…Ու պիտի վախը վրա տա: Ու պիտի հիշես զուտ ժողովրդական խոսքը, որը կապ չունի անահ-քաջարի թալանչիների հետ: Հիշենք. «Երկու ահը մի մահ է»: Թալանչիները ո՛չ ահ ունեն, ո՛չ էլ… Նրանք գալու են, չեն կարող չգալ: Երկու վախ էլ ենք տեսել, յոթն էլ, հազարն էլ, բայց երբեք վախլուկ չենք եղել: Ահ ու մահեր տեսած ժողովուրդ ենք: Հիմա վախի բուրգեր են պատրաստում՝ հատուկ հայերիս համար, էն էլ… հայերիս օգնությամբ: Տարբեր երկրներում տարբեր լեզուներով քարտեզներ են տպագրում, թերթերի ավելի աչքառ տեղերում զետեղում են հոդվածներ, վիճակագրություններ, անում կանխատեսումներ. աշխարհի քարտեզից շուտ վերացող-անհետացող ազգերի մեջ նույնպես հայերս գրավում ենք առաջին տեղերից մեկը: Այդ գուշակ-իմաստակների համար հայերը թափառական ժողովուրդ են դեռ հնուց անդի, սովոր տունուտեղը միշտ լքելու, քոչվորելու, շարժվելով որտեղ հաց՝ էնտեղ կաց խորաթա-խրատով: Ասում, գրում են ու որպեսզի իրենց ասածի տերը լինեն, համոզեն աշխարհին ու հայ ժողովրդին, որ էդպես է՝ բոլոր հանցավոր հնարավոր և անհնարին պայմաններն ստեղծում են, որ երկու ոտ էլ չեղած գազաններից փոխ առնենք, երկու թև էլ թռչուններից պոկենք, փախչենք ու թռչենք, հեռանանք: Գնացողը կհեռանա, աշխարհը լիքը գաղութ-ձուլարաններ են, մնացողներին էլ հին ու նորագոյացություն հիվանդությունները կտանեն: Բնական աղետներն էլ` իրենց հերթին: Հենց միայն Ամուլսարի հանքերի բարբարոսաբար շահագործումը, միլիոն և միլիարդավոր տոննաներով ապարների առկա և գալիք կուտակումները, Արփա, Որոտան գետերի աղտոտում-թունավորումը, պոչամբարները բավական են Վայոց ձորը՝ վերջնական վայոց ու… Սևանը մեռյալ ծով դարձնելու համար: Լեզուս լալկի, պապանձվի, որ նման բան եմ ասում: Սա միայն Ամուլսարի ոտուձեռքով: Լիքը ամուլսարահանքեր են: Եվ «ամենինչահանքերով» լցված հայոց ընդերքը լեղաճաք է անում ժողովրդին: Հայոց թագավորանիստ կառավարությունը թուղթ է տալիս օտարին՝ վստահեցնելով, որ հանքերի մոտ խմելու ջուր չկա, ոչ էլ` ջուր խմող մարդ: Ամեն մի մարզ ու շրջան էնքան հանքեր ունեն, որ կարող են հույսը ուրիշի վրա չդնել, կարող են իրենց ձեթով տապակվել ազատ, անկախ իրենց պարանով կախվել: Սյունիքի ժողովուրդը փորձառու կրկնամարզպետի օգնությամբ կկախվի՝ վերջապես փրկվելով պարոն ՍԽ(Լ)-ի տեսլականից: Եվ նա կդառնա ոչ թե իրեն ծնած ու սնած ժողովրդի, այլ հանքերի, պոչամբարների ու երբեմնի ու մշտեմնի աղետյաց երկրի թագավոր-արքան՝ վրան խփելով նաև Խուստուփի նժդեհոտ լանջին:
Սևանը, նորից եմ ասում՝ Սևանը մեռյալ ծով դարձնելու համար մեծ խելք պետք չէ: Մեռյա՞լ ծով: Լեզուս նորից լալկի, որ նման բան եմ ասում անիծյալների պատճառով: Ամուլսարը ավելի հզոր ավերիչ է, քան թուրքական 10-40-50 դիվիզիաները՝ գումարած պարսկական հարբած փղերի ծանոթ նենգությունը: Ամայացող-անապատացող Հայաստանը լցված է հանքերով: Որտեղերից ասես մոլոր-ոլոր գալիս են Հայաստանը քչփորելու: Եվ «ամենինչահանքերով» լցված մեր ընդերքում թունավորելու ջուր չկա, մարդ ու իսան չկա: Հրազդան քաղաքի թաղամասերը սնուցող աղբյուրները, որ բխում են երկաթասարին մերձ վայրերից, բնավ չեն վնասում ո՛չ հանքերին, ո՛չ Սևանա լճից Արարատյան դաշտ շտապող փրկարար ջրերին: Հանքավանի աղբյուրներին մի՛ նայեք: Դուք փորեք ու հորատեք, ամոթ չի, հայի օջախ… հանքեր եք մտել, մենք հյուրասեր ենք ավանդաբար: Սա էլ հայոց արքայանիստ կառավարության համարակալած թուղթը. դնես հանքի ճակատին՝ հանքը կճաքի: Սիմ-սիմ, դուռը… հանքը բաց, և հանքը կբացվի, կամ՝ սեզամ, բացվիր: Կամ՝ բացվիր իմ առավոտվա, իմ կեսօրվա, իմ իրիկվա, իմ գիշերվա հանք… Օրվա օգուտը հանքերն են, է՜, ո՞ր երկրի հետ ասես, որ չենք կապվում բարեկամահանքաբանական և այլ կամուրջներով: Ոչինչ, որ Արարատյան դաշտում սպասում են ջրանցքի բերած ջրին:
Ամեն մի ահաբեկյալ մարզ ու շրջանում էնքան հանքեր կան, որ տիրյալները աղի-անալի համը տեսնել-առնելով… վաղուց համը հանում են, բայց ձեն-ծպտուն հանող չկա, որովհետև երկրի տերերին թույլ են տալու մատը լիզել: Ամեն արտոնություն տրվում է տեղաբնակներին: Կարող են ժամանակին հեռանալ բնակավայրից (իրենք կօգնեն):
Սյունիքից ինձ հիշել են: Մարզպետի կրկնադարձից հետո ակտիվացել են քնածները: Ինձ առաջարկում են՝ եթե համարձակ եմ, համաձայնեմ և թույլ տամ, որ իմ «այո»-ն տեղ գտնի «Մարզպետ, հեռացիր» պահանջի տակ: Պաշտոնին նորից կոչված մարդուն պիտի գահընկեց անեն, որովհետև… սա մեկ, էն երկու, էն էլ` երեք… Լիքը հանցանքների տեր է: ՍԽ(Լ)-ին չեն ընդունում: Իմ կարծիքով՝ սխալվում եք: Ամեն մեկը կյանքում ճիշտ մի բան անում է: Ժողովրդի աչքի առաջ տեսանք, թե ինչ գեղեցիկ գործ արեց կրտսեր վարչապետ Արմեն Գևորգյանը: Կատարեց իր կյանքի ամենագեղեցիկ, ինքնուրույն (՞) քայլը: Սյունիքի ժողովուրդը՝ փորձառու, կրկնահան (ի՜)… մարզպետի օգնությամբ կհեռանա, կկախվի՝ վերջապես փրկվելով պարոն 2 մարզպետից՝ ստեղծելով նոր կյանք: Ուրիշ տեսլական է: Նա կարող է դառնաղիորեն ծնած ու սնած ժողովրդի, հանքերի, պոչամբարների, երբեմնի ու ցմահ մշտեմնի աղետյաց երկրի թագավոր-արքան դառնալ՝ վրանը խփած Խուստուփի նժդեհոտ լանջին: Շատ բան կհիշի արքան: Բոլորը լքեցին երկիրը՝ բացի իրենից: Ոչ մի լավություն չի մոռացվում: Ինքը Սյունյաց աշխարհի պատմությունը գրեց, մի մեծ աշխարհի ակադեմիկոս ընտրվեց: Շատերը կախվեցին իր տված ոսկեվարս պարանով: Երջանկություն է ազատ, անկախ երկրում, իր նման մարդու ձեռքով տված պարանով կախվելը: Հետո կհասկանան, թե ով է եղել… Իր պոչամբարներին կնայեն ու կհամոզվեն, որ ժամանակին էստեղ ժողովուրդ է եղել: Ինչ լավ է, որ միայն ինքն է իր արքայական երկրում, իր պոչամբարների աշխարհում: Էլ ինչ բողոք, ինչ բան: Վայելք է… Իսկի մահն էլ չգիտի, որ էս աշխարհում մի մարդ է մնացել: Ինքն է: Մահին բռնել-գցելու է ամենաթունավոր պոչամբարը: Դե գնա, քո հերն անիծած… Տեսնում ես՝ իմ երկրի պատմությունն եմ գրում անհիշելի ժամանակներից մինչև լիսկայան: