(գրեթե ֆանտաստիկ պատմվածք)
1. «Որդուս վրեժը պետք է լուծեմ»
Պատերազմը հասավ յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր մարդու։
Ցանկացած պահի միացնում ես հեռուստացույցը՝ ողջ մոլորակով թռչում են «Էրդողանը ահաբեկիչ է» բառերը։ Անդադար վանկարկում են: Աշխարհը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձարձակ ագրեսիան։ Դեռ ահաբեկիչների նոր որջ են հիմնել Ադրբեջանում, որովհետև հասկացել են, որ ռուսները, հավանաբար, ամբողջությամբ ոչնչացնելու են Սիրիայի իրենց ճամբարը։
Այս և նման մտքեր անընդմեջ պտտվում էին Ստանիսլավ Գրիգորյանի գլխում, որը, հեռուստացույցի առջև նստած, անընդհատ փոխում էր ալիքները՝ աշխատելով ոչինչ բաց չթողնել ինչպես սարսափազդու, այնպես էլ հուսադրող լուրերի հեղեղից։
Այլ զբաղմունք նա չուներ։ Պատերազմի տասներորդ օրը՝ հոկտեմբերի վեցին, որդու զոհվելուց հետո, որին ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ, նա թևաթափ եղավ։ Հետո իմացավ, որ որդու երեք ամենամերձավոր ընկերները նույնպես զոհվել էին՝ երեքին էլ հարվածել էին անօդաչուները: Դա ամենավիրավորականն էր, ամենասարսափելին։
Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում նա հաճախ էր հանդիպել իսրայելցի գործընկերներին՝ տարբեր գիտաժողովների և սիմպոզիումների ժամանակ, անգամ բարեկամացել էր ոմանց հետ, նամակագրական կապ հաստատել, երկու անգամ մեկնել էր Շվեյցարիա՝ տեսնելու Սեմյոն Ռիտբերգին, որը շատ էր հետաքրքրված իր բազմատեսակ ռոբոտներով, հատկապես՝ շինարար, քարագործ և կամրջագործ ռոբոտներով: Բայց այժմ անիմաստ էր թվում խոսել դրանց մասին կամ դրական համատեքստում հիշատակել հրեաներին, Իսրայելին և նրանց հետ կապված ամեն ինչ. Իսրայելը՝ Թուրքիայի վաղեմի բարեկամը, նրան մատակարարել էր անօդաչու թռչող սարքեր, որոնք սպանել էին ռազմաճակատում գտնվող մեր տղաներին, որոնք սպանել էին նրա միակ որդուն…
Երբեմն մոռանում էր փոխել ալիքը, ժամերով դիտում էր անդադար կրկնվող զինվորական ամփոփագրերը և չէր նկատում, որ առավոտը կեսօր է դարձել, ցերեկը՝ երեկո, և որ պատուհանից դուրս թանձր խավար է։
Մի օր նրան այցելեց Գուրգեն Սենթերյանը, որի երկու որդիներն էլ զոհվել էին. նրանցից մեկի հետ իր Տիգրանն ընկերություն էր անում։ Նրանք երկար նստել էին, լուռ սևեռվել լուսավորված էկրանին՝ միակ բանին, որն այժմ նրանց արտաքին աշխարհի հետ էր կապում:
Գուրգեն Սենթերյանը իր վրա արդեն շատ լայնացած բաճկոնի գրպանից հանեց մի փոքրիկ, խաղալիքանման կոնյակի շիշ, որը ինչ-որ մեկը նրան էր նվիրել անհիշելի ժամանակներում։ Լցրեցին, երեքական կում խմեցին լուռ, ինքնամփոփ։ Ուտելիք չկար, ոչինչ չկերան: Հետո երկար, անխոս նայեցին էկրանին։ Հոգիներում մոլեգնող վշտի, հուսահատության և հուսալքության ալիքներն այնպես էին արտացոլվում նրանց դեմքերին, ասես նրանց հատուկ ուսումնասիրել ու նկարել էր բծախնդրորեն աշխատող մի նկարիչ…
Նա անգամ չնկատեց, թե ինչպես և երբ հեռացավ Սենթերյանը: Երկար մտածեց, թե ինչպես է սեղանին հայտնվել խաղալիքանման շիշը, հետո հիշեց, որ Գուրգենն էր բերել, որի տղայի հետ իր Տիգրանն ընկերություն էր անում, որ նրանք միասին են զոհվել, հիշեց, որ Գուրգենը երկու որդիներին էլ կորցրել է… Եվ ոչ ոք, ոչ ոք պատասխանատվություն չկրեց սանձազերծված պատերազմի, Հայաստանի բաց մնացած երկնքի, գերագույն հրամանատարության անզորության համար, որի մասին ընդդիմադիր թերթերն անդուլ, գերլարված աղաղակում էին:
Հիմա ի՞նչ կարող է անել նա՝ հասուն, խելացի մի մարդ, անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիգորյանը, միջազգային շրջանակներում ճանաչված, հարյուրավոր հրատարակված գիտական աշխատությունների հեղինակը… Բայց, միևնույն է, պետք է աշխատել, օգտագործել իր գիտելիքները, օգնել դժբախտ, թշվառ հայրենիքին, ի սպաս դնել բոլոր հմտություններն ու իր ռոբոտները: Գլխում այժմ միայն մի միտք էր պտտվում. «Ես պետք է լուծեմ որդուս վրեժը»: Ի վերջո, ի՞նչ է անօդաչու թռչող սարքը։ Մի յուրատեսակ փոքրիկ ինքնաթիռ-ռոբոտ, թռչող մեխանիզմ, հեռակա կառավարվող շարժիչով մետաղի ձևավորված կտոր, որի բոլոր մասերը կարող է պատրաստել իր վերջին, փոքր-ինչ փոփոխված մոդելը՝ մեխանիկ-ռոբոտը: Չկա մի բան, որ նա չկարողանա պատրաստել իր լաբորատորիաներում. ուսանողները ձեռք կբերեն ռուսների կողմից խփված անօդաչու թռչող սարքերից մեկը, առանց դժվարության կապամոնտաժեն և կուսումնասիրեն ամենայն մանրամասնությամբ։ Իսկ հետո՞: Հետո պետք է պատրաստել գծագրերը, ձեռք բերել հեռակառավարման համար անհրաժեշտ նյութերը, կարգավորել մեկնարկային սարքավորումները, պատրաստել երեք-չորս անդուլ աշխատող վերազինված մեխանիկ ռոբոտներ, աշխատանքի մեջ ներգրավել ամենախելացի ուսանողներից մի քանիսին և, վերջապես, ստեղծել արտադրություն՝ սկզբում տասնյակ, հետո հարյուրավոր, գուցե անգամ հազարավոր մահաբեր փոքրիկ թռչող ինքնաթիռների: Գործը դնել լայն հիմքերի վրա, գուցե նույնիսկ արտասահմանում վաճառել՝ ստացված գումարով այլ զենքեր գնելով։ Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կցանկանան մասնակցել այդպիսի շահութաբեր բիզնեսի, եթե ամեն ինչ, իհարկե, ստացվի: Իսկ ինչո՞ւ չպետք է ստացվի: Նա պետք է ամեն ինչ նախատեսի, նա պետք է վրեժխնդիր լինի որդու համար, իսկ Հայաստանը կունենա իր զենքը՝ հայկական զենքը։
2. Հայկական զենքը
Դժվարը սկիզբն է, հատկապես՝ լավ սկիզբը: Վարազդատը՝ ամենախելացի ուսանողներից մեկը, ոգևորված զենքը զրոյից ստեղծելու գաղափարից, այսինքն՝ ամենասկզբից, կազմեց վեց ունակ տղաներից բաղկացած խումբ, որոնք, ստանալով առաջին հանձնարարությունը՝ գտնել կամ ինչ-որ կերպ ձեռք բերել գեթ մեկ խփված անօդաչու թռչող սարքի բեկորներ, անհետացան մի շաբաթով, իսկ հետո վերադառնալով բանակային մեծ ուսապարկով և շատ ծանր պարկով՝ լաբորատորիայի հատակին թափեցին հայտնի և անհայտ նշանակության մեքենաների ու սարքերի մասերը: Ուսապարկից և պայուսակից դուրս թափվածը կոկիկ դասավորեցին կույտերով. մեծ կտորները՝ ձախ կողմում, փոքրերը՝ աջ կողմում: Վարազդատը բերեց իր հարևանին, որն ավարտել էր ռազմական ուսումնարանը, և նա, նայելով մեծ ու փոքր բեկորների կույտերին, ասաց, որ դրանք հինգ կամ նույնիսկ վեց սարքերի մասեր են, և դրանցից մեկ ամբողջություն հավաքել հնարավոր է։
Պրոֆեսորը հավաքեց Վարազդատի խումբը և հակիրճ դասախոսություն կարդաց։ Իրականում դա դասախոսություն չէր, այլ՝ հետագա աշխատանքի ծրագիրը. նախ անհրաժեշտ էր «սովորեցնել» մի քանի մեխանիկ ռոբոտների՝ ըստ գծագրերի այս կամ այն մեքենամասի պատրաստումը: Անհրաժեշտ մասերի քանակը հարցական էր, քանի որ Գրիգորյանին թվում էր, թե կարելի է համակերպվել առանց մեկ կամ նույնիսկ երկու մասերի, որոնք զուտ դեկորատիվ, կամուֆլյաժային, նույնիսկ կարելի է ասել, քողարկիչ դեր էին խաղում թռիչքի և ռումբով կամ ականով հարվածի ընթացքում: Իսկ հետագայում նա ռոբոտներին պետք է «սովորեցներ» պատրաստել երկու տեսակի անօդաչու սարքեր, մի քանիսը՝ ստանդարտ, մյուսները՝ մեծ թռչունների թևերի նման թափահարվող բորտերով. դրանք, ի դեպ, պետք է արձակվեին թռչնի թռիչքի բարձրությամբ: Հետագա փորձարկումները ցույց տվեցին, որ «փոքրիկ խաբեությունը» գրեթե միշտ աշխատում է։
Բայց հիմա առաջին հերթին անհրաժեշտ էր ստեղծել տարբեր մեքենամասերի արտադրության արտադրամաս։ Վարազդատի խմբում երկու երիտասարդ տիրապետում էին խառատագործությանը, խառատի կարգաբերված հաստոցն էլ դրված էր գիտնականի աշխատասենյակ-լաբորատորիայի անկյունում՝ մինչև հատակն իջնող մոմլաթով ծածկված:
Պրոֆեսորը խմբի հետ կիսվեց իր հետագա ծրագրերով՝ համոզել ինստիտուտի ռեկտորին որպես արտադրամաս տրամադրել ինստիտուտի նկուղներից մեկը, որի հսկայական տարածքը իդեալական էր թվում հետագա աշխատանքի և պատրաստի մասերի պահեստ ծառայելու համար: Ռեկտորը, որ հին կոփվածության մարդ էր և շատ էր գնահատում Գրիգորյանի կարծիքը, ուրախությամբ երկարաժամկետ օգտագործման համար նրան տրամադրեց երկու նկուղները, որոնք արտադրամասի և պահեստի վերածելը Վարազդատի թիմի համար դատարկ գործ էր։
Հեռակառավարման վահանակը կարգաբերելու համար պրոֆեսորը հրավիրեց երկու հին ծանոթների՝ մեծ փորձ ունեցող ճարտարագետների, որոնք, իհարկե, գործազուրկ էին և գոյատևում էին չնչին թոշակով ու պատահական գործերով: Մանրակրկիտ ձևով խորանալով գիտնականի սկսած՝ բառացիորեն ոչնչից ստեղծվող հայկական զենքի վիթխարի ծրագրի բոլոր մանրամասների մեջ՝ նրանք հրաժարվեցին ցանկացած վճարից։
Ճարտարագետները՝ Սեդրակ Պետրոսյանն ու Պարույր Պետրոսյանը, պարզվեց, իսկական հրաշագործներ են։ Նրանք հրավիրեցին պրոֆեսորին, ինչպես իրենք էին ասում, «Ալադդինի քարանձավ»՝ անկախության արշալույսին վաղուց սեփականաշնորհված, բայց թալանված խոշոր գործարաններից մեկի՝ ոչ պիտանի գույքի հսկայական պահեստ: Երբ մոտեցան ջարդված պատուհաններով լքված, դատարկ մասնաշենքին, ինչպիսիք շատերը կային քաղաքի ծայրամասերում, Ստանիսլավ Ստեփանովիչի սիրտը ճմլվեց։ Նա հիշեց սեփականաշնորհված ու կոպեկներով վաճառվող ձեռնարկությունների հսկայական ցանկը. անկախության տարիներին հաճախ էր տխրությամբ մտածում, թե որքան աշխատանք պետք է անել երկրի ավերված տնտեսությունը վերականգնելու համար, և դեռ որքան հեռու է այն ժամանակը, երբ դա հնարավոր կդառնա։
Պահեստը գտնվում էր ծայրամասում, մասնաշենքի ետևում, երկար ցանկապատի մոտ: Այն լքված էր. երբ երեք-չորս հոգի մնացին ձեռնարկությունում, տերերը ինչ-որ տեղ անհետացան, իսկ պահեստի բանալիները ընկած էին տնօրինությունում՝ մեծ սեղանի դարակներից մեկում, դրանք տեղափոխվեցին մետաղյա պահարանից, որը բարեհաջող անհետացավ հաջորդ օրը։ Սեդրակը արկղից հանեց բանալիներն ու նայեց Պարույրին։ Նա հասկացավ և գլխով արեց: Բանալիները տեղափոխվեցին Սեդրակի գրպանը, այնուհետև նրա տուն՝ մինչև ավելի լավ ժամանակներ: Երբ մի քանի օր անց եկան տեսնելու, թե ինչ է կատարվում գործարանում, ամենուր ամեն ինչ փակ էր, ոչ մի շունչ՝ ոչ մի տեղ: Միայն շատ ամիսներ անց նրանք որոշեցին մի կիրակի զննել պահեստը՝ համոզվելու համար, որ այնտեղ ամեն ինչ անձեռնմխելի է մնացել։ Եվ հիմա, այդքան տարի անց, պարզվեց, որ այդ պահեստը մի կախարդական քարանձավ է, որտեղ ամեն ինչ կար՝ ջարդված հաստոցներից մինչև մետաղի ջարդոն, անսարք վառարաններից մինչև լարերի կույտեր, հին գործիքներով, մեխերով և տարբեր սարքավորումների մասերով արկղեր՝ մի ամբողջ հարստություն հմուտ ձեռքերում: Այնպես որ, ինչ եղավ հետո, ինչպես ասում են բանվորական միջավայրում, տեխնիկայի հարց էր։
Վարազդատը, պրոֆեսորը և ճարտարագետ Պետրոսյանները ուսանողների խմբի համար կազմակերպեցին երկու մեծ ճամփորդություն դեպի «Ալադդինի քարանձավ»։ Այն ամենը, ինչը կարող էր օգտակար լինել անօդաչուների ստեղծման ցանկացած փուլում, տեղափոխվեց աշխատասենյակ-լաբորատորիա և ինստիտուտի նկուղ։ Թվում էր՝ նույնիսկ ռոբոտներն էլ էին վարակվել ընդհանուր ոգևորությամբ և շատ հաջող էին կատարում՝ ինչ իրենցից պահանջվում էր։ Անօդաչու սարքերի առաջին փորձարկումների համար ներկայացվել էր տասը սարք՝ հինգ ստանդարտ և հինգ «թռչուն», ինչպես սկսեցին կոչվել թև-բորտերով մոդելները:
Անվանի գիտնականը փորձարկումներին հրավիրեց մի քանի ծանոթ ռազմական մասնագետների։ Նրանք չէին կարող հավատալ, որ սարքերն ստեղծվել են ոչնչից, զրոյից։ Նրանց ցույց տվեցին մեխանիկ ռոբոտների աշխատանքը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ թև-բորտերով թռչուն-մոդելները Ստանիսլավ Գրիգորյանի նորագույն գյուտն էին. աշխարհի ոչ մի բանակում նման զենք չկար։ Պրոֆեսորին ակնարկեցին, որ իր «թռչուններին» մեծ ապագա է սպասվում։
– Փաստորեն, դուք ստեղծել եք նոր զենք՝ զուտ հայկական զենք, և ձեր գործունեության հաջորդ փուլը կարող է կապված լինել ռազմական հրամանատարության և բիզնեսի հետ,- կամացուկ ասաց գնդապետ Չուբարյանը։
Պրոֆեսոր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր աշխատանքի և իր թիմի բարձր գնահատականի համար, պատմեց, որ հայկական՝ զուտ հայկական զենքի ստեղծմանը մասնակցել են ուսանողներ, մասնագետ ճարտարագետներ, գիտնականներ, զինվորականներ։ Ժողովուրդն է ստեղծել հայկական զենքը։ Եվ թող այն ծառայի նրան՝ որպես հուսալի պաշտպանություն:
***
Հաջորդ օրը Եռաբլուրում նա այցելեց որդու շիրմին, ծաղիկներ դրեց և երկար կանգնեց շիրմաքարի մոտ։ «Ես քո վրեժը լուծեցի, տղա՛ս, ես վրեժխնդիր եղա քո բոլոր ընկերների համար, բոլոր նահատակված երիտասարդների համար։ Ես ստեղծեցի մեր զենքը՝ հայկական զենքը։ Հայաստանն այլևս անպաշտպան չէ, մեր երկիրը զենք ունի»: Այդ խոսքերը կրկին ու կրկին անխոս հնչում էին ծեր գիտնականի շուրթերին։
2022, սեպտեմբեր
Ռուսերենից թարգմանեց
Արտակ Վարդանյանը