Երբ թաղման բյուրոյի աշխատակիցները մենակյաց հանգուցյալի դին տնից դուրս էին բերում, տարօրինակ բան կատարվեց: Հանկարծ, համատարած ճնշող լռության մեջ, տան անկյուններից մեկում ինչ-որ բան ջարդվեց, փշուր-փշուր եղավ: Անակնկալի եկած հուղարկավորները մի պահ մոլորվեցին, պապանձվեցին: Ում պարանոցն ինչքան պտտվելու տեղ ուներ` պտտեցրեց գլուխը, զննեց չորսբոլորն ու երկյուղով կրկին ելման դիրք գրավեց: Վերջապես դագաղն ուսերից վար բերին, դրին թախտին ու տարակուսած միմյանց նայեցին:
Նրանցից երկուսն, այնուամենայնիվ, սիրտ արին ու հազալով, կոկորդ մաքրելով գնացին ձայնի ուղղությամբ: Խոհանոցի` կերակրի նեխած մնացորդներով լեցուն ու փոշեծածկ սեղանի կենտրոնում` ապակու մանր կտորների մեջ, ընկած էր գլխատված մի շշավզիկ, կողքին` ո՛չ մարդ, ո՛չ մարդասանք…
– Թարս անտերը հենց էս պահի՞ն պիտի տրաքվեր,- միջնամատով ծոծրակը քորելով` ասաց նրանցից ավագը:
– Ախր, մեզնից բացի խոհանոց մարդ չի էլ մտել, որ ասես…- շուրջբոլորը նայելով` ասաց կրտսերը:
Հակվելով սեղանին` ավագն ուշադիր զննեց ապակու մնացորդներն ու գլուխը բարձրացրեց.
– Այ քեզ բան… Նայի՛ր, հեղուկի ոչ մի հետք, իսպառ դատարկ է եղել…
Հուղարկավորների մտքով ի՞նչ անցներ, որ շիշն այդ հենց նոր… ինքնասպան եղավ:
Բազում շշերի պես, սա էլ ստեղծված էր սովորական ապակուց` գործարանի մայր ակունք-շտեմարանից ոգելից խմիչք ամբարել-պարփակելու համար: Դրա բուն խնդիրը, ինչպես թյուրիմացաբար հաճախ պնդում են որոշ գրագետներ, օդի հետ անմիջական շփումից, այլ նյութերից ու փոխազդեցությունից «ստամոքսահյութը» զերծ պահելն է, մոռանալով, սակայն, ամենակարևոր գործառույթը` պարունակությունն անհրաժեշտաբար մարդկանց զվարճությունների կամ հոգեմաշ տխրության պահերին անտրտունջ բաշխելը… Աշխարհում կան բացառիկ շշեր, որոնք մեկանգամյա գործածությունից հետո, շարունակում են ծառայել մարդկանց, անգամ վերադառնում են գործարանային հոսքագծեր: Դրանց մեծ մասն ունենալով մեկանգամյա փառապանծ կյանք` հաճախ անփառունակ ու հանկարծահաս վախճան է ունենում: Անզգուշության, անփութության պատճառով կամ պատահական բախումներից դրանք երբեմն կործանվում են` վերածվելով ապակու աղբի: Սակայն բախտի բերմամբ որքան էլ մնան անվնաս` հաճախ մոռացության են մատնվում, հայտնվում մութ նկուղներում, ձեղնահարկերում կամ պարիսպների ու ցանկապատերի տակ, ցեխակոլոլ որոճում անօգուտ անցնող ժամանակը: Ամենայն հավանականությամբ շիշն էլ պիտի բախտ ունենա, քանզի բախտավոր շշերն ապրում են շշենի մի քանի կյանքով ու իրենց բազմաբովանդակ ներկայությամբ խոր հետք թողնում մարդկային ճակատագրերի վրա:
Այս շիշը հավանաբար հենց այն բախտավոր աստղի տակ ստեղծված եզակի շշերից մեկն էր, որն իր լինելությամբ վկան ու մասնակիցն էր դարձել մարդկային կյանքի մի տխուր պատմության…
Իր արտասովոր տեսքով հիշեցնում էր նախորդ դարի ապակեղենի փայլուն մի նմուշ: Գոյության առաջին իսկ օրից գլխին կրում էր թագ հիշեցնող ոսկեզօծ խցան, որից սկիզբ էր առնում նրա ողորկ պարանոցը, որը զարդարում էին փողկապանման երկու ժապավեն, որոնց վրա օտարալեզու բրոնզե տառերով դաջված էին (ըստ երևույթին` խմիչքի բարձրակարգությունը վկայող) բառեր: Ժապավենները հավանաբար ժամանակակից այլ, ավելի բարձրարժեք շշերից մնացած պիտակներ էին, որոնց Տերը կախ էր տվել` շիշն ավելի գրավիչ դարձնելու համար: Պարանոցն ավարտվում էր կրկնակի լայնության գոգավոր ելուստով, որը հիշեցնում էր… կանացի հոլանի կուրծք: Իսկ հիմնական մասը` շշի «որկորը» հիշեցնում էր կանացի քնարաձև կոնքեր: Դրանք ավելի մեծ շրջագծով առանձնանում էին շշի մյուս հատվածներից: Տասնիններորդ դարի ազնվական տիկնոջ շրջազգեստ հիշեցնող «կոնքերը» համաչափ էջքով սահում-ավարտվում էին նախշազարդ շշանիստով: Այդքանով հանդերձ այն ընդամենը քսաներորդ դարից մնացած ոգելից խմիչքի անոթ էր` առանց պիտակի ու արտադրողի նշման:
Բացառիկ հյուրասիրությունների ժամանակ Տերը նախկինում` բարեկամներին, իսկ հետո նաև «ոգելից աշխարհի» մերձավոր գիտակներին, սրտամոտ մարդկանց հաճախ էր պատմում հազվագյուտ շշի մասին: Տարիներ առաջ կնոջ ծննդյան օրը նշելու նպատակով էր հանրախանութից գնել: «Խանութում սա (ցույց էր տալիս շիշը) ինձ կանչեց, ձայն տվեց»,- կես կատակ, կես լուրջ պատմում էր,- կատվի պես ձեռքերիս էր հպվում, քսմսվում… Առա տուն բերեցի»:
Տևական խնամքի ու հոգածության շնորհիվ շիշն այդ գոյատևել էր երեք տասնամյակ, նման չէր այլ շշերի, հատկապես` վերջին տարիներին լույս ընկած անողնաշարավոր պլաստմասե անոթներին ու օտարամուտ, տարասեռ շշերին: Նրա կողքով ոչ ոք անտարբեր չէր անցնում, ամեն մեկն ուզում էր շոշափել նրա գայթակղիչ մարմինը կամ իր ձեռքով լիցքավորել սեղանակիցների դատարկ բաժակները… Առաջին իսկ օրից շիշն իր գեղեցկությամբ մոգական ազդեցություն ձեռք բերեց Տիրոջ վրա, դարձավ նրա սպասված ու ցանկալի սեղանակիցը, որն ամբողջ կյանքի ընթացքում խոնարհաբար պիտի ծառայեր Տիրոջը` խինդով ու բերկրանքով լցներ նրա օրը, փարատեր հանկարծահաս տխրությունն ու թախիծը: Տերն ուրիշ շշերի ծառայությունից չէր օգտվում, դրանցով լիցքավորում էր այդ «Դանայան… շիշը», որպեսզի վերաիմաստավորի նրա գոյությունն ու անուրանալի ծառայությունները: Ի՜նչ անհագ ցանկությամբ էր շիշը կլանում նորեկ շշերի պարունակությունը. շուրթը հպում էր նորեկ շշի շուրթին ու նրա միալար գլգլոցը խեղդում իր թափանցիկ ընդերքում: Իսկ երբ արդեն բերնեբերան լիքն էր, թեքվում էր ու հրճվանքից սենյակով մեկ քահ-քահ ծիծաղելով` լիցքավորում Տիրոջ բաժակը: «Կլկլան» պատրաստող գյումրեցի վարպետներն անգամ կնախանձեին նրան…
Շշի ծառայություններին Տերն սկզբում դեպքից-դեպք էր ապավինում, համենայնդեպս, խմում էր չափավոր: Սակայն նրա ներգործությունն աստիճանաբար ավելացավ, հատկապես, երբ երկրում փոխվեցին հին կարգերն ու նոր իշխանություն հաստատվեց: Բացի ամենահաս «գեղեցկուհուց»` Տերը կորցրեց գրեթե ամեն ինչ. աշխատանքը, երբեմնի հեղինակությունը, հարազատների ու մերձավորների վստահությունը… Տևական գործազրկությունն ընկճեց նախկին արհեստավորին ու անտես թելերով վերջնականապես կապեց այդ շշին: Կյանքը դարձավ վիճաբանությունների թատերաբեմ` միապաղաղ ու ձանձրալի: Կինն սկսեց բացահայտ դժգոհել ամուսնուց, իսկ ձմռան մի իրիկուն «գեղեցկուհուն» պատշգամբից դուրս նետեց: Տերը գլխաբաց ու գլխապատառ դուրս վազեց` փնտրելու սիրելի «էակին», որից այդպես էլ վերջին ճիչ, ինչ-որ բանի զարնվելու ձայն չէր առել… Շիշն անվնաս էր մնացել, հետույքը տնկած, գլխիվայր թաղվել էր բակի խոր ձնաթմբի մեջ: Երբ Տերը տուն մտավ, ահից թե ցրտից աչքերը կարմրել, արցունքով էին լցվել, իսկ շիշն «ամոթից» գոլորշապատվել էր…
Օրերից մի օր կինը, եղբոր հորդորներին անսալով, առանց ամուսնուն տեղեկացնելու, երեխաների հետ փախավ Ռուսաստան: Կիսաքաղց Տերն անտրտունջ մխիթարվում էր ձեռքն ընկած էժանագին, ցածրորակ սպիրտով ու ձկան պահածոներով: Շիշն ավելի հոգեհարազատ դարձավ, այն ասես բանականություն էր ձեռք բերել: Զրուցում էր Տիրոջ հետ, անգամ ձայնակցում նրա հոգեցունց երգերին: Իսկ Տերն անմռունչ ծառայում էր մոգական շշին, կատարում նրա կամքն ու քմահաճույքները: Անցավ հինգ տարի: Նախկին արհեստավորն այդպես էլ ոչ մի լուր չուներ հարազատներից:
Տնից ինչ ձեռքն էր ընկնում` վաճառում էր ու առաջինը լիցքավորում անհագ շշի որկորը: Դրան ի պատասխան` երեկոները շիշը ճկվում էր, շարժում կոնքերն ու ոգևորությամբ պարում սեղանին… Տիրոջ խումհարներին ավելի զուսպ էր ու հեզաբարո, խոնարհ սպասում էր, թե երբ պիտի նրա մատները կրկին դիպչեն իր պարանոցին, որպեսզի շռայլորեն հորդա իր ներսում եղած հրճվանքն ու խինդը:
Շիշը միշտ նույն տեղում էր` սեղանի կենտրոնում` գլուխը բարձր, թևերը հյուսած` նորահարս: Երբ Տերն` արդեն գինովցած, տուն էր գալիս ու բացում էր ձկան պահածոն, ուշի-ուշով հետևում էր նրան, հատակի շարժվող տախտակների ճռճռոցի հանգույն երբեմն ցնցվում ու շորորում էր: Շիշն ասես քաղցր ատելությամբ էր լցված նրա հանդեպ, ասես կամենում էր այդ մենակյացին դարձնել իր ստրուկը: Շշենի հիշողության մեջ դեռևս ծանրորեն դրոշմված էր Տիրոջ կռվազան կնոջ կերպարանքը, ով այդպես էլ չհաշտվեց իր անառարկելի գերազանցության հետ:
Ընկերները Տիրոջը խորհուրդ էին տալիս` թողնել ամեն ինչ ու գնալ, հաշտվել կնոջ հետ ու մարդավարի ապրել: Նման պահերին շիշը մի քանի անգամ դուրս էր պրծել Տիրոջ ձեռքից ու հրաշքով էր անվնաս մնացել: Իսկ Տերն անկարող էր ապրել առանց հարազատ քաղաքի, փողոցի, առանց օր-օրի նոսրացող ընկերների ու սրբատեղի դարձած ծնողաց շիրիմների… Նա հոգու խորքում փափագում էր տեսնել որդիներին, սակայն մեկնել Ռուսաստան` մտքով չէր անցնում: Գինովցած ձեռքը զարկում էր կրծքին ու թասընկերներին ասում. «Նրանք իմ որդիներն են: Նրանք կվերադառնան: Կտեսնեք…»:
Քանիցս իր միակ ու մշտական հյուրին` էլցանցի աշխատակցին, ներկայացրել էր տարօրինակ շշի «կենսապատումը», հյուրասիրել նրա պարունակությամբ: Սիրում էր «աղիողորմ» խնդացող շշի ձայնի ելևէջների ներքո կրկնել. «Սրա մեջ որ թույն էլ լինի, անմահական ջրի տեղ խմիր…»:
Հերթական մենախնջույքից հետո Տերն ընկել էր քաղցր հիշողությունների գիրկն ու քնել, որդիների անունը շուրթին քնել հավիտյանս… Մեկ շաբաթ անց նրան գտան խոհանոցի սեղանի մոտ, աթոռին նստած, երանելի ժպիտը դեմքին, անթարթ աչքերը ցանկալի շշին հառած…