Մերժված և հարություն առնելու անուրջներով տարված մի շարք ուժեր շարունակաբար փորձում են հանրությանը համոզել, որ երկիրը անդունդի եզրին է, որ այսպես շարունակվելու դեպքում երկրի և պետականության անկումն անխուսափելի է: Եվ որպես համաժողովրդական ողբի հանցավորի՝ մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած կառավարությունը: Փրփրաբերան հայտարարում են, որ երկիրն ու պետականությունը փրկելու միակ ելքը վարչապետի հրաժարականն է: Միայն չեն ասում, թե վարչապետի հրաժարականից հետո իշխանության գալով՝ ի՞նչ են անելու և ինչպե՞ս ու ինչո՞վ են երկիրը անդունդից դուրս քաշելու: Հավանաբար մտածում են, որ ներկա պահին առաջնայինը իշխանությունը զավթելն է, ինչից հետո այնքան էլ կարևոր չէ՝ կկարողանա՞ն անդունդը հաղթահարել, թե՞ ոչ: Ծախու լրագրողների, քաղաքագետների, իրավապաշտպանների զորահավաք են հայտարարել, նպատակը՝ ամենաանհավանական միջոցներով հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ոչ միայն գործունեությունը, այլև՝ անձը, հազար ու մի մեղքերի մեջ մեղադրելով՝ ժողովրդի աչքում զրոյացնել ղեկավարի նրա վարկանիշը՝ մոռանալով ֆիզիկայի ամենատարրական օրենքներից մեկը՝ ինչ ուժով ազդում ես, պիտի սպասես առավել ուժգին հակազդեցությանը: Երկրում փաստացի իշխանատենչության համաճարակ է, որի դրսևորումներն արդեն իսկ ահազանգ են, որ այն կորոնավիրուսից ավելի խորքային հետևանքների կարող է հասցնել: Նոր վարակի ախտանիշներն են հիշողության կորուստը, իրականությունը գնահատելու անկարողությունը, անողնաշար ցնորքներին անվերապահորեն ենթարկվելը, դռնից դուրս հանելուց հետո պատուհանից ներս մտնելու համառությունը, ինքնաքննադատության իսպառ բացակայությունը, ներկա իշխանությունից ամենուր և ամենքին բողոքելու՝ խելագարության հասցնող ցանկությունը, սադրանքի ու շանտաժի ժանրով ստեղծագործելը: Վարակվածներից յուրաքանչյուրը մտածում է, ավելին՝ սկսել են բարձրաձայնել, որ վարչապետին տապալելուց հետո իրենք են լինելու հաջորդ իշխանությունը: Առայժմ կարևորը երկրի ճակատագրի շուրջ տագնապի ու խուճապի համաճարակը կորոնավիրուսից ավելի արագ տարածելն է, որն, ըստ իրենց սցենարի, ի վերջո թույլ կտա երազանքի հանգրվանն ապահովել: Արդեն հայտարարում են, որ վարչապետի վարկանիշը 20 տոկոսի էլ չի հասնում՝ համեստորեն լռելով իրենց վարկանիշի մասին: Նրանցից յուրաքանչյուրին թվում է՝ վարչապետի տասնյակներով կորած տոկոսներն իրենց են բաժին հասել: Ու ենթադրելի է, որ մշակված սցենարն իրականացնելու դեպքում յուրաքանչյուրն իշխանություն լինելու ի՛ր առաջնահերթությունը պիտի պաշտպանի: Եվ կպարզվի, որ իշխանությանը տիրանալու հավակնորդները տասնյակից ավելի են, և, բնականաբար, առաջին պլանում կրկին կխորանա սադրանքների ու շանտաժի ախտանիշը: Կմոռանան, որ երկիրն ու պետականությունը փրկելու առաքելությունն էին ստանձնել: Կփորձեն իրարից սոցիալական ապահովության տարածություն սահմանել, մեկը մյուսին վարակակիր պիտակավորել, մեկը մյուսին դավաճանության և դավադրության մեջ մեղադրել, միմյանց անաչառությունը ստուգելու թեստավորում կազմակերպել, քանի որ յուրաքանչյուրը հավատացած պիտի լինի, որ ի՛նքն է միակն ու ամենաարժանին: Իրավիճակը շտկելու ելքը թերևս կարող է այն լինել, որ կա՛մ երկիրը տասից ավելի վարչապետ ունենա, կա՛մ էլ իսկապես սկսեն իրենց պայքարի ժապավենը նորից պտտել՝ հիմա արդեն ոչ թե Նիկոլի, այլ՝ յուրայինների դեմ: Ի՜նչ ժողովուրդ, ի՜նչ երկիր, ի՜նչ պետություն… Չբավարարված ախորժակը կուրացնում է, չբավարարված ագահությունը թուլացնում է մկանները: Եվ սկսվելու է միմյանց վրա կուրորեն քարեր նետելու ժամանակը՝ չմտածելով քարերը հավաքելու ժամանակի մասին, քանի որ չգիտեն՝ քարերն ի՛նչ ուղղությամբ, ո՛ւմ վրա և ինչո՛ւ են նետել… Իշխանատենչության վարակից, հնարավոր է, զոհեր էլ լինեն, քանզի էլ ի՞նչ համաճարակ, որ իր դիմակավոր կամ անդիմակ զոհերը չունենա: Մինչդեռ, ժողովուրդը շարունակելու է հավատալ, որ անցյալն իսկապես անցյալում է, և որ իրական փրկությունը միայն առաջ գնալով է հնարավոր:
Կարդալ նաեւ․․․
ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ 80 – ԱՄՅԱԿԸ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ
Բեմարվեստի մի խումբ գործիչներ, ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցեցին…
Ինչպես դառնալ ուժեղ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ
Սարդարապատ կոչվող և Հոկտեմբեր վերանվանված կիսակայարանի շուրջ նոր-նոր կառուցվող քաղաքը…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ
Գրականություն և հրապարակախոսություն Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել՝ – գրականության և…