Արդեն բավականին ժամանակ է, ինչ իշխանությունը փաստացի պատերազմ է սկսել մտավորականության դեմ։ Ինչո՞ւ հենց մտավորականության։ Մի՞թե պարզ չէ։ Էլ ո՞վ, եթե ոչ մտավորականությունը կարող է և պարտավոր է կանգնել իշխանության դեմ, նրան ետ պահել սխալ ճանապարհից, առաջնորդել երկրի բնակչությանը ազգապահպան, պետականապաշտպան ճանապարհով։ Եթե իշխանություններն այդքան օրինապաշտ են, ինչո՞ւ ուշադրության չեն արժանացնում տարբեր քաղաքական կազմակերպությունների ունեցվածքի օրինականությունը, այլ հենց՝ մշակույթի ու գիտության։ Հաշվի առնելով նման վերաբերմունքը և այլ հանգամանքներ՝ կարելի է ենթադրել, որ օրակարգում քանդիչ ու քայքայիչ հակազգային, հակապետական ծրագիր է հետապնդվում։
Նշված համատեքստում ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև գրողների միությունը, չնայած բոլոր ապացույցները կան, որ Սևանի ու Ծաղկաձորի ստեղծագործական տները և Երևանի Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքը պատկանում են Հայաստանի գրողների միությանը, և Արդարադատության նախարարությունն է ամրագրել այն իրողությունը, որ վերոնշյալ շինություններն իրավամբ հանդիսանում են Գրողների միության սեփականությունը։ Չնայած ետխորհրդային անցումային շրջանի տնտեսական և քաղաքական ծանր պայմաններին՝ հատկապես Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը բազմաթիվ հասարակական կառույցների նման չքայքայվեց ու վերացվեց, այլ՝ կարողացավ ծառայել ոչ միայն գրողներին, այլև ձեռք բերեց համազգային նշանակություն։ Ոչ միայն օթևան տվեց երկրաշարժից ծնողազուրկ ու հաշմանդամ դարձած երեխաներին, այլև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում տարհանված բազմաթիվ ընտանիքներին, 2020 թ. համաճարակի ընթացքում մեկուսացվածներին, 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի տունը կորցրած հայրենակիցներին։
Ստեղծագործական տունը գրողների միության մոտ հինգ հարյուր անդամի համար ձրի նպաստավոր պայմաններ է ապահովում ոչ միայն հանգստանալու, այլև ստեղծագործելու համար։ Հին և նոր ժամանակների բազմաթիվ գրողներ այստեղ են հղացել ու երկնել իրենց լավագույն գործերը։ Այստեղ են կազմակերպվում երիտասարդ ստեղծագործողների համաժողովներ, հանդիպումներ ազգային և տարբեր երկրների ստեղծագործողների հետ։ Այսպես կարելի է երկար շարունակել… Միևնույն ժամանակ, երկրի՝ անընդհատ պատերազմական պայմաններում գտնվելով՝ Ծաղկաձորի գրողների տունը կարողացել է սեփական միջոցներով իրականացնել ոչ միայն վերանորոգման, այլև վերակառուցման աշխատանքներ։ Հատկապես սեփական միջոցներով։ Միևնույն ժամանակ միայն վերջին 15 տարիների ընթացքում տարբեր հարկատեսակների գծով պետական բյուջե է վճարել մոտ 1 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Զարմանալի է, որ խորհրդային շրջանում ամեն ինչ համարվել է օրինական, նույնիսկ տարբեր ճանապարհներով օժանդակություն է եղել գրողների սեփականությունը համարվող շինությունների պահպանության ու վերակառուցման համար, իսկ հիմա՝ սեփական ազգային իշխանություն ունենալու պայմաններում, հենց սեփական իշխանությունն է ծրագրում ոչ միայն չօգնել, այլև ազգային ստեղծագործողներց խլել այն, ինչը նշանակում է հարվածել ազգային ստեղծագործ մտքին։ Դա նշանակում է, որ ժողովրդի ժողովրդավար կոչված իշխանությունը կա՛մ ինքն է ձգտում զրոյացնել ազգային ստեղծագործական ներուժը, կա՛մ պարզապես պատվեր է կատարում։
Հայաստանի գրողների միությունը չի կարող անտարբեր լինել այդ ապազգային գաղափարախոսության և գործողության դեմ։ Իրականում սա ծրագրված մշակութային ջարդ է, որի դեմը պետք է առնել, որպեսզի չսպանեն մեր ազգային ստեղծագործական ոգին, ինչին, ինչպես երևում է, ձգտում են ապազգային իշխանությունները, որ կարողանանք պահպանվել մարդկային անընդհատ խստացող գոյապայքարի մարտադաշտում։
Ծրագրված մշակութային ջա՞րդ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
