Վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններ, ալյուր արտադրող ընկերություններ, այլ գերատեսչություններ, լրատվական միջոցներ և այլն:
Առաջին հայացքից ամեն բան հրաշալի է թվում. այսուհետև ալյուրին ավելացնելով մարդու օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր, կարելի է խուսափել դրանց պակասի հետևանք հանդիսացող շատ հիվանդություններից: Եվ նաև, մեծ բախտ է ընկալվում այն հանգամանքը, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մեր երկրին ցորենի ալյուրի հարստացման գործում անհրաժեշտ սարքավորումներն անվճար է տրամադրելու, նաև մեթոդաբանական հարցերում շարունակական կերպով աջակցության պակաս չենք ունենալու:
Դեռ ավելին. «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մեկ տարի կտրամադրի նաև այն միկրոտարրերը, որոնցով հարստացվելու է ալյուրը, և հույս կա, որ նրա աջակցությամբ հետագա տարիներին էլ հնարավորություն կունենանք շուկայականից ցածր գներով ձեռք բերել անհրաժեշտ հավելումներ:
Առողջապահության նախարարության կայքում տեղադրված նյութից տեղեկանում ենք նաև այն սարսափելի վիճակի մասին, որը սպառնում է այս ծրագիրը չընդունողերին. «Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-5 տարեկան երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով… 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:
ԱՀԿ և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տվյալներով աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր և ավելի քան 120 մլն երեխա` խրոնիկական թերսնուցումից»: Լավ, խնայեմ ձեր նյարդերը, այսքանն էլ հերիք է: Նման պատկերից հետո մի՞թե պարզ չէ, որ ուզածդ գրագետ թե ոչ գրագետ թերսնվող, թե` ոչ այնքան, մի խոսքով, գրեթե բոլորը գլխապատառ իրենց կգցեն այդ Համաշխարհային բանկի, ԱՀԿ-ի, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի և նմանատիպ այլ հիերոգլիֆային հապավումների այդքան «սրտացավ ու ջերմ գիրկը»:
Եվ բնական է, որ Առողջապահության նախարարությունը չէր կարող նույնը չանել: Չմոռանանք նաև, որ դա մեր արդեն վաղուցվանից ամրագրված գործելակերպն է, քանի որ այս ծրագիրը մեր երկրում դրսից հովանավորվող բազում նմանատիպ ծրագրերից մեկն է, և Առողջապահության նախարարությունն էլ դրանք հրճվանքով ընդունող բազում այլ կառույցներից է: Այնպես որ, մենք, ավելի ճիշտ, մեր իշխանավորները, կարծես թե քնում և արթնանում են դրսի «բարի քեռիների» հերթական նվերներն ստանալու երազներով միայն:
Անկախության տարիներին մեր հոգեբանությունը ծրագրավորված կերպով խաթարեցին, մեզ դարձնելով մուրացիկի հոգեբանությամբ` դրսի լույսերով և բարեկեցությամբ ողողված աշխարհից, թեկուզ մազ թռցնելու մարմաջով բռնվածներ: Երբ երկրին տրամադրվող ոչ միայն «բարեգործական օգնությունները», այլև անգամ երկիրը պարտքերի մեջ քիչ առ քիչ խեղդող վարկերը, որոնք տրվում են դեռ ազգակործան պայմաններով էլ համեմված, եթերից ի լուր ազգի հաղորդվում են որպես մեծ հաջողություն: Դե, իհարկե, ոմանց համար դա սեփական դրամագլուխը է՛լ ավելի կլորացնելու իսկապես հաջողություն է:
Բայց վերադառնանք այդ չարաբաստիկ, շուտով կբացատրեմ, թե ինչու, ալյուրի «հարստացման» ծրագրին:
Ես միանգամայն համաձայն եմ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այն հարցում, որ ամենակարևորն այս հարցի շուրջ հասարակության մտածելակերպի փոփոխությունն է: Եվ կփորձեմ իմ փոքրիկ ավանդը ներդնել այդ փոփոխության գործում:
Կաշխատեմ կարճ խոսել հսկայածավալ մի նյութի մասին, որ է` համաշխարհային, միջազգային բարեփոխումներ, ծրագրեր կոչվածները, չմոռանալով, որ այսօրվա քննարկման նյութը միայն ալյուրն է և նրա «հարստացումը»: Պարզապես դրանք այնքան են նույնական և մի աղբյուրից բխող, որ այլ կերպ անհնար կլինի:
Օրգանիզմի համար ցանկացած նյութ` կախված չափաբաժնից, կարող է լինել և՛ օգտակար, և՛ վնասակար, ազդել որպես դեղ կամ որպես թույն: Եվ վիտամիններն անգամ խորհուրդ է տրվում օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ: Հիպովիտամինոզից պակաս վտանգավոր չէ վիտամինների գերդոզավորումը: Նույնը վերաբերում է միկրոտարրերին:
Բնակչության առողջության համար անհանգստանալն այն կլիներ, որ ավելի հեշտացվեին մարդկանց հետազոտությունները և անհրաժեշտության դեպքում` մասնագետի նշանակմամբ, օրգանիզմ ներմուծվեին պակասող նյութերը, և վատ չէր լինի, որ վիտամիններ տալու փոխարեն մտահոգության խնդիր դառնար մարդկանց իսկապես առկա թերսնուցումը: Իսկ որևէ մեկը մտածե՞լ է, վիտամիններ ստանալու արդյունքում ախորժակի բարձրացման դեպքում ի՞նչ է պետք անել: Թե չէ, անլուրջ է նման լուրջ հարցին այսպիսի մոտեցում ցուցաբերելը:
Հաշվի առնելով, որ հայերիս օրվա սննդի մեջ մեծ մաս է կազմում հացը, կարելի է պատկերացնել, թե ինչ բարդություններ կարող են շատ շուտով իրենց զգալ տալ այդ «հարստացված» ալյուրով հացաթխման արդյունքում: Հենց միայն ալերգիաները հաստատ որ իրենց թռիչքը ավելի բարձրերը կհասցնեն: Բայց չէ՞ որ, բերված տոկոսային թվերից էլ ելնելով, այն էլ` ոչ մեր ազգաբնակչության ուսումնասիրության արդյունքներից վերցրած, պարզ է, որ այդ պակասը միայն ինչ-որ մասի մոտ է: Եվ դա բնական է: Բայց ինչո՞ւ պետք է վիտամինների և միկրոտարրերի պակաս չունեցողները նույնպես ստանան այն, ինչի կարիքը բոլորովին չունեն: Էլ չասած, որ ապահովված մարդիկ, այսինքն` ոչ թերսնվածները, բնականաբար ավելի շատ են սնունդ և, իհարկե, նաև հաց օգտագործում, և բնավ դրա կարիքը չունենալով՝ ստիպված կլինեն միկրոտարրերի հսկայական քանակ ներմուծել իրենց օրգանիզմ: Այս դեպքում թունավոր դոզայից հաստատ խուսափել չի լինի: Ամեն բան այնքան անհեթեթ է, որ այս թեմայով խոսելն էլ անհեթեթ է թվում` հասուն մարդուն երկուսին գումարած երկու սովորեցնելու նման: Ներող կլինեք:
Սակայն, նույնիսկ այդ ամենը` դոզավորում-գերդոզավորում, չարիքի փոքրագույնն է: Իսկական չարիքը հասկանալու և դրանից խուսափելու համար շատ բան պետք չէ, ընդամենը՝ մի քանի ամենապարզ ճշմարտություն: Որ եթե անգամ այդ դրսի աշխարհում, որտեղից այդպիսի «սիրալիր» առաջարկություններ են թափվում մեր գլխին, հրեշտակներ էլ լինեին, այլ ոչ թե մարդկության 7 միլիարդից կես միլիարդը թողնելու ծրագրով և մոլուցքով գործի անցածներ, էլի պետք էր աչալուրջ և սթափ լինել ամեն պարագայում: Բայց այսօրվա միջազգային, համաշխարհային բոլոր կառույցները միևնույն խմբի ձեռքի գործն են և նաև նրանց ձեռքի գործիքներն ընդդեմ մարդկության: Եվ նրանք միայն պատերազմներով չէ, որ ոչնչացման իրենց ծրագիրն են իրագործում. դա արվում է բոլոր հնարավոր միջոցներով` սնունդ, պատվաստումներ և այլն… Հնում մարդիկ ավելի զգուշավոր և իմաստուն են եղել: Արտաշիր արքան իր պալատի ճակատին փորագրել է տվել հետևյալը` «Օտարից ո՛չ կին առ, ո՛չ սննդամթերք»… Հնում գիտեին, որ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»: Հնում գոյատևության ճիշտ կանոններով էին ապրում: Դրա արդյունքում է, որ մենք այսօր կանք…
Սակայն վտանգված է մեր վաղվա օրը, որովհետև մենք շատ ենք տարբեր այն հներից, որովհետև… քաղաքակրթությո՜ւն գիտենք, մարդու իրավունքնե՜ր, միջազգային չափանիշնե՜ր… բարև-բարլուս ունենք, տալ-առնել` աշխարհի մեծերի հետ: Մենք միայն մի փոքրիկ բան չգիտենք, որ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»…
Արդեն պարզ է, թե այդ չարաբաստիկ վիտամինների և միկրոտարրերի անվան տակ կամ նրանց հետ ինչերով է «հարստացվելու» և թխվելու մեր հայոց հացը: Մեկ տարի անց մենք ավելի շատ մտերիմների ու հարազատների կճանապարհենք անդին, ավելի մեծ թիվ կկազմի անպտղությունը և այլն, և այլն: Բայց վերինների հաշվետվությունները անպայման լեփ-լեցուն կլինեն, Աստված գիտե, թե որտեղից հայթայթած, դրական արդյունքներով:
Ինչպես մի քանի տարի առաջ, երկիրը իր թափով ցնցած կարմրուկ-կարմրախտի պատվաստումների պարագայում եղավ: Այսօր խոսվում է դրանց ակներև արդյունքների մասին: Երևի թե նկատի ունեն այդ հիվանդությունների բացակայությունը մեծահասակների մոտ, սակայն առանց դրա էլ մեծահասակներն այդ ինֆեկցիաներով հիվանդանում են բացառիկ դեպքերում, այնքան բացառիկ, որ այդ հարցը քննարկման նյութ դարձնել իսկ չարժեր, ուր մնաց այդքան գումար, միջոցներ ծախսելը:
Ակնհայտ է, որ այդտեղ էլ նպատակն այլ էր…
Բիլ Գեյթսը (Microsoft-ի հիմնադիր) գլոբալիստական (նշում եմ նրանց բազում անուններից միայն ամենահամեստն ու մեր ականջներին սովորական դարձածը) վերնախավի գաղտնի հավաքներից մեկի ժամանակ հայտարարել է. «Եթե մենք հիմա իսկապես լավ աշխատենք նոր վակցինաների, բժշկասանիտարական օգնության, վերարտադրողական առողջության բնագավառի օգնության վրա, հնարավոր է կկարողանանք (ազգաբնակչության թիվը) նվազեցնել 10-15%-ով»:
Սա ֆանտազիայի ֆիլմից չէ, սա մի փոքրիկ տեղեկատվություն է միջազգային կառույցների տերերի միտք-ծրագիր գործունեության` վարագույրի հետևում գտնվող մեզ թաքուն հատվածից: Եվ զարմանալ պետք չէ, որ եղավ այն` ինչ եղավ:
Պատվաստման անցկացումը հենց երիտասարդության շրջանում, առանց այն հետաձգելու որևէ պայման հաշվի առնելու, ինչն արդեն պետք է անհանգստության պատճառ դառնար, ժամանակին բավականին մեծ թվով բարդությունների պատճառ հանդիսացավ, շատ էին նաև` պատվաստումն ստանալուց հետո իրենց հղիությունը պարզած կանանց կողմից, հղիության արհեստական ընդհատման դիմելու դեպքերը («շատը» մեղմ է ասված. ծանոթ բուժաշխատողներից մեկի խոսքերով` երեխաների սպանդ էր), և անպտղությունն էլ միայն դրանից հետո է այսքան մեծ տոկոսի հասել: Իսկ մնացած տարաբնույթ հիվանդությունների աճի հաշվարկն էլ ձեզ եմ թողնում: Չնայած դրանց պատճառները շատ են. համաշխարհայնականները մեծ հաջողությամբ կարողանում են միանգամից մի քանի ճակատներով «գրոհել»:
Մեր «մտահոգ» իշխանավորներն ավելի ճիշտ կանեին, որ առաջին պլանի վրա դնեին հիվանդությունների աճի պատճառների ի հայտ բերումը և միջոցներ ձեռք առնեին դրանք կանխելու համար: Դրանցից մեկը և ամենակարևորը ես արդեն նշեցի, բայց կարող եմ կրկին հիշեցնել. «Օտարից ո՛չ կին առ, ո՛չ էլ սննդամթերք»… ո՛չ էլ… սերմացու, ո՛չ էլ պարարտանյութ, ո՛չ էլ… Դե հո բոլորը չե՞մ թվի…
Իսկ մինչ իշխանավորների իսկապես մտահոգ դառնալը և հայրենյաց ու սեփական շահի ճիշտ չափուկշռումը, ստիպված եմ, այլ ելք չունենալով, աղ ու հացի ավանդույթներով մեր երկրին ոչ այնքան հարիր մի խորհուրդ տալ. ժողովո՛ւրդ ջան, ստիպված ենք ազգովի հացադուլ անել, դրա ուղղակի իմաստով` հրաժարվելով միայն այդօրինակ հացից… Հավատացնում եմ` դա այնքան էլ սարսափելի չէ, ամեն դեպքում ավելի տանելի մի բան է, քան համաշխարհայնականների, ԱՀԿ-ի, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կողմից մեզ հրամցվողը և դրա արդյունքները: