Կարելի է ասել՝ Սամվել Բեգլարյանի համար նույնքան հարազատ է թատերական միջավայրը, որքան գրականությունը: Արձակագիրն ու բանաստեղծը նաև դրամատուրգ է՝ հիանալի պիեսների հեղինակ: Բայց պակաս տաղանդավոր չէ որպես ռեժիսոր ու դերասան: Նրա բեմական կենսագրությունը ինքնին մի հարստություն է, որ սկսվել է դեռևս դպրոցական տարիներից. հպարտությամբ է հիշում Չեխովի «Արջի» բեմականացումը դպրոցում, և այն էլ՝ ռուսերենով:
Եվ լավ է, որ թատրոնի սերը, Բեգլարյանի համար լինելով առաջին սեր, ժամանակի հետ կուլ չգնաց, այլ ունեցավ օրինաչափ շարունակություն ու զարգացում: Բազմաթիվ կերպարներ մարմնավորեց բեմում, որոնցից առանձնապես տպավորիչ էր Եզոպոսը. այնպես էր մերվել կերպարին, թվում էր, հենց ինքը՝ անտիկ շրջանի մեծ առակագիրն է՝ իր անհրապույր տեսքով ու իմաստուն էությամբ: Հիշարժան են նաև իր հեղինակած պիեսների մեջ մարմնավորած կերպարները՝ գյուղապետ («Կյանքն ինչպես որ կա»), բժիշկ Նասիբյան («Մոմի լույսը»), Արմոն («Աղավնու աշունը») և այլն:
Սամվել Բեգլարյանի թատերական ոլորտը գնահատելու համար բավական է ասել, որ նա քառասունից ավելի բեմադրության հեղինակ է ու մասնակից՝ որպես դերասան: Եվ իհարկե օրինաչափ է, որ արժանացել է բազմաթիվ մրցանակների նաև այս ասպարեզում: Այսօր էլ, յոթ տասնամյակն անցած, Ս. Բեգլարյանը շարունակում է իր տաղանդն ի սպաս դնել հայ մշակույթի գրական ու թատերական դաշտերում՝ ազնիվ մշակի նվիրվածությամբ:
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐԵՎԻ ՄԱՐԴԸ
Խոսք ընկերոջս՝ Սամվել Բեգլարյանին
Արևագալից շատ վաղ, աշխարհը դեռ պինդ բարուրված, մուշ-մուշ քնած, Արևի մարդը ոտքի վրա է. պատրաստվում է արևագալը դիմավորել… Դե, պատուհանից՝ «Ծիկով», պատշգամբում՝ սուրճի բաժակով դիմավորելու սովորություններն անցյալում են. «Արևագալը լեռան գագաթից զինվորավայել կանգնած կդիմավորեն»,- կարգախոս ունի: Էլ ժամանակ չի սպանում, դուրս է գալիս: Իսկ շունը՝ Բոնին, ցուցադրաբար պոչը պտտում, դնում մեջքին, խելոք աչքերը պսպղացնում՝ «պատրա՛ստ եմ, գնացի՛նք»: Եվ բռնում է Բերդասարի գլուխը տանող ոլոր-մոլոր արահետի տուտը: Իսկ արեգակը ետ ու առաջ չունի. ճիշտ իր ժամին հայտնվում է Գուգարաց լեռների կատարին, մեկեն վրձնում աշխարհը, ժպտում.
– Առավո՛տ լուսո, առավո՛տ լուսո…
– Գա՛լդ բարի, լո՛ւյսդ բարի,- ողջունում է Արևի մարդը:
Եվ հին ընկերների նման բռնվում են զրույցի՝ աշխարհի բնական ու բանական կարգեր, անկարգություններ, հին, նոր…
– Բարի ծառայություն, հայո՛ց արծիվներ,- բարեմաղթում է սահմանապահներին,- ձեր թիկունքում եմ, տարիքիս չնայեք, պետք լինեմ՝ կողքներիդ կանգնում եմ,- հետո նայում է սահմանից անդին, հոնքերը հավաքում,- ես ձեր մարդ ասողի…- «բարեմաղթում»,- երես եք առել, հա՞, որ կուռկուռի ձագերի նման խղճացել, մկան ծակ էիք ման գալիս, որ գլուխներդ չջարդենք… դուք ճիշտ եք, մենք՝ սխալ, որ ջարդած լինեինք, Կուրից այնկողմ քշած, էսօր ամեն բան կարգին կլիներ, բայց իմացեք՝ մե՛նք մենք ենք, դո՛ւք ընդամենը դուք, էս գործն էսպես չենք թողելու:
Արեգակը քահ-քահ ծիծաղում է ցողաթաթախ աշխարհի վրա, մարդիկ հորանջելով արթնանում են…
– Գնա՛նք, Բոնի,- հրահանգում է Արևի մարդը:
…Արևի մարդը, առանց ժամանակ կորցնելու, նստում է համակարգչի առաջ, իր ու Արևի զրույցը պատմում նոր արթնացողներին և շտապում մշակույթի պալատ՝ իր երկրորդ տուն: Արևի մարդը նաև բեմի մարդ է 7-8 տարեկանից: Շուրջ 60 տարի բեմի վրա է: Հիմա այնտեղ և՛ տե՛ր է, և՛ ծառա՝ դրաման գրում է, դերերը՝ բաշխում, գլխավոր դերում էլ ինքն է ու ինքը: Նա բեմում չի՛ խաղում, դեր չի՛ տանում՝ իր տունն է, չէ՛, պարզապես ապրում է: Եզոպոսի տանջանքներով է ապրել, Դանիելի նման գժվել, բժիշկ Նասիբյանի նման հրաշագործել… Հեքիաթի մեջ մտնելը, այնտեղից դուրս գալը արևի հետ զրույցի նման մի բան է, թե քանի անգամ է «ներս ու դուրս» արել՝ դժվար է ասել, բայց 60 կերպար է մարմնավորել: Այսօր էլ Ձմեռ պապ է, թոռնուհին՝ ձյունանուշիկ, թոռը՝ շնիկ:
Արևի մարդու թատրոնի դեգերումները բարձր են գնահատվել. ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր… Եվ ամենաբարձրը՝ ծափե՜ր , ծափե՜ր…
Թե ե՞րբ է հանգստանում, դժվար է ասել, բայց ստուգապես՝ արևագալին Բերդասարի գագաթին կլինի, բեմի ժամին՝ բեմում: