Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Դուք գիտե՞ք, արդեն հինգ տարի է, ինչ քաղաքը` ձեզ կորցրած ու ձեր մահով աղքատացած, շարունակում է ապրել: Ձե՛ր քաղաքը, որի ամեն փողոցն ու տունը այնքան հարազատ էին յուրաքանչյուրիդ ու դրա համար այնքան սովորական, որ երևի չէիք էլ նկատում նրա արտասովոր լինելը: Իսկ քաղաքը արտասովոր է նրանով, որ մինչև հիմա իր փողոցների ու տների շնչառության մեջ պահում է ձեզ, պահում է ձեր սիրելի բառերն ու միայն ձեզ հատուկ ծիծաղը կամ մռայլվելը: Գիշերվա ամենալուռ ժամին թե ամռան կիզիչ արևի տակ հիշում է ամեն մեկիդ, գծում ձեր դիմապատկերները գարնանային առաջին անձրևից սրսռացող ապակիների վրա ու մտքում, որերո՜րդ անգամ, կրկնում ձեր կյանքի պատմությունը` ծննդյան պահից մինչև մահին դեմառդեմ հանդիպելը… Ոչ միայն հիշում է, հիշելը քիչ է նրա համար, քաղաքը պատմում է ձեր ամեն մեկի պատմությունը իր փողոցներին, տներին, ցամաքած ցայտաղբյուրներին ու թանկարժեք իրերը պարփակած փայլատ ցուցափեղկերին, հետո առաջին ձյան անշշուկ վայրէջքին է խառնում ձեր վերջին հայացքները, որտեղ զարմանքը այդպես էլ չպայթած ճիչ մնաց, որովհետև մինչև վերջին ակնթարթը չուզեցիք հավատալ, որ քաղաքը կարող է թույլ տալ, որ ձեզ սպանեն… Որ ձեզ կարող է սպանել քաղաքի մեկ այլ բնակչի մահաբեր գնդակը: Գիտե՞ք, ապրողներիս մեջ էլ շատ-շատերը մինչև հիմա չեն հասկանում, թե ինչպես դա հնարավոր եղավ, այդ ի՞նչ հրեշային կամք էր, որ հրամանի տակ թաքնված` քաղաքի մարդկանց հանեց իրար դեմ, ու զինվածը գետնեց անզենին: Ձեզանից յուրաքանչյուրի մահով տկարացավ քաղաքը, անզորությունից չարացավ ու մեղքի գիտակցումից կծկվեց, վիրավորանքը պահեց իր փողոցների, տների, ցամաքած ցայտաղբյուրների, թանկարժեք իրերը պարփակած փայլատ ցուցափեղկերի մեջ, ու միայն հպարտությունը թույլ չտվեց, որ զինվածը չտեսնի գարնանային առաջին անձրևին խառնված իր արցունքը, որից սրսռում են, արդեն հինգերորդ տարին, քաղաքի բոլոր տների բոլոր պատուհանների ապակիները… Այո՛, քաղաքը շարունակում է ապրել, և այս օրն էլ, տարվա մնացած բոլոր օրերի նման, մարդիկ կծնվեն, կսիրեն, կապրեն ու կմահանան, շատերը այսօր ձեզ չեն հիշի, շատերն էլ գարնանային առաջին ծաղիկները կբերեն ձեզ…
Բայց քանի դեռ քաղաքում շարունակում են անպատիժ ապրել ձեր մարդասպանները, ամեն հերթական գահակալության ժամանակ, անկախ նրանից, թե ով և ինչպես է հասել այդ «գահին», նրան կուղեկցեն օդում տարուբերվող ցելոֆանն ու ձեր վերջին հայացքները, որտեղ զարմանքը այդպես էլ չպայթած ճիչ մնաց:
shat apreq, huzich er
Քանի դեռ գեթ մեկ ազնիվ մտավորական, Ձեր հանգույն, արհամարհում է հանրահայտ հանցագործությունները լռության մատնելու “վերին” կամքը, ավելին՝ հանդգնում է հրապարակավ իր ցավն ու կսկիծն արտահայտել ի լուր գրասեր հանրության, կարելի է չհոգնել համատարած ճահճում արդարության փշրանքներ որոնելուց ու մանրախնամ ախտազերծելով ի մի բերելուց… Եթե, իհարկե, շուտով ասպարեզ գա անկեղծ հայրենասերների հուժկու համախումբը, որը ոչ միայն կբացահայտի ազգային արդի օրացույցում սևով խարանված հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի մեղավորներին, այլև այդ ենիչերիներին արժանի դատաստան կիրագործի …