Հրատարակվել են Անահիտ Պարսամյանի երեք վիպակները` ,Շուշան-Վարդենի» (Էջմիածին, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2007), ,Օշինդրի բույրը կամ սուրբ Վահան Գողթնացի» (Էջմիածին, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2010) և ,Աշոտ Երկաթի խաչը» (Էջմիածին, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2013), որոնք բոլորն էլ, ըստ էության, սրբագրական-վարքագրական վիպակներ են, իսկ վերջինը կարող ենք համարել նաև պատմական վիպակ: Ստեղծագործությունների ծնունդը պատահական չէ. սրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է պատմական որոշակի ժամանակահատվածում իրենց կյանքը հայոց երկրին ու հավատքին նվիրաբերած, պատմականորեն հավաստի անձանց, ովքեր հաստատել են Եղիշե պատմիչի ձևակերպած ,վասն հայրենյաց, վասն հավատո» կարգախոսը: Նրանք չեն մնացել իրենց ապրած ժամանակի ու եկեղեցու պատմության մեջ, այլև մերօրյա ներկայություն են, արդիական ու սպասված նաև մեր հանրության ու եկեղեցու համար, քանի որ ,այսօր հավատի մեր ծառը նույն խնամքի կարիքն ունի օտարադավան զանազան տարափոխիկ հողմերի ու հարձակումների դեմ: Ոսկեսեր գործակալներ` կրոնական ասպատակությունների միտող, փորձում են շեղել մեզ մեր պապերի սուրբ հավատից, որ դարեր շարունակ զորավիգ է եղել մեզ` մեծախորհո՛ւրդ և անշփոթելի» [1, 10]:
Վարքագրության ժանրը դրսևորվել է հայ հին ու միջնադարյան գրականության մեջ, սակայն իր շարունակական արտահայտությունը չի ունեցել մեր նոր և նորագույն գրականության մեջ (թերևս յուրահատուկ բացառություն է Մուրացանի ,Անդրեաս երեց» վիպակը), այս պատճառով էլ Ան. Պարսամյանի հիշատակված երկերը ասես էականորեն լրացնում են այդ բացը:
Շուշան-Վարդենին Վարդանանց պատերազմի հերոս և նահատակ Վարդան Մամիկոնյանի դուստրն է, վրաց Աշուշա բդեշխի հարսը, հաջորդած բդեշխ Վազգենի կինը: Հեղինակը, հիմք ընդունելով ,Շուշանիկ. վկայաբանութիւն սրբոյն Շուշանկան դստեր մեծին Վարդանայ» երկը, պատկերում է սովորական մարդու` վասն հավատի նահատակության պատմությունը, նրա սրբանալու ընթացքը: Ստեղծագործությունն այնպես է հյուսվել, որ նրանում տեղ են գտել և՛ սրբախոսականը, և՛ վարքագրականը, և՛ պատմականը, և՛ կենցաղայինն ու արկածայինը, սակայն առաջին հերթին ուշադրություն է դարձվում Շուշանիկի` իր հավատին հաստատ կանգնելու, այն չուրանալու, սրբանալու հոգեբանական հիմնավորմանը: Շուշանը այն հավատի ու հաստատակամության կրողն է, որ նրան է փոխանցվել իր ծնողներից: Շուշանը Վարդան Մամիկոնյանի գործի շարունակողն է: Շուշանի ամուսինն ուրացել է քրիստոնեից հավատը, հանուն իր նպատակների իրականացման փորձում է հավատափոխել նաև կնոջը, մազդեզաց սովորությամբ կին է նվեր ստացել պարսից Պերոզ արքայից, բայց և անտարբեր չէ իր դստեր հանդեպ, ամեն կերպ փորձում է հավատափոխել նաև իր զավակներին` հայոց սրբազնագույն կաթողիկոս Սահակ Պարթևի ծոռներին, հայոց սուրբ սպարապետ Վարդան Մամիկոնյանի թոռներին: Ձևավորում է դաժանագույն բռնակալի կերպար, որին էլ հակադրվում է Շուշան-Վարդենին, այդ պատճառով էլ տեղ հասած գույժին` ,Քո ամուսինը ուրացավ քրիստոնեությունը և ատրուշանները երկրպագեց` պարսից կրոնն ընդունելով» [1, 18], հակադրում է իր որոշումը. ,Եվ արդ, Տեր Հիսուս Քրիստոս, ինձ ու իմ որդիները հանձնում եմ քեզ, դու ես Տեր ու Աստված, իսկ ես պատրաստ եմ չարչարանքներ կրելու և մեռնելու քո սուրբ անվան համար, որովհետև դու Աստված ես ճշմարիտ, և քեզ է վայել երկրպագություն ու փառք հավիտյանս հավիտենից» [1, 19]: Ուրացողի` մոգերի, մոգպետների, կանանոցի, սպասավորների ու զինվորների, ատրուշանների հետ Ցուրտավ հասնելուց հետո Շուշանիկը մեկուսանում է անշուք, հողաշեն մի քողտիկում և յոթ տարի շարունակ աղոթքով, ապաշխարությամբ, այլոց բժշկելով, մաքրագործվելով, անգամ հարազատ զավակների ուրացությունն ու կորուստը (միակ Մանե դստեր և Սահակ որդու) տեսնելով, զրկանքներ կրելով, բռնության ենթարկվելով ու մեկուսացմամբ գնում է իր վերջին հանգրվանին: Նրա կողքին մարդիկ կան, որ ուղեկից և օգնական են եղել` Բրաբիոն դայակը, սենեկապանուհի Էթերին, սակայն մահու դեղ տալով` նրանց հեռացնում և Շուշանիկին մեկուսացնում են: Բայց Շուշանիկ տիկինը իր հավատքի ուժով կարողանում է ոչ միայն զորանալ, այլև բուժել անբուժելի հիվանդների, մարդատեսքի բերել անգամ նրանց, ովքեր գործիք էին իր ամուսին Վազգենի ձեռքին: Այդպիսին է Սև Հոռոփը, որ իր հոգու խորքում պահել է մաքրության մի փոքրիկ փշուր. ,Զարմանալի՛ հոգեփոխության էր ենթարկվել Սև Հոռոփը. էլի՛ անփոփոխելի տգեղ, սակայն արցունքից թաց նրա աչքերում խորունկ, անփարատ վշտի այնպիսի անկեղծ արտահայտություն կար, որ դիմացինի հոգու մեջ էր թափանցում» [1, 193]: Ֆեյրուզ խանումը, որ Վազգենի կինն է և Պերոզ արքայի զոքանչը, այցելում է Շուշանիկին, և ,Ֆեյրուզի կանաչափայլ-դեղնավուն, նշաձև աչքերում հիացումի հետ համախառն սոսկանքի մի արտահայտություն երևաց» [1, 183]: Յոթ տարվա տառապագին կյանքն աստիճանաբար սրբացնում է Շուշանիկին: ,Քրիստոնեական կրոնի և նրա պատգամած լավի, ճշմարտության, առաքինության խորհրդանիշ դարձավ Շուշան-Վարդենին; Ցուրտավն իր կենդանի, տառապող սրբուհին ունեցավ և հպարտանում էր նրանով: Միայն Ցուրտավինը չէր, ողջ Վրաստանինն էր: Քաղաքային գունագեղ բառուբանի մեջ ավելի ու ավելի հաճախ կարելի էր հանդիպել Շուշան տիկնոջ անվանը: Այսպես. ,Ի՛նչ է, Սուրբ Շուշանից ավելի՞ հավատասեր դարձար», ,Սուրբ Շուշանի մոտ պիտի տանել երեխային, վաղո՜ւց խոսելու ժամանակն է», կամ էլ այսպես. ,Այդ ամբարիշտն այնպես է կնոջ հոգին հանում, ինչպես Վազգեն բդեշխը` Շուշանի»» [1, 191]:
Շուշանի հետ նույն քաղաքում են ապրում նաև քրիստոնեական հավատքի ներկայացուցիչներ` Սամվել, Հոհան, Ափոց եպիսկոպոսները, Հակոբ երեցը: Վերջինս էլ, ըստ հեղինակային մտահղացման, վարքագրությունը գրի առնողն է: Նրանք ուզում են օգնական և նեցուկ լինել Շուշանին, բայց Շուշանն ընտրել է իր ճանապարհը, և բոլորն էին հասկանում, որ Շուշան-Վարդենին գնում է, ավելի շուտ` սրբանում է իր նահատակությամբ:
Հեղինակը ձևավորում է ոչ միայն հոգեբանական, այլև իմաստասիրական այն ,միջավայրը», ուր ամբողջանում է Շուշանիկ տիկնոջ կերպարը: Նա իմաստավորում է կյանքի ու մահվան խորհուրդը. ,Կյանքի գոյությունը մահվան մյուս բևեռն է պարզապես: Գոյության երկու նժարներն են Կյանքն ու Մահը: Թող օրհնյալ լինի Կյանքը, քանի որ կա Մահը: Թող ընդունելի լինի մահը, քանի որ կա Կյանքը: Մահվան ստույգ օրը չէ՜, որ մեռնում ենք. դրանից առաջ մեռած ենք լինում բազմի՜ցս…
Լքումը մահ է:
Կսկիծը մահ է:
Մոռացությունը մահ է:
Ոչ ոք չգիտե, թե որքա՜ն երկար է հույսի ճամփան մինչ հանգրվանն ամենայնի» [1, 207]:
Շուշանիկ-Վարդենին հայոց սրբախոսական գրականության երևելի դեմքերից է, նրա կերպարը սիրվել ու ընդունվել է ոչ միայն ժողովրդի, այլև հայոց առաքելական եկեղեցու կողմից, և հայոց Քաղոց ամսի տասնյոթին նա անցավ հավերժության սահմանը` մարդկանց երկրում մնալով որպես հավատքի համար նահատակված սրբուհի: Պատահական չէ, որ հայոց եկեղեցու տոնացույցով սեպտեմբերի 22-23-ին, այլ սրբուհիների հետ, նշվում է նաև Շուշանիկի օրը, և կարդացվում է նրա վարքը:
,Օշինդրի բույրը կամ սուրբ Վահան Գողթնացի» սրբախոսական վիպակը վերաշրջանառության մեջ է դնում 8-րդ դարի հայ իրականության ընդգծված դեմքերից մեկին` Վահան Գողթնացուն, որի վարքը պահպանվել է Արտավազդ վանականի հեղինակությամբ: Իր ապրած օրերից հետո քրոջ` Խոսրովիդուխտ Գողթնացու կողմից հյուսվել է ,Շարական Վահանայ Գողթնացւոյն» երկը: Անահիտ Պարսամյանն ավելի հավատարիմ է մնացել վարքագրությանը:
8-րդ դարի դեպքերն են ընկած այս պատումի հիմքում: Սակայն հեղինակը որպես պատումն իրացնող սյուժետային միջոց ընտրել է վերհուշը: Վահան Գողթնացին որդին է Գողթն գավառի իշխան Խոսրով Գողթնացու, ում 703-ին այրեցին արաբները հարյուրավոր այլ իշխանների, ազնվականների, ազատների հետ Նախիջևանում և Խրամում: Այս ժամանակ չորս տարեկան երեխա է եղել Վահան Գողթնացին, և նրան գերեվարել, հավատափոխել ու տարել են արաբները: Վահանին Վահապ անունով մեծացնում են խալիֆի հովանու տակ: Նա տարբերվում է իրեն շրջապատող երեխաներից իր խելքով, շնորհներով, լեզուների իմացությամբ` ապահովելով ապագայի մեծ հնարավորություններ: Նա ուսուցիչ ունի` Համմադ ար-Ռավիան, որ որոշակի հարգանքով է մոտենում Վահանին ոչ միայն որպես աշակերտ ու մարդ, այլև որպես այլազգի մի պատանի, ում ազգությունը, այդ ազգության ստեղծած մշակույթն ու լեզուն նույնպես հարգանքի են արժանի: Սա է պատճառը, որ ուսուցիչն ընդառաջ է գնում աշակերտի` նախնիների լեզուն սովորելու ցանկությանը, և Վահանը հայերեն սովորում է հավատուրաց մի հայի մոտ: Վահանն անընդհատ հիշում է ճակատագրական դիպվածը` հոր և հարազատների նահատակությունը: Վահանը արդեն հասել է արքունի դիվանապետի աստիճանին, նրա հետ հույսեր է կապում խալիֆը` ենթադրելով պետական ծառայության այլ աստիճաններ, սակայն սեփական ինքնության փնտրտուքն ու այդ ինքնությանը վերադառնալու անհագ ձգտումը ի վերջո հանգեցնում են նրան, որ Վահանը Ոմառ (Օմար) խալիֆի թույլտվությամբ վերադառնում է հայրենի Գողթն գավառ որպես կառավարիչ. ,Քանի որ Աստված քաղցրացրեց ձեր գութն իմ հանդեպ, արձակեցեք, որ տեսնեմ իմ հայրենի երկրի ավերածությունների որչափությունը և ձեր հրամանով գործակալ նշանակվելով` վերադառնամ ձեզ մոտ» [2, 47]: Սակայն Ոմառի մահից հետո Վահանը ,որոշեց չվերադառնալ հայրենիքից», ոչ միայն չվերադառնալ, այլև վերադառնալ իր նախկին հավատքին, և ,չէր թաքցնում քրիստոնեական ուխտի մեջ վերահաստատվելու հանգամանքը»: Սակայն արաբ-տաճիկների կողմից սա գիտակցվելու է դավաճանություն. ,Տաճիկները սովորաբար շուտ էին զգում դավաճանության հոտը, իսկ դավաճանների հետ շատ դաժան էին վարվում, մանավանդ երբ խոսքն ալլահին դավաճանելու մասին էր» [2, 48]: Վահանը հասկանում է, որ իրեն ինքնություն տված ազգն ու երկիրը կարող են տուժել իր ,հավատուրացության» պատճառով, և որոշում է հեռանալ ու ապաստանել Հունաց աշխարհում` թողնելով իր ողջ կարողությունը, կնոջը, հարազատներին: Բայց շրջապատի մարդիկ այլ գնահատական են տալիս. ,Իրավամբ տիրելով հայրենիքիդ` մեզ ևս մեծ հույս էիր: Այժմ, տեսնելով մտադրությունդ, երես ենք դարձնում քեզնից, և դու մեզ համար ո՛չ կենդանի ես, ո՛չ մեռած» [2, 50-51]: Իսկ միակ հավատարիմ թվացող մարդը նրան չմատնելուն ի գին պահանջում է Վահանի երիվարը: Մնում է այսուայնտեղ ապաստանելը, ապա նաև դիմում է խելահեղ մի քայլի. ,Գնաց հասավ այնտեղ, ուր տաճկաց (արաբների) իշխանն էր, և իր հավատի համար թույլտվություն խնդրեց, մանավանդ որ ծանոթ էր Սուրբ Գրքին և քաջահմուտ` իմայելական առասպելաբանությանը: Ոչ թե հանդգնորեն դեպի մահ էր գնում, այլ իր ճշմարիտ հավատին հաստատություն և նրանց ստությունից հրաժարվել էր ցանկանում»:
Մի քանի օր բանտում և իր հավատի մեջ հաստատ մնալուց հետո Վահան Գողթնացին նահատակվում է, ,ահաբեկվում սուսերով»` դասվելով հայոց նահատակների շարքում: Հայոց եկեղեցու տոնացույցով հունվարին նշվում է Վահան Գողթնացու հիշատակության օրը:
Ի տարբերություն Շուշանիկ-Վարդենիի և Վահան Գողթնացու` Աշոտ երկաթը բազմաթիվ անգամներ է դարձել հայ գրականության մեջ պատկերման առարկա: Հիշենք Ղևոնդ Ալիշանի հայտնի տաղը, պատմավիպասան Բագրատ Այվազյանի համանուն վեպը, անպայմանորեն` Մուրացանի ,Գևորգ Մարզպետունի» պատմավեպը: Ահա և հրապարակի վրա է Անահիտ Պարսամյանի ,Աշոտ Երկաթի խաչը» պատմական վիպակը, որ իր մեջ նաև սրբախոսական տարրեր ունի:
Ժամանակի ու պատմության մեջ մարդու ստացած մականունը երբեմն ավելի բնորոշ ու վճռական է դառնում: Քչերին է վիճակված ստանալու այնպիսի բնորոշում, որ կուղեկցի մարդուն իր կյանքի բոլոր հանգրվաններում: Երկաթ մականունը բնորոշում է Աշոտին մի շարք կողմերից` որպես մարդու ամուր, պինդ լինելը, ասպետականությունը, անկոտրում ոգին: Վիպակի հեղինակը քիչ է հեռացել Մուրացանի վեպի առանձին դետալներից, առանձին դեպքերում էլ նոր վիպական պայմանականություններ է ստեղծել: Այսպես. եթե Մուրացանը, օգտագործելով Հովհ. Դրասխանակերտցու մի նախադասությունը` ,Եւ ի կրունկն դարձեալ Շահանն կոչեցեալ շահ` խաղայ գնայ անդէն ’ ի սիրեցեալն իւր յՈւտի գաւառ» (,Եվ Շահան կոչված շահը ետ է դառնում ու այնտեղից շարժվում գնում է իր սիրած Ուտի գավառը») [4, 320-321], այն ,փոքր-ինչ սխալ է թարգմանում»` ,գնում է Ուտի գավառը` իր սիրեցյալի մոտ» և սրանով իսկ սկզբնավորում հայ գրականության անկրկնելի կերպարներից մեկին` Ասպրամին, որը մեզ ներկայանում է անընդհատ միջնորդավորված, և որի հետ կարող ենք զուգահեռել միայն բակունցյան Տիգրանուհուն, ապա Պարսամյանը ստեղծում է Ասպրամի իր համարժեքը` Դորիս պարմանուհուն, ով ,սեփական ձեռքով Աշոտի վիզն էր անցրել արծաթյա համեստ մի խաչ` զուսպ, ինչպես վայել էր ճակատագրի իր դժվարին ուղին սկսող զինավառ արքայորդուն» [3, 6]: Փոքրիկ այս դետալը էական դերակատարություն ունի վիպակի հյուսվածքում: Հոր` Սմբատ արքայի նահատակությունից և եղբոր` Մուշեղի մահից հետո հայրենյաց գահը ժառանգած Աշոտը իր խաչն է համարում նաև հայրենիքի փրկության և ազատագրության գործը, գիտակցում, որ կա մահերից լավագույնը. ,Իսկ մահերից լավագույնը հայրենի հողի համար զոհվելն է. երանելի, երազելի մահ, Մահ-պարգև» [3, 63]: Աշոտի համար ողբերգություն է անզավակ հեռանալը, այդ պատճառով էլ որդեգրում է պատանի Սմբատիկին և նրան նվիրում իր խաչին հար և նման մի խաչ: Վճռական ճակատամարտից առաջ կիսանիրհի մեջ հայտնված Աշոտին տեսիլք է հայտնվում. ,Տե՜ր իմ, Աշոտի կիսանիրհ վիճակը չխանգարեց ճանաչելու Աստվածամորը: Հեզանուշ, տխուր աչքերով նայում էր, հետո բարձրացրեց աջ ձեռքը… Ուղեցույցի նման ձեռքը շարժում էր առաջ ու վեր, դեպի անդունդի այն կողմը, ուր արդեն մթնած երկնքով մեկ լույս էր ճառագում բարձրադիր, արծաթափայլ մի խաչ: Աստվածամայրը ձեռքով ցուցանում էր այդ խաչը` էլի ու էլի…» [3, 69]:
Աշոտը հավատարիմ մնաց իր պարտքին ու գործին, իր երկրին ու հավատքին, ասել է` իր խաչին: Սրա շնորհիվ էլ նրա 14-ամյա գահակալությունը հիշվում է որպես հաղթանակների ու վեհացումների շրջան:
Անահիտ Պարսամյանի այս վիպակները անթերի չեն: Կարելի է տեսնել պատումի հատվածայնություն, երբեմն էլ հաջորդաբար ներկայացվող իրողությունները անմիջական կամ տրամաբանական կապի մեջ չեն, առանձին դեպքերում փոքրիկ մեղանչումներ կան պատմական փաստի հանդեպ (ասենք` Սահականույշը մի դեպքում գիտակցվում է Շուշան-Վարդենիի մայր, այլ դեպքում` տատ, Վարդենին նահատակվել է 43 տարեկան հասակում, այնինչ ասում է, թե Վազգենի հետ ապրել է 40 տարի, և այլն): Սակայն որպես նպատակադրված ամբողջություն այս վիպակները ծառայում են մի հիմնական նպատակի` հայոց քրիստոնեական հավատի ամրապնդմանն ու զորացմանը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Անահիտ Պարսամյան, Շուշան-Վարդենի, Էջմիածին, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2007:
2. Անահիտ Պարսամյան, Օշինդրի բույրը կամ սուրբ Վահան Գողթնացի, Էջմիածին, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2010:
3. Անահիտ Պարսամյան, Աշոտ Երկաթի խաչը, Էջմիածին, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2013:
4. Հովհ. Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Ե., ԵՊՀ հրատ., 1996: