ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ / Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ«Այս տարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բերանը. դա այստեղ չի աշխատի:
Ուստի Ամուլսարում խնդիր կա…»
Ամուլսարի բաժնետեր

Ամուլսարը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, որի հարևանությամբ հոսում են Դարբ, Արփա և Որոտան գետերը: Այդ սարին հարակից ընդարձակ տարածքը՝ բնակավայրերով հանդերձ, համարվում է Հայաստանի ամենամաքուր ու առողջարար վայրը: Այս տարածքում արտադրվող գյուղատնտեսական մթերքը, որպես էկոլոգիապես մաքուր սննդամթերք, մեծ պահանջարկ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Այս սարի կատարային մասում է գտնվում Ամուլսարի ոսկու հանքավայր կոչվածը: Իրականում սա հանքերևակում է, քանի որ ոսկու պարունակությունը շատ քիչ է: Օրինակ, 63 տոննա ոսկի կորզելու համար «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը ավելի քան 460 մլն տոննա լեռնային զանգված պետք է պայթեցնի, որպեսզի մոտ 90 մլն տոննա հանքաքար ունենա: Հանքաքարի վերամշակումը կատարվելու է ցիանիդային եղանակով, որի թունավորության աստիճանը բոլորին է հայտնի: Հավանաբար շատերը չեն հավատա, որ 90 մլն տոննա հանքաքարը վերամշակվելու է բնակավայրերի անմիջական հարևանությամբ, Արփա գետի ավազանում:
Հանքավայրի շահագործման դեպքում Հայաստանի տարածքների վրա լցվելու է ավելի քան 460 մլն տոննա միայն հանքային թափոն, որը պարունակում է բազում ծանր մետաղներ, ռադիոակտիվ էլեմենտներ և կյանքի համար խիստ վտանգավոր հազարավոր տոննա քիմիական թունավոր նյութեր:
Հայտնի է, որ ծանր մետաղների և ռադիոակտիվ էլեմենտների բարձր խտությունները ծայրաստիճան վտանգավոր են բույսերի ու կենդանիների համար: Դրանք նվազեցնում են բույսերի վերարտա­դրողականությունը, մարդու մոտ առաջացնում են նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, ոսկրային, թոքերի, լյարդի, շնչուղիների հիվանդություններ, քաղցկեղ, լուսավախություն, կմախքի փոփոխություն, հասակի փոքրացում, մկանային ցավ, ընդհանուր թուլություն, օրգանիզմի ջրազրկում, խոսքի խախտում, հոգեճնշվածություն, գիտակցության մթագնում, քնի խանգարում… ինչպես նաև՝ նյութափոխանակության խախտում, պաշտպանիչ ռեֆ­լեքսների մարում, ֆերմենտների ակ­տիվության նվազում, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մեռելածնություն:
Այս ամենը վերաբերում է ոչ միայն մարդուն. նաև բոլոր տեսակի կենդանիներին:
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ծանր մետաղներով, ռադիոակտիվ և այլ վտանգավոր նյութերով աղտոտվելու են ընդերքի ջրերը, Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Այդ հանքավայրի շահագործումը անդառնալի կորուստներ է պատճառելու հողատարածքներին, ջրային համակարգին, մարդու կյանքի որակին ու ապագային, կենդանական և բուսական աշխարհին:
Եթե բոլոր կորուստները թվարկենք, էջեր կզբաղեցնի: Միայն ասեմ, որ այդ հանքավայրի շահագործման դեպքում տարեկան անօգտագործելի է դառնալու մեկուկես միլիարդ խորանարդ մետր ջուր, դա միայն Արփա և Որոտան գետերի տարեկան հոսքն է, իսկ նշված վտանգավոր նյութերով այդ ջրերի աղտոտումը շարունակվելու է հարյուրամյակներով: Ջերմուկի հանքային ջրերի ու մյուս աղբյուրների, Սևանա լճի և Ջերմուկ առողջարանական քաղաքի մասին՝ մեկ այլ անգամ:
Այս ամենի դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդրումներ կատարել և ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր: Սակայն ընկերության համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ նրա ներդրումը ներդրում չէ, իր կողմից ներդրում համարվող գումարներով նա արտերկրից գնելու է հանքահանման և հանքաքարի վերա­մշակման համար անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ, պայթուցիկ և այլ նյութեր, վճարելու է աշխատավարձ: Զարմանալի է, որ ընկերությունը բնօգտագործման վճարը նույնպես ներդրում է համարում: Իսկ ինչ վերաբերում է ժամանակավոր աշխատատեղերին, ապա բոլորին է հայտնի, որ այդ աշխատատեղերը ի չիք են դարձնելու արդեն եղած մշտակայուն, հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող աշխատատեղերը, այն էլ՝ մշտապես:

Ամուլսարի հանքավայրի աղետաբեր ծրագիրը շրջանառության մեջ է դրվել, կարելի է ասել, հանցագործ ճանապարհով: Նախ, «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կողմից կազմված նախագիծը հակասում է ՀՀ մի շարք օրենքների, ունի բազում թերություններ, կոծկումներ, նրա բովանդակությունը և դրանից արված եզրակացությունները միմյանց հակասում են: Օրինակ, բազմաթիվ էջերում հստակ ներկայացվում է ջրային պաշարներին սպասվելիք աղտոտումը ծանր մետաղներով ու խոշորածավալ նվազումը, սակայն ջրային պաշարներին հասցվելիք վնասը գնահատված է զրո դրամ: Նույնը կարելի է ասել բուսական ու կենդանական աշխարհի առումներով:
ՀՀ բնապահպանության նախարարությունը, խախտելով օրեն­ս­դրությունը, առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու, ուղղակի սեղմագրել է 839 էջանոց նախագիծը 8 էջի վրա և դրան տվել դրական եզրակացություն: Այստեղ պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչո՞ւ Բնապահպանության նախարարությունը այդ սեղմա­գրության մեջ ընդհանրապես չի արտացոլել նախագծում առկա՝ հողային ու ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին և մարդու առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգները:
Փաստորեն, այդ դրական եզրակացությունը առոչինչ է, սակայն այդ փաստաթուղթ կոչվածը հիմք է հանդիսացել Ամուլսարի հանքավայրի շինարարությունը սկսելու և ապա շահագործելու համար:
Այսինքն, ընկերությունը իրավական հիմք չունեցող փաստաթղթով սկսել է հանքավայրի շինարարական աշխատանքները, և չնայած վերջին շաբաթներին կատարված իշխանափոխությանը, ընկերությունը համառորեն շարունակում է շինարարական աշխատանքները:
Տեղի բնակչությունը չորս օր շարունակ արգելափակեց հանքավայր տանող ճանապարհը և հարգելով նորանշանակ հարգարժան վարչապետ Փաշինյանի հորդորը՝ վերացրին արգելափակումը: Այստեղ անհրաժեշտ է ասել, որ վարչապետի հորդորում պետք է լիներ նաև, որ բոլոր այն ծրագրերը, որոնք կասկածելի են, առավել ևս՝ աղմկահարույց, պետք է ժամանակավորապես կասեցվեն, մինչև դրանց պարզաբանումը: Այ, սա արդեն կլիներ լիարժեք ու արդար հորդոր:
Հասկանալի է, որ Հայաստանի առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող բազում խնդիրներին անհապաղ լուծում տալը անհնարին է: Հավատում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք լուծում կստանան: Սակայն կան խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծում: Այդպիսիներից է Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը: Եվ եթե այս հարցում հապաղում լինի, ապա մեր երկիրը կունենա խոշորածավալ ու անդառնալի կորուստներ, այն առումով, որ կեղծ փաստաթղթերով ընթացք է տրվել դրա շինարարությանն ու շահագործմանը, և ըստ նախա­գծի, հիմնական ավերիչ աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս, որից հետո այլևս անհնար կլինի կանխել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով և վտանգավոր այլ նյութերով շրջակա միջավայրի աղտոտումը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։