Այս անգամ հավաքույթն ամենամյա Ծիրանատոնի նման մարդաշատ չէր: Խաղողօրհնեքից մեկ շաբաթ անց աշխարհիկ ոգով մի քանի հոգի նշում էին խաղողի բերքի հասունանալը՝ ի հիշատակումն հայոց բերքառատության ու ի մաղթումն հայոց բարօրության: Ամեն ինչ սկսվել էր 2001-ի աշնանը, երբ հին այգին հարթեցնելուց հետո, որտեղ այսօրվա չափ ծառեր չկային, Արևշատ Ավագյանը աշնանացան ցորեն էր ցանել մի հողում, ուր գրականության ու արվեստի նահապետներ էին գնացել-եկել: Հետո ինքը հունիսին մի խմբի հետ գնացել էր Արևմտյան Հայաստան, և այդ տարի Մոկսում էլ, հունիսի 24-ին՝ իր ծննդյան օրը նշել իր հայրենատանը, որը թուրքերը ռազմական շտաբ էին դարձրել: Հենց խումբը մտել էր Մոկս, զինվորական ոստիկանությունը ձերբակալել ու տարել էր Մոկսի Լենուհերկեն շուկայի կողքը, որտեղ էլ ժամանակին գտնվում էին իրենց պապենական տները: 2002 թվականն էր: Վերադարձան, ցորենն արդեն հնձել, աղացել էին: Հաց թխեցին, մտավորականներով այգում ծառատունկ արեցին, երկու գառ առավ, սեղան գցեցին… Այգու եզրերի ընկուզենիները հնուց են մնացել, մյուս նորատունկերը դեռ պետք է պտղավորվեին: Հենց առաջին բարը ստացան, 2004-2005 թթ.-ից սկսած, հավաքվեցին, սկսեցին նշել. առաջին ծիրանը, առաջին կեռասը, առաջին դեղձերը, ընկույզը…
Ծնվեց հավաքույթներն ավանդական դարձնելու և որպես պտղատոն նշելու գաղափարը, և մայիսի վերջին կիրակին, երբ սովորաբար կեռասն է հասնում, դարձավ պտղատոնի մշակույթի մեկնարկի սկիզբ: Հին այգում թթենիների տարբեր տեսակներ կային, վայրիները պատվաստեցին, և հիմա նաև նոր տեսակներ կան: Պատվաստողին անվանել էին Հովհաննես Պատվաստիչ, որը մուշտուկ պատվաստ անում, ազնվացնում էր ծառերն ու նրանց պտուղները: Այժմ ազնվացման գործը Սերժ Մանուկյանն է անում: Այգու մասին շատ բանաստեղծություններ ու հոդվածներ են գրվել, այգում նկարահանումներ են արվել: Արդեն պատրաստվում է կենսամատենագրության գրքի տպագրություն, որի խմբագիրը Վահագն Մկրտչի Սարգսյանն է լինելու:
Նոր այգու հիմնադիրներից են Արևշատ Ավագյանը, Սեն Արևշատյանը, Անահիտ Սահինյանը, Բաղիշ Հովսեփյանը, Կարեն Սմբատյանը, Համլետ Ասատրյանը, Սամվել Մարությանը, Հենրիկ Վարդենիկցին, Արամ Սաթյանը, Վազգեն Ղազարյանը, Արուս Գուլանյանը, Սոս Վարդազարյանը, Վազգեն Ղազարյանը, Արտավազդ Նազարյանը… Շուրջ 70 մտավորական: Սամվել Սևադան լուսանկարել է, ստեղծագործական լիցքեր հաղորդել մարդկանց, Արագածոտնի մարզային «Արագած աշխարհ» թերթը և գլխավոր խմբագիր Վարդևան Գրիգորյանը մշտապես լուսաբանել են այգու միջոցառումները:
Այս այգում շատերն են հարազատացել միմյանց, անկեղծացել՝ ինչպես Խորեն Արամունին, որն իր հայրենադարձվելը համեմատելով կարկատանի հետ՝ խոստովանում էր, որ Հայաստանն իր համար սոսկ աշխարհագրական վայր չէ, Հայաստանը նախևառաջ մարդկանցով է Հայաստան, ու երբ իրեն հարցնում են, թե ինչ է կորցրել, որ գալիս է Հայաստան, ասում է՝ մարդկանց հետ այսպիսի հանդիպումները: «Ես գնում-գալիս եմ, ընտանիքս էլ է գնում-գալիս, հայ ենք մնում: Թե չէ գեղեցիկ բնություն այլ տեղերում էլ կա: Իսկ ծիրանի օղի ոչ մի տեղ չկա»:
Այս անգամ, հայոց նավասարդ ամսվա 22-րդ օրը, երբ խաղողի՛ բերքն էր հասունացել, զրույցն ընթացավ առողջ մտքի ու ճշմարտության բացահայտման ճանապարհով: Որովհետև դա է այն փրկությունը, որն այնքան փնտրում ու չեն գտնում մեր օրերի մարդիկ, ձգտելով հասկանալ՝ Հայոց հարցն ի՞նչ եղավ, ինչո՞ւ և ո՞ւր թաղվեց: Միայն դեմ առ դեմ նստելով ու միմյանց բազմակարծությունը լսելով, միտք առ միտք ազգայինի մաղով անցնելով, երկրի հացի խմորը հունցելով ու ճշմարտությունը դուրս բերելով է հնարավոր գտնել հայոց փրկության բանաձևը, ուղին, բանալին: Եվ բացել հայոց լեզվի ու մշակույթի, հայ ազգի տեղն ու դերը համաշխարհային ահռելի մշակույթի որևէ անկյունաքարում: Եվ ամենակարևորը՝ հարցը մեծ ու փոքրը չէ, զոռբա ու սիրուն փաթեթավորված մատուցելը չէ, այլ առանց փրփուրների, առանց քամահրելու, առանց վերևից նայող հայացքի ու ոչինչ չանող քաղքենու գոռոզ վերաբերմունքի՝ հայի ճշմարտության առողջ կորիզի բացահայտումն է, համաշխարհային մշակույթի հատակի նստվածքում հայկական յուղահատիկի առկայությունը և հազարամյակների ընթացքում հայ ազգի վաստակած ապրելու և արժանապատիվ գոյատևելու իրավունքը գտնելն է:
Անահիտ ԱՐՓԵՆ