«ԵՌԱՁԱՅՆ ՎԵՐԱԴԱՐՁ» շարքից
Հրաժեշտ
Դին, որ կամփոփի իմ լռած
արյան հիշողությունը,
Որ կթափառի ուրվագծերի ցնորքում անսեր,
Լույսից կխնդրի բոլոր մեղքերի իր թողությունը,
Իսկ հոգիս կուզի, որ միայն երգով իրեն զմռսեն:
Ու ես ներման չափ
հեռու կլինեմ ճշմարտությունից
Ու կհեծեծամ ցավը գոյության ունկին Բարձրյալի,
Որ չկերտեց ինձ միաբանությամբ
հոգու և նյութի,
Ու կապաշխարեմ այն, ինչ իմը չէր,
բայց իմը դարձրին:
Ես աղոթքների շուրթերում խոնարհ
կդառնամ մեռնող մի վավերություն,
Որ մի օր պիտի հառնի երկնքից
ու հորդի ներքև մաքրությամբ լույսի,
Որ մի օր պիտի գա ու հեղեղի
անավարտ թողած մի ճշմարտություն
Ու նրա անեղծ կամարների տակ
նորից կանգնեցնի սյուներն իր հույսի:
Ցավեր փարատող մի հուշաղբյուրից
կցայտեն մեղմիկ օրերս անցած,
Ու կխաղաղվեն սվինները ժանտ,
որ խողխողել են երկինքն իմ թավշյա,
Մարդիկ հեռացող հուշիս թևերին
կծածանեն մի շինծու կարեկցանք
Ու կմոռանան՝ ինչպես ամենքին,
երեկ և այսօր, և վաղը անգամ:
Իսկ իմ կռիվը կմնա իմ մեջ,
որպես մասունքներ անավարտ կյանքի,
Որպես չծնված խոսքերի թանձրույթ,
որպես որբացած հույզերի շարան,
Զոհաբերության մի նավարկություն՝
տված առագաստն հոգու փոթորկին,
Ու անհատույց սե՜ր, ու անհատույց
սե՜ր՝ խելահեղորեն ամենքի համար:
Հետո անկշռելի ելևէջները ինձ կուղեկցեն
մինչ թևը ճախրանքի,
Ու ես կսահեմ անգույն վարդերի
անվերջանալի դաշտերի միջով,
Քամին մթներիզ հեռվի շուրթերից բույրը
կբերի իմ տառապանքի,
Ու հեռուները ինձ կպարուրեն տաք
աղոթքներից քամված մրմունջով…
Հայտնություն
Անգույն վարդերի դաշտը չէր հիշում
բույրը երկնքի
Ու հոտոտում էր իմ հայտնությունը՝
ռունգերով լույսի,
Նա վերապրումի համն էր վայելում
իր սառած քիմքին
Ու ինձ զննում էր՝ ինչպես եկվորի,
ուռկանում որսի:
Անձավները մութ ներծծում էին սերը հուշերիս
Ու իմ աչքերից քամում էին լուռ գինին ցոլանքի,
Հոգուս ջրերի ավիշն էր ծորում վերքին փշերի,
Ու խլում էին ծառերը կռնատ
բողբոջն իմ հալքի…
Ծեր հորիզոնը իր հանգած սիրո
մարջանն էր բոցում
Կոպերիս տակից ներքև
հորդացող մայրամուտներից,
Սփրթնած դեմքով լուսինն իմ լանջի
թերթերն էր բացում,
Որ նորից ցոլար մթան
պղտորված հորձանուտներից:
Սարսռագալար ծփում էր
դրախտն իմ թևերի մեջ,
Ու սահում էին մաշկիս վրայով ստվերները պաղ,
Որ պոկում էին ինձանից կյանքի
տառապանքը պերճ
Ու մտնում մեղմիկ գայթակղության
գոգերը չքնաղ:
Թեպետ ապրածս դեռ չէր քարացել
ոսկրերում հուշի,
Ու անփառունակ նյութը ծխում էր
դեռ իմ ընդերքում,
Բայց ինձ լափել էր խելահեղորեն
դրախտի փոշին
Ու ծվատում էր հոգիս՝ իր բաժին սերը փրկելու…