Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ / ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՈՒՄ

1. Ծնունդով Ջավախքից, ռուսաստանաբնակ բանաստեղծ Ջոն Թորոսյանը միջոցառումների ծրագիր էր նախապատրաստել՝ Վրաստանի գրողների միությունում հայկական բաժանմունքի վերաբացման առթիվ: Առավոտ շուտ ճանապարհին էինք, ու որ անձնագիրս մոռացած չլինեի՝ Ապարանի հյուրընկալ գրկում ժամ առաջ բաժակները կշրխկացնեինք՝ «շրը՛խկ»… Ճանապահի հացը համով է և ամենասովորական օղին՝ վայելքի կատարյալ խորհրդանիշ: Մենք արդեն պատրաստ էինք մի ոստյունով հայտնվել բարեկամ Վրաստանում, բայց ազգիս Լոռիում մեր ձեռուոտը կապեցին. իշխանական տոհմերից եկող հնչեղ արձագանքը մնացել է, ու էդ կողմերի ազնվացեղ իշխան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն իր լեռնապատ ապարանքում մեր պատվիրակությանը բերման ենթարկեց, և հայտնվեցինք սարուձորի համուհոտով սեղանի շուրջ, թանկ հյուրերի համար նախորդ դարից պահ տված խմիչքներով գավաթները ձեռքներիս: Մեր առաքելությունը հերթական դատարկվող շիշն էլ մոռացության չմատնեց, և Հայոց վերջին հողակտորից հետո Սայաթ-Նովայի երգերն իրենք իրենց հնչեցին մեր բերանով. Գագիկ Դավթյան, Վահագն Սարգսյան, ես՝ բարձրաձայն, Ջոն Թորոսյանն ու Ասատուր Սարյանը՝ ավելի մեղմ: Ճիշտ է՝ Հայաստանի և Վրաստանի պետական դրոշները չէին թափահարվում մեր ճանապարհին, բայց մեր այցն իր բովանդակությամբ շատ ավելի ներկայանալի ու առինքնող էր. մենք մեր հոգու սերն ու ջերմությունն էինք բերել ու դեռ չգիտեինք, որ վրացի մեր բարեկամները կրկնապատիկն են հղելու: Թբիլիսի հասանք երեկոյան, և Հավլաբար թաղամասի հյուրանոցի մեր հարկաբաժինը նախապատրաստվում էր ծննդյան տոնի…
2. Որոշել էինք մեր բանաստեղծ ընկերոջ՝ Գագիկ Դավթյանի ծննդյան տարեդարձը նշել ուղիղ կեսգիշերին: Նախասրահում ժամացույցները մի քանի քաղաքների ժամերն էին հրամցնում՝ Վաշինգտոն, Լոնդոն, Փարիզ, Թբիլիսի… Շիկամազ բարեհամբույր աղջկան դիմեցի՝ իսկ ո՞ւր է Երևանը: Նա ժպտալով պատասխանեց՝ իսկ ձեր հյուրանոցներում Թբիլիսին նշո՞ւմ եք: Իհարկե նշում ենք՝ ժպիտը ժպիտով արեցի: Մենք ժամային նույն գոտում էինք, և մեր բաժին ժամանակը համաչափ էր ընթանում: Քայլում էի գիշերային Հավլաբարով և «Թբիլիսո» երգը դնդնում իմ երաժիշտ ընկերոջ՝ Ռոբերտ Աբրահամյանի ոճով, որի տանը վերջերս հյուրընկալվեց իր վաղեմի բարեկամը՝ Գիորգի Մարգվելաշվիլին՝ արդեն Վրաստանի նախագահի կարգավիճակով: 30 դոլարը լարիի վերածեցի և մտա հյուրանոցի շրջակայքի խանութներից մեկը: Նկատելի էր անվարժ գնորդիս ներկայությունը, և հերթի կանգնածները ներողամիտ գտնվեցին, երբ իրենց սպասարկող աշխատակցուհին եկավ ինձ օգնելու. վարունգ, պոմիդոր, պանիր էր ուզածս: Մի ժամ շրջելով՝ այնքան էի հարազատացել փողոցի այս հատվածին, որ եթե Վրաստանի իշխանություններն այդ ամբողջ տեղանքի սեփականության վկայականն ինձ հանձնեին, չէի զարմանա. այն արդեն իմն էր: Փողոցիս մի այլ խանութում մեր խմբին հանդիպեցի: Ջոնի ներկայությամբ ոչինչ գնել չես կարող, ամեն ինչ վճարված է, անգամ եկեղեցում, որտեղ ինքդ պիտի մոմի համար վճարես, տղերքի կնքած անվամբ՝ Ջոն ու ջիգյարը, մոմերի խուրձը պարզած, ասում էր՝ բա այսքանն ո՞վ պիտի վառի: Ծննդյան գիշերահանդեսի մթերքը գնված էր, և խանութի շեմին հայտնված հայ պառավին Ասատուրը լարի մեկնեց, ու պառավի վերցնելու ձևից կկարծեիր, թե հին պարտքն էին վերադարձնում: 80-ն անց էր, բայց աշխուժությունը՝ տեղը: Ուշադիր ինձ նայեց. – Քանի՞ կին ունես,- հարցրեց: – Երեք,- պատասխանեցի: – Առավոտ, ճաշին, իրիկո՞ւնը… Զգացի, որ ներսում զվարթ կյանքի կարոտ կար, տարիները վրայով անցել են, ու չի հասցրել լիասիրտ ապրել: Ուղիղ կեսգիշերին, Վահագն Սարգսյանի հրաշալի թամադայությամբ, զարկեցինք բաժակներն ու շնորհավորանքներ շաղեցինք մեր Գագիկ ընկերոջ շուրջբոլորը… Մենք մի քիչ էլ խենթ էինք, ու նաև այդ պատճառով էր, որ իրար խառնված վիսկին, օղին, գինին, այնուամենայնիվ, հանդուրժեցին մեզ…
3. Եկեղեցի մտնում եմ այնպես, ինչպես հորս տուն կմտնեի: Մի անբացատրելի հարազատություն եմ զգում անգամ այն տաճարներում, որտեղ առաջին անգամ եմ լինում: Մոլորակի տարբեր հատվածներում խոյացող Հայոց եկեղեցիները, ճարտարապետական շքեղ կոթողներ լինելուց զատ, մոլորակի պտույտները տիեզերքին ներդաշնակող աղոթքատեղիներ են, աստվածային շունչը հաղորդող սրբավայրեր: Վիրահայոց թեմի քահանա Մանուկ Զեյնալյանը սիրով ուղեկցեց մեզ Հավլաբարի հայկական պանթեոն: Ազգիս մեծերի շիրիմներն են: Իմ մեծերը սիրել են քեզ, սիրուն քաղաք, ու ես նաև նրանց անմեռ հոգիների ջերմությունն եմ զգում քո հյուրընկալ գրկում: Ս. Գևորգ առաջնորդանիստ տաճարը Հովնաթանյանների և Բաշինջաղյանի որմնանկարներով շատ տպավորիչ էր: Վիրահայոց թեմի առաջնորդ, իմ հին բարեկամ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ հանդիպումը սպասված ու ջերմ էր: Սրբազանը, բոլոր դժվարությունները շրջանցելով, իր ջանքերն էր ուղղում երկու ժողովուրդների հոգևոր կապերի ամրացմանը: Պահպանելով մեր ժողովրդի հոգևոր ժառանգությունը՝ փորձում էր մեր հայրենակիցներին հաղորդակից դարձնել պատմական արժեքներին՝ ժառանգորդ և տեր կարգելով: Սրբազանի հյուրասիրությանն արժանանալով, նրա օրհնությունն ստանալով՝ ուղևորվեցինք դեպի Վրաստանի գրողների տուն: Վրացի գրողների հետ հանդիպմանը մեզ միացավ հայ-վրացական գրական կապերի հմայիչ տիրուհին՝ Անահիտ Բոստանջյանը, և Ջոն Թորոսյանի նվիրած հայկական կոնյակներից մեկը բացվեց ու գավերը լցվելով՝ հրաշալի կենացների առիթ դարձավ: Բանաստեղծ, թարգմանիչ Գուրամ Օդիշարիայի հետ հանդիպումը նոր ճանաչողության սկիզբ դարձավ ինձ համար: Ես բոլորովին նոր, դեռևս չտեսնված շերտեր բացահայտեցի այս հրաշալի ժողովրդի մեջ, և պատմության էջերից եկող բարեկամությունն ու սերն ինձ համար ավելի բարձր հարթության վրա փոխադրվեցին: Որքան էլ շքեղ լինի տեղանքը, միևնույն է, ամենամեծ զարդարանքը մարդն է: Քեզանով ու քո գրով մեզ համար քո երկիրն առավել շքեղացավ, հարգելի Գուրամ: Ու հիմա կարոտում եմ քո երկիրը նաև քո՝ մարդկային բարձր արժեքներին դավանող բարեկամի շնորհիվ: Թբիլիսի, չքնաղ քաղաք, մենք էլի կհանդիպենք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։