Կան գրողներ, որոնց անունը տալիս անմիջապես պատկերացնում ես ուրույն ու անկրկնելի մի աշխարհ, որը թեև հավերժորեն եղել է նրանցից առաջ ու հավերժորեն գոյություն կունենա նրանցից հետո, բայց որն իր առանձնահատուկ գեղեցկություններով բոլորին հայտնի է նրա՛նց անունով և նրա՛նց շնորհիվ։ Այդպիսի գրող է Ակսել Բակունցը։ Ինչպես Լոռին՝ Թումանյանի, Կարսը՝ Չարենցի, Վանը՝ Մահարու, Խարբերդը՝ Թոթովենցի, Երզնկան՝ Մնձուրու, այդպես էլ Բակունցի շնորհիվ հայ գրականության մեջ հավերժական գրանցում ստացավ Գորիսը, հինավուրց Կյորեսը՝ իր Մթնաձորով, Կաքավաբերդով, Բասուտա գետով, իր բնաշխարհիկ մարդկանցով։
Ակսել Բակունցը… Ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողը, արձակի նուրբ քնարերգուն, ամենադրամատիկ կերպարը ամբողջ 1930-ական թթ. գրական-հանրային անցուդարձի մեջ։
Ակսել Բակունցը… Հայ գյուղերի վիշտն ու թախիծը, հայ մարդու խոնարհ ու տխուր կյանքի գեղագիրն ու օրհներգուն, մեծ կարոտների ու անդառնալի կորուստների խնկարկուն, հավիտենական մոռացության մեջ թաղված մարդկանց հոգիների լռության ունկնդիրն ու գաղտնիքների բանաստեղծը։
Նա՛, ով պիտի գար և հայ գրականության հնամյա գրքում գրանցեր Մթնաձորն ու Կյորեսը՝ որպես գեղարվեստորեն նվաճված հայրենիքի մի եզերք։
Նա՛, ով պիտի գար ու խոսեր սարին ու քարին խառնված մարդկանց սիրուց ու կարոտից, ցավից ու տառապանքից, այդ սարին ու քարին ձուլված հարազատ բարբառի զրնգուն մաքրությունից ու պարզկա գեղեցկությունից։
Ակսել Բակունցը գրականություն մտավ ի՛ր երկրի ու ի՛ր բնաշխարհի ընդերքից՝ բերելով քարանձավների նախաստեղծ շունչն ու անցնող ժամանակների, անցնող սերունդների հոգու պատմության քարե մատյանը, որի մեջ արձանագրված է դարավոր ավանդույթի վերածված ժողովրդի կեցության իմաստությունը։
Ակսել Բակունցը գրականություն մտավ նաև հայ գեղարվեստի հարազատ գրկից, որի ճանապարհն ուղենշել էին Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանը, նաև՝ Համաստեղն ու իր ժամանակի մյուս գրողները։
Բակունցին գրականության մեջ սպասում էին։ Նա պիտի գար։ Սպասողը ժամանակի գրական օրենսդիրն էր՝ Եղիշե Չարենցը։ Բակունցը պիտի գար, պիտի ստեղծվեր նրանց գրական եղբայրությունը, և նրանք դժվարին ժամանակներում «մայրագյուղ» Երևանը տիրոջ պես պետք է դարձնեին մայրաքաղաք Երևան, իրենց կյանքի գնով իսկ պայքարեին հայ գրականության արժանապատվության համար, ժամանակի պաշտոնական գաղափարախոսության ապազգային քարոզչության դեմ կանգնեին որպես ընդդիմադիր ուժ, իրենց շուրջը համախմբեին իրենց հոգին սին գաղափարների չծախած մի քանի այլ գրողների ու գրականագետների և միասին կրեին հայ գրականության ծանր լուծը, որը թե՛ օրհնանք էր, թե՛ անեծք։
Ակսել Բակունցն ապրեց շուրջ քառորդ դար տևած գրական մի կյանք. գրիչը ձեռքն առավ 1913-ին և վայր դրեց գնդակահարությունից հինգ օր առաջ՝ 1937 թ. հուլիսի 3-ին, երբ փրկության հույսով շարադրում էր իր վերջին նամակի՝ արյունով գրված տողերը։ Կյանքի այդ կարճատև ակնթարթի մեջ նա ձևավորվեց որպես գրող ու քաղաքացի, որպես հայ մարդ ու հայ մտավորական և ստեղծեց ու ժողովրդի հոգևոր պատմության մեջ ընթեռնելի տառերով դաջեց իր կնիքը՝ Ակսել Բակունց՝ գրիչ ու ծաղկող, ծնված Գորիս քաղաքում։
Ո՞վ էր նա, որտեղի՞ց եկավ և ի՞նչ արեց։
Բազմանդամ և աղքատ ընտանիքի զավակ էր։ Կրթությունն ստացավ Գորիսի ծխական դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1915-ի օգոստոսին՝ հայրենիքի համար օրհասական մի պահի, դիմեց Հայկական կենտրոնական կոմիտե՝ հայ գաղթականներին օգնելու և հայրենիքին ինչով հնարավոր է ծառայելու պատրաստակամությամբ։ «Պատրաստ եմ գործելու ուր որ կամենաք… Համաձայն եմ ամենածանր ու դժվարին աշխատանքը կատարելու» (Ա. Բակունց, Երկեր, հ. 4, էջ 369),- այսպես էր գրում 16-ամյա պատանին։
Եվ եկավ այդ պահը։ 1917-ին հրաժարվեց Գևորգյան ճեմարանում ուսումը շարունակելու հնարավորությունից և մեկնեց գործող բանակ։ Էրզրումի գնդում եղել է շարքային զինվոր։ Մասնակցել է Աշկալայի, Իլիջայի, Մամախաթունի, Արդահանի, Կարսի կռիվներին և Սարդարապատի հերոսամարտին։ Զորացրվելուց հետո թղթակցել է լրագրերին։ 1920-1923 թթ. ուսանել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում։ Վերադարձել է Գորիս և 1924-1926 թթ. աշխատել որպես Զանգեզուրի գավառի գյուղատնտես, հողբաժնի վարիչ։
Այս տարիներին էլ եռանդով թղթակցում է մամուլին։ «Խորհրդային Հայաստան» և «Մարտակոչ» լրագրերում տպագրվում են նրա «Գավառական նամականի» և «Մեր գյուղերում» ակնարկաշարերը։ Դրան հաջորդում են մեկը մյուսից չքնաղ պատմվածքները՝ «Միրհավ»-ը, «Ալպիական մանուշակ»-ը, «Խոնարհ աղջիկ»-ը, «Մթնաձորի «չարքը»», «Սաբու»-ն, «Աքարում» և այլն։
1926 թ. մարտից Բակունցը վերջնականապես հաստատվում է Երևանում և աշխատում հողժողկոմատում։ Բայց նա մայրաքաղաք էր եկել վերջնականապես գրականությանը նվիրվելու համար։ 1927-ին լույս տեսան «Մթնաձոր» ժողովածուն և «Հովնաթան Մարչ» վիպակը։ 1928-ին ստիպված դիմեց հանրապետության ղեկավարությանը՝ ազատվելու զբաղեցրած պաշտոնից։ «Թեկուզ նյութական զրկանքի գնով՝ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում բացառապես գրական ասպարեզում աշխատելու…» (Ա. Բակունց, Ժառանգություն, էջ 48),- գրում էր նա։
Զբաղվեց և մեկը մյուսի ետևից լույս ընծայեց նորանոր երկեր։ Մամուլում հրապարակվեցին հատվածներ «Կարմրաքար», «Որդի որոտման», «Խաչատուր Աբովյան» վեպերից։ Լույս տեսան «Սպիտակ ձին», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը», «Եղբայրության ընկուզենիներ» ժողովածուները։ Նրա գրքերն ու առանձին պատմվածքներ Լենինգրադում, Մոսկվայում, Թիֆլիսում լույս են տեսնում նաև ռուսերեն։ Գրեց մի քանի շարժանկարի գրական բեմագրեր, որոնք նկարահանվեցին։ Ուսումնասիրություն հրատարակեց Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայության մասին։ Թարգմանեց Գոգոլի «Տարաս Բուլբա»-ն, գրաբարից աշխարհաբարի փոխադրեց Այգեկցու առակների «Աղվեսագիրք» ժողովածուն։ Ինչպես այս գրքերի, այնպես էլ Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդություններ»-ի (թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան) համար գրեց առաջաբաններ։ Խմբագրեց գրքեր, այդ թվում՝ Պուշկինի «Կապիտանի աղջիկը», Մ. Ջավախիշվիլու «Արսեն Մարաբդելի»-ն։
Ժամանակը գրական թռիչքի մեջ էր, թռիչքի մեջ էր նաև Ակսել Բակունցը։
Ժամանակը եռում էր նաև գրական կյանքով ու գրական պայքարով։ Բակունցն այդ կյանքի ու պայքարի կենտրոնական դեմքերից էր։ 1933-ին լույս տեսավ Չարենցի, Բակունցի և նրանց համախոհների ուղենշային ելույթը՝ Մկրտիչ Արմենի «Չարենցի և հարակից հարցերի մասին» հոդվածը, որը սոցիալիստական ռեալիզմի գաղափարական բռնատեսությանը հակադրում էր ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարիմ մնալու դրույթը։ Այդ ոգու բարձրագույն ծնունդն էին Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքը, «Կյորես» վիպակը, ինչպես նաև Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, Մահարու «Մանկություն և պատանեկություն», Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակները։ Նույն այդ ոգով Բակունցը 1934-ին ելույթներ ունեցավ Հայաստանի և խորհրդային գրողների առաջին հիմնադիր համագումարներում։
Ազգային ոգու և բնաշխարհիկ արմատների համար 1930-ական թթ. սկզբից Բակունցն անընդհատ գտնվում էր պրոլետարական գրողների հարվածների տակ։ Գրողը մի ձեռքով իր գործերն էր երկնում, մյուսով՝ պաշտպանվում հարձակումներից։ Նրա դեմ ուղղված ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշումներն ու չարությունից կուրացած գրչակիցների՝ արդեն քաղաքական բնույթ ստացած հոդվածները հաջորդում էին մեկը մյուսին։ 1933 թ. ՀԿ(բ)Կ Կենտկոմի մի որոշմամբ գաղափարական նկատառումներով Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի հետ մեկտեղ արգելվում է նաև Չարենցի ու Բակունցի կազմած «Հայ գրականության քրեստոմատիա»-ն։ Օրըստօրե նրա գրական, մարդկային ու քաղաքացիական վիճակն սկսում է ավելի ու ավելի ծանրանալ։
Ի վերջո, վրա է հասնում 1936 թ. օգոստոսի 9-ի Բարդուղիմեոսյան գիշերը՝ անմեղ մարդկանց սպանդի օրը։ Իր շատ ու շատ գրչակիցների հետ մեկտեղ նույն օրը ձերբակալվեց նաև Ակսել Բակունցը։ 11 ամիս շարունակ նա սոսկալի կտտանքների ենթարկվեց ՆԳԺԿ ՊԱՎ-ի նկուղներում. անընդմեջ հարցաքննություններ, մարմնական ու հոգեկան տանջանքներ, առերեսումներ։ Բանտից չորս նամակ է հասցեագրել հանրապետության ղեկավարությանը, բայց՝ ապարդյուն։
Նամակներից մեկի մեջ գրում էր. «Ընկերնե՛ր, ծա՜նր է, շա՜տ ծանր։ <…>։ Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ <…> երկրի վրա աղմկում է ուրախությունը և, ինչպես կռճոններ ճոխ սեղանից, քեզ են հասնում առանձին անհստակ պատառիկներ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում։ <…>։ Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս, դե, ինչպե՞ս դա ձեզ բացատրեմ։ Ա՛յ, երբ մարդ խեղդվում է, նա և՛ շնչահեղձ է լինում, և՛ թպրտում, հույսի հետ մեկտեղ նա նաև մահվան հոտ է առնում»։ Նամակը նա վերջացնում է այս տողերով. «Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գի՜րք ու մատի՜տ տվեք։ Որքան ժամանակով որ անհրաժեշտ կհամարեք՝ ինձ ուղարկեք Հայաստանի որևէ հեռավոր շրջանը <…>, միայն ես լսեմ կենդանի խոսքը, միայն ես կարողանամ աշխատել <…>, թողեք որ ես մնամ Խորհրդային Հայաստանի դռան հավատարիմ շունը» (Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց. Մեղադրական գործ No 4131, Ե., 1999, էջ 52-55)։
Չթողեցի՛ն։ Բակունցը հույս ուներ, թե իրեն պիտի աքսորեն։ Չաքսորեցի՛ն։ Այլ՝ գնդակահարեցին 1937 թ. հուլիսի 8-ին։ 25 օր առաջ լրացել էր կյանքի 38-րդ տարեդարձը։ Եվ ինչի՞ մեջ էին նրան մեղադրում։ Ահա տողեր նրա դատավճռից. «Ամբաստանյալ Բակունցը գործուն մասնակից է հակահեղափոխական տրոցկիստական-զինովևական ահաբեկչական կազմակերպության, որը 1934 թ. դեկտեմբերի 1-ին չարամտորեն սպանել է ընկ. Ս. Մ. Կիրովին և հետագա տարիներին նախատեսում էր ահաբեկչական գործողություններ՝ ընդդեմ ՀամԿ(բ)Կ և խորհրդային կառավարության ղեկավարության…» (Նույն տեղը, էջ 96)։
Ահա այսպիսի անհեթեթությունները Բակունցի և նրա նման միլիոնավոր անմեղ մարդկանց ճակատագրեր որոշեցին։
Բակունցը մահվան դատապարտվեց 1937 թ. հուլիսի 7-ի առավոտյան ժամը 11։20-11։55-ը տևած դատական նիստի դատավճռով։ Գնդակահարվեց հաջորդ օրը։ Ըստ սահմանված կարգի՝ գնդակահարությունը պիտի իրականացվեր անմիջապես։ Բայց Բակունցը մեկ ամբողջ ցերեկ և մեկ ամբողջ գիշեր սպասեց մահվան ու վերապրեց իր կյանքը։ Այդ ցերեկն ու գիշերը նրա կյանքի վեպն են, նրա դառնաղի ողբերգությունը։
Այդ կյանքի վեպը հյուսվեց նրա բարձր ու առաքինի մարդկային կերպարի շուրջ։ Այդ կյանքի վեպը հյուսվեց նրա խորունկ պատմվածքներով և գրվեց, իր իսկ խոսքերով ասած, բառերի այն ժլատ տնտեսումով, ինչ խստությամբ ու պարզությամբ կառուցվում էին եկեղեցիները, ինչ անխոս լռությամբ իրար հետ հաղորդակցվում էին բնաշխարհի մարդիկ։
XX դարի հայ գրականությունն ի սկզբանե զարգացավ երկու ուղղությամբ. մեկը՝ դեպի բնաշխարհ, դեպի երկրի խորքը, մյուսը՝ դեպի մեծ աշխարհ, դեպի կյանքի նորագույն տեղաշարժերը։ Դեմ դիմաց դրվեցին երկու քաղաքակրթություն, իրար շարունակող, բայցև տարբեր երկու աշխարհ, երկու ժամանակ։ Մի կողմից՝ Թումանյան, մյուս կողմից՝ Տերյան, մի կողմից՝ Հ. Օշական, մյուս կողմից՝ Կ. Զարյան, մի կողմից՝ Համաստեղ ու Մնձուրի, մյուս կողմից՝ Շահնուր, մի կողմից՝ Բակունց, մյուս կողմից՝ Չարենց։ Մեր օրերում մի կողմից՝ Սահյան, մյուս կողմից՝ Սևակ, մի կողմից Հրանտ Մաթևոսյան, մյուս կողմից՝ Հակոբ Կարապենց։ Սրանք հայ գրականության երկու թևերն են, որ միասնական թռիչքի մեջ կոչված էին տեսնելու և հայտնաբերելու ժամանակի մարդուն։ Այս երկու թևերի միասնությունն առկա է աշխարհն ու բնաշխարհը ի մի բերող նրանց ներաշխարհի մեջ։
Բակունցն, ահա, գնաց դեպի բնաշխարհ, այդ աշխարհը պայմանականորեն կոչեց Մթնաձոր և հայտնաբերեց այդ աշխարհի մարդկանց, նրանց կեցության կերպը, ամենակարևորը՝ այդ աշխարհի բարձրագույն գեղագիտությունը, որը մարդու հոգու մեջ ննջող և արտաքին աչքի համար գրեթե աննկատ գեղեցկությունն է։ Կյանքի վերացական կամ տեսական պատկերացմանը նա հակադրեց կյանքի բնօրինակը, իրականությունից հեռացած ստեղծագործական հայացքը վերադարձրեց դեպի որոշակի մարդն ու որոշակի միջավայրը։
Բարձրակարգ արվեստագետ էր Բակունցը, որը բառերը ոչ թե շարադրում էր, այլ՝ պատկեր առ պատկեր դրվագում, և դա թե՛ վիպական պատումի ժամանակ, թե՛ քնարական։ Դրա շնորհիվ նա անսահման նրբություն ու անվրեպ ճշգրտություն հաղորդեց հայ արձակին։
Լեռնային աղբյուրների պես մաքուր ու թափանցիկ են նրա պատմվածքները, լեռնային մարդկանց բնավորությունների պես պարզ ու անխարդախ, դրանով իսկ՝ հոգեբանորեն խոր ու դրամատիկ։ Բակունցն իր ստեղծագործությամբ կերպավորեց բնության և այդ բնությանը ձուլված մարդկանց կյանքի «հազարամյա գիրքը», որի մեջ իրենց տեղն ունեն և՛ մթնաձորյան «չարքերը», և՛ քրմուհու նմանվող խոնարհ գեղեցկուհիները, և՛ դեռևս նավասարդյան տոներ նշող արևորդիները, և՛ սերմնացաններն ու հնձվորները, և՛ Մինա բիբին ու Իվան բեյը…
Այդ աշխարհում նա հայտնաբերեց նաև Հազրոյին, այն անպարտ հային, որը պատմական ծննդավայրի կարոտով լեռների վրա հնչեցնում է իր ծիրանի փողը։ Դա Պատմահոր ավանդած նույն եղեգան փողն է, որից ծնվեց Վահագն աստվածը։ Հազրոյի ծիրանի փողից էլ էր ծուխ ու բոց ելանում, ինչն ասես կորուսյալ երկրի մրմուռն էր, և որից պիտի ծնվեին նորօրյա վահագնակերպ հերոսները։
Սա տեսակի հայտնաբերում է, որն ավելին է, քան սոսկ բարձրարժեք արձակը։ Սա այն է, ինչ կոչվում է բնաշխարհի պատմություն, մարդկային ճակատագրերի և այդ ամենի հոգեբանական ու լեզվական արտահայտման հարազատություն։ Սա ժողովրդի ինքնությունն է՝ սերված անցյալից ու պարզված գալիքին։
Ինչքան որ Բակունցը նրբագեղ ու խորունկ է պատմվածքներում, այնքան ընդգրկուն ու ծավալվող է վեպերում ու վիպակներում։ Արձակի մեծ ձևերի մեջ նա նույնքան վարպետ է, որքան՝ մանրաքանդակ դրվագումների։
Կարոտի կանչ է «Կյորես»-ը՝ համատարած սեր հեռացող ու անցյալ դարձող մարդկանց և օրերի հանդեպ։ Եվ պատահական չէ, որ վիպակն ավարտվում է մայրենի լեզվի ու հարազատ բարբառի երկրպագությամբ՝ դառնալով մի տեսակ վեհապանծ հիմներգություն. «Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը… Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը, և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը…»։ Սա Չարենցի «արևահամ բառի» այն ոգեղեն տարերքն է, ինչն ամեն տեսակի կորուստների դիմաց դնում է Տերյանի բանաձևած «Հոգևոր Հայաստանի» անկորնչելի իսկությունը։
Բակունցի բացվող-ծավալվող տաղանդը նրան հասցրեց «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» վեպերին։ Աբովյանի կերպարը ժամանակի առջև հառնեց՝ պատասխան տալու հիմնական հարցին՝ ո՞րն է ժողովրդի պատմական ճանապարհի ուղին, քանի որ նրա սերնդի ողջունած «ըղձյալ այգաբացը» նույն սերնդի աչքի առջև փոխվեց «արյունալիճ կեսօրի»։ Քանի որ այդ սերնդից յուրաքանչյուրը իր կյանքի օրինակով պիտի ասեր Չարենցի այս տողերը.
Եվ նոր հասկացար, որ երգերդ քեզ
Գցելու են մի ամեհի կրկես,
Ուր արյամբ են լոկ հռչակ նվաճում…
Եվ պատահական չէ, որ Աբովյանին հայացք ուղղելով՝ նույն հարցի պատասխանն էին որոնում ժամանակի հիմնական դեմքերը. Չարենցը՝ Բակունցին նվիրված «Դեպի լյառը Մասիս» պոեմում, Վ. Տեր-Վահանյանը՝ Աբովյանին նվիրված ուսումնասիրություններում, Մ. Շահինյանը, որ նույն այդ տարիներին մտադիր էր գրել Աբովյանի մասին, և Բակունցը՝ իր այս վեպում։ Վեպից, դժբախտաբար, մեզ հասել են սոսկ առանձին հատվածներ։ Նորահայտ փաստերը գալիս են վերջնականապես հաստատելու, որ Բակունցի այդ վեպն ավարտվել է, անգամ թարգմանվել ռուսերեն, բայց որի հետքերը տրորվել-կորել են 1937-ի հավատաքննության կրունկների տակ։ Առայժմ գտնված չէ նաև Բակունցի հիշատակած մեկ այլ երկ՝ «Էրիմենյան մանրէ» կամ «Հայկական մանրէ» վերնագրով։ Սա նշանակում է, որ մեր բանասիրությունը, ներդրում ունենալով հանդերձ Բակունցի ժառանգության գիտական ուսումնասիրության գործում, դեռևս լուրջ անելիքներ ունի իր առջև։
Ահա այսպես, մանրամասների ամբողջությամբ մեր առջև է կանգնում Ակսել Բակունցը՝ արդար ու անբասիր իր նկարագրով, անզուգական իր արվեստով և իր արվեստավոր երկերով, որոնք արժանի հուշարձան են նրա պայծառ անվանն ու մնայուն վաստակին: