Նորեկ Գասպարյանի պոեզիան առնչվում է նկարչության, թատրոնի և կինոարվեստի հետ: Սա դարաշրջանային հատկանիշ է, որը բնորոշ է մեր սերնդի բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններին: Հեռուստալրագրող Նարեկ Սահակյանի հավաստմամբ՝ «Թվով տասներորդ ժողովածուն բանաստեղծը հրատարակել է յոթնամյա ընդմիջումից հետո միայն: Արցախի գրական ընտանիքում ասում են, որ գրչակիցներն ու ընթերցողներն այս անգամ երկար են սպասել Նորեկ Գասպարյանին, հետո ընթերցում գիրքն ու համոզվում՝ բանաստեղծը ներքին կուտակումների շրջան էր ապրում: Ինքը բանաստեղծը չի բացառում, որ ստեղծագործական կյանքում նմանատիպ դադարներն անհրաժեշտ են: Այդպես գրողն ընթերցողին ներկայանում է նորովի՝ նոր ասելիքով ու առանց կրկնությունների»:
Ընթերցելու ժամանակ սկզբում ինձ գրավեց հատկապես «Կրկին սարդոստայն» շարքի 18-րդ («Դիմակը») բանաստեղծությունը, որը կյանք-թատրոնի ընդհանրացված պատկերն է:
Դիմակը… անտեր ընկած է, փողոցում ընկած է անտեր, //Պաղել է արցունքը այտին, բայց ու՞ր է աչքերի ցավը, //Ճոճվում է մեռած ծիծաղը շրթերի դատարկ խորշերում,//Ճակատին թառած ցանցի մեջ սառել է մթին անցյալը:
«Ո՛չ տեր է ունեցել կարգին, ո՛չ ինքն է անվերջ տիրացել»,- սա է բանալին այն տվայտանքների, որ ապրում է դիմակ-մարդը կամ մարդ-դիմակը: Շրջապտույտ է աշխարհը դարձել: Ամեն ինչ կրկնվո՞ւմ է, թե՞ նույնն է մնացել: Ինձ թվում է՝ Նորեկ Գասպարյանի մեջ (հատկապես այս շարքը գրելիս) բանաստեղծությունը մտահղացվել է ռիթմից, որն էլ առաջնորդել է բանաստեղծին ասելիքի արտահայտման ողջ տարածքում: Նվագը, գույնը և խոհը այն միջոցներն են, որոնցով հեղինակը հասել է ինքնաբացահայտման շերտին, մղվել դեպի նորաստեղծ պատկերի ցողն ու մշուշը: Այնուամենայնիվ, ես կհորդորեի բանաստեղծին ներշնչանքի ժամն այնպես համակարգել (դա իրենի՛ց է կախված նաև), որպեսզի բանաստեղծության մեջ առաջնորդողը լինի ոչ թե ռիթմը, այլ՝ ոգին: Դրա փորձն ունի Նորեկ Գասպարյանը, միջոց, որ կիրառվել է «Երկնքից ընկնող գույն-գույն խնձորներ» ծավալուն շարքում, որը պոեմային շնչառություն ունի: Այս ստեղծագործության մեջ բանաստեղծը կերտել է ինքնատիպ ու նորաշունչ հոգեվիճակներ, որոնց մեջ կերպավորված են ժամանակը, մարդը և կյանքի ընթացքը, հումորով արտահայտված տողերի խորքից անընդհատ ցայտում է ողբերգության շերտը: Այսինքն՝ ժամանակաշրջանի դիմագի՛ծը: Սա՛ է այս շարքի առանձնահատկությունը: Պոեզիայի կենսունակության երակը հոգևոր մի աուրա է, որը սնուցում և կոփում է մարդու, քաղաքացու, անհատի ոգին:
Աստված իմ, ի՜նչ երանություն է, ի՜նչ երանություն է,// երբ այսքա՜ն բանաստեղծություն, այսքա՜ն կիրք, այսքա՜ն սեր,// կին, ցնծություն ու ապաշխարանք,//մեզ հետ շենքերի կտուրներից ու քերծերից թռչելու ցանկություն //ունեցող այսքան մարդ,//եկել ու անհամբեր ծեծում են, համարյա ջարդում են//շատ վաղուց չբացված դուռդ,//և դու երկմտում ես.//բացե՞լ, չբացե՞լ…//բացե՞լ- չբացե՞լ…//բացե՞լ- չբացել…
Ն. Գասպարյանը փորձում է բանաստեղծությունն ազատել հագուստներից (իմա՝ պաճուճանքներից) և անհարկի ռիթմերից: Եվ անընդհատ փառք է տալիս Աստծուն՝ իր հանդեպ այդքան շռայլ լինելու համար… Բանաստեղծի համար արևը անիվ է պտտվող, ամեն օրորոց մի ամրոց է, իսկ ժամը՝ ուխտատեղի: Հողը ճակատագիր է, որ բանաստեղծի արյան ամեն կաթիլը իմաստավորում է, հարստացնում ներշնչանքի ծաղիկներով: Ահա հայրենասիրության ևս մի նոր բանաձև. «Այստեղից հեռացող չկա, այստեղից գնում են երկինք…»: Նվիրվածությունը, սերը, ազգանպաստ գործունեությունը Հայրենիքի հզորացման և անվտանգության գրավականն են:
Չկա փրկություն ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ՝ երկնքում://Եկեք հավաքեք, քարշ տվեք, տարե՜ք, ձեր պիղծ մեռելը,//Ոչ ոք չի ասի որտե՜ղ է հիմա այն նախիրը խեղճ, //Աշխարհի համար՝ եղած թե չեղած, ես դրանց մերը…//Թուրքը գալիս է… երկիրս նետ է… պարում ենք, տղերք,//Նիզակ է ծառը, քարը ական է, շողում է Լեռը, //Ժամանել են և աստվածներս հին, շարվել են, ի զեն, //Սա վերջին մարտն է, ջնջում ենք, տղերք, ես դրանց մերը…
Հայրենիքը այն օրրանն է, որը չի փոխարինվում աշխարհի որևէ հողակտորով: Հայրենիքը նախնիներից ժառանգած ապրելակերպ է, վարք, որ փոխանցվում է սերնդեսերունդ, դառնում հավատամք և ուժ: Իսկ հայրենի հողը մեր աչքերի լույսն է, որով տեսնում ենք ինքներս մեզ և շրջապատող աշխարհը:
Երկիր… չքնա՜ղս, իմ տեր… մեռնելու ժամը անցել է,//Թույլ տուր ոտքերդ լվանամ, ծաղկաբույր ջուր եմ բերելու,//Իսկ եթե մոլորվեմ նորից, պարտվեմ դաշտերում ոգու, //Իմ ծերուկ իմաստուն, գիտեմ, ինձ միայն դու ես ներելու…
Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի կարծիքով՝ Նորեկ Գասպարյանը «ոչ թե դադարել է ստեղծագործել, այլ ապրում էր ներքին կուտակումների շրջան: Բանաստեղծությունը շատ ավելի կյանքոտ դարձավ, շատ ավելի դարձավ ֆունկցիոնալ, բանաստեղծությունը մտավ կյանք, հասարակական հնչեղություն ձեռք բերեց, այսինքն՝ շատ ավելի իրական և գերիրական այս երկու գույները իրար արդեն լրացնում են, և երբ նա ասում է, որ երկնքից գույն-գույն խնձորներ ընկան, այս գույն-գույնի մեջ գույնը դա միայն ձևի նշանակություն չէ, գույնը դա արդեն բովանդակային իմաստ է ստանում և գույների մեջ արդեն՝ նոր իմաստ, նոր բովանդակություն… կարողացավ Նորեկը այս գրքում գտնել իր կոդը»: