***
Մի դարակես ընկերություն արեցինք՝ Արմեն Շեկոյանն ու ես։ Արմեն Շեկոյանին կեսդարյա ընկերության ընթացքում չհաջողվեց գոնե մի օր ուրիշ մարդ դառնալ։
Մի երկու անգամ, մինչև ամուսնանալը փորձեց, մի երկու-երեք անգամ ամուսնանալուց հետո՝ չեղավ ու չեղավ։ Աղջիկների՝ Սեդայի և Օսանի ծնվելուց հետո էլ փորձ արեց, չստացվեց ու չեղավ։
Բայց երբ իր գրական ստեղծագործությունը ներկայացրեց հանրությանը, երբ գրողի իր տեսակը հայտնվեց գրական մամուլում, միանգամից Արմենի հայոց լեզուն գրավեց ընթերցողին, նրա ներսն ու դուրսը դարձավ չափազանց յուրօրինակ ոճ ունեցող գրողի կերպար, շատ սիրելի, շատ գնահատելի, շատ ընդունելի, գունեղ, արմատներով իգդիրցու խնկելի կերպար՝ Կռիվոյի Վիսոցկու արտաքինով։ Արմեն Շեկոյանի և՛ կյանքը, և՛ նկարագիրը, և՛ գրական ուղին, թվում է, թե Աստված բնորոշելուց հետո մի հատ էլ լակմուսի թղթով էր զննել։ Արմենը բացառապես ապրում և ստեղծագործում էր ի վերուստ իրեն տրված նկարագրով, ինքնաձաղկման մեթոդով։
Իմ նուրբ, նրբորեն «յան տվող» ընկերոջ մասին օրերով կարող եմ խոսել, բայց իր մասին, բոլորի ներսուդուրսի, բոլորից լավ, ճշմարիտ, տիպական և աննկարագրելի սիրուն լեզվի շքերթով միայն ինքը կարող է արարել։
Մի քանի գրողների մասին այդ ձևակերպումն արել եմ, հիմա նույնը կասեմ Շեկո ախպոր մասին. եթե աշխարհի երեսին մի հայ մարդ մնա, էլի կապրի Արմեն Շեկոյանի գրականությունը, որ իր ձևակերպումով ոչ մի նոր ձևի չվարժվեց.
Կտրված եմ իմ հին ծեսից
և դժվար է շարժվել,
և դժվար է կյանքի կեսից
նոր ձևերի վարժվել։
և կամ էլ.
Ես իմ մասին եմ պատմում կցկտուր։
Եվ չեմ փորձում ձեր հոգին գերել…
Եվ չեմ կամենում ճշմարիտն ասել,
Քանզի ոչ ոքի դուք դա չեք ներել։
Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ ընկերս։
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ
ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԸ
Իմ մտերիմ ընկերների մասին մահախոսականներ գրելիս գրիչս քարանում է, կարկամում՝ ի՞նչը գրել՝ անցկացրած խաղերով լի կյա՞նքը, մարդկային բնո՞ւյթը, գրականության գնահատակա՞նը, նրանց ու իմ ցա՞վը՝ մոռացած բազում հումորիկ պատմությունները, թե՞ լռվել, վերոհիշյալ ամբողջը սեղմել հանկարծակի պայթող արցունքի կաթիլում։
Է՜հ, ախպե՛րս, քո տողերը փորձեցին ամփոփել և մեր կյանքի հոլովույթը անվերջանալի «Հայկական ժամանակ» ասքի մեջ։
Երևանի Մետաքսից գրականություն մտած, դու շարունակեցիր «Մետաքսի ճանապարհով» դեպի մարդկանց սրտի արահետները, պոեզիադ լրջի և անլուրջի միջակայքում թպրտում էր մե՛րթ դասական գրավոր և մե՛րթ խոսակցական բանավոր արտահայտվող ձկան պես։ Այդպես պոեզիայի և անտիպոեզիայի հետ կռիվ տալով թարգեցիր բանաստեղծություն գրելը, բայց ծխելդ, ցավոք, քեզ չլքեց, և դու նրանով մխրճվեցիր արձակի հին ու նոր թաղերն ու փողոցները։ Հա՜, մանկական բանաստեղծություններդ երեխաների հետ կանչում էին իրենց հետ խաղդ շարունակելու։
Իսկ դու, Արմե՛ն ջան, գերադասում էիր ժամանակ անցկացնել թղթախաղի ու այլ ժամանցային վայրերում՝ երբեք հագուրդ չտալով խաղասիրությանդ։ Իրար հետ խաղացել ենք նարդի, ֆուտբոլ, բլոթ, պոկեր, սեղանի թենիս, բիլիարդ…
Դու ես գրել.
Ես խաղ եմ խաղում մի երկակի
Ուրիշների և ինքս ինձ հետ։
Այդ ժամերին քո դեմքը հաղթանակից լուսավորվում էր, պարտությունից՝ շտապ օդ էր թռցնում մի թեթև ժպիտ (որը երբեք քեզ չի թողել հուսահատվելու, մթնելու և «բախտից» բողոքելու)։
Երբեք լրջորեն չխոսեցիր քո գրվածքներից, իսկ նրանք սիրելի էին շատ ընթերցողների։ Նրանցից ոմանք քո հերոսներն էին։ Երևանը քո խաղընկերն էր ու միշտ ուղեկիցը։ Դու երբեմն հիշատակել ես քո նախնիների Վանն ու Իգդիրը։ Դու քո Շեկոյան ազգանունը արդարացրել էիր մաշկիդ ու մազերիդ գույնով, լուսավոր և ուրույն, և շատ սիրով էինք ասում՝ կյաժ։ Քո քանքարավոր գրվածքների երկվորյակ եղբայրն էիր։
Եվ հենց էդ օրն էլ կստանամ ներում
Ու կհեռանամ ինձնից ու ձեզնից։
Հոգիս կը ճախրի ձեր վերևներում,
Բայց, ավա՜ղ, ես դա արդեն չեմ տեսնի։
Մենք քեզ տեսնում ենք Գրի պատուհանից դուրս և ներս նայելիս։ Հենց նոր դուրս ու ներս արեց քո Արմեն-ական ժպիտը։
Հիմա մեր ընկերը խաղում է հավիտենության հոգու հետ։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Բարձունքներից իջած, պոեզիայի բարձունքում
մնացած բանաստեղծը
Անցյալ դարի 70-80-ականների սերնդի լավագույն ներկայացուցիչներից էր Արմեն Շեկոյանը: Ոճով ու ասելիքով, նաև անհատական խառնվածքով մյուս տաղանդավոր սերնդակիցներից տարբերվող բանաստեղծ, արձակագիր, լրագրող, որը, թվում էր, անընդհատ փնտրտուքների, որոնումների մեջ է՝ բանաստեղծական բառի, արտահայտման ձևի ու չափի, իրական կյանքի առավելագույնս հարազատ ու անկեղծ պատկերման: Այդ են վկայում նաև նրա քերթվածների ժողովածուների վերնագրերը՝ «Ճոճք», «Թուղթ ու գիր», «Անտիպոեզիա»… Խիզախում էր կոտրել պոետական արդեն սովորական դարձած կարծրատիպերը, սակայն ոչ թե ավանդույթների դեմ մաքառելով, որ, ի վերջո, պարապ և անօգուտ զբաղմունք է, այլ արդիական ոգով ու լեզվով այդ ավանդույթները լրացնել-հարստացնելով, որը հենց արվեստի զարգացման ճիշտ ճանապարհն է: Այսինքն՝ Արմեն Շեկոյանի և նրա մի շարք սերնդակիցների նպատակը ոչ թե հակա(անտի)պոեզիան էր, այլ նոր ժամանակների շունչը բերող իրական պոեզիան: Նույն կերպ երբեմն նա ընդվզում էր նաև այն ըմբռնումների դեմ, թե «Հայկական ժամանակ» կոչվող իր վեպ-տարեգրության մեջ՝ բարձունքներից դեպի ցածերը իջնելով, սոսկ փորձել է հարազատորեն ներկայացնել կյանքի հատակի այդ մարդկանց դժվարին կյանքը: Ճշտում էր, թե «ես, էդ խեղճ ու թշվառ մարդկանց վիճակները նկարագրելով հանդերձ, կամեցել եմ հուշել ու հասկացնել իմ պակաս թշվառ ընթերցողներին, որ եթե իմ թշվառ հերոսները դիմացել ու դիմանում են մեր էս նոր կյանքին, ապա իրենք՝ այսինքն պակաս թշվառները, պիտի որ դիմանան ու դիմանան»: Միաժամանակ, անկեղծորեն խոստովանում էր, թե ինքը չի հավակնում վերջնական պատասխաններ տալ «ցածերի» առաջադրած հարցերին, քանզի՝ «Ո՞նց պատասխանեմ ձեր հարցերին,//երբ իմ հարցերն եմ ձեզ ուղղում»:
Արմեն Շեկոյանի գրչի թվացյալ պարզության տակ հոգեկան-ստեղծագործական մեծ լարվածություն կար: Չէր թաքցնում, խոստովանում էր՝ «Բառն է դժվար ելնում հոգուց: // Հոգին էլ է դժվար բացվում»: Ահա թե ինչու, լինում էին պահեր, որ նույնիսկ «աղերսում» էր Բարձրյալին՝
…հրեշտակներ ուղարկիր
աջից ու մյուս դռներից,
որ գան՝ բախեն իրարու
հավերժություն ու վայրկյան.
որ մենք գոնե մի գարուն
դիմավորենք իբրև կյանք։ («Աղերս»)
«Դու եկել ես անժամանակ,//բայց կգնաս ճիշտ ժամին»,- գրել է Արմեն Շեկոյանը: Զգացել, ներքուստ ապրե՞լ էր արդյոք այդ «ճիշտ ժամը», դժվար է ասել, բայց այսօր, երբ արդեն կատարվել է անդառնալին, հանրագումարի բերելով մեզ հետ, մեր աչքերի առջև անցած նրա երկրային կյանքն ու ստեղծագործական ոգորումները, կարծում եմ՝ փոքր սրբագրմամբ, ասվածը կարող ենք ձևակերպել նաև հետևյալ կերպ. «Դու եկել ես ճիշտ ժամին,//բայց գնացիր անժամանակ»: Գնացիր՝ սերունդներին թողնելով մանկական ու մեծական յուրատիպ, «հուրհրացող» ստեղծագործություններ, անկեղծ ու ինքնօրինակ ընկերոջ, ակտիվ քաղաքացու, նվիրյալ հայրենասերի քո կերպարը և բազմաթիվ անջնջելի հուշեր քեզ ճանաչողների ու հարազատների սրտերում:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ