ՏԵՐ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հունվարի 17-ին Բաքվում սկսված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությամբ, ըստ իս, Ալիևը մի գլխավոր նպատակ ունի՝ համայն քաղաքակիրթ և ավտորիտար երկրներին, համաշխարհային օրինապահ կառույցներին՝ ՄԱԿ, ԵՄ, Կարմիր Խաչ, ԵԱՀԿ և այլն, աչք խոթելու պես ցույց տալու, որ ինքը թքած ունի բոլորի վրա։ Ուժն է գերադաս բանաձևով բոլորին իրենց տեղը նստեցնելու և արհամարհական ժպիտով հաստատելու՝ դուք բոլորդ արժանի եք այս ապտակին, ի՞նչ ապտակ, ավելի ճիշտ՝ քացուն։ Դատվում են նաև վերոհիշյալ անդեմ կառույցներն իրենց անտարբերության, ակնհայտ կաշառվածության, երկդիմի խաղերի համար։
Ահա սա է մեզ հեքիաթի թռչող գորգ թվացող աշխարհ կոչվածը։ Արցախահայերի բռնի տեղահանումը դաս չեղա՞վ մեզ։
Մեր սրտին է հարվածը, ոչնչացնելու ազդակը հայերին ֆաշիստ անվանելն է։ Սա զավեշտ կլիներ, եթե ողբերգական նախորդ գործողություններ չլինեին, և հատկապես առաջիկա պլաններ չբացահայտեին։
Ո՞վ է մեր ցավին տեր կանգնելու, իհարկե, համայն հայությունը և, առաջին հերթին, ՀՀ իշխանությունները։
Մեր ներսի պառակտումներն են ճամփա բացում նոր թշնամական հրեշավոր ծրագրերի առջև։
Էլի նմանվե՞նք կրակին ձեռք մեկնած մեր էպոսի մանուկ հերոսին։ Նրա ձեռքն ու լեզուն այրվեցին, մեր հոգին է խանձվում։
Չսպասենք հայի վերջին խելքին։ Խելքի գանք ընթացքում, հենց սկզբից այդպես լինեինք։ Որևէ մեկս իրեն վերջնական իմաստուն համարելու միամտություն ու ինքնահավանություն և համառ մանկական ճակատահարում չունենա, թռչունը, որ թռչուն է, երամի իմաստուն բնազդին է վստահում։
Յուրաքանչյուրի ձայնում (ես հնչեցնում եմ նաև բազմաթիվ գրողների մտահոգությունը) թող մի ելևէջ լինի Ձենով Օհանի բամբ կանչից, միավորենք բամբ որոտանը և դուրս գանք տեսանելի և անտեսանելի փոսից։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։