ԿՐԱԿԻ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԲԱՆ / ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԱմր իբն Ալ-աս – Արաբ գեներալ, ով 642 թվականին Ալեքսանդրիան գրավելուց հետո այրել տվեց անտիկ աշխարհի մեծագույն գրադարանը (700000 գիրք), որոնցով շաբաթներ շարունակ տաքացնում էին քաղաքի բաղնիքները:
Ընդհակառակը՝ Կարդինալ Մազարենը, Լյուդովիկոս 13-րդի օրոք ականավոր քաղաքական գործիչ, եղել է պայծառամիտ մեկենաս, ձեռք էր բերել գրքերի բացառիկ հավաքածու, որը նվիրել էր պետությանը, «Մազարենի գրադարանը», որը գործում է մինչև այսօր, հիմնել է Գեղարվեստի Ակադեմիան:
1810 թվականին, Վենետիկը գրավելուց հետո, Նապոլեոն Բոնապարտը, ճանաչելով և գնահատելով Մխիթարյանների գործունեության բացառիկ երևույթը, կայսերական հատուկ հրամանով Մայրավանքն անվանեց ակադեմիական հաստատություն, նրան շնորհեց Հայկական ճեմարան պատվավոր տիտղոսը և պատվիրեց պահպանել:
1966 թվականին, Երևանում, Գուրգեն Մահարու բնակավայրի դիմացի մայթին, «Այրվող այգեստաններ» վեպի առաջին հրատարակության օրինակների մի կույտ հրի ճարակ դարձրին:
2009 թվականի սեպտեմբեր ամսին, Հարավային Օսեթիայում հարյուրավոր գրքեր այրեցին: Ականատեսների ասելով, գրքերը համալսարանից մինչև հանրակացարան տեղափոխել էին ռազմական բեռնատարներով և նետել ուղիղ կրակի մեջ: Որոշ տվյալներով, գրքերի մեծ մասը եղել է վրացական:
Եվ այլք… և այլք… և այլք, ինչպես և ընդհակառակը՝ Տրետյակովի գեղանկարների նվերը, որով հիմնվեց նրա անվան պատկերասրահը:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ԻՆԿՎԻԶԻԱՆ – Դու քո գրողական սկըզբունքներից պետք է հրաժարվես և մեր կամքը կատարես:
ՀԵՂԻՆԱԿ – Բոնապարտն այդպիսի պահանջ չներկայացրեց Մխիթարյանների միաբանությանը:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Մենք հրի ճարակ դարձրինք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի գեղանկարների մի մասը: Ափսոս՝ ոչ ամբողջությամբ: Մենք քեզ ու քո գրականությունն ամբողջությամբ կվերացնենք:
ՀԵՂԻՆԱԿ – Նախադեպը եղել է, երբ Արմեն Մարտիրոսյանի և Հրանտ Մաթևոսյանի առաջին գրքերի տպագրությունը ծրագրված խոտանեցիք, գրքեր, որոնց փորձաթերթիկների մեջ պոնչիկներ էին վաճառում:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Մենք մեր պարտքը կատարեցինք:
ՀԵՂԻՆԱԿ – Ձեր պարտքի բնույթը չփոխվե՞ց:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Դա քո իմանալու բանը չէ:
ՀԵՂԻՆԱԿ – Մայր Թերեզան ասում է. «Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կործանվել, կառուցիր ամեն դեպքում»:
ԻՆԿՎԻԶԻԱՆ (հեգնական) – Հայր հեղինակն ի՞նչ հասկացավ իր ապրած կյանքից: Մենք կյանքն ենք վայելում:
ՀԵՂԻՆԱԿ – Ձեր վայելքները նույնի կրկնությունն են և ծերանալուց՝ գնալով կնվազի, ու ետ նայելիս կքարանաք, ինչպես աղե արձան:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Մենք ենք երկրի աղը:
ՀԵՂԻՆԱԿ – Ձեր աղի բաղադրությունը թափած է ծովերի և օվկիանոսների մեջ:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Դու չե՞ս ուզում բարձրանալ ջրի երեսին: Փառքը քեզ չի՞ հրապուրում:
ՀԵՂԻՆԱԿ – Փառքն ընդամենը ծամծըմվող մի անուն է հիմարների բերանի մեջ:
ԻՆԿՎԻԶԻԱՆ (հեգնական) – «Չեմ ուզում, գրպանս դի՛ր»: Իլյաջ յոխ դուր, խարաշո:
ՀԵՂԻՆԱԿ – Բացի այդ, հերթական քաղաքակրթությունը հանգում է իր վախճանին: Հինգերորդ ռասային պիտի գա փոխարինելու վեցերորդ ռասան, որը մեծամասնաբար լինելու է Մայր Թերեզաների և Գանդիների բանական մի համերաշխություն:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Այդ երազանքները պահիր քեզ նման ցնդածների համար: Ես պատկանում եմ մարդկանց կուսակցությանը: Դու մարդատյաց ես, որ կամենում ես իմ միլիարդավոր ժամանակակիցների ոչնչացումը՝ Երկրորդ ջրհեղեղի սպառնալիքով:
ՀԵՂԻՆԱԿ – Զրպարտությունը ագրեսիվ սուտ է…
ԻՆԿՎԻԶԻԱՆ – … պարտության դառնությունը ճաշակողի համար:
ՀԵՂԻՆԱԿ – Բոլոր հաղթանակները ժամանակավոր են:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Մարդու գոյությունն իսկ ժամանակավոր է:
ՀԵՂԻՆԱԿ – Մարդն ավելին է, քան նրա երկրային գոյությունը:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Այդ ավելին հենց դու ես՝ ավելորդը, որի համար նախատեսել ենք ինքնասպանություն:
ՀԵՂԻՆԱԿ – Արդեն իսկ, ձեր հովանավորությամբ, իմ ապրած կյանքը դանդաղ ինքնասպանություն էր:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Բարձրացրած տեմպով ու թափով, միանգամից եզրափակիր:
ՀԵՂԻՆԱԿ – Ինքնասպանությունը ոչ միայն քաղաքացիական, այլև հոգևոր պարտություն է: Յուրաքանչյուր մարդ ծնվել է ինչ-որ մի հաղթանակի համար, որը կոչվում է առաքելություն, երբ անհրաժեշտ է գավաթը դատարկել մինչև մրուրը:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Հույս չունենաս, որ մենք քեզ կխաչենք… կամ կհերոսացնենք՝ խարույկի վրա բարձրացնելով… Մենք մինչև ուղնուծուծդ քեզ կվարկաբեկենք, և դու ականատես կլինես քո բարոյական մահվանը՝ մարմնապես ոչնչանալուց առաջ…
ՀԵՂԻՆԱԿ – … մի ամբողջ հասարակություն հավաքագրելով իմ դեմ:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Հասարակությունն ինքը մեզ հետ գործակից է… կամովին:
ՀԵՂԻՆԱԿ – Ստրկաբար:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Քո ածականից փչացած ձվի հոտ է գալիս:
ՀԵՂԻՆԱԿ – Դա ձևի մակբայ է:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Կյանքի քերականությունն ավելին է, քան դասագրքայինը:
ՀԵՂԻՆԱԿ – Այդպես էլ պատմությունից դաս չքաղեցիք:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Դու՝ նմանապես:
ՀԵՂԻՆԱԿ – Ուժերի փոխհարաբերությունն այնպիսին է, որ վերջին խոսքը ձեզ է պատկանում:
ԻՆԿՎԻԶԻԱՆ – Մահվան դատապարտվածին մենք տալիս ենք վերջին խոսքի իրավունքը:
ՀԵՂԻՆԱԿ – Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, որ կիսատ-պռատ կատարեցի իմ առաքելությունը: Եվ դեռ երկար կճթճթա կրակի սնապարծությունը:
Վերջաբանի փոխարեն.- Սրա վերջը չի երևում: Ով տեսնում է, թող բարձրախոսի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.