Ք Ն Ա Բ Ե Ր / ԱՇԽԵՆ  ԱԲԱԶՅԱՆ

Աշխեն ԱբազյանՀակառակորդը ռմբակոծությունը սկսելու իր գրաֆիկն ուներ, որ անհայտ էր սահմաններում ապրողներիս: Միայն մի բան էր հըստակ, որ գրաֆիկ կազմողները անտեսել էին ցերեկային ժամերը, ականները գալիս էին մթան հետ, իսկ հիմնականում կամ մեծամասամբ՝ կեսգիշերից հետո: Սպասում էինք, սպասում, հետո հոգնությունը հաղթում էր սպասումներին, և ստիպված պառկում էինք, իբր, քնելու: Ցրտից սրթսրթալով անկողին էինք մտնում և մինչև շուռումուռ գալով մի կերպ ոտք ու ձեռք տաքացնում, մեկ էլ պայթում էր «Գրադի» կամ ծանրաքաշ տանկի ականը: Առաջին միտքը, առաջին ցանկությունը, որ ուղեղս էր խուժում այդ պահին, այն էր.
– Տեր Աստված, թող առաջին ռումբը ինձ վրա գա, և վերջանա տառապանքս: Չզգամ այլևս տանջանքի այս վայրկյանները, երբ դողդողալով՝ ցրտից էլ, սարսափից էլ, չեմ հասկանում, ինչպես եմ դուրս թռչում նախ անկողնուց, ապա՝ սենյակից ինձ նետում նկուղ-թաքստոցը:
Հավատացնում եմ՝ ամենից ահավորը այդ պահն էր: Ողջ գիշեր տևող ռմբահարումից հետո քնել կլինի՞: Իհարկե՝ ո՛չ: Այդպես՝ օրերով: Ուրվականի էինք նմանվում՝ ուռած, կարմրած, վախեցած աչքերով, սրտներումս՝ ահուդող: Ուզում էինք, շատ էինք ցանկանում մի քանի րոպե աչք փակել, բայց չէինք կարողանում, աներևույթ տագնապները հանգստություն ասած բանը հեռուներն էին քշել մեզանից: Եվ ահա իմ հարևանուհի Ալվարդը ուրախ-ուրախ հայտնում է, որ քնելու ելքը գտել է, որ Հրանուշը, Սիրուշը, Ժենիկը արդեն կիրառել են:
– Թեյի բաժակը լավ լիքը գինի ես լցնում, խմում, և քունդ տանում է:
– Իսկ դու փորձե՞լ ես:
– Հա՛: Շատ արդունավետ է, նոր եմ արթնացել: Մի քիչ գործ ունեմ, վերջացնեմ, նորից եմ մի բաժակ խմելու:
Իսկապես փորձը արդյունավետ էր: Առաջին բաժակը լավ քնեցրեց, բայց հաջորդ ռմբակոծությունը ողջ գիշեր տևեց, և… մի բաժակը երկուսը դարձավ, ու էլի անքուն մնացինք: Գնալով բաժակների թիվն ավելացավ, և մի օր էլ հայտնաբերեցի, որ սկըսում եմ հասկանալ մեր գյուղի տղամարդկանց, թե ինչու են ծարավելիս ջրի փոխարեն գինի խմում կամ, ինչպես վերջերս են բառափոխանակություն կատարել, ծծում: Հիշում եք, չէ՞, Գորբաչովլիգաչովյան նորամուծությունը՝ արգելել օղու օգտագործումը: Այդ հրամանին գումարվեց տեղական իշխանավորների խստացված կարգադրությունը՝ վերացնել տնական օղին: Իսկ մերոնք երբեք տուրք չեն տվել պետական արտադրության խմիչքներին և ուրախության կամ, հեռի տնից-տեղից, տխրության սեղանները զարդարել են իրենց ձեռքով պատրաստած ոգելից խմիչքներով:
Տարբեր առիթներով նշել եմ, որ մեր գյուղը տարածաշրջանում անուն է հանել իր միամտությամբ, երկրորդ հերթին՝ ուտել-խմելով, սեփական խաղողի գինիներով ու մրգօղիներով: Բայց ասեմ, որ միայն տղամարդիկ են խմում, կանայք շատ հեռու են դրանից: Սահմանային կռիվների ժամանակ, որ իրադրության կտրուկ փոփոխությամբ էր պարտադրված՝ կանանց բնավորության մեջ նոր վարքագիծ հայտնվեց՝ օրվա ծանրությունը ամոքել խմիչքով: Այնպիսի ընտանիք չկա, որի դռանը, հենց բակում, սկսած աշնան խաղողաքաղից, ամենաքիչը գինով լեցուն երկու հարյուր լիտրանոց տակառ չլինի: Ամոթ չունեցողին: Դա նույնն է, թե տանդ խմելու ջուր չլինի: Բա ո՞նց: Մեկ էլ Ալվարդը ձայն կտա. «Արի, էս անգամ էլ մերից փորձենք», կամ հակառակը՝ ինքը կգար մերից փորձելու:
Գինին կանանց համար քնաբերի դերն ուներ, իսկ տղամարդկանց համա՞ր…
Վահանը Ալվարդի ամուսինն էր: Իմ հարևան Վահանը: Նրանց տունը մեր այգու ցանկապատին կպած է ներքևից: Ամբողջ կյանքում, ինչքան ապրել եմ իմ հայրական տանը, առավոտյան, երբ պատշգամբից եմ դուրս եկել, առաջինը նրան ու նրա ընտանիքի անդամներին եմ տեսել: Ոնց որ հեռուստացույցը միացնես՝ առաջին ալիքը նրանց բակն է՝ տնեցիների գնալ-գալով: Վահանից ավելի սև հայի դեռ չեմ հանդիպել: Առանց գրիմի, եթե ոչ խիստ սևամորթ նեգրի, ապա մուլատի ու մետիսի դեր կկատարի, ազնիվ խոսք: Մազերն էլ՝ նեգրի մազերի պես խիտ, գանգուր: Երբ բանակ զինվորական ծառայության է մեկնել Ռուսաստանի խորքերը, առաջին օրը, ինչպես ընդունված է, մյուս նորակոչիկների հետ բաղնիք են տարել, լողացրել, ապա շարք կանգնեցրել: Սկսվել է զինվորական առօրյան: Առաջին օրը ուղիղ վեց անգամ նրան բաղնիք են ուղարկել, մինչև յոթերորդ անգամ բաղնիքի ճամփան ցույց տվող սերժանտին մեր տղաներից մեկն ասել է.
– Իր մաշկի գույնն է, կեղտոտ չի, էսօր արդեն վեց անգամ լողացել է:
Այս Վահանն էր, որ հաճախ, եթե տանն էր լինում, ընկերանում էր կանանց մեր խմբին: Ընկերանում էր երեք լիտրանոց իր կապրոնե բաժակով, որը Ալվարդի լվացքի ջրամանն էր, բայց հենց խանութից տուն բերելու օրն էր գրավել Վահանի ուշադրությունն ու հիացմունքը:
– Կնի՛կ,– ասել էր,– էս ինչ ընտիր բան ես առել ինձ համար: Հոգնել եմ մանր-մունր միլիգրամանոց բաժակներով խմելուց: Սրանից հետո իմ գինու բաժակը սա է: Ապրես:
Ասել է, գոհունակությունը հայտնել և հենց նույն օրը երեք անգամ շնորհավորել է, ամեն անգամ երկու բաժակ դատարկելով, այսինքն՝ միանգամից վեց լիտր: Արդյունքը՝ մեկ էլ հաջորդ օրվա երեկոյան քնից արթնացավ ու ճլմկոտալով հարցրեց.
– Էս ո՞ւր ենք գնում,– չէր կարողանում աչքերը բացել, որ տեսնի՝ որտեղ է:
– Պապիդ բաղերը: Թուրքերը տարան, գնա փրկիր,– հեգնեց կինը:
– Վա՛յ, ես թուրքի…
Վահանը ոչ միայն լավ խմող, այլև խմելու հետ էլ լավ հայհոյող էր դեռ երեխա ժամանակից: Ճիշտն ասած, մի քիչ էլ երես էին տվել, որովհետև ծնվել էր չորս աղջկանից հետո, այսինքն՝ չորս քրոջ մինուճար եղբայր էր, իրենից առաջ մի քանի տղա էր ծնվել ու մահացել, մի հանգամանք, որ ավելի էր թանկացրել նրա արժեքը ընտանիքում ու հարազատների շրջանում:
Ռմբակոծությունը որ սկսվում էր, մենակ նա չէր իր հնարած ու ավանդական հայհոյանքները հիշում, մյուս տղամարդիկ էլ պակաս չէին: Խմբակային հայհոյանք լսա՞ծ եք… Այո՛, մեր տեսած պատերազմը դրա ականատեսն էլ դարձրեց: Նաև զարմանալի չէր, որ կանանց ու երեխաների ներկայությամբ էին հայհոյում, և կանայք չէին նեղանում: Թող ավելի թունդն ասեին. տվյալ պահին թուրքից վրեժ լուծելու միակ միջոցը դա էր, հարմարը այդ ձևն էր կարծես: Այդպես հայհոյելով վազում էին սահմանները:
Եթե թուրքին հայհոյելու մրցանակ սահմանվեր, հաստատ մեր գյուղի տղամարդիկ կշահեին, հավատացնում եմ:
… Մեր գյուղի տղամարդիկ, իմ համագյուղացիները, իմ հարևանները՝ Վահանը, Սեդրակը, Ժորիկը, Սուրենները, Նորայրը, Սարոն…
Ի՞նչ օրեր տեսանք, ի՞նչ տառապանքներ քաշեցինք: Մեզ ու Աստծուն է հայտնի միայն: Ո՞ւր եք, ձեզ շատ եմ կարոտել: Եկեք, հավաքվեք, ինչքան ուժ ու կարողություն ունեք, հայհոյեք… Ազնիվ խոսք, չենք նեղանում, միայն թե եկեք:

* * *
Այդ ահավոր տարիներին (գնան ու ետ չգան) ամեն տեսակ բարեգործություն արել եմ. մեկից խնդրել, մյուսին եմ տվել: Տղամարդկանց ասելով՝ իրենց համար կատարած ամենամեծ լավությունս ծխախոտ փաթաթելու թուղթ մատակարարելն էր: Իսկ կանա՞նց… Միայն մի դեպք հիշեմ:
Օգոստոսի վերջերն էին: Ուսուցչուհի Նվարդը խեղճացած խնդրեց.
– Ուսումնական տարին սկսվում է, արդեն քանի սեպտեմբեր էս հնամաշներով եմ դասարան մտնում: Երևանյան ծանոթներիցդ ունեցող կլինի, գոնե մի զույգ լավից-վատից ճարիր:
Հակառակի պես, սրա ոտքերն էլ շատ էին փոքր, էդ չափսի կոշիկ մանկական բաժնից են գնում: Հարցուփորձ անելով ոչ միայն ծանոթներին, այլև անծանոթներին էլ էի խնդրում:
– Ներեցեք,– քաշվելով դիմում էի,– ձեր ոտքերի չափսը հո պատահմամբ 34 չի՞: Գիտեք, ինձ համար չեմ ուզում, իմը 37 է, ընկերուհիս ուսուցչուհի է, նրա համար եմ ասում:
Այդպես, աջուձախ հարցնելով, հինգ զույգ ճարեցի: Շնորհակալ եմ ընդառաջողներից: Նվարդը օրական մի զույգ խնդմնդալով հագնում էր, տկտկացնելով դասարան մտնում: Ձմեռնամուտին, ինչպես «ուստա փիսոյի» պարագայում, Նվարդը նորից նույն խնդրանքով դիմեց.
– Ձմեռվա կոշիկ էլ չունեմ: Էս անգամ թեկուզ երեք-չորս համար չափսից մեծ լինի:
– Հա՛: Ձրի դագաղ լինի, թեկուզ կես մետր երկար,– հեգնեցի՝ հիշելով խորհրդային տարիներին, երբ կառավարության որոշմամբ հին կոմունիստների դագաղը ձրի էր, չափսն էլ՝ ստանդարտ երկու մետր, մահացածի հասակը թեկուզ դրա կեսն էր:
Այս անգամ երեք զույգ սապոգ ճարեցի՝ իր խնդրածի նման երեք-չորս համար մեծ չափսից: Այնքան էլ շատ չէին մաշված, գույնը դեռ տեղն էր: Ուրախությունից երեք անգամ ինձ գրկեց, տասն անգամ համբուրեց: Բայց ձմռան օրերին նկատեցի, որ միշտ մի զույգն է հագնում: Հարցրի պատճառը: Մի պահ լռեց մեղավորի նման, ապա դանդաղ պատասխանեց.
– Մի զույգը հենց քո բերելու հաջորդ օրը Մարինեին տվեցի, էն մի զույգն էլ, երբ առաջին ձյունը եկավ, Կարինեն խեղճացած ասաց՝ ոտքերս լրիվ բաց են, անհարմար եմ զգում գործի գնալ… Շատ մեղք էր, մի զույգն էլ նրան տվեցի:
– Այսինքն՝ լավությունը քեզանից իմացան,– կատակեցի՝ հազիվ զսպելով լացս: Կարինեն ու Մարինեն էլ են ուսուցչուհի:
Կանանց համար դեսից-դենից հագուստ էլ եմ ճարել, իսկ տղամարդկանց հիմնականում սպասարկել եմ, ինչպես նշեցի, ծխախոտ փաթաթելու թղթով, լրագրական թերթեր հավաքելով: Հավատացեք, հատուկ այդ նպատակով Երևան էի մեկնում, դիմում իմ գրչակից ընկերների օգնությանը: Ում ձեռքից ինչ գալիս էր, անում էր, իմ ձեռքից էլ նման բաներ էին գալիս: Խրամատներում կամ սահմաններին հերթապահելիս նրանց ամենաշատը ծխելու պահանջն էր տանջում, իսկ սիգարետ գնելը, ինչպես ասում են, թանկ հաճույք էր: Երևանում իմ հիմնական մատակարարներն էին արձակագիր Անահիտ Սահինյանը, պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը: Սիլվա Կապուտիկյանը մի անգամ երկու պարկ թերթ տվեց (մեր մեծ բանաստեղծուհին էլ էր ներքաշված այս գործում): Հրաչյա Մաթևոսյանի և եղբորս ընտանիքները կողք կողքի են ապրում, նման մի տան անդամների: Հրաչյան կապոցներով թերթեր էր հավաքում, մերոնց միջոցով ուղարկում: Տեսնեիք, թե ծխող տղերքը թերթի կապոցները տեսնելիս ոնց էին ուրախանում, ինչպիսի հրճվանք ապրում: Տնաշենները կարծես միայն ծխելու կարիք ունեին, ուտելու մասին խոսք չկար: Անտեր մնա պատերազմը իր «նորամուծություններով»:
Հարաբերական զինադադար սկըսվեց, բայց բարելավում չեղավ սահմաններում ապրողներիս կյանքում, տղամարդիկ սիգարետ գնելու դրամ չունեին, որոնք նույն եռանդով, ինչպես մարտական օրերին, ծխելու պահանջ էին զգում, և ես էլ նույն եռանդով շարունակում էի սպասարկել: Նախկին եռանդով, բայց ոչ հաճույքով՝ ախր, սիրտս ցավում էր՝ մինչև ե՞րբ ենք պակասություն քաշելու:
Եվ… կամաց-կամաց դադարեցրի թերթերի մատակարարումը: Աներևակայելի է, սակայն իրական փաստ. կռիվներն ավարտվեցին, սահմաններում խաղաղություն է, խաղաղ առօրյա, խաղաղ աշխատանք, թվացյալ հանգստություն և… դանդաղ համաճարակ՝ սրտի կաթվածից հանկարծամահ են լինում իմ համագյուղացիները, իմ հարևանները՝ Վահանը, Սեդրակը, Ժորիկը, Սուրենները, Նորայրը, Սարոն… Այն հզոր տղամարդիկ, որ այն ահավոր օրերին կորցրել էին վախի զգացողությունը, երբ հայհոյելով թուրքի դեմ էին գնում՝ մահացու գնդակներին ընդառաջ: Մահը նրանց գտավ մեկին իր տան շեմին, մեկին բակում գործ անելիս, մեկին այգին փորելիս, մեկին վարելիս, մեկին ցանելիս, ոմանց էլ հանդում՝ անասունները արոտի տարած, հանգիստ հսկելիս:
Երբ երևանյան իմ մտերիմները անհանգստացած զանգահարեցին, թե ինչու եմ ուշանում, կապոցներով թերթեր են կուտակվել, արցունքներս կուլ տալով միայն՝ դժվարությամբ արտաբերեցի.
– Շնորհակալություն: Ծխողներս թերթի կարիք չունեն այլևս:
Հեռախոսի մյուս ծայրում սխալ հասկացան և ուրախ արձագանքեցին.
– Ի՜նչ լավ է, որ արդեն հնարավորություն ունեն սիգարետ գնելու:
Արցունքներս ավելի խոշորացան, հեկեկոցս հազիվ զսպելով՝ պարզաբանեցի.
– Նրանք այլևս ոչնչի կարիք չունեն: Մահվան քնաբեր են ընդունել:

Նոյեմբերյան
Մարտ, 2008 թ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։