ԼԵՎՈՆ ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ

ԼԵՎՈՆ  ԶԱՎԵՆ  ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ1970 թվականին սփյուռքյան մի շարք թերթեր, հանդեսներ տպագրեցին Լ.Զ. Սյուրմելյանի հայերեն գրված վերջին բանաստեղծությունը, որը նույնիսկ հեղինակի կողմից էր մոռացվել: Այն գրողը 50-ական թվականներին ԱՄՆ-ից ուղարկել էր իր ուսուցչին՝ Վահան Թեքեյանին:
Վստահ ենք, որ այն «Գրական թերթի» ընթերցողներին կհետաքրքրի, մանավանդ որ վերջին տարիներին մեծանուն գրողի գրական ժառանգության նկատմամբ ցուցաբերվել է պատշաճ ուշադրություն:
Ա.Ա.

ԱՍԱՑՈՒԱԾՔ ԼՌՈՒԹԵԱՆ
Դուն, գաղտնապահ
Արծաթ շրթներ ես աղջկայ,
Արծաթ եւ նուրբ շրթներ սիրոյ
Զոր անշշուկ կը համբուրեմ
Ես գանգրահեր կապոյտ տղայ:

Մուճակներով մետաքսաթել
Աղջիկ ես դուն,
Ու մութ հոգւոյս մէջ կու գաս ման
Նուրբ մատներուդ մէջ փղոսկրեայ
Բռնած ճերմակ,
Լուսանման
Պերճ գորգինա:

Դուն, ծխամորճ բանաստեղծին,
Դուն, օրհնեալ ջուր ճակտին վրայ գործաւորին
Խոնարհներուն դուն սրտի մոմ,
Խորհողներուն ցաւն անմեկին,
Դուն, գլուխներն աղուոր, բարի
Բոլոր մեռած մայրիկներուն,
Ու դուն, բուրվառ,
Ծուխը, որուն արծաշոգի
Կը փաթթուի
Աննման մարդոց հոգիներուն:

Սեղանին վրայ՝
Գրող տղու մը աբեղայ,
Դուն կոյր ծաղիկ մ՚ես մետաղէ,
Երկաթի գոյն.
Կուռ թերթերուդ մէջ ցուրտ ու լայն
Ան կը գրէ
Գիրքն իր հոգւոյն:

Գիշեր ատեն,
Դուն լոյս անուշ,
Ու լոյսին մէջ այդ լոյսն անուշ
Մտածումներն իմ նազօրէն
Մերկ աղջկանց պէս կը պարեն:

Սուրբ Լռութիւն,
Որքան նման ես դաշնակին…
Այլեւս հիմա որբ ու մինակ
Ես կը վախնամ զայն նուագել,
Մահուան դաշնակ,
Որ կը կենայ,
Ինչպէս դագաղ սեւ ու հսկայ
Սրահին մէջ հրեշտակաբոյր:
Մօրս հոգին հոն կը պառկի,
Պզտիկ ոգին իմ պզտիկ մօր,
Պատկերն որուն ճերմակ հարսի
Թաշկինակով մը սեւածիր
Ես ծածկեցի:

Դուն, Յիսուսին
Արնակարմիր սիրտ ես տրտում,
Խաչին վրայ՝
Սիրտը իրեն արիւնլուայ:
Միսն ես լեղի ու խնկահամ
Մեր սուրբերուն…
Դուն, կտրուած ու գանգրահեր
Գլուխն ես թուխ
Յովհաննէսին մեծ Մկրտչին…
Դուն Աստուծոյ
Ստեղծագործման
Բառը վերջին:

Օ, լռութիւն,
Աղջիկ տրտում,
Համբուրէ զիս…
Ես կարօտ եմ քու գրգանքին,
Քու շրթներուն ու քու ծոցին…
Աղաւնու պէս իջիր ուսիս,
Իջիր վրաս…
Թերթերուն պէս ծաղիկներուն,
Օրհնէնքի պէս թռչուններուն,
Իջիր, իջիր
Ու ծածկէ զիս…
Հոգիին պէս իմ մայրիկիս,
Աղուոր, քնքոյշ իմ մայրիկիս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։