ՄԵՐ ԳՅՈՒՂԸ, «ԿՈՐՈՆԱՆ», ՊԱՏԵՐԱԶՄԸ/ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Ու­րեմն, վաղ­վա մա­սին մի՛ հո­գա­ցեք, ո­րով­հետև վաղ­վա օ­րը ինքն իր մա­սին կհո­գա: Օր­վա հա­մար իր նե­ղութ­յունն էլ հե­րիք է:
«­Լե­ռան քա­րո­զից»

– Ըն­կե՛ր Մա­րիամ, կա­թը դրե­ցի պա­տու­հա­նի գո­գին, վերց­րե՛ք, ես էս­տեղ կսպա­սեմ, որ կա­տուն չտա՝ թա­փի:
– Հի­մա, Շու­շո՛ ջան, դուրս եմ գա­լիս:
– Ըն­կե՛ր Մա­րիամ, մա­ման ա­սաց, որ Մա­րո­յենց չտաք, Դուք խմեք, որ շուտ լա­վա­նաք: Մա­ման Մա­րո­յենց էլ է ու­ղար­կել: Հենց նոր էն­տե­ղից եմ գա­լիս:
– Ե­ղավ, Շու­շո՛ ջան: Դե դու ար­դեն գնա՛, որ չվա­րա­կեմ քեզ: Մա­մա­յին ա­սա՝ շատ շնոր­հա­կալ եմ:
– Ըն­կե՛ր Մա­րիամ, Ձեր նվի­րած կո­վի կաթն է, ի՞նչ շնոր­հա­կա­լութ­յուն:
– Շու­շո ջա՛ն, ա­մեն ան­գամ նույն բա­նը չեմ կրկնե­լու: Շ­նոր­հա­կա­լութ­յու­նը նշա­նա­կում է, որ ես սի­րով քո մա­մա­յից ըն­դու­նում եմ իր ձեռ­քով կթած կա­թը, քո ա­պե­րիկ Մկր­տի­չի ա­րա­ծեց­րած կո­վի կա­թը… Դե՛ գնա, քեզ­նից էլ եմ շնոր­հա­կալ. գյու­ղի մի ծայ­րից մյուսն ես հա­սել էս ցե­խոտ, անձր­ևոտ ե­ղա­նա­կին:
Էս «­Կո­րո­նան» էս պա­հին բո­լո­րո­վին պետք չէր ի­րեն: Հի­մա ո՞նց կո­կոր­դից ցած գնա իր ե­րեկ թխած գա­թան: Գո­նե կնստի, տաք կա­թը կխմի, իսկ գա­թան ո՞նց ու­տի, երբ գի­տի, որ Մա­րո­յի ե­րե­խե­քը այ­սօր էլ են սո­ված գնա­ցել դպրոց: Երբ Մա­րոն, շփոթ­ված հա­յաց­քը գետ­նին կամ մի ու­րիշ կողմ հա­ռե­լով՝ ա­սում է. «­Մի բա­ժակ չայ մի գդալ քո տված մու­րա­բով խմե­ցին, գնա­ցին», Մա­րիա­մի բո­լոր անձ­նա­կան ու ա­նաձ­նա­կան ու­րա­խութ­յուն­նե­րը, ե­թե կան էլ, վայր­կե­նա­պես չքվում են: Իսկ տխրութ­յո՜ւ­նը, դե՛, տխրութ­յու­նը, պա­տե­րազմն սկսվե­լու օր­վա­նից ա­զատ թևա­ծում է էս մատ­նո­ցա­չափ գյու­ղի վրա, մտնում բո­լոր տներն անխ­տիր… Ժո­ղո­վուր­դը չգի­տի՝ ո՞նց դնի ոտ­քը, որ սխալ չլի­նի… Շուր­ջը, աշ­խար­հում է ա­մեն ինչ սխալ: Տե՜ր Աստ­ված, նե­րի՛ր մեզ: Էս ինչ­քա՜ն մե­ղա­վոր ենք ե­ղել, չենք ի­մա­ցել… Լա՜վ, էս­քա՞ն էլ մե­ղա­վոր…
Գա­թա­յից կտրեց, շնչա­ռութ­յու­նից հե­ռու պա­հած, որ ձեռ­քերն էլ չդիպ­չեն, մեծ կտո­րը դա­նակ­նե­րով բռնեց, փա­թա­թեց սպիր­տով ու բամ­բա­կով մաք­րած ֆոլ­գա­յի մեջ, զան­գեց Մա­րո­յին: Ա­սի՞, թե՞ չա­սի, խնդրի՞, թե՞ չէ, որ Մա­մի­կո­նը իր աղ­բը այ­սօր տա­նի, թա­փի: Մա­մի­կո­նը հոր հետ միշտ էլ ե­կել է, մաք­րել են այ­գին, է­տել են, ստա­ցել են փո­ղը, թեև հայ­րը միշտ ա­սում էր. «Ա­մոթ չի՞, ըն­կե՛ր Մա­րիամ: Մա­մի­կո­նիս ու Գա­յա­նեիս դա­սա­տուն ես, հե­րիք չի, էդ­քան փող ես տվել, երբ Մա­րո­յի ձե­ռը նեղն է ե­ղել: Պա­տա­հել է՝ չենք վե­րա­դարձ­րել, պա­տա­հել է՝ վե­րա­դարձ­րել ենք, չես վերց­րել»: Մա­րիա­մը խցկել է փո­ղը գրպա­նը: Գ­նաց, պար­տա­դիր զո­րա­հա­վա­քով տա­րան: Խե­լոք, գա­ռան պես մարդ էր: Գ­յու­ղում պա­տե­րազ­մի ա­ռա­ջին զո­հը հենց նա էր. ա­նօ­դա­չու թռչող սար­քը խփել էր ի­րենց ջո­կա­տին, միայն նրա մար­մինն էր ճա­նա­չե­լի մնա­ցել: Ե­րե­խա­նե­րի ծնունդ­նե­րը չի հի­շում, բայց Մա­րոն գա­լիս, հի­շեց­նում է, ի­րենն ու զոհ­ված ա­մուս­նունն էլ է խոս­քի մեջ հի­շեց­նում: Բայց Մա­րիա­մը ու­զում է մո­ռա­նալ իր ա­րած բո­լոր լա­վութ­յուն­նե­րը: Որ­պես վեր­լու­ծող միտք՝ ու­զում է հաս­կա­նալ՝ իր այս ա­նօգ­նա­կան վի­ճա­կում, բարձր ջեր­մութ­յան մեջ, ե­թե Մա­րո­յին խնդրի, որ Մա­մի­կո­նին ու­ղար­կի իր աղ­բը թա­փե­լու, կոտ­րած չի՞ լի­նի ե­րե­խա­յի հար­գան­քը ինքն իր ու նաև ու­սուց­չու­հու նկատ­մամբ: «Բ­լին­չիկ­ներս բո­լո­րը կփա­թա­թեմ ֆոլ­գա­յով, կտամ, թող ու­տեն: Կա­սեմ՝ Մա­մի­կո­նը թող լույ­սով չգա, մութն ընկ­նե­լուց հե­տո՛ գա»:
Մա­մի­կո­նին, ո­րին գյու­ղի ե­րե­խա­նե­րը մինչև պա­տե­րազ­մում հոր զոհ­վե­լը «­Բոմ­ժի տղա» ա­նունն էին կպցրել, հի­մա ա­սում են՝ «­Մա­մի­կո՛ն ջան, ա­րի՛ դար­պա­սա­պա՛հ կանգ­նիր»:
Մա­րոն պատ­րաս­տա­կամ ա­սաց. «­Հենց հի­մի Մա­մի­կո­նին ա­սեմ, թող գա, տա­նի զի­բիլդ, բա ո՞նց»: «­Չէ՛, թող մութն ընկ­նի հե­տո: Ջեր­մութ­յունս շատ է բարձր, թե չէ, գի­տես, միշտ էլ ինքս եմ թա­փում իմ աղ­բը: Տա­նի, թա­փի, ափ­սոս է՝ կփչա­նա»»: Ա­սաց՝ «­Հա՛, բա ո՞նց, բայց ա­սում են՝ գի­շե­րով զի­բիլ թա­փե­լը լավ չի»: Չի էլ փոր­ձի հաս­կա­նալ, թե ին­չո՞ւ մութն ընկ­նե­լուց հե­տո: Ս­րանք գեր­դաս­տա­նով թույլ են հաս­կա­նա­լուց: Այս­տեղ Մա­րիա­մին մի քրքիջ բռնեց: Գլ­խի ըն­կավ, թե ինչ ծի­ծա­ղե­լի բան է ա­սել Մա­րո­յին: Ե­թե Մա­րոն ա­սած լի­ներ նույն բա­նը, ոչ միայն ի­րենց, այլև շրջա­կա գյու­ղե­րում տա­րի­նե­րով ծաղր ու ծի­ծա­ղի նյութ կդառ­նար: «Աղբս թող Մա­մի­կո­նը տա­նի, թա­փի, թե չէ՝ ափ­սոս է, կփչա­նա»: Հա՛, ճիշտ են ա­սում, ու­րեմն՝ «­Կո­րո­նան» ու­ղե­ղի վրա էլ է ազ­դում»:
Մա­րոն դռան մո­տից վերց­րեց Մա­րիա­մի դրած թթվի մեծ, սպիր­տով մաք­րած բան­կան, վերց­րեց Մա­րիա­մի պատ­րաս­տած պո­պո­քի մու­րա­բան, տու­փով սուր­ճը, ո­րի պա­կա­սը Մա­րոն միշտ ու­նե­նում է, է­լի ինչ ձեռ­քի տակ ըն­կել էր: Հս­կա տոպ­րա­կը իր ցա­վող մեջ­քով տա­րավ: Մա­րիա­մի սիր­տը հան­գիստ չէր: Մի քա­նի օր տնքա­լու է. «­Վա՜խ, էս մեջքս»:

Ջեր­մութ­յու­նը բարձ­րա­նում էր ժամ առ ժամ: Մա­րիա­մի աչքն ար­դեն տա­քուկ ան­կող­նուն էր, բայց Մա­մի­կո­նը չկար ու չկար: Ս­խալ ա­րեց: Ե­րե­խան ար­ժա­նա­պատ­վութ­յուն ու­նի: Ա­վե­լի լավ էր Շու­շո­յին խնդրեր: Ն­րանց ըն­տա­նի­քը ար­ժա­նա­պատ­վութ­յան խնդիր չու­նի, սիր­ված ըն­տա­նիք է, մա­նա­վանդ ըն­տա­նի­քի հոր՝ Լ­ևո­նի զոհ­վե­լուց հե­տո: Ա՜խ, Լ­ևո­նի զոհ­վե­լուց հե­տո… Ս­խա՛լ ա­րե­ցիր, ա՛յ հո­գե­բան, վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ: Մա­րիա­մը ջեր­մութ­յան մեջ ար­դեն գո­վա­սան­քի խոս­քեր էր շռայ­լում Մա­մի­կո­նի հաս­ցեին, մտքում գո­վեց Մա­մի­կո­նին, որ մո­րը եր­ևի ա­սել է. «Ես զի­բիլ թա­փո՞ղ եմ, ես հա­վես չու­նեմ»: Մ­տա­ծում էր՝ «Որ գա, կա­սեմ՝ Մա­մի­կո՛ն, տղե՛ս, դու գի­տես, չէ՞, որ ես ա­մեն օր էլ աղբ ու­նե­նում եմ թա­փե­լու, թեև մեն-մե­նակ եմ ապ­րում: Ինքս ա­ռողջ եմ, տա­նում, թա­փում եմ: Քեզ այ­սօր դի­մել եմ, քա­նի որ չեմ կա­րող ջեր­մութ­յու­նով դուրս գալ»…
Բայց Մա­մի­կո­նը ո՛չ այդ և­ ո՛չ էլ հա­ջորդ օ­րե­րին չե­կավ: «­Հի­մա­րի մեկն ես»,- ինքն ի­րեն դա­տում էր Մա­րիա­մը: Տես­նես Մա­մի­կո­նը կե­րա՞վ բլին­չիկ­նե­րից, թե՞ հպար­տութ­յու­նը թույլ չտվեց: Մա­մի­կո­նի փո­խա­րեն երկ­խո­սում էր. «Ո՛չ բլին­չիկ­ներն են պետք, ո՛չ էլ զի­բի­լը կթա­փեմ»: Բայց Մա­մի­կո­նի լո­թիա­վա­րի ու­սե­րի խա­ղը ե­կավ աչ­քի ա­ռաջ: Լավ էլ կու­տի: Սո­ված մար­դը ի՞նչ չի ու­տի: Ն­րանց տա­նը բլին­չիկ թխողն ո՞վ է: Մա­րո՞ն:
Որ­քան էլ փոր­ձում էր Մա­մի­կո­նի կող­մը բռնել, մի փոք­րիկ, սիրտ կրծող մուկ ա­սում էր. «Էդ­քան լա­վութ­յուն ես ա­նում, ո՞նց են մո­ռա­նում»: Մա­րոն կա­սի. «­Հե­րը գլխին լի­ներ, կջղայ­նա­նար, կա­րող է և ծե­ծեր, բայց դե, որ հե­րը չկա՝ «­Չէ՛, որ չէ՛, ես զի­բիլ թա­փո­ղը չեմ»: Մեր տան զի­բիլն էլ չի թա­փում»: Մա­րիա­մը փոր­ձեց նո­րից մտքում գո­վել իր ա­շա­կեր­տի ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը, բայց ա­րած բո­լոր լա­վութ­յուն­նե­րը հեր­թով գա­լիս, շար­վում էին իր ջեր­մութ­յու­նից շի­կա­ցած սեն­յա­կի ա­ռանձ­նութ­յան մեջ: Մա­րիա­մը ու­զում էր հավ ու ճի­վի պես «քը՜շ» ա­սել տա­րի­ներ շա­րու­նակ Մա­րո­յի ըն­տա­նի­քին ա­րած իր լա­վութ­յուն­նե­րին… Մա­րո­յից ա­ռաջ նրա ո­ղոր­մա­ծիկ սկե­սուրն էր… Չէր գա­լիս, թոռ­նի­կի հետ նա­մակ էր ու­ղար­կում. «­Կա­րա՞ս 1000 դրամ տաս, նպաստս ստա­նամ, կտամ»: Այն ժա­մա­նակ Մա­րոն դեռ ե­րե­խա էր, ի­րենց գյու­ղից յոթ տա­րի հե­տո էր հարս գա­լու այս գյուղ: Մի ան­գամ ու է­լի մի քա­նի ան­գամ Մա­րիա­մը զգու­շաց­րել էր. «Ե­րե­խա­յին ուզ­վո­րութ­յան մի՛ վար­ժեց­րու, ի՛նքդ ա­րի»:
Տե՛ս, ըն­կե՛ր Մա­րիամ, կա­րող է աջ ձեռքդ չի ի­մա­նում ձա­խի տվա­ծը, բայց գլխիդ աջ կի­սագն­դի մեջ լրիվ պահ­պան­վել է ձախ կի­սագն­դում ե­ղա­ծը կամ՝ հա­կա­ռա­կը…
Մա­րիա­մի ջեր­մութ­յու­նը դեռ չէր իջ­նում: «Էս «­Կո­րո­նան» էլ ե­կավ հա­սավ մեր հե­ռա­վոր գյու­ղը, լավ բան լի­ներ՝ կե­սից կփո­խեր ճամ­փան, թեև բո­լոր գյու­ղե­րում էլ քա­նի՜ «­Կո­րո­նա», քա­նի՜ զոհ, քա­նի՜ վի­րա­վոր ու­նեն…
Մա­րոն մի ան­գամ զան­գեց, ա­սաց. «­Զան­գել եմ, ա­սի՝ ի­մա­նամ՝ ո՞նց ես: Կա­րո՞ղ է մի քիչ լո­բի ու­նե­նաս, է­սօր ե­փեմ, ե­րե­խե­քը ու­տեն»: Մա­րիամն այս­տեղ կաս­կա­ծեց՝ կա­րո՞ղ է Մա­րոն Մա­մի­կո­նին չի ա­սել, քա­նի որ գի­շե­րով աղբ թա­փե­լը ըստ ի­րեն լավ չի:
«Ի­հար­կե, ու­նեմ,- ու­րա­խա­ցավ Մա­րիա­մը,- կդնեմ դուր­սը, ա­րի՛, տա՛ր»: «­Կա­րո՞ղ է 1000 դրամ էլ տաս, ըն­կե՛ր Մա­րիամ, Մա­մի­կո­նի կո­շի­կը տա­նեմ Սե­թո­յին, սար­քել տամ, հագ­նի, թե չէ վա­ղը մա­հա­նա կբռնի, դպրոց չի գնա»:
Սե­թո­յի կար­կա­տած կո­շի­կը հինգ օր էլ չի դի­մա­նա: Մա­րիա­մը կտա Մա­մի­կո­նի հա­մար նոր կո­շիկ գնե­լու փո­ղը:
Իսկ երբ մութն ըն­կավ, ու ար­դեն փո­ղոց­նե­րից բո­լո­րը տուն էին քաշ­վել, հա­գավ վե­րար­կուն, վերց­րեց ծանր տոպ­րակ­նե­րը: Թե՝ մեն-մե­նակ, կե­րածն էլ մի բան չի, ե՞րբ այս­քան աղբ կու­տակ­վեց: Քայ­լեց մութ փո­ղո­ցով… Ու կենտ­րո­նում տե­ղադր­ված աղ­բարկ­ղե­րի շար­քը նրան շատ հե­ռու թվաց…
«Ո՞ւմ եմ տա­լու ձայնս»,- ճամ­փան կար­ճե­լու հա­մար փոր­ձեց շե­ղել իր մտքե­րը՝ նա­յե­լով հա­մա­տա­րած մու­թի մեջ միայն կե­տե­րով լու­սա­վոր­ված գյու­ղա­պե­տի թեկ­նա­ծու­նե­րի նկար­նե­րին: Ե­րեք մար­դու մե­ծա­դիր, լու­սա­վոր­ված նկար­ներ: Ախր ոչ մե­կին… Ոչ մե­կին ար­ժան չի տես­նում, բա­ցի Լ­ևոն Գ­րի­գոր­յա­նից, հրաշք մեղ­վա­պա­հից, որ ոչ միայն իր մե­ղու­նե­րի, ոչ միայն իր ժո­ղովր­դի, այլև աշ­խար­հի մարդ­կանց ու մե­ղու­նե­րի մա­սին բան չկար, որ չի­մա­նար: Հա­զար ան­գամ կա­րող էր գնալ գյու­ղից, երկ­րից: Եղ­բայ­րը Կո­լոմ­նա­յում ման­կա­կան խա­ղե­րի սե­փա­կան հրա­պա­րակ ու­նի՝ ատ­րակ­ցիոն­նե­րով: Չէ՛, որ չէ՛, ես իմ գյու­ղից գնա­ցո­ղը չեմ, ինչ ու­զում է պա­տա­հի… պա­տա­հեց… Չգ­նա­ցիր, թաղ­ված ես հու­շա­կո­թո­ղի տակ… Է՜հ, Լ­ևո­նի նկա­րը չկա սրանց շար­քում…
«Ես իմ ձայ­նը Լ­ևո­նին եմ տա­լիս»,- գրե­թե գո­ռաց Մա­րիամն ու տխուր ծի­ծա­ղեց իր ա­սա­ծի վրա: Ն­րան զար­մանք և­ ու­րա­խութ­յուն պատ­ճա­ռեց այս հա­մա­տա­րած լռութ­յան մեջ լսվող իր ծի­ծա­ղը, որ կար­ծես ի­րե­նը չէր: Ու­զեց է­լի՛, ա­վե­լի բարձր ծի­ծա­ղել… Հի­շեց Մա­րո­յին ա­սա­ծը. «­Մա­մի­կո­նը թող աղբս թա­փի, ափ­սոս է, չփչա­նա»: Ծի­ծա­ղեց, քրքջաց, ձեռ ա­ռավ ինքն ի­րեն, միա­ժա­մա­նակ ու­զում էր ա­մոթ զգալ իր ան­ժա­մա­նակ ծի­ծա­ղի հա­մար: «­Կա՛մ գիժ եմ, կա՛մ բախ­տա­վոր… Բախ­տա­վոր՝ էս դժբախ­տութ­յու­նից տնքա­ցող գյու­ղո՞ւմ… Ու­րեմն գիժ եմ»… «­Հա՛, հի­մար ես, հի­մար»… Ջեր­մութ­յու­նը սաս­տիկ բարձր էր, բայց դրա մա­սին չէր, որ ան­հանգս­տա­նում էր: Փո­խա­րե­նը հի­շեց պա­տե­րազ­մի նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րի 31-ի գի­շե­րը, երբ տան մաք­րութ­յու­նը ա­նե­լուց, Նոր տար­վա ու­տեստ­նե­րը, ա­նու­շե­ղե­նը տե­ղը տե­ղին պատ­րաս­տե­լուց հե­տո նա­յել էր շուր­ջը, տե­սել, որ մի շատ կար­ևոր բան պա­կա­սում է՝ մի կա­նաչ, փոք­րիկ եղև­նու ճյուղ, որ ին­քը միշտ նա­խօ­րոք կտրում էր ան­տա­ռից: Ոտ­քե­րի վրա այլևս ուժ չկար, բայց ա­ռանց այդ կա­նաչ ճյու­ղի չէր ու­զում պատ­կե­րաց­նել իր միայ­նակ Նոր տար­վա գա­լուս­տը… Զան­գեց Մա­րո­յին, որ Մա­մի­կո­նին ու­ղար­կի իր մոտ… «­Մա­մի­կո՛ն, տղե՛ս, ու­շա­դի՛ր լսիր՝ հրա­պա­րա­կի հենց աղ­բարկ­ղե­րի ետ­ևի ծա­ռից մի փոք­րիկ ճյուղ կտրի՛, բեր: Ոտ­քե­րիս վրա ուժ չկա, թե չէ՝ ես կգնա­յի: Բայց շատ զգույշ, որ­ևէ մե­կը չտես­նի: Ե­թե վրադ խո­սող լի­նի, ա­սա՝ ըն­կեր Մա­րիա­մի հա­մար է»: Մա­մի­կո­նը մի քա­նի րո­պեից շնչակ­տուր վե­րա­դար­ձավ, ու­սուց­չու­հուն մեկ­նեց ծա­ռի մի չոր ճյուղ: «Ես էի մե­ղա­վո­րը, տղա­յին չէի ա­սել՝ մի փոք­րիկ, կա­նաչ եղև­նու ճյուղ…»: «Էս ի՞նչ ես բե­րել, էս ճյու­ղը ի՞նչ եմ ա­նե­լու»: Մա­մի­կո­նը զար­մա­ցած, չհաս­կա­նա­լով նա­յում էր ճյու­ղին, հե­տո՝ ըն­կեր Մա­րիա­մին… Երբ հաս­կա­ցավ ին­չի մա­սին է խոս­քը… վազ­քով գնաց, ետ ե­կավ, այս ան­գամ եղև­նու մի հսկա ճյուղ ձեռ­քին: Մա­րիա­մը չգի­տեր ա­նե­լի­քը, հո չէ՞ր ա­սե­լու. «­Տա՛ր, տե­ղը դիր»: Զար­դա­րեց, ըն­թաց­քում մտմտա­լով, թե ո՞նց է ի­րեն շնոր­հա­վո­րե­լու ե­կող­նե­րի ա­ռաջ մեղ­քը լրիվ իր վրա վերց­նե­լու, ա­մո­թա­հար…
Գի­շե­րով փո­ղո­ցը բո­լո­րո­վին այլ տեսք ու­ներ, ա­վե­լի ճիշտ՝ ոչ մի տեսք չու­ներ: Հե­ռա­խո­սի լույ­սը քիչ էր նկա­տե­լու հա­մար այն թշվա­ռութ­յու­նը, որ թվում էր հա­րատև է աշ­խար­հի այս չքնա­ղա­գույն գյու­ղի հա­մար:
Մի փոք­րիկ գյու­ղին շատ չի՞ ե­րեք զոհ… Բո­լորն էլ Մա­րիա­մի ա­շա­կերտ­ներն են ե­ղել: Մե­կը՝ Լ­ևոն Գ­րի­գոր­յա­նը, Լ­ևո՜­նը… Ամ­բողջ գյու­ղի կրծքից կսկի­ծի ծուխ է բարձ­րա­նում ու դեռ շա՜տ եր­կար կբարձ­րա­նա ե­րե­քի, բայց հատ­կա­պես էս տղու հա­մար… «Լ­ևո՜նս», «Ար­թուրս», «­Սե­րոբս», – օր ու գի­շեր մրմնջում են նրանց մայ­րե­րը: «Լ­ևո՜նս»,- օր­վա մեջ մի քա­նի ան­գամ մրմնջում է ու­սուց­չու­հին: Եր­կու գե­րի, ո­րոն­ցից մե­կը, փա՜ռք Աստ­ծո, վե­րա­դար­ձավ… Ե­րեք վի­րա­վոր… Տ­ղեր­քից Արտ­յո­մին՝ Սե­րոբ­յա­նին, Մա­րիա­մը տե­սավ գյու­ղա­մի­ջում՝ «­Կո­րո­նա­յից» ա­ռաջ: Կանգ­նել էր պրո­թե­զա­վոր­ված ոտ­քի վրա, հեն­վել էր ան­թա­ցու­պին այն­պես, որ թվա, թե չի հեն­վում: Կար­ծես ու­զում էր հե­րո­սի նման­վել, բայց մի տե­սակ ա­մա­չում էր… Կար­ծես մե­ղա­վոր լի­ներ… Ին­չո՞վ էիր մե­ղա­վոր, ա՛յ հի­մար տղա… Քիթդ բարձր պա­հիր… Բայց ո՛չ շատ բարձր… Ախր դու դպրո­ցում չգի­տեիր՝ մե­ղա­վո­րը ինչ է… Մեղ­քը հեշ­տութ­յամբ կա­րո­ղա­նում էիր մեկ ու­րի­շի վրա բար­դել… Արտ­յո՛մ, բա­լե՛ս, ախր ի՞նչ ա­սի քեզ քո խեղ­ճա­ցած ու­սուց­չու­հին, երբ ներ­սը մղկտում է, մոր­մո­քում… Գի­տե՞ս ինչ, Արտ­յո՛մ ջան, թեև հի­մա մեր գյու­ղի ա­մե­նա­լավ ե­ղա­նա­կը չի, բայց շո՛ւրջդ նա­յիր… Աշ­խար­հում մեր էս պստլիկ գյու­ղից ա­վե­լի չքնաղ անկ­յուն կա՞… Դժ­վար լի­նի… Արտ­յոմ ջա՛ն, Սո­նան, ե­թե խելք ու­նե­նա, կա­մուս­նա­նա քեզ հետ… Տե­ղովդ խելք ես, մի բան կմտա­ծենք միա­սին՝ գյու­ղո­վի… Արտ­յո՛մ ջան, նա­յի՛ր մայ­րա­մու­տին… Տես­նո՞ւմ ես մեր գյու­ղի մայ­րա­մու­տը… Արտ­յո՛մ ջան, գառ­նե­րի մա­յու­նը, կո­վե­րի խա­ղաղ, լի­քը կրծքե­րով գոհ ու ան­տար­բեր ըն­թաց­քի՛ն նա­յիր… Հա­վա­տա, որ մեր գառ­նե­րը մա­քուր հա­յե­րե­նով են մա­յում, հենց մեր գյու­ղի բար­բա­ռով… Մեր հո­տերն ի­րեն­ցով ա­նող ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն հաս­կա­նա­լու նրանց լե­զուն… Ա՛յ ի­րենք են, որ գոհ են այ­սօր­վա ի­րենց ա­րա­ծից ու չա­րա­ծից… Եր­ևի գոհ էլ չեն… Մարդ են, չէ՞, գյու­ղա­ցի են մեզ պես… Ուղ­ղա­կի գո­ղութ­յուն չա­նե­լու, ան­մեղ մարդ չսպա­նե­լու պատ­վի­րա­նը, որ ի­րենց հա­վա­տում էլ կա, հրա­հանգ­ված է ան­տե­սել…
Ար­դեն մո­տե­նում էր աղ­բարկ­ղե­րին, երբ մթան մեջ եր­կու ի­րար մոտ կանգ­նած, սա­ռած, գրե­թե միմ­յանց սեղմ­ված մարդ­կանց ուր­վա­պատ­կեր եր­ևաց: Ա­րագ ճա­նաչ­վե­ցին Մա­մի­կո­նի լո­թիա­վա­րի շարժ­վող ու­սե­րը, իսկ աղ­ջի­կը… Ո՞վ է էս քա­ջը, որ հենց գյու­ղի հրա­պա­րա­կում, էս մթա­նը էս­քան մո­տիկ ան­շարժ կանգ­նել է Մա­մի­կո­նի դի­մաց՝ հե­զիկ, նա­զիկ… Շու­շո՜ն է: Ն­րան այս­քան հե­զիկ-նա­զիկ դպրո­ցում ո՞վ է տե­սել… Բայց հենց նա է՝ Շու­շոն: Մա­մի­կո­նը նկա­տեց ու­սուց­չու­հուն, աղջ­կա ձեռ­քից բռնած տա­րավ դե­պի մու­թը… Իսկ մինչև ու­սուց­չու­հու եր­ևա­լը, ե­թե ու­րի­շը տես­ներ Մա­մի­կո­նին Շու­շո­յի հե՞տ… Իր հա­մար պլյուս էր, իսկ աղջ­կա հա­մար միան­գա­մից բա­զում մի­նուս­ներ… Խել­քը թռցրե՛լ է էս աղ­ջի­կը… «­Հորդ՝ հե­րոս Լ­ևո­նիս պա­տի­վը էս­պե՞ս ես պա­հում, հի­մա՛ր աղ­ջիկ»,- զայ­րա­նում էր ըն­կեր Մա­րիա­մը բա­ցար­ձա­կա­պես մո­ռա­ցած, որ զայ­րույ­թը յոթ մա­հա­ցու մեղ­քե­րից մեկն է: Բայց ինչ­պես միշտ, ինքն ի­րեն դա­տե­լով հի­շեց­րեց. «­Դու ու­սու­ցիչ ես, դու գյու­ղի ա­ռա­ջա­դի­մութ­յան հա­մար պա­տաս­խա­նա­տու ես: Ք­սա­նե­րորդ դա­րում ծնված, մե­ծա­ցած լի­նելդ քեզ չի փրկում, ո­րով­հետև ար­դեն 20 տա­րի է, ինչ 21-րդ դա­րում ես ապ­րում»: Շու­շոն խե­լա­ցի աղ­ջիկ է, հաս­տատ Մա­մի­կո­նի մեջ գտել է մի շատ լավ բան, որ Մա­րիա­մի՝ եր­կար տա­րի­նե­րի փորձ ու­նե­ցող աչ­քից վրի­պել է:
Վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հին Մա­րիա­մը ոչ ո­քի չհան­դի­պեց, միայն՝ գյու­ղա­պե­տի թեկ­նա­ծու­նե­րի լու­սա­վոր­ված մե­ծա­դիր նկար­նե­րին: Ինչ­պես որ ար­յան խմբեր կան, այդ­պես էլ ար­յան տե­սակ կա, ո­րի տի­րո­ջը հա­կա­ցուց­ված է գյու­ղա­պետ լի­նել, այս ե­րեքն էլ այդ տե­սա­կից են: Ս­րան­ցից միայն մե­կին՝ Ալ­բեր­տին էր, որ Մա­րիա­մը կա­րո­ղա­ցավ սո­վո­րեց­նել կա­նո­նա­վոր կո­տո­րակ­ներն ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի բե­րել: Ա­սում են՝ ու­զում է գյու­ղում ե­կե­ղե­ցի կա­ռու­ցել: Է՛, թող կա­ռու­ցի: Մա­րիա­մը մի պահ կանգ­նեց, նա­յեց Ալ­բեր­տի մե­ծա­դիր նկա­րին: Ն­րա խո­հուն հա­յաց­քի մեջ միայն ին­քը՝ նրա ու­սուց­չու­հին, այն էլ այս գի­շե­րա­յին կի­սա­մու­թի մեջ կա­րող էր նկա­տել թլոշ լե­զուն, որ, ի­հար­կե, լուրջ, ի­րար խնամ­քով սեղ­մած շրթուն­քի ետ­ևում էր: Ծի­ծա­ղեց ինքն ի­րեն՝ ա­մեն­ևին չմտա­ծե­լով, թե մեկ­նու­մե­կը կա­րող է տես­նել ի­րեն գի­շե­րով, գյու­ղի հրա­պա­րա­կում, Ալ­բեր­տի նկա­րի տակ կանգ­նած ծի­ծա­ղե­լիս: Ու­րախ էր կար­ծես, որ եր­կար կյան­քի ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ ի­րեն այ­ցե­լում է ա­զա­տութ­յան զգա­ցու­մը: Բայց գե­րա­դա­սեց այլևս այդ­քան բարձր չծի­ծա­ղել: Միր­զո­յան­նե­րի այս բարձր, ան­ճոռ­նի ցան­կա­պա­տը թեև շատ հե­ռու է 44-օր­յա պա­տե­րազ­մից, թե՛ տա­րա­ծութ­յամբ, թե՛ ժա­մա­նա­կով, բայց իր ծա­մածռ­ված էութ­յամբ, մա­նա­վանդ գի­շե­րով, կար­ծես հենց այդ պա­տե­րազ­մի վկան ու ման­րա­կեր­տը լի­նի: Իսկ Միր­զո­յան եղ­բայր­ներն՝ ի­րենք, Ալ­թա­յում մեծ հա­մա­ռութ­յամբ հար­յու­րա­վոր խո­զեր են բու­ծում:
Մա­րիա­մի քու­նը չէր տա­նում… Ջեր­մութ­յու­նը ա­վե­լի ու ա­վե­լի էր բարձ­րա­նում: Վեր­մակ­նե­րի տակ դո­ղում էր… Ք­նեց: Վա՛յ էն քնե­լուն… Հա­զա­րա­վոր աղ­բա­ման­ներ, գյու­ղա­պե­տի հար­յու­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի մե­ծա­դիր նկար­ներ, Գ­րի­գոր­յան Շու­շան­ներ, Մա­մի­կոն­ներ ինչ-որ բարդ հաշ­վարկ­նե­րի մեջ թվեր էին ներ­կա­յաց­նում… x-եր, y-ներ, z-եր… Ին­քը ա­ռանց հաշ­վի­չի օգ­նութ­յան ար­մատ­ներ էր հա­նում…
Ա­ռա­վոտ­յան, աչ­քե­րը բա­ցե­լով, Մա­րիա­մը սա լավ նշան հա­մա­րեց: Հի­վան­դութ­յու­նից լա­վա­նա­լը իր հա­մար միշտ այս­պես է ըն­թա­ցել: Կար­ծես աշ­խար­հը մի շատ բարդ, չա­փա­զանց բարդ, ան­լու­ծե­լի խնդիր է լու­ծում, որ մար­դու խել­քի բա­նը չէ… Մա­թե­մա­տի­կա­յի գյու­ղա­կան հա­սա­րակ ու­սուց­չու­հու խել­քի բա­նը չէ՝ ա­ռա­վել ևս: Այդ խնդի­րը ինքն է ի­րեն լու­ծե­լու… էս­պես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։