշերը պաղ,
Ու մեղմօրոր ու մանրաքայլ
Բլուրն ի վեր թափորն ելավ:

Սուգն հարգի չէ հիմա, գիտեմ,
Լացն ու կականը թող, հոգի՛,
Գիշերն անցա, հասա եդեմ՝
Աստղերի հետ ոտնուծոցի:

Չունեմ վաղվա էլ սպասող,
Անդ հայրենիքն է իմ բախտի,
Մորս անմեռ շոյանքներով
Թող աստղը գա՝ տեղս բացի…
ԵՐԿՈՒՆՔ ՀԱՅՐԵՆՅԱՑ
Ողջ կյանքը տրվեց
Ինքն իր երկունքին,
Որ հրաշք ծնի
Հողն հայրենիքի:

Լայն տիեզերքում
Չգտան մի կետ,
Որ այլ սրբանուն
Չափվեր նրա հետ:

Թե ամեն երկունք
Իր ցավը չունի՝
Շեն աստղադաշտում
Ասեղ չես ծնի:
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Վերնագիրն այս երգի
Նույն տողն է՝ չգրված,
Ինձ ցավակցող քամին
Եվ արցունքն է անլաց:

Ասին՝ այնքան երկար
Թե սպասես բախտին,
Քարը գլխիդ կգա,
Դու լացից չես աճի:

Հույսը կացնին թողած՝
Նորից ծառ բարձրացա,
Քերթությունս տվի՝
Ցավերի տեր դարձա:
Ոչ ոք ցամաք լացից
Դեռ չի բախտավորվել՝
Աշխարհն էլ ողողվի
Շնորհներով ավել…
ԺԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՍ ԳՆԱՑԻ
Ժամադրեցիր այնքան մոտիկ՝
Վերջին զարկի տակ իմ սրտի:

Ձյունեղ բառերը շուրթերիս՝
Ծաղկեպսակ դարձան ձեռքիդ:

Հասանք: Իջար, դու գնացիր,
Ես անդ հավիտյան մնացի:

Գերեզմանը հպարտ նայում՝
Դեռ սարն ի վեր էր բարձրանում:
ԻՄ ՃԱՄՓԱՆ
Ճամփա ընկնելուց առաջ՝
Ես միշտ մանուկ մնացի…
Մանկան նման լուսազարդ,
Միշտ անխորհուրդ, անխորին:

Բան չգրվեց, որ վրան
Ավելացնեմ մի բերան,
Պապանձվեցի գրոց մեջ,
Ինձնից բառի համ չառան:

Բերքը հողմերին թողած՝
Անհողուջուր թոշնեցի,
Ես ինձ տարա գրկաբաց՝
Ցավի սրտում թաղեցի:
ՏԱԳՆԱՊ
Պակաս պակասի՝
Ավելանում է
Պակասն աշխարհի:

Լռում, չեմ երգում:
Ալեկոծվում են
Ծովերն ավերքի:

Ներկայից մտնում,
Ելնում անցյալից՝
Գլխիս եմ տալիս:

Պակաս պակասի՝
Ավերակվում է
Աշխարհն ավելի:
ԴՐԱԽՏԱՅԻՆ ՋՐԵՐ
Կապույտ շապիկս հագնեմ,
Պերճանքը զառ դաշտերիդ,
Ճայերի հետ շաղախվեմ
Դրախտային ջրերիդ:

Ափերիդ հևքով տրտում
Քո ցավի տեղն իմանամ,
Բացեմ գաղտնիքը հոգուդ՝
Լո՜ւյս, փրկությո՜ւն շշնջամ:

Թող քնքշանքով պարուրված
Է՜ն աստված էլ իմանա,
Որ վերքի հետ քո ներփակ՝
Նա ափ չունի ու սահման:

Հրճվանքի դուռը բացեմ՝
Իմ Գեղամա լեռներում,
Երկիրն իմ օծվի նորեն
Դրախտային ջրերում:
RONDO
Մեղավոր քեզանով՝
Իմ վրա մեղավոր
Արև չծագեց:

Քեզանով, արև՛ս,
Իմ վրա դարավոր
Սառույց կապեցի:

Մեղավոր քո վրա,
Իմ վրա մեղավոր՝
Էլ արև չծագեց:
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ե՞րբ են արդյոք թռչունները ճերմակում,
Այն, որ զարկվում, մահն են ցնցում իրենցով,
Այն, որ չվում՝ անցյալից ու ներկայից,
Տուն ու տե՞ղ են դնում մի զուտ հրաշքով:

Թե ձյուն տեղա՝ ձյունից հետո անսահման,
Ծով ու ցամաք մառախլաքողը ծածկի,
Թե թռիչքի պահին երգը մոռանան՝
Թռչունները ճերմակում են կրկնակի:

Ե՞րբ են արդյոք թռչունները ծերանում,
Այն, որ հանկարծ ե՞տ են մնում երամից,
Այն, որ սրտի և աչքի զարդ-բարձունքից
Փետուրները դարձի երկի՞նքն են ծածկում:

Երբ ձնում է՝ ձյունից հետո ահավոր,
Եվ աչքի հույզ ու սրտի զարկն է լռում.
Ո՞ւր են չվում թռչուններն հուղարկավոր՝
Ոչ մի թռչուն բաց երկնքում չի մեռնում:
ԿԱՐԳՈՎ ՀԱՐԳԱՆԱՑ
Գերյալ, գրավյալ
Ու նավաբեկյալ
Սիրտս կթաղեք

Այն զուլալ ջրում,
Ուր չի կատարվել
Դեռ ոչ մի թաղում:

Զի պղտոր ծովում
Խցկվում են միշտ
Արցունք ու սամում:
ԾՆՆԴՈՑ ԵՐԳ՝ ԹԱՄԱՐԻՆ
Հրեշտակաց աչքերով
Ու ձևերով աստեղաց,
Մի աստծո առավոտ
Նա երկնքից իջավ ցած:

Ու շողեշող փոխանցվող
Տեսիլք դարձավ անմարմին
Եվ իր թովչանքը մեղմող
Շշուկների մտերիմ:

Շուրջը տոն էր, խնդություն,
Նա երկնացոլ իր աչքից
Մարգարիտներ էր հանում՝
Շարում ծաղկաթերթերին:

Չկար երկինք, պարապ շող,
Չկար բախտի փորձություն,
Ինքն իր տեսքից ցնորվող
Խելք ու մտքի փրկություն:
ԴԱՐԸ՝ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ
Այս ի՜նչ աչքով ես
Ինձ անաչք նայում,
Որ աչքիդ մեջ եմ,
Բայց չեմ երևում:

Իսկ ես՝ մի դար է,
Որ նայում եմ քեզ,
Ու թվում է… դեռ
Նոր պիտի տեսնեմ:
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ես քեզ որտե՞ղ չեմ որոնել՝
ԱնԵս գլուխս խոնարհած,
Սրբացած փոշին եմ մաքրել՝
Անբախտության բախտի առաջ:

Հույսը պահած արցունքներով,
Ես քո շունչն եմ շնչել՝ անշունչ,
Հեռվից աճող արմատներով՝
Երգը պահել կյանքից առաջ:

Ես քեզ որտե՞ղ չեմ որոնել:
ԶԱՐԿԻ ՀԵՏ ՍՐՏԻ
Նե՜նգ, ահասարսուռ
Մի ահ կար օդում,
Որ պատից խարխուլ՝
Մունջ, դարակշիռ
Ժամացույցն հիմա
Իմ գլխին կգա…

Պատը սրդողած
Անհույս երերում,
Բիրտ ծանրությանը
Էլ չէր դիմանում՝
Զի ժամանակն էր
Իրենով պահում:

ՔԱՌԱՏՈՂԵՐ, ՈՒՐ ԱՊՐՈՒՄ Է
ԲԱՌԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

***
Համբերությունն էլ
Համբերանք ունի,
Թե չափը անցնես՝
Իր հետ կթաղի:

***
Եկավ, ոսկե փոշի հանեց,
Ջարդուփշուր այգիս արեց,
Զարմանալի մի հմտությամբ՝
Փրկեց ու նոր ինձ սպանեց:

***
Ձեզ չբավեց իմ նվազը,
Փոշիացավ ավելը միշտ.
Բոլորից թանկ իմ եղածը՝
Իմ չեղածը մնաց ընդմիշտ:

***
Ինքնասպանության միտք
չուներ քամին՝
Քանզի հենց քամով էր
քամին սնվում.
Վարքաբանությամբ դահճի և զոհի՝
Ցավը միշտ շողում ու չի հնանում:

***
Բացվիր առավոտ՝ ինքնաշրջանցի,
Ինձ հույս բուրվառիր,
սնուցիր սիրով,
Որ ճյուղազարդվեմ
երգերով գալիք,
Գեթ հեռվից աճեմ իմ արմատներով:

***
Այնպես ժպտացիր՝
կայծակը հալվեց,
Բոցավառվեցի ես ակնթարթում,
Մոլորակները մոխրացան անտես՝
Դեռ այն ճրագն է իմ աչքը ծաղկում…

***
Ցավի հետևից
Պատը չի գնա,
Միայնակ քարը
Պատին չի մնա:

***
Դեմառդեմ բերին
Մեզ կանգնեցրին.
Փշրվեց անդեմ
Դարի հայելին:

***
Երբ լռությունը
Բարբառեց հանկարծ.
Ո՞ւր թռավ խոսքը՝
Բերանը բռնած:

***
Քամու աջ ձեռքն էր,
Արշավաբեռն էր,
Ավարն իր բաժին՝
Իր դատարկ ձեռքն էր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։