15 տարի առանց ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Սամվել ՄԿՐՏՉՅԱՆ – Ինչո՞ւ ենք մենք այսքան չար:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – Քո Սարյա՞նն է չար, Կոմիտա՞սը, Չարե՞նցը, Թումանյա՞նը, Մյասնիկյա՞նը, Գարեգին Նժդե՞հը… մեր փոքրիշատե արտահայտված ո՞ր անհատն է իրենով չարություն նշում. ընդհակառակը` նրանց բոլորին հատկանշում է մի բան, որ ինձ աստվածաշնչյան Առակավոր որդուն է հիշեցնում. կարելի է, չէ՞, Առակավոր ասել Անառակի եղբորը` որ իրեն վայելքների ու արկածների չի տվել, չի հարաբերվել խոյանքի ու անկման սահմաններին, չի մսխել ու մսխվել, հոր կորուստների ու կարոտների աշխարհ չի մտել, և այլն, այլ լռիկ ու անանուն միշտ ներկա ու ներկայությամբ հոր կարոտների աշխարհից բացակա` հանդից տուն, տնից հանդ ճանապարհին է, հոր տունը պահում է: Մեր ամբողջ հաջողվածը իսկապես գալիս է Առակավորի այդ դիմապատկերին:
Մնացյալիս և զանգվածի մասի՞ն է խոսքը, նրանց` ովքեր օրավուր բարձրացող Սարյանի շուրջը գազազում էին, Չարենցին կերան, Կոմիտասին այստեղից արտաքսեցին, Թումանյանի դեմ հարյուրներով հոդվածներ ու մատնագրեր… և այլն, և նրա՞նց` ում ժողովուրդ ենք ասում: Դա չարություն չէ, դա խեղճություն է, անկարություն. Կորտասարի պատմվածքի սաքսաֆոնահարը գազազում ու գործիքը ջարդում է այն պահին, երբ իրեն թվում էր, թե նվագով ահա-ահա գաղտնիքների վերին ոլորտ, խորհրդավոր ինչ-որ շքեղ ապարանք է մտնում, բայց վերջին պահին հենց քթի տակ դռները փակեցին: Դա, ահա, մերժվածի դառնություն է, Թումանյանը դառնացած էր ասում և պատճառաբանում էր ոտնակոխ տրորվածի Հայոց մեր պատմությամբ, ես անկարություն եմ ասում: Անկարություն` նկարչին Սարյանի աշխարհ ընկնելու, բանաստեղծին` Չարենցի, գիտնականին` Համբարձումյանի, բանվորին` բարձր արտադրողականության, գյուղացուն` ծավալուն ու ծփուն մեծ ֆերմաների ու նախիրների, և այլն. դրանք թերևս տարբեր աշխարհներ չեն` հաջողվածների ու բավարարվածների մեկ և նույն շքեղ աշխարհն է, շուրջը` մերժված-դառնացածներիս աշխարհը:
Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել` ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա` երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար` և ի՛նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից` իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք` և տես, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու` իմ որդիների ժողովուրդը:

«Մի՛ ուրացեք ձեր եղբորը»
(Հատված հարցազրույցից)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.