ՇԱՄԱՆԻ ԵՐԳԸ* / Գուրգեն  ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն  ԽԱՆՋՅԱՆՀեռու աջ կողմում դժգույն արեգակն էր` հազիվ մի քիչ բարձրացած, շները նրա կողքով, նրա դանդաղ ընթացքին հանդիպակաց արագ ընթացքով էին տանում սահնակը, արահետ կար, իրենք էին բացել ձների մեջ վաղ առավոտյան, երբ քաղաք էին գալիս Գրիգին տանելու: Ուլեն այս անգամ շուն էր լծել սահնակին, հինգ լայկա կամ խասկի, կամ էլ եթե իրեն հավատալ` ուրիշ ցեղատեսակ, որ իր ժողովուրդն էր բուծել անհիշելի ժամանակներից, թեև չնչին` տարբերություն իսկապես կար, այս շները փոքր-ինչ ցածրահասակ էին, փոխարենը` ավելի մարմնեղ, նվազ բրդոտ էին, սակայն բուրդն ավելի խիտ էր, արծաթափայլ, փոքրիկ, հազիվ նշմարելի դեղին բծերով, մռութներն ավելի կարճ էին, բայց՝ հաստ, արագ վազքին` հինգ շիթ գոլորշի էր պարբերաբար արտամղվում նրանց կախլեզու երախներից, ձյունը ետ էր ցպնվում նրանց հզոր թաթերի տակից: Գրիգը փորձեց ծխել, չստացվեց, չէր հասցնում, օդի հանդիպակաց հոսանքը թափով անցնում` արագորեն այրում-մսխում էր սիգարետը, հազիվ մի ծուխ ներքաշեց, այն էլ` սառն օդով խառն, ինչը տհաճ խազխզեց թոքերը, նրանք էլ բողոքի հազով արձագանքեցին, լավ առիթ է` մտածեց, ծխելը թողնել է պետք` այս տհաճության հետագա զուգորդումներին ապավինելով, մտածեց ու քանի դեռ չէր վերամտածել` տուփը փութով ճմրթեց-շպրտեց տունդրայի գիրկը, անմիջապես էլ զղջաց ո՛չ սիգարետի, այլ կուսական ձյունը նրանով աղտոտելու համար, սակայն ետդարձ չկար, սահնակն արագորեն հեռանում էր հանցագործության վայրից: Չնկատեց՝ որ պահին սահնակի հանդիպակաց հետքերն անհետացել էին, ո՞ւր էր քշում իր շներին շեղաչ սատանան…
– Օվկիանոսի ափով եմ տանելու քեզ,- գոռաց Ուլեն շրջվելով,- ուզում էիր, չէ՞, օվկիանոսը տեսնել:
– Ուզում եմ,- գոռաց Գրիգը, նրան թվում էր` Ուլեն երբեմն կարդում է իր մտքերը, իրականում` Ուլեն երևի կռահել էր, որ հանդիպակաց հետքերի բացակայությունը տարակուսանք կպատճառի ուղևորին:
– Մի քիչ վտանգավոր է, ափամերձ ջուրը դեռ չի սառել, արջը ափերին է, սպասում է սառչի, որ սառույցով գնա խորքը` փոկ որսալու,- տեղեկացրեց նա,- արջը հիմա շատ է քաղցած:
Այսքան ապրել և հանկարծ դառնալ սպիտակ արջի կեր… Ցավալի կլիներ, անհեթեթ, օրիգինալ: Սրա համար արժեր հասնել այստեղ` մտածեց Գրիգը, և անզուսպ քրքիջը հանկարծ համակեց նրան:
– Թթվածնի առատությունից է,- նկատեց Ուլեն:- Բայց դու շատ չվախես, իմ շներն արջին կիլոմետրի վրա են զգում, հրացան էլ ունենք:
– Չեմ վախենում,- ծիծաղը մի կերպ զսպելով` արտաբերեց Գրիգը:
Գաճաճ կեչու ճյուղին թառած` արծաթագույն բվեճն անհանգստացավ, պտտեց գլուխը, թարթեց աչքը, բայց չթռավ, բևեռային աղվեսն առջևում կտրեց սահնակի ճամփան, խուճապահար փախավ ձների միջով, շներն անտարբեր եղան նրա հայտնությանը, Ուլեն ձգվեց դեպի հրացանը, բայց ուշ էր, աղվեսը չքվել էր ձնաբուրգերի ետևում, քիչ անց երևաց, սակայն` արդեն շատ հեռվում: Շրջակայքը բոլոր կողմերի վրա ճերմակ էր, կորսված լինելու տպավորություն ուներ Գրիգորը, և դա հաճելի էր, թեև անհանգստության ինչ-որ տարր առկա էր` ի՞նչ իմանա, թե ովքեր են այդ Փչակ կոչվածի բնակիչները, գուցե կանիբա՞լ են, գուցե արյունալի ինչ-որ ծիսակարգե՞ր ունեն… Ամեն դեպքում` հետաքրքիր էր այս ճամփորդությունը, էկզոտիկ անակնկալների կանխազգացումով գերող, արկածալի, ինչին վերջին շրջանում մղվում էր Գրիգորի` միօրինակությունից հոգնած էությունը:
Իսկ կողմնորոշվել այս համատարած ճերմակության մեջ ինչ-որ չափով, այնուամենայնիվ, կարելի էր. եթե ձմեռ է, և արևի դժգույն սկավառակը, համարյա գետնին կպած, հեռու աջով է գալիս, ուրեմն օվկիանոսը ձախ կողմում է, սահնակն էլ դեպի արևելք է սլանում. այսքանը, որ քիչ չէր, միևնույն ժամանակ քիչ էր, այսինքն` ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, անկարևոր էր: Ուլեն շների ընթացքը թեքեց ձախ, իսկ քիչ անց զսպեց նրանց` «Տա՛-Տա՛-Տա՛-Տա՛-Տա՛-Տաաա՜»… Սահնակը կանգ առավ:
– Ահա՛,- ցույց տվեց նա ձեռքի լայնատարած շարժումով, որը հավանաբար հավակնում էր ընդգրկել օվկիանոսն ամբողջությամբ: Գրիգն իջավ սահնակից, մոտեցավ ափին, նայեց. մանր ալիքները եկան, լիզեցին քարերը, ետ գնացին, բայց նրանց խաղը մեռցնել ցանկացող սառույցն արդեն մոտ էր` կանաչասպիտակավուն, բեկբեկուն եզերքը նշմարելի էր ափից: Գրիգորը հանեց թաշկինակը, թրջեց, թեթև քամեց, մտցրեց ցելոֆանե տոպրակը, պահեց գրպանում: Ուլեն ժպտաց` սենտիմենտալ է այս հարավցին: Հարավցին ինքն էլ կժպտար իր սենտիմենտալության վրա, մոտ էր դրան, բայց արդարացրեց իր վարքը` միշտ չէ, որ Սառուցյալ օվկիանոսի ջրին ձեռք տալու հնարավորություն կընձեռվի: Ուլեն եղջերվի ապխտած միս հանեց սահնակի խորքերից, ծամեցին, նույնիսկ կուլ տվին, թեև սառած էր, ջլոտ ու անհամ:
– Պատկերացնու՞մ ես, այնտեղ,- օվկիանոսի խորքը ցույց տվեց Գրիգը,- երկրագնդի առանցքն է: Ոնց որ հեքիաթ լինի: Չարխի ֆալաքն է, մխրճվել է կենտրոնում ու ամեն բան պտտում է իր շուրջը:
Այնտեղ չեզոք ծովն է, չեզոք սառույցները, չեզոք ցուրտը… Գրիգորը հուզված քայլում էր ափով, հայացքը օվկիանոսի խորքից չկտրած, ի՞նչ էր սպասում ցուրտ հեռվից, ո՞ւմ, ո՞վ էր, որ գալու էր ու բան էր ասելու, և ինչո՞ւ այնտեղից, գուցե այն պատճառով, որ այլևս` ոչ մի տեղի՞ց…
– Մեր ավանը ծովից շատ հեռու չէ, նավակներ ունենք, ձուկ ենք որսում,- խոսեց Ուլեն:- Ուզես` քեզ էլ կտանեմ ձուկ որսալու:
– Կուզեմ:
– Լավ: Իսկ հիմա գնանք, շները շատ հանգստացան, արդեն հորանջում են, կքնեն:
Սահնակը դժվարությամբ պոկվեց տեղից, սակայն շուտով արդեն սլանում էր նախկինի պես, ճանապարհը մե՛րթ հեռանում էր օվկիանոսից, մե՛րթ մոտենում, շները մտան հին արահետը, սահնակն ավելի արագ սլացավ: Իսկ օվկիանոսն այլևս չերևաց, մնաց բլուրների ետևում: Գաճաճ ծառերն ավելի հաճախակի հանդիպեցին, հատկապես` բլուրը շրջանցելուց հետո, և այնտեղ՝ բլուրի ետևում, երկու ուրիշ բլուրների միջև ընկած բաց տարածքում, երևացին վրանները, փայտյա արգելափակոցի ետևում խմբված եղջերուները նայեցին պլշած աչքերով, ավանի խորքից կատաղի հաչոցներով վրա եկան շները, յուրայիններին ճանաչել էին, խնդիրը օտարականն էր, Ուլեն ինչ-որ ձայնարկություններ նետեց, շները լռած հոտոտեցին հյուրին, խաղացրին պոչերն ու հեռացան:
– Ահա և մեր Փչակը,- մի տեսակ տխրամած ներկայացրեց Ուլեն` իջնելով սահնակից:
Գրիգը հետևեց նրան, սպասեց, մինչ արձակեր շներին, մեքենաբար սիգարետ փնտրեց գրպաններում, հիշեց` նետել է, մտովի հայհոյեց իրեն: Մոտակա վրանից շեղաչ, կարմրաթուշ մի այր դուրս եկավ, ժպտադեմ ընդառաջ քայլեց, բարևեց անսովոր ժեստով, որի զուգահեռը Գրիգորը չգտավ, որքան էլ պրպտեց միտքը, անբնական շարժում չէր, հակառակը` սահուն, կարճ, մարդկային մարմնի միջին հնարավորություններին հարիր, սակայն այդուհանդերձ` անսովոր, բարևեց, գնաց, մտավ ուրիշ վրան:
– Յալյուն է, համարյա խուլ է,- ասաց Ուլեն,- աչքերն էլ լավ չեն տեսնում, բայց նրա պես օղակը եղջերվի վրա գցող չկա:
Գրիգը հաշվեց` ինը վրան էր տարածքում, չորսը մեծ էին, չորսը՝ փոքր, մեկն էլ, որ փոքր-ինչ առանձնացած էր, միջին չափի էր, և ի տարբերություն մյուսների` գունազարդ, նրա մորթիներին թռչուններ, գազաններ էին պատկերված, մեջտեղով` վիթխարի ծառ, որի մեծ փչակը վրանի մուտքն էր. Ուլեն հրեց մորթյա փեղկերը` մտավ, դուրս եկավ՝ հայտնեց.
– Հագնվում է Օլան, հագնվի՝ կկանչի:
– Քո վրանը ո՞րն է,- հարցրեց Գրիգը:
– Այն փոքրը,- ցույց տվեց Ուլեն:- Մենակ եմ ապրում, կինս մեռել է, առողջ էր, մի գիշերում փորը ուռեց, մեռավ. թունավորվել էր: Հիմա մենակ եմ, արդեն՝ երեք տարի: Ես ոնց որ կամուրջ լինեմ Փչակի ու մեծ աշխարհի միջև, մորթի եմ տանում, ձուկ, հուշանվերներ, հանձնում եմ խանութներին, էնտեղից էլ լուցկի եմ բերում, աղ, ուրիշ բաներ…- Վրանից մետաղային ծլնգոց լսվեց:- Գնացինք, շամանը կանչում է:- Ուլեն մտավ Փչակ, Գրիգորը` նրա ետևից:
Օլա շամանը արձանացած-կանգնած էր վրանի շրջանաձև ասպարեզի կենտրոնում, մարմինը թեթևակի հակել էր, ձեռքերը` տարածել… Ցուցադրական բան կար նրա կեցվածքում: Պահ անց դուրս եկավ անշարժությունից, բերանն առավ մետաղյա նվագարանը, ձեռքը մոտ բերեց` մատով հարվածեց` ստիպելով մետաղին ձայնարձակ թրթռալ, դիմամկանները լարված էին, աչքերը` կծկված-փակված, կնճռապատ մաշկը ծառի կեղև էր հիշեցնում, բայց գունազարդ կեղև էր, քթարմատի երկու կողմերից, լայն այտոսկրերի տակով, կապույտ զոլեր էին իջնում սմքած այտերին, աչքերի շուրջը դարչնագույնով էր ներկած, երկայն ու ընդարձակ մորթյա զգեստը նույնպես գունագեղ էր, պարանոցից կախ` տարագույն ներկած ոսկորներից ու հղկաքարերից զարդաշարան կար: Նշան արեց, Ուլեն անկյունից վերցրեց հսկայական դափը, զարկեց, Օլան բերանից հեռացրեց երկաթյա նվագարանը, սկսեց երգել` կրծքային, կոկորդային, ռնգային ձայներով, միևնույն ժամանակ պտտվում էր սեփական առանցքի շուրջը, ինչպես արևելյան դերվիշ, սակայն շամանի պտույտները միասեռ չէին, հատված-հատված էր պտտվում: Թմբուկի զարկերն արագացան, Օլան հիմա էլ հյուրի շուրջը պտտվեց, չէր երգում, քրթմնջում էր քթի տակ: Վերստին երգեց: Գրիգորը լսում էր այդ արտառոց երգեցողությունը և մտածում` ռոքի է նման, էթնիկ երանգով Death-Metal ռոքի, բառերը թեև չէր հասկանում, բայց ինչ էլ լիներ` մահվան մասին էր: Օլան խուլ, կենդանական կռնչոցով ավարտեց իր արարողությունը, հևալով նստեց թախտի մորթիներին, Գրիգին և Ուլեին ձեռքով հրավիրեց նստել իր դիմաց, թարեքից իջեցրեց քաղցրավենիքի մետաղյա տուփը, ծըկկոցով բացեց, հանեց դեղնած թղթով փաթաթած գլանակը, դրեց բերանը, նրանց էլ հյուրասիրեց, Գրիգը վերցրեց, հոտոտեց, ծխախոտի հոտ չէր, դրեց բերանը, Ուլեն վառեց` նախ շամանի, հետո հյուրի, ապա նաև իր գլանակը: Ծխեցին: Արտասովոր համով ծուխը փափուկ էր ներս գնում, չէր վանվում, հազի ցանկություն չէր ծնում: Ծխերի միջով նայում էին միմյանց, Օլան ինչ-որ բան ասաց Ուլեին, Ուլեն ժպտաց, Օլան էլ ժպտաց, գուցե ժպիտ էլ չէր, գուցե հակառակը` խոժոռում էր… Բայց, չէ՛, այնուամենայնիվ ժպիտ էր՝ երկրորդումը համոզեց, Գրիգն էլ ժպտաց: Շամանը երկար խոսք ասաց իր լեզվով, Գրիգորը սպասում էր թրքերենին նմանող լեզու լսել, սակայն ոչ, լեզուն հեռու էր թրքերենից, սկանդինավյան դարձումներ ուներ, նաև` պարսկերենի փափկություն:
– Օլա շամանը ողջունում է քեզ,- թարգմանեց Ուլեն:- Նա ուշադիր նայեց քեզ այս ընթացքում, որպեսզի որոշի` ե՞տ ուղարկի, թե՞ ընդունի, համոզվել է՝ դու կարող ես հյուր լինել: Նա ասում է, որ ներսդ այնքան էլ մաքուր չէ, բայց կարևոր հանգամանք կա` դու կամ քո տեսակը մեղավոր չէ դրա համար, մեղավոր է ոլորտը, որում ապրել ես: Բարի լինի քո մուտքը մեր երկիր:
– Շնորհակալ եմ: Անհարմար ստացվեց, Ուլե, ոչ մի ընծա չբերեցի հարգարժան շամանին, գոնե հուշեիր…
– Նվեր պետք չի,- հանկարծ վարժ ռուսերենով խոսեց Օլան,- մեզ մոտ ընդունված չէ, նվերով չենք իրար հարգելու:- Հետո խորամանկ ժպտաց.- Բայց եթե բերեիր` ի՞նչ էիր բերելու:
Գրիգորը հասկացավ տարօրինակ զգացողության պատճառը կամ գոնե պատճառներից մեկը` ոչ մի կերպ չի կարողանում ճշտել շամանի սեռը, երբ երգում էր, խոսում` ավելի շատ տղամարդ էր, հիմա ժպտաց` կնոջ պես է, սեթևեթանքով, ծխում է նույնպես կնոջ նման` գլանակը մատներով պահելը, բերանին մոտեցնելը, շուրթերով առնելը, ծուխը ներքաշել-թողնելը…
– Չգիտեմ… Երևի երկար մտածեի,- խուսափեց Գրիգը:- Եթե իմ երկրում գուշակեի մեր հանդիպումը, այնտեղից կբերեի, այնտեղ ինձ համար հեշտ կլիներ ընտրել:
– Այո՛, սեփական հողի վրա մենք մեզ հեշտ ենք զգում,- Օլան մեծ բաժին ծուխ ներքաշեց, չէր շտապում դուրս թողնել:
– Դեհ, մերը այնքան հող չի, որքան` ձյուն ու սառույց,- կատակեց Ուլեն, բայց ծուխը վերջապես դուրս թողնող Օլայի կկոցած աչքը խստությամբ շամփրեց նրան, Ուլեն շփոթված կծկվեց աթոռին: Դադարը երկար տևեց, Օլան սպասում էր, Ուլեն չդիմացավ` պոռթկաց.- Դե հա՛, հիմար բան ասացի…
– Ասել եմ, խոսելուց առաջ կարգին մտածիր, գլխիդ եկած առաջին միտքը դուրս մի՛ տուր:
– Ասել ես, մեծ շաման:
– Դե թող մեզ, զրուցենք: Պատվիրիր իմ անունից, որ ընթրիքի հետ ամոս պատրաստեն երեքիս համար:
Ծխախոտը թուլացրել էր Գրիգի նյարդերը, գիտակցությունը չէր պղտորել, չէ՛, պարզապես թուլացրել էր, ետ ընկավ թիկնակին, ոտքը դրեց ոտքին, նայեց շամանին, շամանի դեմքը խստացավ, «Երևի դուրը չեկավ ոտքս ոտքիս գցելը,- մտածեց Գրիգը:- Ինչ արած, ամեն բան չէ, որ իր դուրը գալով պիտի լինի»:
– Ուլեն ասում է, եկել ես օվկիանոսը և Հյուսիսափայլը տեսնելու,- խոսեց Օլայի ձայնը. աչքերը խորամանկ կկոցվեցին:
– Այո՛: Փոքր պատճառ չի, չէ՞… Մենք հաճախ մեծ նշանակություն ենք տալիս մանր-մունր բաների, դառնում ենք դրանց գերին, իսկ, ասենք, թեկուզ հենց օվկիանոսը, ճանապարհ անցնելու լուրջ պատճառ չենք համարում:
– Օվկիանոսի ոգին ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ` մոտ լինի թե հեռու, տեսած լինի թե ոչ, օվկիանոսում ապրող բոլոր մեծ ու փոքր կենդանիների ոգիները մեր մեջ են, օվկիանոսը ի զորու է փրկելու, սակայն դրան պիտի պատրաստ լինել, այլապես կարող է և կործանել:- Օլան ծխեց` ո՛չ խունացած լրագրի թղթերով գլանակներից, այլ սովորական սիգարետ:- Շատ տարիներ առաջ մեզ մոտ հայտնվել էր մի հարավցի, ասում են՝ Կովկասից էր, պատերազմի ավարտին է եղել, տայգայի կալանավայրերից փախել՝ հյուծված, տանջված, վիրավոր հասել է էստեղ: Այն ժամանակվա շամանը իմ տատն էր, տատս լսել է նրա պատմությունը, խղճացել, թողել մեզ մոտ, մեր հագուստը հագավ, լեզուն յուրացրեց, որս անել սովորեց, կին տվին… Ապրում էր մեզ հետ, մեզ նման: Բայց կարոտում էր իր երկիրը, նստում էր ծովափին, ժամերով նայում հեռու ջրերին ու երգում իր լեզվով, ես այն ժամանակ նոր էի ծնվելու, նրա մասին ինձ մայրս է պատմել, ասում են` բարի մարդ էր, ունակ, հետո զինվորները եկան, որ տանեն, ինչ-որ մեկը մատնել էր, նա շների սահնակով փախավ ծովի կողմը, զինվորները մեքենայով նրա ետևից ընկան, բայց չհասցրին, նավակով մտել էր ծովն ու հեռացել դեպի մեծ սառույցները, էլ տեսնող չեղավ, խեղդվեց երևի կամ արջերը կերան: Կամ էլ` փրկվեց:
Շամանը ելավ տեղից, սուլեց, պտտվեց` իրեն առանցք դարձրած, հանեց ծնգիկը, ատամներով սեղմեց` ծնգացրեց, ապա մի կողմ դրեց` երգեց, այնպիսի տպավորություն էր, թե չարքեր է քշում վրանից:
– Ես էլ կուզեմ այդպես երգել,- հանկարծ ասաց Գրիգորը:
– Կսովորես` եթե իսկապես ուզես: Հիշիր, մեր երգը ձայնալարերը չեն երգում, այլ էությանդ խորքերը, այս սկզբունքը եթե չմոռանաս, կստացվի: Բայց երգը` հետո, հիմա ընթրելու ենք, ահա, Ուլեն գալիս է:
Պահ անց ներս մտավ Ուլեն, ետևից` մի ջահել կին՝ մորթյա ճերմակ, մինչև ոտնամանները իջնող զգեստով, հյուրին տեսնելով` զարմացած ժպտաց:
– Դիր ընթրիքը, Էյյա,- հուշեց շամանը:
Կինը սեղանին դրեց մատուցարանը, իր լեզվով խոսեց, գնաց: Մատուցարանից գոլորշի էր ելնում:
– Սկսենք,- ասաց շամանը, գլուխը հակած ինչ-որ բան մրմնջաց ու մոտ քաշեց կավե թասը:
Եղջերվի խաշած միս էր, ուրիշ ոչինչ, մի փակ սափոր կար նաև, որում հավանաբար խմիչք էր, եղջերվի կաթ` մտովի քմծիծաղեց Գրիգը: Լուռ կերան, միսը ո՛չ համեղ էր, ո՛չ տհաճ, ո՛չ փափուկ էր, ո՛չ ձիգ, արգանակ էլ կար թասում, որը դեղնականաչավուն էր, հավանաբար` համեմունքի պատճառով, թեև ինքը` համեմունքը, բացակայում էր:
– Կերակուրը համեղ չպետք է լինի, համեղ կերակուրը գայթակղում է,- նկատեց շամանը` ուտելն ավարտած, թևքով սրբեց բերանը, մոտ քաշեց սափորը: Ուլեն թարեքից իջեցրեց կավե գավաթները. նրանց գործողություններում ակնածանք էր հայտնվել:
– Սրբազան խմիչք է,- կիսաձայն հուշեց Ուլեն,- հատուկ սնկերից, տերևներից ու կոներից է պատրաստվում, պատրաստողը մեկն է, միայն նա գիտի բաղադրությունը:
– Բա որ մեռա՞վ:
– Շամանը ուրիշին կվստահի բաղադրության գաղտնիքը:
Օլան, աչքերը փակ, գլուխը հակած՝ մրմնջում էր, վերցրեց գավաթը, խմեցին:
– Օղուց թունդ է,- կատակեց Գրիգը և զղջաց. Ուլեն և հատկապես շամանը վշտացած էին նրա կատակից:
– Մի քանի ձուկ գցիր վառարանը, ցուրտ է,- Ուլեին պատվիրեց շամանը, դարձավ Գրիգին.- Աշխարհում ոչ մի թուրմ չի տա այն զգացողությունը, որ կտա ամոսը, նա քեզ մոտեցնելու է ոգիներին:
Վառարանը զվարթ ճտճտոցով այրում էր չոր ձուկը, Ուլեն եկավ, նստեց, շամանը նշան արեց` վերցրին գավաթները, խմեցին` դանդաղ, ընդմիջելով, միմյանց նայելով, ծխելով… Գրիգորը փոփոխություն էր սպասում սեղանակիցների դեմքերին, որպեսզի գուշակի ի՛ր հետ կատարվող փոփոխությունը, հետո մտածեց, որ նրանք փորձված են և առանձնապես գուցե չփոխվեն, ու հենց դա մտածելիս` տեսավ Ուլեի դեմքի ալիքվելը, հայացքը դարձրեց Օլային` նույնն էր` երկարել՝ ալիք-ալիք ձգվում էր:
– Էյյան գեղեցիկ է,- իրենից անկախ արտաբերեց Գրիգորը:
– Եթե ուզես մնալ` նրա հետ կապրես,- խոսեց ծխաքուլայի վերածված շամանը, ապա երգեց, Ուլեն ձայնակցում էր: Ես էլ եմ ծուխ` մտածեց Գրիգորը, երեք ծուխ ենք, երկուսը երգում են, մեկը` լսում:
– Երգի՛ր,- հրամայեց շամանը:
Գրիգորը երգեց, ինքն էլ չգիտեր` ինչ, ոնց, ասես իր միջից հանում էին այդ երգը, իսկ իր ներսը հաճույքով ենթարկվում էր, շամանը մե՛րթ վերածվում էր իր բնի շուրջ պտտվող ծառի, մե՛րթ` եղջյուրները թափահարող եղջերվի, մե՛րթ՝ մրթմրթացող արջի, մերթ՝ թևերը թափահարելով կչկչացող սագի: Շարժումները դանդաղեցին, երգը մարեց, Ուլեն դուրս եկավ վրանից` «Շներին կերակրեմ»:
– Օվկիանոսը քեզ կարող է փրկել, բայց հիմա դեռ պատրաստ չես, դու դեռ շիտակ չես նայում քո աչքերին, քեզնից թաքուն` փորձում ես խաբել քեզ: Տունդրայի ոգին, մեծ ծովի ոգին կեղծիք չեն ներում: Բայց նրանք մեծահոգի են ու համբերող, նրանք կսպասեն, որովհետև դու ճամփին ես, դու եկել ես, դու ուզում ես, թեև ինքդ էլ լավ չգիտես, թե հատկապես` ինչ:
– Այո՛, տագնապն ու շփոթն այստեղ շատ են,- Գրիգորը ցույց տվեց սեփական կուրծքը:
– Պարզ է, դու փախել ես:- Շամանը ծխեց, զույգ շեղ լուսարձակներ ծխի միջով նայում էին Գրիգորին:- Մահեր ես տարել, երկու, չէ՛, երեք… չէ՛, չորս մահ: Բայց մի՛ վախենա, մահը սարսափելի չէ, առհասարակ` ոչինչ սարսափելի չէ` ինչ կարող է կատարվել մարդու հետ, որովհետև` եթե կատարվում է, ուրեմն մարդու համար է:
– Հեշտ ես խոսում, մեծ շաման, քեզ ի՞նչ կա, դու Այնտեղի հետ մշտական կապի մեջ ես, քեզ քաջալերում են, քո թիկունքին կանգնած են…
– Ծաղրում ես:
– Ո՛չ:
– Ծաղրում ես, ծաղրում ես, գուցե` քեզնից անկախ, բայց ծաղրում ես, գրողի բնույթն է, գրողները մեծամիտ են ու կծու: Դու գուցեև շատ բան գիտես, բայց սա այն խնդիրը չէ, որ շատ բան իմանալով կարելի է լուծել:
– Ների՛ր, Օլա, ես ինքս չեմ զգում իմ կծվությունը, գուցե, նույնիսկ, ինքնապաշտպանական է, թուլությունից:
– Լավ, ես չեմ վիրավորվում, շաման չէի լինի, եթե նման բաներից վիրավորվեի: Եվ մի՛ մտածիր մեռածների մասին, մի՛ սևեռվիր, սևեռումը կտանի` կթողնի մթան մեջ, դուրս չես գա այլևս: Հանգիստ թող մեռյալներին, նրանց մասին անհանգստանալ պետք չէ, նրանց մասին հոգացող կա, նրանք այնտեղ են՝ Հյուսիսափայլի մեջ, այնտեղ հանգիստ քեզ են սպասում, դու կտեսնես նրանց, հավատա, ու էլի թեթև կլինես, էլի գլուխդ կդնես մորդ գոգին, հայրդ էլի որսի կտանի, շունդ էլի կվազի կողքովդ, ու ձեռքդ լիզող նրա լեզուն էլի տաք ու սիրող կլինի: Մնա մեզ մոտ, որքան կուզես, ապրիր Էյյայի հետ, նա գուցե կարողանա բուժել հոգուդ խոցերը… Գրիգո՛ր, է՜յ, Գրիգո՛ր, քնեցիր:
– Չէ՛, շաման, չեմ քնել, թմրել եմ, հաճելի թմբիր է, քո ձայնն էլ ոնց որ Փչակի միջից լսեմ:
– Այդպես էլ կա, Ծառն այստեղ է, նրա ոգին այստեղ է, Ծառի ոգու մեջ նրա սաղարթներում ապրած բոլոր թռչունների ոգիներն են միավորվել, այդ ուժը քեզ կարող է երկինք բարձրացնել:
– Չգցեն էնտեղից:
– Ախ, ախ, ախ, անուղղելի հեգնող: Գնա, հոգնեցի քեզնից:- Շամանի ձայնը, սակայն, խիստ չէր, մեղմ էր, նույնիսկ` բարեհոգի:
Գրիգորը զգաց Էյյայի տաք ձեռքի հպումն իր ձեռքին, ե՞րբ եկավ, միշտ այստե՞ղ էր… Նրանք դուրս եկան շամանի վրանից, գիշերն աստղեր էր բերել մոտ` քթի առաջ, թեքված երկինքը` դեղին, կանաչ, մանուշակագույն ճաճանչներով փոփոխուն էր, եղջերուների եղջյուրները մթան մեջ զգաստացած ծառերի էին նման, շներն իրար գլխի հավաքվել` գոլորշի էին արտածում երկինք, ձյունը ճռռում էր ոտքերի տակ, սակայն` ոչ Էյյայի, Էյյան չէր քայլում, Էյյան սավառնում էր` Գրիգորին իր ետևից տանելով: Նրա փոքրիկ վրանը Հյուսիսափայլի տարագույն ճաճանչներով էր ողողված…
* Հատված վեպից

One thought on “ՇԱՄԱՆԻ ԵՐԳԸ* / Գուրգեն  ԽԱՆՋՅԱՆ

  1. Հրաշալի հատված:
    Այնքան կարևոր է, որ դու ունես քո սիրած գրողին, ով ինքնատիպ է իր տեքստով, մտածողությամբ՝ «Նստիր Ա գնացքը», «Հիվանդանոց», «Ենոքի աչքը», ու սպասում ես նրա ամեն նոր տողին:
    Շնորհավորում եմ պարոն Խանջյան ջան ու անհամբեր սպասում ձեր նոր վեպին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։