Մենք՝ հայերս՝ առաջին արարչագործներս, մեր հայրենիքում՝ արարչագործության բնօրրանում, արդեն դարեր շարունակ մեզ, քայլող աշխարհին և եկող-գնացող դարերին պարտվում ենք ու պարտվում… Եվ կշարունակենք պարտվել ու մի կերպ գոյամաքառել, քանի դեռ շարունակում ենք շնչել «Նախ՝ ընտանիք և նոր՝ հայրենիք» կարգախոսով։ Եվ պետք չէ զարմանալ, որ ամենատարբեր պատճառներով (ոչ մեկն արդարացված չէ), հաճախ շատ հեշտությամբ՝ առանց փոքր-ինչ հոգեցավի, թողնում ենք մեր հայրենիքը, որն իրավ դրախտն է, և այն սկսում որորնել օտար ափերում: Հա՛, աշխատասեր ենք և հզոր գենի տեր. կարողանում ենք խոր արմատներ ձգել թե սառցաստաններում, թե՛ տաքաստաններում, հաճախ ապահովելով բարձր բերք՝ «օսկե» պատերով ապարանքներ, վարդակամար ճեմուղիներ` տեր դառնալ այգեստանների ու ոսկի դիզել: Հաճախ էլ՝ նստել իշխանական աթոռների… Բայց դարեր շարունակ չենք կարողանում հասկանալ, որ այդ ամենը մերը չէ, օտարինն է, և մենք էլ` թեպետ իշխանական աթոռներին, միայն և միայն ծառաներ ենք… Մենք մեզ, դարին ու աշխարհին կշարունակենք պարտվել, եթե չգիտակցենք այս ամենը և կամովի չբռնենք ետդարձի ճանապարհը: Եվ ոչ՛ միայն… Կշարունակենք պարտվել, քանի դեռ մեր հայրենիքում, մեր քաղաքների, գյուղերի, փողոցների, հաստատությունների և ամենատարբեր օբյեկտների ճակատները ցուցանակազարդարելիս շարունակենք օտար տառերն ավելի խնամքով, հաճախ ավելի խոշոր շարել, քան մերը՝ մեսրոպյանը…
Քանի դեռ հանդուրժում ենք օտարների կողմից տարբեր ժամանակներում պարտադրած, այստեղ-այնտեղ դեռ գոյատևող օտարահունչ տեղանունները։ Ավելին՝ հաճախ պաշտոնապես վերանվանվածը, պատմականը թողնում ենք և շարունակում բերաններս այլաձև ծամածռել… Քանի դեռ քայլեր չենք անում մեր ազգանունների հիմքերում արմատացած «մելիք», «աղա», «ամիր» և նմանատիպ այլ բառերից ազատվելու, մեր «իշխանական» ազգանունները վերականգնելու ուղղությամբ։ Ավելին՝ շարունակում ենք մեր երեխաներին օտար անուններով կնքել և ուրախանալ…
Քանի դեռ որտեղ էլ որ ծնվել ենք, որտեղ էլ որ ապրում ենք, որտեղ էլ որ գտնվում է մեր պապական բնօրրանը, մենք մեզ միաժամանակ երևանցիներ, ապարանցիներ ու վանեցիներ, վասպուրականցիներ, լոռեցիներ ու արցախցիներ չենք համարում։ Ավելին՝ շարունակում ենք մեր մեջ ինչ-որ ժամանակ, ինչ-ինչ պատճառներով արմատացած «միկրոհայրենասիրությունը»՝ ես` լոռե՛ցի, դու` շիրակցի, ես` կապա՛նցի, դու` իջևանցի…
Քանի դեռ մեր հայրենիքում օտարին չենք ստիպում հայերեն խոսել։ Ավելին՝ մենք ենք ջանադրաբար չարչարվում «ջարդել» նրանց լեզուն և ամաչելու փոխարեն հրճվել մեր «տաղանդով»։
Քանի դեռ թե՛ Հայքում և թե՛ արտերկրում առևտրի սրահներում հայկական կամ հայի արտադրանքների մոտով անտարբեր անցնում ենք, տնտղում, հավանում ու գնում օտարինը։ Ավելին՝ մեր երեխաներին հանդերձավորում ենք օտարի կարած օտարաոճ համազգեստներով, օտարի պատրաստած օտարահամ ուտեստներով, հրճվում՝ նրանց օտար լեզվով երգերով, այլակերպ պարերով, և ո՛չ մի գրամ ամոթ…
Քանի դեռ հենց Հայքում, հայկական դպրոցում սովորող մեր երեխայի՝ օտար լեզվից ստացած բարձր գնահատականի համար ավելի շատ ենք ուրախանում, քան հայոց լեզվից ստացածի…
«Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը»: Մեր կրթահամակարգի հենքն օտարացած է: Եվ մենք թե՛ մեզ, թե՛ դարին, թե՛ աշխարհին կշարունակենք պարտվել, քանի դեռ չենք «ազգայնացնում» կրթահամակարգի հենքը: Դա չի նշանակում ինչ-որ ազգային թանձր գծերով պարփակված համակարգ։ Ավելին՝ դա ո՛չ պակաս վտանգավոր է… Նշանակում է՝ ազգային մանկավարժական հենքի վրա, ազգային իղձերի դրոշի ներքո, համաշխարհային փորձի օգտագործումով ստեղծված կայան, ժամանակի նկատմամբ ճկուն համակարգի ստեղծում: Մենք այդ հենքն ու համակարգն առաջինն ենք ստեղծել։ Հայկական լեռնաշխարհում պեղումների ժամանակ ի հայտ եկած, տարբեր դարաշրջաններին վերաբերող նյութական մշակույթի պատառիկները՝ աշխատանքային գործիքները, զենքերը, զարդերը, ժայռապատկերները… Ինչպես նաև հոգևոր գոհարների կտորները՝ առասպելները, լեգենդները, զրույցները… Անառարկելիորեն ապացուցում են, որ մեր բնօրրանում դարեր շարունակ մարդիկ ապրել են ժամանակի համեմատ բավականին բարձր մշակույթով և, բնականաբար, ունեցել են ամուր կրթահամակարգ։ Սակայն պարզվում է, որ մեր ալեծուփ պատմության տեղատվություններից մեկի ժամանակ այդ կրթահամակարգի հենքը կորցրել ենք և երկար ժամանակ օգտագործել հունական ու ասորական գրերը։
Երիցս փառք Մեծն Մաշտոցին. առաջիններից մեկն էր, որ հասկացավ օտար հենքով համակարգի վտանգավորության չափը, կարողացավ համախոհներ գտնել, համախմբել և երկար տառապանքներից հետո ստեղծել նոր նշանագրեր, դպրոցներ բացել, կրթահամակարգը ազգային հենքի վրա բերել ու մի նոր աստիճանի հասցնել: Ինքը դարձավ առաջին ուսուցիչը, ուսուցչապետը և ո՛չ միայն. դաստիարակեց հրաշալի աշակերտներ, որոնցից Եղիշեն, Կորյունը, Մովսես Խորենացին և ուրիշները դարձան ո՛չ պակաս նշանավոր ուսուցիչներ ու ուսուցչապետեր։ Նրանք, ինչպես և տարբեր դարերում գործած մյուս երևելիները՝ Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին, Նարեկը, Խաչատուր Աբովյանը, շարունակեցին բարձր պահել հայկական դպրոցի անունը։ Մենք միջնադարում ունեցել ենք բարձրակարգ բարձրագույն դպրոցներ Անիում, Աղթամարում, Գլաձորում։ Երբ վիճակը ծանրածանր է դարձել, ստեղծել ենք արտերկրում՝ Վենետիկում, Մոսկվայում, Թբիլիսիում, որոնք մեծ դեր խաղացին մեր ժողովրդի կյանքում։ Անուրանալի են նաև խորհրդային ժամանակների կրթության և մշակույթի առասպելական քայլերը։ Բայց, այնուամենայնիվ, կորցրինք հայկական հենքը… Այսօր էլ հայ երեխաները թե՛ Հայքում, թե՛ անդինում վատ կրթություն չեն ստանում: Սակայն կրթահամակարգի հենքը օտար է, որի պատճառով էլ ապրում ենք նախ ընտանիքի, հետո նոր հայրենիքի համար և գտնվում ենք գոյամաքառումների արահետներում… Լիարժեք կյանքի մայրուղի դուրս գալու համար հարկավոր է «մաշտոցյան» հեղաշրջում։
Հենքի ազգայնացումը կլուծի բոլոր հարցերը / Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ
