Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ԴԵՍՊԱՆԻ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԷԼԵԳԻԱՆ
(Խևոտ լուրերի հորձանուտում)
1
Մեծահարուստ
Էքելեքյանի իմ տանը՝
(որ նաև դեսպանատուն էր)
Վաշինգտոնում,
ուր անցյալը փոշի էր դառնում,
իսկ ներկան հրաժարվում էր շարունակվել,
լսում էի երկնաքեր դարձած շենքում`
ոնց են գաղթականների
ոսկորները մաշվում-ճաք տալիս, ճրթճրթում
(նրանք նաև դեսպաններ էին տարբեր երկրներից)
հանց կավճե ֆլեյտա,
որ հնչյունից ցրիվ եկավ
քամու մրսած քթանցքի տակ,
և Ղարաբաղի Հանրապետության
դեսպանի իմ դեմքը թրծվում էր
Արցախից եկող մարտական լուրերից,
Վաշինգտոնի կոնգրեսի քամիներից,
դառնում կավե կոնդակ,
ուր ապրելու և օրենք կիրառելու համար
պետք էր փախչել մի ուրիշ երկիր,
այնքան ծանր էր ոսկրացած կոնդակի հարվածը,
որ հալյուցինացիայի մեջ հայտնվեցին
Հայաստանի մորուքավոր լեռները,
Արցախի դիրքերը՝ Աղդամի մոտ,
նավթի համար մղվող
մարդկային ցեղի
ճիվաղային պատերազմները,
որտեղ մարդու հեղվող արյունը
100 անգամ էժան էր
քարյուղի տարտամ շիթերից
և դոլարի վրա տպված մամռապատ դեմքերից,
որոնք ազնիվ քաղաքական գործիչներ են եղել
մի ժամանակ,
իսկ դոլարի վրա դարձել են
ճիվաղային հոգու խզբզանք:

2
Երևի ճիշտ է այս անհանգիստ դարում
փոխել մաշկը, ձեռք բերել նոր դիմակ,
այլ աչքեր, այլ ուղի, այլ երազ…
բայց մեկ է՝ անելու եմ նույնը…

Վերից իջնող անձրևը
սեղմում է իր ծանոթ բույսերի արմատները,
քշում նրանց ոչխարի հոտի պես
դեպի լպրծուն, բայց սննդարար ընդերք,
որ խավարի մեջ հանգստանան…

Ինձ խորհուրդ տվողները
Քաղաքում հավաքվել են ուրիշ տեղ,
և տեսնելով, որ ես չեմ փոխվում
իմ տեսիլքների երկար միջանցքներում,
սգում են իրենց պարտությունը,
կարծելով, թե հեշտ է ինձ կոտրել…

3
Իսկ Վաշինգտոնում,
Երևանից ինձ արձագանքներ են հասնում.
որ կուսակցությունն այն հայտնի,
հղփացել է հանց բուդ խոզի,
կուսակցություն,
որի համար պետք է նոր մթերանոց,
նոր առանձնատուն և նոր ճտանոց,
դեպուտատ-գեներալների մի մասը,
ինչ-որ խևոտ գեներալի առանձնատանը,
շալախո էր պարում այլ դեպուտատների
հաստավիզ ուսերի վրա,
մեր դեմ խաղ չկա,
ասաց քյալլագյոզ գյուղագրի խրտվիլակը,
ներքին գործերի,
որ գիրացել էլ էր
հանց չաղ գետաձի, ջանդակ խոզի…

4
Իսկ մաքուր երկինքը մինչ այդ
որոշեց ընդլայնել իր տարածքները,
հանրապետության սառնարանների վրա
իշխող գեներալ-տղերքը
որոշել են գնալ թագավորական որսի.
ի փառս վերջացող հարյուրամյակի
խփեցին 50 բադ և 10 վարազ,
(խմեցին հարյուր շիշ օղի)
դոփապարեցին ողջ գիշեր…
հաստաբեստ ուսերին գնդապետների…

5
Իսկ միաչքանի կենտավրոսը
դեռ գործում է իր սև շենքի խոռոչում,
որ Անաստաս Միկոյանի
տունն է եղել նախկինում,
ուր եփվում էր սև եփուկը
կոմպարտիայի դիրեկտիվի,
հիմա դարձավ լալոշ խևի
առանձնատուն-դաչա-տարածք,
ուր հավաքվող փողի բանդան՝
քաղաքական պարապ վախտի խաղալիքը,
մի ժամանակ
որոշում էր ազգի բախտը՝
անբախտ ազգի, որ հիմա էլ
փարա չունի,
տարածք չունի,
չուխա չունի,
բոմժն է ասես սև խոռոչի…
Սոսկ ահռելի խանութների
ուրվականն է շրջում դրսում,
մեկ էլ լղար պահակների
շքախումբը վերին թաղում,
որ հենց ինքն է հիմա թռցնում
ինչ պատահի մարկետներում…
ԱՍՏԾՈ ԱՐՎԱՐՁԱՆԻՑ՝ ՄԱՐԴԱԿԵՐՊ ԿԵՆՏՐՈՆ
1
Նորից ամենօրյա Հադեսի
խորքն են իջնում մարդիկ-
մետրո, ուրբաթ օրվա ավարտ՝
դեպի ջղաձիգ հանգիստ և
երկիմաստ հայացք՝ մետրոյում…
Բայց այս ի՞նչ արցունքներ են շարվել-կետկիտվել
քաղաքի ճաղատացող գլխին, ուսերին,
Ո՞ւր է կառույցը Աստծո,
որի բարձունքից ընկնողը անմահ էր
մնում մի ժամանակ՝
չհասնելով սուրսայր հողի մահացու խոռոչին…

Դառնահամ հյութ են արտադրում
հիմա բոլորը (քաղաքական պիտակով դաջված)
անգամ հյութ չունեցող
Կենդանակերպի նշանները
(որ փորձում են դառնալ կեղծ հավատք)
որ հիմա ավետում են Աստծո կրակի՝
Ահեղ դատաստանի հայտնվելը
երկրագնդի վրա,
աշխարհի վրա, որ սարսափած է
իր բաժին կրակի ահագնացումից,
արյան սոսկահար ռիթմերը խժռում են հոգնած
մարմինը դեռ ապրող մարդու…

2
Բայց Աստծո կրակը մի ժամանակ
Սիրո կրակ էր,
հիմա այն փոխվել է Պետության ջանքերով
Ատելության, Ցավի…

Աստծո սիրասուն հայացքի դրոշներ՝
կրակի ամրապինդ կտորից,
նեղլեզու բոց՝ այդ նույն կտորից հյուսված…
Բայց մեկ է՝ մարդ արարածը
մտնում է համառորեն դժոխքի իր որջը՝
չլսելով կանչը
Երկնային Խոսքի…

Բայց հրկիզված, թալանված Շուշիում,
դարասկզբին վառված խոտն ու տատասկը
դեռ մնում են թարմ,
և կարելի է փշե պսակ հյուսել
Քրիստոսի կրակներից բոսոր
ճակատի համար,
որ չի ատում մեզ՝
ցավի կրակներում տապակվելով…

3
Երկնքում բարձրացավ լուսինը,
բառաչում են նրա ցոլքերը ամպերում,
որ սփռված են Ստամբուլի աղքատ թաղամասերում,
ջարդված գաղթականի աչքի սպիտակուցը, բիբը,
դուրս են պրծնում ակնախոռոչից
և թափառում տաճիկ
մարդասպանի հետևից,
որ գորգը ձեռքին, յուղով օծված,
գնում է շեղաչվի իսլամի
ոռնոցը լսելու,
և քամակը ցցելու Մուհամեդի ուղղությամբ…

4
Իսկ ես ձայներ եմ հավաքում
Հանդերձյալ կյանքում
ապահով ապրելու համար,
թոշակս նման է
ցեցը կերած հնոտի գոգնոցի,
որ կորցրել է հրաշքի կախարդանքը…

Բացարձակ մի Տեսիլք
հոտոտում է մարդկանց
հանց շունն իր տիրոջը,
բայց չի մխիթարում ոչ մեկին,
այնքան արագ է քայլում լքված, անհավատ ամբոխը
(գորշ մառախուղի վերարկուն հագին)
գործից հետո տուն,
այնքան մտազբաղ է նրա սարսափը
կյանքի առաջ,
որ մտմտում է ինքնասպանություն
Կամ՝
Եկեղեցու ծանր կամարի ներքո
հայտնվելու ցանկություն,
երբ կգա Վշտի աղճատված դեմքը՝
որպես վերջնական Հայտնություն…

Այնժամ բոլորն իբր
Եղբայրներ են,
այնժամ Աստծո երկճյուղ բոցե լեզուն
(մեկն՝ ատելություն, մյուսը՝ սեր)
վերուվար կանի դռանդ շեմին,
կժայթքի՝ հանց մեկ միասնություն,
փշրելով Չարի կճղակը կարծրածին…

ԱՅՑ ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ
Ավերակների միջից՝
Շուշիի
մոռացված,
հրկիզված,
թալանված
սենյակները…
Խունացած պատերին՝
աղոտ նախշը երեխայի
խզբզանքի…
Մոտեցող
ավերակների միջից՝
ուր դար առաջ
հարազատներս են ապրել,
հիմա մանկական սենյակում
և խոհանոցում,
բույն են դրել մողեսն
ու ավերակներում բնակվող
տարօրինակ թռչունը,
նաև սև կարիճի այն տեսակը,
որ թալանչի թուրքի դիմագիծն ունի
և արագ քողարկվում է
մեզ տեսնելով-
հետո կխայթի, երբ ժամանակը գա…
Բայց անգամ ավերված՝
քաղաքը
արծվի պես թառել է ժայռին
և նայում է ներքևում փռված
Արցախին,
խոցոտված, ծեծված հողը
տարածվել է
հանց կնոջ մարմին,
որ հրաշքներ կգործի
թե արթնանա…
Ավելի վերև՝
սգավոր օդը տարածվել է
հարթավայրի
և Շուշի-ժայռի
շիկացած մոշաթփի միջև,
ուր սևգլուխ
ծիծառների մի խումբ
մկրատում է օրվա
լեռնային շոգը,
ներքև տանելով
գաղտնի մի ուղերձ…
Թափառելով Շուշիում,
մեր նախնիների երկար ծառուղով՝
ամենուրեք դատարկ, խոռոչանման,
մրոտ խորշեր,
ամայի, հանց վաղուց լքված
լուսնի երկարուկ դեմքեր,
որ մոռացել է այգաբացին
Աստված հետ վերցնել,
և նա ցոլքեր է դեռ սփռում,
ավերակներին տալով
դիվային, ուրվականային
դեղնագույն տեսք…
Մոռացված, սրբացած ավերակ-քաղաք,
որ օղակվել էր կարծր թփերով,
անմոռուկների գիպսից սարքած
սառը հայացքով,
կիսված, ինչպես շփոթված
մտքի ընթացք,
ես ասես մխրճվում էի
սպիտակ ատամնաշարի մեջ
ավերակների,
որ բարբարոս թուրքի
սև գործն էր ծայրեծայր,
ես ստվեր էի փնտրում
ապրելու համար՝
ավերակի ստվեր,
ուր ցրիվագլուխ հատուկենտ կակաչներ
սրում էին ասեղը մոռացության,
այնքան բաց էր վերքը
Շուշիի,
որ ամեն տան շեմին
անտես պահակ կար՝
սպանված երեխայի
արթուն մայր…
ԱՅԴ ՕՐԸ ԿՌՎՈՂ ՋՈԿԱՏԻ ՀԱՄԱՐ…
(Արցախ)
1
Այդ օրը կիրակի էր,
ներքև իջնող հավատքի նշան,
բայց անտառը վառվում էր
հավասար կրակով,
ուր ռումբ էր իջել անհասցե,
և թվում էր՝ ջոկատը
ուր որ է կծածկվի-
կթրջվի մանրահատիկ
ջրի սառը ցողով,
որ վխտում էր ամենուրեք,
հանց ադրբեջանցի-թուրքի գումարտակ…

2
Ռազմական մայրամուտի ժամերին
թվում է՝ աշխարհը
շրջվում է գլխիվայր,
և կրակած գնդակը
հետ է գալիս դեպի քեզ,
դեպի ընդերքը
արնածոր գոյության,
որտեղ դևեր կան մեզ հսկող…

Ոչինչ չի մնացել
հենց նոր գրաված այս գյուղից՝
սոսկ եզրեր չունեցող լաթի շերտեր,
որ գյուղի տներն էին մի ժամանակ,

Նաև հագուստը թշվառ մարդկանց՝
նրանց մահը տարավ ակնթարթում…

3
Եվ բառի խորքից
բարձրացող Սուրբ Խաչը
սրտիս մեջ թողնում է
տարօրինակ իր աղոթքը,
իր խաչը՝ խաչափայտի պես
կարծր, անողոք,
ասես Խոջալու գյուղը հենց իմ սիրտն է,
որ ավերել են մաս առ մաս…

4
Իսկ մենք շարունակում ենք ուղին,
վերապրելով նավաբեկությունը,
ասես ծովային
ծեր
գայլ,
որ չի լքել
դիտորդի հարթակը,
անգամ նավը
կորցնելու պահին…
ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՓՈՇՈՏ ՄԻ ԼՈՒՍԻՆ…
1
Եվ գյուղական
փոշոտ մի լուսին
հսկում է մեր քայլը՝
անթարթ ու լռին
երկնքից վերև՝
վիրաբույժի դեմք՝
զննող անհունից,
հանց լքված ծնող:

Դեղին է ուղին,
վարսերը՝ ցրիվ,
հսկում է քայլը
ցեխի մեջ դաջված,
պատճենահանում
կաթնագույն լույսով
մեր ամեն շարժում
և կորուստ
և մահ…
2
Ջոկատի համար
օրը վերջացավ,
հերթը լուսնինն է՝
սառը-անտարբեր,
սուրում է առաջ,
ավելի վերև՝
աստղերի վտառը
փշրեց գիշերվա
սև բետոնից սարքած
մոնոլիտ պահը,
դուրս սահեց քնից
խավար սարսափի,
ուր լքված գիսաստղը
ժայթքում է կրկին
դոշաբի պես թանձր
երկնակամարում,
թռչում-կայծակվում,
մինչև որ դառնա
ինքնահրկիզում…

3
Վե՛ր կաց, արթնացի՛ր,
թե կարող ես՝ թա՛փ տուր
քնաբեր ցողը դառը անտառի,
որ հսկում է մեր
ընդհատ երազը
կարծր հանց կաղնի,
հանց դժոխքի մեջ
գործարքներ գաղտնի…

4
Այս բացակայությունը
նման է ավերմունքի,
բայց ուր ժամանակը գոյություն ունի,
գուցե անտառակը ընկղմվել է իմ մեջ,
բայց դրսում մնում է դաժան-անփոփոխ,
կամ ճահճի շե՞րտ է հայտնվել մթնում,
որ կլանում է դաժան, անողոք,
ինչը թվում էր կարծր ու անդեմ,
ուր այլ կերպ ենք փորձելու ապրել:

5
Եվ միայնակ հոգիները՝ զինվոր դարձած,
անցնող ժամանակի գերիներն են,
որ սուզվում են դանդաղ գալիքում
և փորձում դուրս գալ
ժամանակի հզոր շրջափակումից,
որ փաթաթվել է նրանց ոտքին,
նրանց ծանր, սևացող ուսապարկին,
որ տանում է առաջ զինվորին,
ասես պուպրիկներ է
սփռել դաշտում,
որ սպասում են
իրենց դաժան հունձքին…

4
Իսկ հիմա,
Լուսին,
այնքան բարձրացար՝
էլ չես երևում,
թե ոնց ես շարժվում
այդ վերևներում…
Արցախ, Մարտակերտ, 1993 թ.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՐ ՏԱՆ ԱՄԱՆՈՐԻ ՎԵՐՀՈՒՇ
Ջոկատը մտավ
մայրամուտի ստվերներից ծնվող
անտառի եզրը…
ոչ մի խարույկ,
պետք է քողարկվել
(միայն դաժան մահն է բացահայտ)…
Դիմացի բլրի վրա
գյուղացին քշում է իր նախիրը,
ասես ո՛չ կռիվ կա, ո՛չ զոհեր,
այնքան խաղաղ են կովերն արածում
բլուրն ի վեր…
Մի պահ ժամանակի զգացումը
վերածվում է հովվերգական նկարի,
որտեղ ոչ մի հետք պատերազմի:
Բայց հայտնվող մշուշը
խամրեցնում է ամեն ինչ ծույլ
խոնավությամբ,
պատառիկներ թողնում թանձր
անտառից
և փափկացող, կարծր բլուրներից…
Հանկարծ հիշում եմ
Ստեփանակերտի
մանկության մեր տան
Ամանորի սեղանը,
ուր հնդկահավի փորը՝
չրերով լցոնված,
նայում էր անթարթ առաստաղին,
և լիքն էր ժրաչվի, դեղնաչվի,
թթվահամ,
քաղցրահամ չրերով,
ուր չորացրած, երկփեղկ,
թթվաշ հոնը
իշխում էր բոլոր
չրերի վրա,
նա նավապետն էր նրբիրան բույրի
և թանձրացող ամռան այգիների տերը:
Ձմռանը
այդ այգին մնում էր ձյան տակ խոժոռ,
ունքերին իջած ձյունը թվում էր մի փութ,
թանձր խծբծանքի մեջ ճյուղերի
անտես մաքրության հրե խառնարանը
Աստծո կնիքն էր շտապ պատրաստում,
որ այգին դուրս գա խոր ցրտից,
ուշաթափության վերմակը նետի ապրիլյան երկինք,
և կլոր արևը նորից կլցվի հրե եփուկով…
Եվ դու չգիտես՝
ինչպես դուրս կորզել
ծառերի խորքից
այգին գալարող
սպասման երգը,
այնքան փոփոխական էր
ձայնը քամիների…
Իսկ այստեղ
մահը՝
հանց ծանր բվեճ,
սավառնում է ցածր,
թևը քսելով
գունաթափ խոտի
մաշված դեմքին…
Այստեղ չկա երջանկության
օղակումը մեր այգու…
Չոր անտառն է միայն
դիք կանգնած,
զգոն, հանց երախը բաց
,Կալաշնիկով» ավտոմատ,
որի հետ բանակցելն
անօգուտ է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։