Սամվել Կոսյան / 75 ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏՈՂ

Սամվել ԿոսյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բանաստեղծ, դրամատուրգ
Սամվել ԿոսյանիՆ
ծննդյան 75-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

1.
Երկի՛ր, չլինի՞ երակներիդ ներսում ձիավորները շեղվել են ճամփից,
կամ աղոթքներիդ մաշկի տակ նոր դավադրություններ են բացվել,
շրջվում եմ, որ չտեսնեմ
զավակներիդ հուսահատությունը, որ եթե հրաժարվես
իրենց առաջնորդել, ապա էլ ում ու ինչը պիտի պաշտպանեն:

2.
Եթե հոգնած ես, նշանակում է ապրելն անհետաքրքիր է այլևս,
եթե ապրելն անհետաքրքիր է, չես կարող հոգնած չլինել…

3.
Ողբերգությունը սկսվում է, երբ թվում է՝ գտել ես,
բայց շարունակում ես փնտրել, որովհետև չես գտել,
եթե պատերազմ է, կյանքն ավելի պինդ չէ, քան բաժակը,
կոտրվեց՝ փշուրներն արնոտելու են
սերը, կարոտը և այլ բարի զգացումներ՝
ապագան անժամկետ թաքցնելով անցյալի թիկունքում…

4.
Եվ գալու է պահը, որը պայծառ է լինելու ու լուսավոր,
երբ զոհված հայրերի ու ովքեր չհասցրեցին հայր լինել,
հուշաքարերի խաչերը հավաքվելու են մի տեղ,
որ արդարության մեխեր գամեն թշնամու բնազդներին
և քաղաքակրթության նկուղներում նրանց հավիտյանս զմռսեն,
որպես մարդակերության ժամանակների բրածոներ:

5.
Երկի՛ր, նրանք զոհվեցին, որ քո ձայնը չկորցնես,
որ նահանջի ձորը վրեժխնդրության քարերով լցվի…

6.
Կյանքը քար չէ, ծառ չէ, նույն տեղում չի մնա,
գետ է, որ հոսում է մե՛րթ իսլամական քամուց հորդացած,
մե՛րթ ավելի հանդարտ, քան եվրոպացու ժողովրդավարությունը,
եվրոպացու, որ ողջ օրը ռոմանտիկ երգեր է հյուսում սիրո մասին,
միայն թե այդ կրքոտ երգերից դեռ ոչ մի երեխա չի ծնվել.
որ վաղը զենք վերցնի՝ նույն երգերի միջուկը պահպանելու համար:

7.
Երեխաները երազում են, որ արագ հոսի գետը,
որ հասցնեն զենքերի սիրտը շահել և այնքան մտերմանալ,
որ նրանց ընկերության տրամաբանությունը հասկանան,
ազերիները երազում են, որ արագ հոսի գետը,
որ երեխաները չհասցնեն մեծանալ և չհասցնեն
զենքերի վրեժխնդրության գաղտնաբառը հայտնաբերել,
որովհետև ամեն հաղթանակ իր աքիլլեսյան գարշապարն ունի,
ամեն պարտություն՝ հնարավորություն՝ գտնելու գարշապարի տեղը,
միայն թե ուր է ցանկությունը փնտրելու ու գտնելու,
երբ հիվանդ է երկիրը, ու նրա շուրջ՝ ազգը անօգնական հիվանդատես,
եթե հիվանդատեսը հոգնած է ու չի կարողանում կողմնորոշվել,
երկիրն ի՞նչ ազդակներով պիտի ուզի ապրել ու ոտքի կանգնել:

8.
Ով մի անգամ սպանել է, էլի պիտի ուզի սպանել, շատ է ուզելու,
մահվան գունատ ու արյունոտ ձեռքը բռնած՝ շրջելու է
մոլորակի բոլոր փոքր ու մեծ փողոցներով՝ գրպանահատի
ճարպկությամբ թռցնելով այլոց պատմությունը և այլոց
մշակույթն ու ավանդույթները, այլոց հոգևոր կառույցները,
այլոց ծեսերը, երգն ու երաժշտությունը և անգամ
հիշողությունները հողի, երազանքներն ապագայի ու այդ ամենը
ամբարտավան լկտիությամբ հիշեցնելով, թե ով է գրպանահատը,
որ հետո սարդի պես լուռ, սառն ու քստմնելի ժպիտը դեմքին
խաղաղություն առաջարկի, ու երբ դիմացինի ձեռքը առաջ գա,
ծրագրավորի՝ ինչպես մեկնված ձեռքը հիմնավորապես կտրի…

9.
«Թուրքի հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր» (հայկական):
«Աքաղաղը ձու չի ածի, թուրքն էլ՝ մարդ չի դառնա» (ռումինական):
«Սատանան շատ կերպարանքներ ունի, որից մեկը թուրքի է» (ասորական):
«Որտեղով թուրքն է անցել, այնտեղ բուսականություն չի աճում» (բուլղարական):
«Մարդիկ կառուցում են, թուրքերը՝ ավերում» (սերբական):
«Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու» (հունական):
«Ավելի շուտ հավը կսովորի թռչել, քան թուրքը՝ սիրել» (արաբական):

10.
Քիթը՝ բեղավոր յաթաղան, թրքահպատակ ու թրքահարված ծաղրածուի,
գորշ գայլերի և սպիտակ արջերի երազանքների համադրությունը
բախտագուշակ երեքնուկ, որ կարող է աշխարհը ներքաշել
կրոնական ողբերգական պատերազմի մեջ,
ու թռչունների երգը փոխարինել նամազների ծորուն շիրայով,
ինչքան ուզում ես գոռա՝ սթափվեք, դադարեցրեք հրեշին փաղաքշել,
միևնույն է, աշխարհը շարունակում է իր կյանքը
բանկային հաշիվների միջավայրում կազմակերպել,
երբ թուրքին տեսնելիս նույնիսկ մահն է փորձում ուղին շեղել,
քանզի թուրքերն այլոց մահվան իրավունքն էլ են սեփականաշնորհել…

11.
Արարատ լեռը մի անգամ արդեն փրկել է մարդկությանը,
կրկնում եմ նրանց համար, ովքեր կույր, խուլ ու համր են ձևանում,
և դեռ իր առաքելությունը չի ավարտել, թուրքիզմի պղտոր ալիքները
շարունակում են քաղաքակրթության ափերը ողողել և սողալ վեր՝
մարդկությանը սպառնացող մի նոր աղետ, որի փրկությունը կլինի,
երբ Արարատը որոշի պայքարի երթը կրկին ինքը առաջնորդել…
մինչև կիսալուսնի վրա ծանոթ աղավնին նորից հայտնվի՝
ազդարարելով մարդկության փրկության նոր արշալույսը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։