Սուրբ տաճար, մայրիկ…
ՋԻՎԱՆԻ
Վարսենիկն ուրիշ է։ Չի ապրում ուտելու, չմրսելու, խրատելու և ախըրը խեր լինելու համար։ Մոր հետ է վերապրում, Փիրուզին թագավոր անվանում։ Շարունակական տագնապների մեջ է։ Զավակները արդեն մեծ մարդիկ են, բայց չեն կարողանում լավ խնամվող մորը փրկել կարոտախտից։
Վարսենիկի մայր Փիրուզը՝ տեղից հարուստ ընտանիքի դուստր, էլ ավելի էր հարստացել եկեղեցում, դարձել լավ վաստակող Նվիրյալ։ Նույնիսկ… Ժամանակին մարդուն անուն էր դրել՝ ես՝ ո՞ւր, դու՝ ո՞ւր։ Բայց միությունը հաջող էր, մինչև… մահը կբաժաներ։ Օջախի պատերից ներս ու դուրս երջանկություն էր թագավորել։ Էս ամենը՝ մի կողմ։ Թագավորը անմեղ էր, կաթողիկոսին թունավորելու գնով մեջտեղից հանելու անաստված պատմության մեջ ինքը, լավ իմաստով, չկար ու հիմա էլ չկա։ Ցմահ աշխատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Եվ դա՝ այն թվերին, երբ սխալ փռշտալու և նույնիսկ լռելու համար էլ մարդկանց աքսոր էին ուղարկում։
Մեղմաբարո Փիրուզին, մի խոսքով, ամուսնու մահից հետո զրպարտում են, և նրա աղոթքաթաթախ բարօրությունը վերածվում է անդուլ տագնապահողմի։ Նա արխիվների արքան էր և իր օրում որևէ մեկին սուրճ մատուցած չկար։ Վարսենիկը հիմա 90 թե 100 տարեկան է, դա էս պահին այնքան էլ կարևոր չէ։ Այլ այն, որ մոր անմեղությունը, նրա ձայնն ու շշունջը, նրա մրմունջը իրեն ստիպել են նույնը ասել և նախորդ դարասկզբին։ Հիշողությունը գերազանց է աշխատում, հազարի վրա։ Իր միակ թեման է։ (Իսկ ինձ ամեն անգամ հարցնելով է տեղը բերում)։ Արխիվների տնօրինուհին պատասխանատու էր նաև որբերի համար, որ հիմնականում Էջմիածին հասել, եկեղեցու պատերի տակ ցախ դարձած, ոսկրացած, փորներն ուռած… դողդոջուն ծերուկների նման, մանուկ թե մեծ, մարում էին։ Նրանց ամենքին ընդունել էր պետք և արագ։ Տեղավորել, լողացնել, հագցնել, տաքացնել, կերակրել։
Երբ Փիրուզը նոր շոր էր ունենում՝ պիտակով, զորօրինակ, էդ դժվարագույն թվերին ետեղեռնյան, երբ շատ քչերն ունեին հնարավորությունը լավ հագնվելու, շորը հնեցնում էր, ապա նոր հագնում, որ մյուսների առջև մնա համեստ ու հասարակ, ինչպիսին և կար։ Չարչարած շորը զգենում էր՝ չտարբերվելով աղքատներից։ Ծանր էր տանում ամուսնու մահը, բայց նվիրվելով նվիրվեց և՛ իր երեխաներին, և՛ որբերին։
Հայաստանում աղքատներին, ավելի ճիշտ՝ ընչազուրկներին, ավելի՛, ավելի ճիշտ՝ հայ որբերին… նրա չափ պարեն ու հագուստ, կացարան ու ջերմություն բարեգործած չկար և ոչ մեկը։ Որպես զմի էր հաղքատաց… Եղեռնի թվից և հետո…
Էջմիածնում որբերն ավելի շատ էին, քան ծնողատերերը։ Որբերը՝ Էրգրիս սո՛ւրբ գաղթականները… Վարսիկը նման որբություն չէր տեսել։ Մայրը կարողացավ հոր տեղն էլ տալ և ապրել շա՜տ երկար, 100-ից էլ անդին։ Օր չկա, որ Վարսիկը չհիշի ծնողքին, կարդալ չտա «Նե»-ում Կարմենի տպագրած հոդվածն ու չզայրանա. «Ի՛նչ, ի՛նչ են ասում, ախր։ Մայրս անմեղ է միշտ»… Փիրուզը կարողացավ զրպարտանքից մաս-մաքուր դուրս գալ, առանց կոտրվելու և առանց վրեժի։ Թախծում է Վարսիկը. «Ոնց կորցրի մորս, ախր… Նոր էր 100-ը բոլորել»։
Ծնողը Հավերժի մասնիկն է։ Ինչքան երկար ու լավ ապրի, նույնքան օրհնություն ու խեր է։ Ահա։ Զավակները բերում, նորից են սեղանին դնում նույն ամսաթերթը, ու արդեն քանի՜ այց է, մտովի կատակում եմ. այնքան ծանր է, որ երեքո՞վ են բերում։ Եզրերը արդեն քրքրված, ծալված տեղերը՝ անընթեռնելի։ Եվ ես ակնոցի տակից էլ աչքերս կկոցելով՝ հազարամյա ընթերցողի նման եմ սկսում։ Սա չորրորդ անգամն է (հաշվել եմ), ու Վարսիկն ինձ հա՜ ուղղում է, ամեն չգրված վայրկյան։ Չգրված օրենքի չափ՝ ճշգրիտ, ամենը, ինչ աչքը էլ չի տեսնում կամ թերի, ուղղում է, զի սրտում գրված կա։ Սիրտն է զգում ու սիրտը ասում։
…Ինչքան մեծացել, այնքան մոտեցել է մայրական որովայնին, ամենաապահով վայրը՝ վայրերի մեջ, անգամ եթե…
…Անգամ եթե ինքն էլ մահանա (մահանա մահը՝ հեռանա), Մայրական Սուրբ Որովայնը կահագնանա, կանսահմանանա, Երկինք կդառնա…
2022 թ.