ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ/ ԾԱՆՈԹ ԿԱՆՉ` ԱՆՀԱՅՏ ՁԱՅՆՈՎ

ԼուսնաքարԵրբեմն հարկ է լինում ակամայից անդրադառնալ շրջանառվող մոլորությանը, թե` կինը բանաստեղծության օբյեկտ է, ոչ թե` սուբյեկտ… Այս ձևակերպումն իր ողջ արական փքուն պճնագեղությամբ հանդերձ` ամբողջովին մերժելի չէ առնվազն երկու պատճառով. նախ` կինն, իրոք, բանաստեղծության օբյեկտ է ավանդաբար (կնոջ արարմանը այր մարդու մասնակցությունը տրված է ի սկզբանե, քանզի Աստված նրան Ադամի կողից սերեց. բացի Սուրբ Գրքից` տես նաև համաշխարհային սիրային լիրիկան), և երկրորդ` կանացի բանաստեղծության մի սիրաթաթավ-հուզատոչոր ստանդարտ կա, որից զեռացող գրամոլության հոտ է գալիս… «Բայց մի՞թե գրամոլ տղամարդիկ չկան»,- կհարցնեք: Կա՛ն և չունեն ոչ մի արդարացում, որովհետև եթե որոշ կանայք սուբյեկտի են վերածվում բանաստեղծության նախընտրելի օբյեկտ չլինելու բերմամբ (սա մեր հերոսուհուն առնվազն չի սպառնում. տես` «Լուսնաքար» գրքի կազմը),- թեև սա ի՜նչ արդարացում է,- ապա տղամարդը նման խնդիր պետք է որ առհասարակ չունենա: Ինչևէ, նկատի առնենք, որ բոլոր բանաստեղծներին էլ կին է ծնել, նաև` կի՛ն բանաստեղծներին…
Անի Տեր-Գուլանյան. բանաստեղծության մեջ ինձ համար անհայտ մի անուն, թեև նրա հայրը` վաստակաշատ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը իմ վաղեմի բարեկամն է: Անիի «Լուսնաքար» բանստեղծությունների ժողովածուն, այնուամենայնիվ, բացեցի նման մի կանխակալ վերապահությամբ և, փառք Աստծո, վրիպեցից Չէի ասի, թե նա մեկեն ասպարեզ է իջնել, ինչպես Աթենաս Պալլասը Զևսի գլխից: Նախորդել են, անշուշտ, կուտակումներ, որ ուղեկցվել են կամա թե ակամա ընտրազտմամբ, բայց ամենաարժեքավորն այն է, որ Անիի հետաքրքրությունների ոլորտում են ոչ թե սիրային ստանդարտ զեղումները, էլ չասած` մոդայիկ դարձած գռեհիկ էրոտիկայի մասին, որոնցից այնքան կուշտ ենք, այլ ներանձնականությունից ակունք առնող գոյաբանական ապրումները` ներթափանցված այլուրեքի մղմամբ ու կարոտով:

Դու Քո խորքերում աստղակործանիչ
Եվ Քո էությամբ` սկիզբ ու անմահի,
Ես մի հատիկը Քո ամբողջության,
Դու մասնիկը իմ կորուսյալ պահի:

Կամ`

Տարտամ լույսերը երեկոների
Թող շոյեն հոգուս թավշյա վարսերը,
Եվ թող աստղերը անցնեն իմ միջով`
Արտացոլելով սարսռող սերը:

Եվ կամ`

Ես ինչ-որ բան եմ ուզում օրերից
Որոնումների սահմանից անդին,
Ուր շրջադարձն է անվերջ կրկնվում,
Ուր խոսքը պարզ է, նույնիսկ բացահայտ,
Ուր մենք լսում ենք մեր հոգու կանչը,
Սակայն ուրիշի ձայնով` մեզ անհայտ…

Եվ Անին ունի «ուրիշի ձայնը» իր ձայնով ճանաչելու, անհայտին ու գաղտնիքին նպատակամղվելու ներքին պահանջն ու համարձակությունը: Անիի բանաստեղծական ներուժն ուղղված է, կարծես, թաքուցվող տեսիլքները որսալուն, ասես ուռկան է նետվում ենթագիտակցության գաղտնապահ ջրերի խորքը. խոստացված Դրախտի մասին ակնարկները բախվում են այս չափազանց եռաչափ իրականությանը և հարուցում են հաճախ թախիծ ու տրտմություն, նույնիսկ հուսաբեկություն, բայց գրեթե միշտ առկա է անանձնականին առնչակցվելու անձնական փորձի փնտրտուքը, որը նրա բանաստեղծություններին հաղորդում է մի տեսակ անպաշտպան ու սրտառուչ ինտիմություն: Տպավորությունն այնպիսին է, ասես հետևում ես, թե ինչպես է նորալուսինը դեգերելով փնտրում իր կորուսյալ հատվածը, բայց ճանապարհին անընդհատ մոռանում ու նորից է հիշում, թե փնտրածն ինչ է: Եվ ծնվում են անսպասելի տողեր. «Ու՞մ ձեռքն էր, որ ելավ մութից, // Իբրև անհույս մի խաչհամբույր», «Անժամանակ է թախիծը այսօր // Եվ տեսիլներն են ժամանակավոր», «Եվ չկա մի թուփ, որ ինձ կառչելով կպահի իր մոտ, // Ինձնից հեռացող թևավորներն իսկ չգտան ճամփան», «Լռության կանչը խենթացնում է ինձ», «Բայց տարբերակը ի ծնե մեկն է, // Սարդը տեղում է. սարդոստայնը` փակ», «Եվ պատկերս եմ տեսնում հալչող- // Մութ աչքերում քարայրների» և այլն, և այլն, և այլն…
Տեսիլքների բանաստեղծական այս աշխարհին մասնահատուկ է ժամանակի «ջրվեժածածան» խաբուսիկությունը, որ կլլում է կարոտն անդարձ օրերի հանդեպ, ներքնապես գոյավորվող ժամանակն իր հազվադեպ առկայծումներով կուլ է գնում արտաքնացված տարածությանը, և բանաստեղծն ինքն էլ ակամայից կարծես տարրալուծվում է վերջինիս մեջ` հույսի և հուսաբեկության, աշխարհայինի խաբկանքի և առ անդենականը մղման միջև առկախ մնալով… Կարծես թեման կամ` բանաստեղծություն սադրող հոգեվիճակները, թերևս, ակնարկվում են ինչ-որ անծանոթ հուշարարների կողմից, և բանաստեղծությունները, չնչին բացառությամբ, ինքնաբերաբար վերածվում են վարիացիաների (զանազանակերպումներ): Եվ մնում է միայն մենության գաղտնիքը, որը ներկայանում է հաճախ աբսուրդի տեսքով, իսկ մեր ջանքերը դառնում են «Փախուստ ոչ մի տեղ» (բանաստեղծության վերնագիր է): Այս գողտրիկ բանաստեղծությունը, ուր լսելի է թումանյանական քառյակների հնչերանգի հեռավոր անդրադարձը (դա, իհարկե, գովելի է, ինչպես տերյանական որոշ հնչերանգների անդրադարձերը), հետևյալ տողերով է ավարտվում.

Աստված ինքն էլ վերևներում` անսահմանի կապույտում,
Միևնույն է` միայնակ է, միայնակ է նա ապրում:

Մենության թեման, անշուշտ, անսպառ է թե՛ որպես անմիջական ապրում և թե ՛ որպես խոհածում ու հոգեվիճակ: Ուրեմն` ակնկալվում են առավել անսպասելի, ինքնատիպ վարիացիաներ, որոնք, ի դեպ, քիչ չեն գրքում: Ակամայից հիշեցի Վարուժանի «Աստուծո լացը» բանաստեղծությունը «Գողգոթայի ծաղիկներ» գրքից, որ ավարտվում է հետևյալ հրաշալի տողերով.

Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ
Որպես զի ստեղծե` հարկ եղավ նախ լալ:

Հետաքրքիր (ասես` շուռ տված) լուծում կա «Հետագիծը» բանաստեղծության մեջ, ուր ասվում է. «Արև, ես նորից քեզ եմ կարոտել // Եվ խավար տանող լուսավոր ճամփիդ»: Թե կենաց հետագծի որ հատվածն է այստեղ դիտարկված` տվյալ պահի աշխարհընկալումից ածանցվող ընտրության հարց է: Բայց կատարելության անհնարինությունը չի հանգեցվում պարզամիտ մերժման, որովհետև` ինչպես կատարյալ Աստված վերևից ներքև, այնպես էլ Նրա օրինակով անկատար մարդը պետք է որ ներքևից վերև մարդեղանա: Եվ պոեզիան մարդեղացման ճանապարհ է դառնում: «Պահը» բանաստեղծությունը դրա հաստատումն է. «Ինչ որ մութն էր մեզ պատմում, // Լույսը հաստատ կհերքի, // Ինչ որ անհաս էր թվում, // Մեր մասնիկը կդառնա»: Եվ նորից առկախության վիճակ, երբ օրը փլվում է մեր կերպին` լուռ, անտերունչ հարցի հանգույն, «Եվ թվում է, թե ապրում ենք // Անհայտ մեկի հուշերում» (ի՜նչ լավ տողեր են): Փնտրտուքի, գտանումի ու կորստյան այս` երբեմն թվացյալ-ստատիկ, բայց իրականում խաղացկուն-դինամիկ վիճակը, որն անգամ հուսաբեկության ակնթարթներին գաղտնիքի ու սպասման խլրտումն է հաղորդում, ակունք է առնում այլ եզերքների կարոտից, որը մի օր արցունքով պիտի մաքրվի: Ահա ա՛յս է` ապաշխարանքի մղումը, երբ անհնար է թվում անգամ օրընթաց ձանձրույթի սադրած հուսաբեկությունից մաքրվելը,- ա՛յս է, ահա, որ Անիի բանաստեղծություններին հաղորդում է մի տեսակ անպաշտպանության գրավչություն, կարծես երեխային խաղալիք են խոստացել ու չեն տվել: Ամբողջ գիրքն առհասարակ հագեցած է փոփոխության սպասման, կյանքի նոր էջ բացելու հույսի և մաշված ճամփան մաշելու պարտադրանքի միջև անհաղթահարելի թվացող հակասության դրամատիզմով: Թե այս հակասությունը որքանով է բխում նեղ անձնական դրդապատճառներից` գրքի պոետիկան քննելու իմ նպատակներից դուրս է, թեև բացված լուսայգի հանդիման հին բաճկոն հագնելը («Մաշված ճանապարհ») անխուսափելիորեն փակուղու առաջ է կանգնեցնում: Չէ թե` ներքին լուսայգը չկա, առանց որի գրոշի արժեք չունեն արտաքին բոլոր լուսաբացները միասին վերցրած, այլ առօրյայի ճահճուտն այն կլանում է երբեմն այնքան, որ ուզում ես ասել, թե բոլոր պարագաներում էլ օրընթացից դուրս այլ հուշի սպասման, հիմա և այստեղի պահը կա, որը առօրյա ձանձրույթի մակերևույթին անգամ կայծ է ենթադրում: Չէ՞որ «քաղցր են միայն ակնթարթները ճանաչումի» (Մանդելշտամի ձևակերպումն է): Ես խորապես համոզված եմ, որ այդպիսի ակնթարթները մեզ հղված բանաստեղծություններ են, որոնք պոետները երբեմն շարադրում են, իսկ ավելի հաճախ` ո՛չ…
Ինչևէ, արժեքավորը Անիի անկեղծությունն է անգամ հուսախաբության առաջ, երբ կարող են ծնվել լավ տողեր, ինչպես` «Սերը հեռու է, ուրեմն սուրբ չենք», «Վախի սարսափից չապրեցինք այստեց, // Պիտի որ ապրենք հաջորդ երազում», «Անցորդի անհաղորդ հայացքում // Անցնելուց ինչ-որ բան մոռացա» և այլն…
Պետք է ասեմ, որ դատողական, հայեցողական դրվագներից առավել` պահի, հոգեվիճակների անմիջական «գրանցումներն» ավելի հաճախ են վերածվում անսպասելի պատկերների, երբ Անին ոչ թե փորձում է ընթերցողին զարմացնել, այլ մի տեսակ ի՛նքն է զարմանում: Ահա նման մի պատկեր.

Դու ինձ թողեցիր աշխարհում այս բիրտ,
Առանց քեզ ճամփաս մոլոր է հիմա,
Եվ ես կարոտից այս ու այն կողմի –
Արթնացա և ինձ չգտա կողքիս:

մեկ ուրիշը`

Տիեզերքը` ափերիս մեջ,
Իսկ ես` Աստծո որովայնում:

…Ընդունված տրաֆարետ կա, ըստ որի գրախոսության վերջում թերություններ են մատնանշում ու խորհուրդներ տալիս: Ես այդպես չեմ վարվի ոչ թե այն պատճառով, որ թերություններ չեմ նկատել և խորհուրդներ չունեմ տալու, այլ քանի որ ցանկանում էի պահ առաջ ընթերցողին փոխանցել իմ զարմանքը և ուրախությունը այս գրքույկի կապակցությամբ: Ինձ հետաքրքրում է այս գրքույկով Անիի մատուցած հոյակապ «ներկայացումը», իսկ «դեկորները» շտկելու մասին կարելի է խոսել նաև «կուլիսներում»… Անին աշխարհընկալման իր վարկածն ունի, որ ամենակարևորն է, նաև շարքից-շարք գրքի միջից մեզ է հաղորդում հայոց լեզուն հնչեցնելու իր խտտուն հաճույքը, որն անչափ սրտառուչ է և կարող է առանձին խոսակցության նյութ դառնալ` համեմված ժառանգականության մասին դատողություններով (այս առումով հատկապես տպավորիչ է գրքի վերջին` «Շնչառություն» շարքը): Ուրեմն` նրան վստահեցնենք, որ այստեղ թռչելու համար իր թևերը անդինից ակամա շորթված են, և մաղթենք նրան ոգևորություն, տեսիլքների հանդեպ սրբազան հավատ ու սրտատրոփ անկաշկանդություն, քանի որ ամեն մի բանաստեղծության հետ պոետները ծնվում են Աստծո որովայնից:

2009 թվական, Հրաչ Բեյլերյանի արխիվից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։