***
Ինչպես է լինում, որ սիրտը կծկվում, մի բուռ է դառնում, ու աչքի խորքում վիշտն է խմորվում: Ինչպե՞ս է լինում, որ կծկված սրտում սերն է քարանում ու շրթունքներում բառն է կարծրանում: Ինչպե՞ս է լինում, որ ափն է շարժվում, նավից հեռանում, և հեռացումը սև լիճ է դառնում խոր ու ահարկու: Ինչպե՞ս է լինում, երբ մարդն է մրսում սեփական մարմնի սեփական քամուց, ու անձրևում է թանձր շիթերով թախիծը հոգում:
Ինչպե՞ս է լինում…
***
Զեփյուռը մեղմիկ մազերս շոյեց, շոյեց ու խառնեց, խառնեց ու թափեց աչքերիս թախծոտ: Պատկերներ հյուսեց ծանոթ, անծանոթ, մոտիկ, մտերիմ: Հետո վերածվեց մի անսանձ քամու, իր թևին առավ մտքերս խոնավ ու նրանց հասցրեց պայծառ աստղերին: Շուրջս նայեցի` չտեսա ոչինչ ու չլսեցի ոչ մի հառաչանք:
Երկնքում տարված աստղերի խաղով մոռացա թե՛ վիշտ, թե՛ հոգս ու թե՛ ցավ:
***
Մեղմիկ լուսինն է թառել ուսերիս, պարուրված մի սուրբ ամոթխածությամբ, լուսավորելով սաղարթը հոգուս լուսարձակների լայն-լայն թևերով: Իսկ գիտակցության երկնակամարում փայլատակում են մերկացած աստղեր ու իմաստության շղարշն է ծովը կրկին վերծանում, որ համաձուլվի պարզ հավերժության, կարճ հավերժության…
***
Անձրևից հետո Արևը ծիածան կապեց անհուն լազուրում:
Ծիածանը արտացոլվեց գետակում: Ես մտա գետակը և ինձ զգացի երկու ծիածանների արանքում:
Ասում են` ծիածանի տակով անցնողի երազանքները կատարվում են:
Ես երազում եմ, որ Երկրագնդի ոչ մի ծայրում չլինի պատերազմ, չզոհվեն մարդիկ, չմարի մայրերի ժպիտը, մայրերի աչքերի փայլը չխունանա:
Բոլոր երկրների ղեկավարներ, ոչնչացրեք ինձ բաժին հասնող զենքն ու զրահը, որ իմ բաժին զենքից ոչ մի կենդանի էակի աչքից արտասուք չհոսի:
Ծիածաննե՛ր, կատարեք իմ երազանքը…
***
Ես ծաղկածիծաղ իմ ծաղիկ շորով ծաղիկ շաղ տվի ծաղիկներիդ մեջ, ու բոցավառվեց գարունքի բոցով պարտեզդ փոքրիկ: Շուրջպար բռնեցի արեգակի հետ` մատներով կառչած նրա շողերից ու ողողեցի արևի լույսով, արևի բոցով պարտեզդ փոքրիկ: Ամպիկին փոքրիկ ամուր գրկեցի, ամուր սեղմեցի իմ հրճվող հոգուն, որ առատորեն անձրևը տեղա քո փոքրիկ, գողտրիկ պարտեզի վրա: Ծիածանեցի երկրակամարդ, իրար խառնելով արև ու բուրմունք, փռելով գույնի, տարերքի շքերթ պարտեզիդ վրա:
Բայց… լռի՛ր… հանկարծ դու ոչինչ չասես, գորշավուն բառեր դու չշռայլես, հանկարծ չավերես երազանքը իմ…
Դա ես արել եմ միայն ինձ համար… իմ հոգու համար…
***
Ալեկոծ հոգիս հանկարծ խճճվեց քո ցանցերի մեջ ու ելք չգտավ դուրս գալու համար: Պատեպատ խփվեց, գժվեց, խենթացավ, ցասումով լցվեց: Հետո սպառվեց, ուժասպառ եղավ, կուչ եկավ անձուկ ցանցիդ մեջ կծկված… Ցանցերդ քանդի՛ր, անխիղճ տիրակալ: Հոգիս սովոր չէ ոչ մի կապանքի ու տվայտանքի… Թող ճախրեմ ազատ…
***
Ինձ վրձին տվեք, ու պատրանքներիս մասունքներն փշրված իրար կկպցնեմ զարկերի լեզվով: Շողով մատների կհյուսեմ հեքիաթ ու չթարգմանված մտքերս աղոտ գուցե հասցնեմ ձեզ գույների ձայնով…
Ինձ վրձին տվեք, ես կփոթորկվեմ տարերքի հողմում ու քամիներին անսանձ կսանձեմ կտավի վրա, ու գարնանաշունչ կգարնանամ ես իմ երգերում:
Ինձ վրձին տվեք, երկիր ու երկինք կձուլեմ իրար, որ հողածինը երկնային դառնա: Ես կանմահացնեմ գույները բոլոր ու արփիագեղ գույներ կստեղծեմ աշխարհի վրա սփռելու համար:
Ինձ վրձին տվեք, ես կարագացնեմ հոսքը գետերի ու կհողմեմ փրփուրն սպիտակ այնպես, որ ձյան փաթիլի նման օրորվեն օդում ու գնան դեպի տիեզերք անհուն…
***
Տատիկիս հիշատակին
Օրը եկավ ու անցավ, թողեց մի նուրբ, հեզ թախիծ ու կարոտած հայացքում դրոշմեց անեզր մի կսկիծ՝ բարությամբ քո պարուրված:
Քո բովանդակ էությամբ դու եղել ես ու թողել սրտում սիրո երկրագունդ, նվիրել ես մի աշխարհ, ուր բարին էր միշտ տիրում, և եթե կա մարդ իմ մեջ` դա քեզնից է փոխառված:
Հոգուս գաղտնի անկյունում պահված մի ջերմ սրբություն, մի ջերմ անկյուն կրծքիս տակ՝ հեռու Աստծո հայացքից, միշտ ջերմացնող ու հուզող լուսարձակով սուրբ լույսի ու մի խեղդող կարոտով փրփուրով մեծ ալիքի: Ես ամեն օր ջերմ այցի չեմ գալիս քո շիրիմին: Բայց շիրիմդ իմ սրտում փորագրված մի տաճար, ուր աղեկեզ ու տրտում խոնարհված եմ կսկիծով, իսկ աչքերս տաճարում, ինչպես այրվող զույգ մոմեր, իսկ գոլորշին տաք արյան մերթ բուրվառվող անմար խունկ, մերթ կարոտի փոթորիկ, մերթ համբույրի մեղմ շղարշ: Ու զարմանքն է միշտ պատում, թե ինչպե՞ս է ամփոփված սուրբ մարմնում հայուհու մարիամացած Մարդ աստված…
***
Աչքերս քրտնել են սպասումի տապից ու որոնելուց այնպես են հոգնել, որ մխրճվել են գույները բոլոր նրանց խորքերում ու բարուրել են հինավուրց խաչքար եկող դարերից, և իմաստության մշուշն է խաչվել կոպերիս վրա, և երերում է թարթիչներիս մեջ քո ուրվականը: Բիբերում նստած սպասման ալիքն է ուժգին շառաչում…
Ուզում եմ խեղդել հառաչը բոցի աչքերիս խորքի, ուզում եմ խաչել քո ուրվականը, և գլխախոնարհ, ծնկաչոք եղած աղերսել քեզնից… մեղքերիդ քավում…
***
Ես օր եմ ծնում, կպցնելով իրար շիթերը լույսի, կարկատան անում ամպոտ տեղերը, որ չմռայլվի երկինքը նորից: Հյուսում եմ իրար աստղերը բյուրեղ, որ չփախչեն երկրակամարից: Չցրվեն չորս դին: Ես ավեր հոգու ավերակներն եմ իրարու հունցում, ու խաչքար տաշում միասնությունից ավերակների… Եվ թվում է ինձ, որ տանջված հոգուդ ավերակներից կվերականգնվի քո էությունը քո սահմանից դուրս, քո սահմանի մեջ: Ծնում եմ նաև ես լռությունը` ծանր ու ճչուն: Եվ էությունն եմ Աստծո ծնում` շարելով թելին բարությունը և իմաստությունը… Եվ իմ ծնածից ստեղծվում են վանքեր, եկեղեցիներ, փոքրիկ մատուռներ, և սրբությունն է աշխարհում տիրում երևակայության ու իմ Աստծո…
***
Ես ինչ-որ բան կորցրի, որ չէի գտել երբեք, ու լուսնի տակ սառած մերկ դաշտերում ես ծաղիկներ տեսա ձյունի տեսքով: Կորցրի հավատ ու սեր, որ չէի գտել բնավ, կորցրի հարգանք, զարմանք, ու մեկ էլ քեզ կորցրի հավերժորեն…
Ես ինչ-որ բան գտա, որ չէի գտել երբեք, և ջերմությամբ պատած հոգուս խորքում ես ծաղիկներ տեսա արևահամ:
Արևահամ գարուն հոգուս խորքում…